Լավրովի պլանը Բաքվո՞ւմ է կազմվել – Միջազգային ճգնաժամային խումբը ճանաչել է իրողությունները

Լավրովի պլանը Բաքվո՞ւմ է կազմվել. Միջազգային ճգնաժամային խումբը ճանաչել է իրողությունները

22.12.2019 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «LOUSAVOR AVEDIS»

Միջազգային ճգնաժամային խումբը, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում ԵԱՀԿ-ին, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հերթական զեկույցն է հրապարակել, որը փակուղուց դուրս գալու խորհուրդներ է պարունակում:

Զեկույցի հիմնական ուղերձն այն է, որ հայկական կողմը պետք է սառեցնի «Լեռնային Ղարաբաղին հարակից» տարածքների բնակեցումն ու զարգացումը, որի դիմաց Ադրբեջանը հայց չի ներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Զեկույցում նշված է եւս երկու ուղղություն՝ խաղաղապահ առաքելության տեղակայում եւ Ղարաբաղի կարգավիճակի որոշում, բայց այս երկու ուղղությունները համարվել են անհեռանկար, այդ պատճառով հիմնական շեշտը դրվում է «Ղարաբաղին հարակից տարածքների» ճակատագրի վրա:

Զեկույցում նշված է, որ այդ տարածքները պետք է «վերադարձվեն»: Ընդ որում, պնդում է արվում, թե Հայաստանը դեմ էր այդ տարածքների բնակեցմանը. Երեւանը հրաժարվեց ուղիղ օգնություն ցույց տալուց՝ վախենալով միջազգային քննադատությունից եւ Ադրբեջանի դատական հայցերից, նշված է զեկույցում:

Դա, ըստ զեկույցի, փոխվեց 2006 թվականին, երբ Ղարաբաղն ընդունեց Սահմանադրություն, որը հաստատեց լիիրավ, բայց ժամանակավոր իրավազորություն «հարակից տարածքների» վրա, եւ Ստեփանակետրն սկսեց ընդլայնել գործունեությունը բոլոր տարածքների վրա:

ՄՃԽ տվյալներով, մոտ 17000 հայեր են ապրում «Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ ընկած տարածքներում»: Նրանցից մոտ 4000-ը երեխաներ ու երիտասարդներ են, որոնք ծնվել են 1994 թվականից հետո: Հողի աճող պահանջարկը հանգեցրել է նրան, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո պաշտոնյաներն ու բնակչությունը լի են վճռականությամբ պահպանելու այդ շրջանների նկատմամբ վերահսկողությունը: Անգամ նրանք, ովքեր ժամանակին այդ տարածքները դիտարկում էին գործարքի մաս, հիմա ցանկանում են պահել այն, նշված է զեկույցում:

2017 թվականի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր, որ տարածքների բնակեցումը 2017-2020 թվականների առաջնահերթություն է: 2016 թվականի էսկալացիան միայն ամրապնդել է մարդկանց վստահությունը, որ այդ հողերը չի կարելի հանձնել, նշված է զեկույցում:

2018 թվականի վերջին, Հայաստանում ղեկավարության փոփոխությունից հետո Բաքուն առաջարկել է ճանաչողական առաքելություն այդ տարածքներում: Այս անգամ Երեւանը պայման դրեց, որ նմանատիպ առաքելություն իրականացվի խորհրդային շրջանի Լեռնային Ղարաբաղի մարզի տարածքներում, որոնք այժմ վերահսկվում են Ադրբեջանի կողմից: Բաքուն մերժում է այդ գաղափարը, նշված է զեկույցում:

Փաստացի, Միջազգային ճգնաժամային խումբը հաստատում է, որ նախկին ԼՂԻՄ շուրջ տարածքները բնակեցված են, այնտեղ զարգանում է գյուղատնտեսությունը, աճում է 1994 թվականից հետո ծնված սերունդ, որ Հայաստանը Ստեփանակերտի իրավազորությանն է փոխանցել այդ տարածքների բնակեցումը, եւ եթե մինչեւ 2016 թվականը քննարկվում էր դրանց վերադարձի հավանականությունը, ապա հիմա ոչ ոք չի խոսում այդ մասին:

Գրեթե նույն միտքն էր հայտնել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզն իր առաքելության ավարտին: Նա ասել էր, որ Հայաստանում ոչ ոք անգամ չի քննարկում տարածքների հնարավոր վերադարձը՝ չնայած միջազգային ատյաններում մտածում են՝ իբր նման պատրաստակամություն կա:

Միջազգային ճգնաժամային խումբը փաստացի խորհուրդ է տալիս Ադրբեջանին մոռանալ այդ տարածքների մասին: Առավել եւս, ինչպես նշված է զեկույցում, Բաքուն Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չի առաջարկում՝ սահմանափակվելով ինքնավարությամբ, որը Երեւանում եւ Ստեփանակերտում չեն ընդունում: Որոշակիորեն դրանով է պայմանավորվում այն, որ հայկական կողմը նույնիսկ չի քննարկում տարածքների ու խաղաղապահ զորքերի հարցը:

Ի դեպ, զեկույցում նշվում է, որ «Երեւանում, Բաքվում եւ Ստեփանակերտում պաշտոնյաները, ռազմական գործիչները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հիմնականում դեմ են ցանկացած օտարերկրյա զորքերի տեղակայմանը, քանի որ զգուշանում են, որ դա կարող է հանգեցնել «օկուպացիայի»»:

Նշվում է, որ հայերը դեմ չեն խաղաղապահների տեղակայմանը ներկայիս սահմաններում, իսկ ադրբեջանցիները պատրաստ են դրան միայն «տարածքների վերադարձից» հետո:

Խոսելով Մոսկվայի դերի մասին՝ զեկույցի հեղինակները նշում են, որ «խաղաղապահներ ուղարկելու Մոսկվայի վերջին առաջարկը եղել է Լավրովի պլանի մաս»: Պլանը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղում ռուսական զինված ուժերի ծավալումն իրականացնել հարակից տարածքներից հայկական զորքերի աստիճանաբար դուրսբերման հետ եւ Ղարաբաղին անորոշ ժամկետով «ժամանակավոր կարգավիճակ» տալ:

Ադրբեջանցի ղեկավարները սկզբում աջակցել են այդ հայեցակարգին, հույս ունենալով, որ այն կարող է տարածքների վերադարձի եւ հայկական ուժերի կրճատման հիմք դառնալ, ասվում է զեկույցում:

Երեւանը մերժել է այդ առաջարկը: Հայաստանի որոշ պաշտոնյաներ հայտարարել են, որ փաստաթուղթը կարող էր կազմված լինել Բաքվում, նկատի առնելով, թեռ որքան է այն համապատասխանում Ադրբեջանի շահերին, ասվում է զեկույցում:

ՄՃԽ զեկույցը Ղարաբաղում իրողությունների հաստատումն է, իսկ իրողությունների ճանաչումը, Թրամփի կողմից Երուսաղեմում եւ Գոլանի բարձունքներում իսրայելական իրավազորության ճանաչումից հետո, միջազգային միտում է դառնում: Առավել եւս, ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

lragir.am/2019/12/22/504284/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail