Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ Տիգրան Փաշաբեզեանի զեկոյցը Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում
(Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=)
28.09.2018 – //gov-wa.info//
Յարգելի գործընկերներ, Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) յարգելի պատգամաւորներ, Հանրապետութեան Նախագահ, Խորհրդարանի Նախագահ, յարգելի պաշտօնեաներ, Արեւմտեան Հայաստանի հայերի պաշտպանութեան ուժերի ներկայացուցիչներ ու պատասխանատուներ, ողջունում եմ Ձեզ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում:
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորների ընտրութիւններում ձեռք են բերուած աննախադէպ արդիւնքները, որոնց մասին այստեղ քանիցս նշուեց, մեզ համար ոգեւորութիւնից զատ ունեն գործնական իմաստ եւ բովանդակութիւն, քանի որ դրանք պարունակում են մեծ ներուժ գործադիր մարմնի` Կառավարութեան համար նոյնպէս, եւ այդ մասին մենք մտածելու ենք ու առանց շտապելու, կշռադատուած` օգտուելու ենք դրանից:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) Կառավարութիւնը անցնող ժամանակահատուածում` 2011-2018 թթ. ընթացքում, Խորհրդարանին եւ Հանրապետութեան Նախագահին աջակցելուց եւ նրանց հետ սերտ համագործակցելուց բացի կենտրոնացել է հայեցակարգային եւ ռազմավարական նշանակութեան մի քանի հարցերի վրայ, քանի որ դրանք կարեւոր ու առաջնային է համարել հայութեան իրաւունքների պաշտպանութեան եւ իրականացման գործում եւ գործընթացում:
Հերթականութեամբ անդրադառնանք դրանց:
1.
Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան իրաւական–քաղաքական միասնական փաթեթի մասին:
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Լրատուական յանձնաժողովի նախագահ Տիգրան Յարութիւնեանի խորհրդով, 2014 թուականից սկսած, Կառավարութիւնը ձեռնամուխ է եղել 1918-1920 թթ. հայ ժողովրդին տրուած իրաւունքները, ինչպէս նաեւ այս հարցի հետ առնչուող այլ կարեւոր նիւթերն ու փաստաթղթերը իրաւական – քաղաքական մէկ միասնական փաթեթի մէջ խմբաւորելու գործին:
Դրա առաջին օրինակը հրատարակուել է 2014 թ.-ին` «Արեւմտեան Հայաստանի հայերի եւ Արեւմտեան Հայաստանի իրաւունքների պաշտպանութեան իրաւական–քաղաքական միասնական փաթեթ» ժողովածու անուանումով, «Նոյեան Տապան» հրատարակչութիւնում:
Յետագայում խնդիր է առաջացել ժողովածուն նոր կարեւոր նիւթերով համալրելու, վերամշակելու: Ժողովածուի լրամշակուած հայերեն նոր օրինակի հրատարակութիւնն իրականացուել է 2015 թ.-ին:
2014 թուականից թարգմանուել ու հրատարակուել են ժողովածուի հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով օրինակները:
Ժողովածուի ֆրանսերեն լեզուով թարգմանութիւնն աւարտուած է: Այն արդէն տեղադրուած է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) պաշտօնական կայքէջերում. կառավարութեան` www.gov-wa.info, խորհրդարանի` www.parliament-wa.info, «Իրաւական փաթեթ» բաժնում:
Ժողովածուի ֆրանսերեն օրինակը որոշակի նիւթերի լրացումներից յետոյ կ’ուղարկուի հրատարակութեան:
Հրատարակման համար պատրաստ են ժողովածուի արեւելահայերեն` լրամշակուած, ինչպէս նաեւ արեւմտահայերեն եւ թուրքերեն օրինակները:
Եւ քանի որ Հայկական Հարցի կարգաւորման եւ հայերի իրաւունքների պաշտպանութեան ժամանակակից օրակարգի ձեւաւորումը սերտօրէն կապուած է երկու հիմնահարցերի`
ա) Արեւմտեան Հայաստանի նկատմամբ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան, աւելի ստոյգ` Հայաստանի նկատմամբ հայութեան իրաւունքների պաշտպանութեան, եւ
բ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) պետական կառոյցի ձեւաւորման հետ, ապա ակնյայտ է, որ ժողովածուն յաւակնում է դառնալ մեր ամենօրեայ ընթերցանութեան եւ ուսումնասիրութեան հիմնական առարկան, մեր դասագիրքը:
2.
Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան հայեցակարգի ու ռազմավարութեան մասին:
Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան հայեցակարգն ու ռազմավարութիւնը մեր գործունէութեանը զուգահեռ բնականոն ձեւով մշակուել է, որպէս գործընկերներին ուղղուած շրջաբերական փաստաթուղթ, համակարգի ներսում օգտագործելու նպատակով:
Ներկայացնենք մի քանի համառօտ կէտեր այդ մշակումներից:
Նշել ենք, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) ազգային-պետական ռազմավարութիւնն իրականացնելիս պէտք է հաշուի առնել հետեւեալ փաստերն ու իրողութիւնները.
Մեր նպատակն է`
Հայկական Հարցի ամբողջական լուծումը, որը ենթադրում է հետեւեալ քայլերը.
-Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) հաստատումը Արեւմտեան Հայաստանում:
-Հայութեանը եւ Հայաստանին հասցուած վնասի ամբողջական հատուցումը:
Իրաւական – քաղաքական հիմքերն են`
— Արեւմտեան Հայաստանի hայերի ինքնութեան եւ քաղաքացիութեան համակարգը:
-«Արեւմտեան Հայաստանի hայերի ինքնորոշման իրաւունքի մասին» Հռչակագիրը:
-«Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորների կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրէնքը, (21 յունուար 2014 թ., լրացումներով ու փոփոխութիւններով ընդունուած` 29 մայիս 2018 թ.):
-«Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան իրաւական-քաղաքական միասնական փաթեթ» ժողովածուն:
-Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) Սահմանադրութիւնը:
Իրաւական — քաղաքական պահանջների ձեւակերպումներն են`
-Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) անդամակցութիւնը ՄԱԿ-ին:
-ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրոյ Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրաւարար վճիռը կեանքի կոչելու, իրականացնելու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) հաստատումը Իրաւարար վճռով սահմանազատուած տարածքի վրայ:
-Ձեւակերպումները շարունակութիւն ունեն:
-Հայոց ցեղասպանութեան դատապարտման եւ հատուցման ուղղութեամբ իրականացուող աշխատանքները:
-Հայոց պատմամշակութային եւ քաղաքակրթական արժէքների պաշտպանութեան աշխատանքները:
3.
Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան եւ իրականացման նպատակով Մակ-ին ուղղուած դիմումնագրերի մասին:
Այստեղ արդէն նշուեց, որ Կառավարութեան առաջարկով Խորհրդարանը հաստատել է որոշումը եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան) դիմել ՄԱԿ-ին` անդամակցութեան, ինչպէս նաեւ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրոյ Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրաւարար վճիռը կեանքի կոչելու, իրականացնելու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) հաստատումը Իրաւարար վճռով սահմանազատուած տարածքի վրայ:
Համապատասխան դիմումնագրերը 2018 թ. մայիս ամսին ուղարկուել են ՄԱԿ:
Այս նստաշրջանում որոշում է կայացուելու ՄԱԿ-ին ուղղուած նոր դիմումնագրի վերաբերեալ, այսինքն` այս կարեւոր ուղղութեամբ աշխատանքները շարունակուելու են:
4.
Մերձաւոր Արեւելքում, տարածաշրջանում եւ ՀՀ-ում առկայ իրավիճակի մասին:
Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձութիւններն ուղիղ առնչութիւն ունեն հայ ժողովրդի իրաւունքների հետ: Եւ այն փաստը, որ միջազգային հիմնական դերակատարների օրակարգերում առայժմ ի յայտ չեն գալիս հայ ժողովրդին տրուած իրաւունքների եւ Հայկական Հարցի լուծմանն առնչուող նյութեր ու հրապարակումներ, դեռ ոչինչ չեն նշանակում. մեր աշխատանքի իմաստը այդ օրակարգի վերականգնումն ու հաստատումն է, որը մենք դա կ’անենք, կ’իրականացնենք:
Տարիների մեր հիմնական աշխատանքը հէնց այդ նպատակի իրականացմանն է ուղղուած եղել եւ մենք այս հարցում շատ որոշակի արդիւնքներ ենք գրանցել: Դրանք, այդ արդիւնքները, կարող էին շատ աւելի ծանրակշիռ ու նշանակալի լինել, եթէ տեղի չունենային 2014-ի եւ 2017-ի յայտնի խանգարումները:
Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցած յեղափոխութիւնը շարունակւում է, դա իր տրամաբանակ աւարտին դեռ չի յանգել, բայց հասցրել է արձագանքել հայ մարդկանց սրտերում եւ հոգիներում, առաջացնելով նորացման ու զարթօնքի յոյս, հաւատ եւ զգացողութիւն:
Մեր դիրքորոշումն այս հարցում արտայայտել ենք երեք յօդուածների միջոցով:
Առաջինը վերնագրուած է` «2016 թ. ապրիլի եւ 2018 թ. ապրիլի մասին», հրապարակել ենք 23-ը ապրիլի 2018 թ., արձանագրել, որ յայտ է ներկայացուած «հայութեան համաշխարհային նոր համախմբման մասին»:
Երկրորդը` «1988-ի շարժման եւ 2018-ի շարժման մասին», հրապարակել ենք 28-ը ապրիլի 2018 թ., որտեղ նշել ենք, որ «եթէ 1988-ի շարժումը ազատագրեց Արցախը, ապա 2018-ի շարժումը ազատագրելու է հայութիւնն ու Հայաստանը»:
Երրորդը` «2018-ի շարժման մասին», հրապարակել ենք 30-ը ապրիլի 2018 թ., ընդգծել ենք, թէ` «հայութեան հանդուրժողականութիւնը պէտք չէ շփոթել հնազանդութեան հետ»:
Սրանք ծրագրային նշանակութեան հրապարակումներ են: Մենք հաւատում ենք, որ ինչպէս մենք 2017-ից յետոյ թեւակոխում ենք նոր օր եւ նոր հանգրուան, նոյնը կատարւում է հայութեան համար եւ ՀՀ-ում, եւ ամբողջ աշխարհում:
Փաստօրէն, զուգահեռ ընթանում են մի քանի գործընթացնէր` Մերձաւոր Արեւելքում, տարածաշրջանում, ՀՀ-ում եւ մեր պետական համակարգի ներսում եւ շուրջ:
Իսկ դա նշանակում է, որ պէտք է պատրաստ լինել նոր զարգացումներին, առաջին հերթին, ամրապնդուած պետական համակարգով, ազգային – պետական նշանակութեան ժամանակակից լրամշակուած հայեցակարգով ու ռազմավարութեամբ, արտաքին քաղաքականութիւն վարելու եւ ձեւաւորելու յատուկ ներուժով ու կամքով, հայերի պաշտպանական ուժերի ձեւաւորման գործընթացը շարունակելու եւ զօրացնելու անկասելի վճռականութեամբ:
Կրկին շնորհաւորում ենք պատգամաւորներին ու պաշտօնեաներին: Մաղթում ենք ամենայն բարիք:
Մենք հաւատում ենք մեր ուժերին, մեր ներուժին:
Յաղթանակը մերն է լինելու:
Տիգրան Փաշաբեզեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) Վարչապետ
28.09.2018 թ.
gov-wa.info/?p=2693&lang=hy