Արցախի Սահմանների Պատմական Շարժընթացը – Արցախի Սահմանների Պատմական Շարժընթացը
23 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ԱՐՑԱԽ:
ՎԼԱԴԻՄԻՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Արցախի Հանրապետութեան
վաստակաւոր իրաւաբան
«Քաջերի սահմանը նրանց զէնքն է,
որքան կտրում է, այնքան էլ տիրում է»:
ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՑԻ
Չնայած պատմահայրը չի պարզաբանել մեր նախնիների պատգամը, բայց պատմութիւնը յուշում է, որ զէնքով յաջողութեան հասնելու համար զէնքին տիրապետելու ունակութիւնը բաւարար չէ. դրա հետ մէկտեղ զինակիրը պէտք է ունենայ ազգային ոգի եւ կեանքը հայրենիքին զոհաբերելու պատրաստակամութիւն, իսկ երկիրը` հմուտ եւ ճկուն դիւանագիտութիւն: Մէկի յաջողութիւնը պայմանաւորուած է միւսով: Բոլոր դէպքերում, առաջինն ուրուագծում է երկրորդի ճանապարհը` պայմանաւորելով նրա յաջողութիւնը: Երիցս ճիշդ է հանճարեղ Րաֆֆին, երբ շեշտում է, որ քաջութիւնն առանց դիւանագիտութեան` կորցնում է իր զօրութեան նշանաւոր մասը:
Սահմանները երեւան են եկել պետութիւնների ծագման հետ միաժամանակ` ուրուագծելով այն տարածքը, որը պետութիւնը պաշտպանել է ուժի միջոցով: Դրանք սերտօրէն առնչուել են պետութեան հարկային քաղաքականութեան հետ, ինչպէս նաեւ ուղղուած են եղել վերահսկելու մարդկանց ազատ տեղաշարժուելու իրաւունքը: Մարդկութեան պատմութիւնը նշանակալից չափով պատերազմների պատմութիւն է, որի վերջնական նպատակը սահմանների վերաձեւումն է եղել: Ի տարբերութիւն արդի աշխարհի, որը շատ թէ քիչ գործում է միջազգային իրաւունքի շրջանակներում, հնում եւ միջնադարում սահմանները յստակ ու որոշակի չեն եղել եւ պատերազմական գործողութիւնների արդիւնքում յաճախակի վերանայուել են: «Պետական սահման» հասկացութիւնը կեանքի է կոչուել վերջին դարերում:
Օտար աղբիւրներում, հայ մատենագրերում եւ վիմագրերում բաւարար տուեալներ են պահպանուել պատմական Արցախ նահանգի արտաքին սահմանների եւ ներքին սահմանաբաժանումների վերաբերեալ: Յոյն եւ հայ պատմիչները միահամուռ վկայում են, որ Մեծ Հայքի եւ Աղուանքի թագաւորութեան միջեւ սահմանագիծն անցել է Կուր գետով, եւ Կուրից հարաւ` Սեւանայ լճի եւ Արաքս գետի միջեւ ընկած տարածքը պատկանել է հայերին դեռեւս հայ ցեղի ձեւաւորման վաղ ժամանակներից:
Ի հեճուկս Ազրպէյճանի պետական քաղաքականութեան, որը ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքն է իրենը համարում, յայտնի կենդանու յամառութեամբ անտեսելով, որ Արցախի Հանրապետութեան տարածքում պահպանուած մեր պատմութեան հնամեայ քարեղէն վկաները` վիմագրերը խօսուն վկայում են, թէ իրականում ում է պատկանում հողը, եւ որոնք են հայկական լեռնաշխարհի տէրերը: Այսպէս, Դադի վանքի գմբէթաւոր եկեղեցու հարաւային պատի կենտրոնական կամարի վրայ Արզու խաթունի անունից փորագրուած տասնինը տողանոց արձանագրութիւնը (1214թ.) կարեւոր տուեալներ է պարունակում Արցախի հիւսիսարեւմտեան սահմանների վերաբերեալ: Արձանագրութիւնը յուշում է մեզ, որ ներկայիս Քարվաճառի շրջանն աներկբայ մտել է Արցախի տարածքի մէջ, ինչպէս հիմա կայ: Վիմագրերով դիւրին է ճշդել նաեւ պատմական Արցախի հարաւային սահմանները: Հադրութի շրջանի Տող համայնքի մօտ գտնուող Գտչավանքի հիւսիսային պատի արձանագրութեան մէջ (1241թ.) թուարկուած վարչատարածքային տասներկու հոգեւոր թեմերը` իրենց անուանումներով, սահմաններով եւ սահմանային գետերով, ազդարարում են, որ միջնադարում Արցախի հարաւային սահմանն Արաքս գետն էր, ինչպէս հիմա կայ, իսկ հիւսիս-արեւմտեան սահմանը ներառել է ներկայիս Քաշաթաղի շրջանի մի մասը:
Գանձասարի եկեղեցու ներսում հիւսիսային պատի ամբողջ լայնութեամբ փորագրուած արձանագրութեան մէջ (1240թ.) Հասան Ջալալ Դոլան հանդէս է գալիս «Բնակաւոր ԻՆՔՆԱԿԱԼ ԲԱՐՁՐ ՈՒ ՄԵԾ ԱՐՑԱԽԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԹԱԳԱՒՈՐ ԽԱԻԽԱՆԱԲԵՐԴԻ ՅՈԳՆԱՍԱՀՄԱՆ Նահանգայիք» խրոխտ տիտղոսներով, իսկ Առաջաձոր համայնքի արեւելեան մասում գտնուող եկեղեցու մեծ քարի վրայ փորագրուած արձանագրութիւնից նկատելի է, որ Հասան Ջալալն իրեն անուանում է «Աստծոյ արքայ, իշխան Խաչէնի եւ Առանի»: Հաշուի առնելով, որ միջնադարում Ուտիքը կոչուել է նաեւ Առան, ուստի դժուար չէ կռահել, որ Հասան Ջալալի տիրապետութիւնը տարածուել է մինչեւ Կուր եւ Արաքս գետերի միախառնման վայրը: Անկասկած, «յոգնասահման» (յոգ` շատ, բազում) բարդ բառի տակ փորագրողը նկատի է ունեցել երկրի բազմաբնոյթ եւ տարատեսակ աշխարհագրական սահմանները:
Տող համայնքում գտնուող մելիք Եգանի ապարանքի ընդունարանի մուտքի ճակատակալ քարի արձանագրութեան համաձայն, մելիք Եգանը պարսից շահի կողմից վեց հայկական գաւառների` Թալիշի, Ջրաբերդի, Խաչէնի, Քոչիզի եւ Դիզակի Բէկլարբէկ (գերագահ) է կարգուել (1734թ.): Թալիշի կամ Գիւլիստանի գաւառը ձգւում էր Մռաւ լերան փէշերից մինչեւ Գանձակի խանութեան սահմանները, ներառեալ` ներկայումս հակառակորդի ձեռքում գտնուող ԼՂ բուն Շահումեանի շրջանը եւ Գետաշէնի ենթաշրջանը:
Ռուսաստանի անդրկովկասեան արշաւանքների արդիւնքում 19-րդ դարի սկզբում պատմական Արցախի տարածքները կցուեցին կայսրութեանը: Այդ տարածքների վրայ սկզբում ստեղծուեց «Ղարաբաղի մարզ» վարչառազմական միաւորը, իսկ հետագայում նրա մի մասը վերանուանուեց Շուշիի գաւառ եւ բազմաթիւ վերաձեւումների պատճառով Արցախի հիւսիսային մասը յայտնուեց Գանձակի նահանգի կազմում: Ցարիզմը հարաւային Կովկասում միշտ էլ ստեղծել է խառը բնակչութիւն ունեցող վարչատարածքային միաւորներ, որից ամենաշատը տուժել է հայ ժողովուրդը: Ցարիզմի այդ դասը լաւ էին սերտել պոլշեւիկները, որոնք հայկական հողերի մի մասը` յանուն արեւելքում յեղափոխութեան, նուիրեցին Ազրպէյճանին եւ Թուրքիային: Այդ առումով 1921թ. Արցախը բռնակցուեց Խորհրդային Ազրպէյճանին` նրա լեռնային մասին «շնորհելով» մարզային ինքնավարութիւն եւ որի վերաբերեալ Պաքւում 1924թ. մշակուեց մի փաստաթուղթ, որը կրում էր «Ինքնավար Շրջան Լեռնային Ղարաբաղի սահմանադրութիւնը»: Այդ փաստաթղթի համաձայն, Լեռնային Ղարաբաղի տարածքը ստեղծւում էր Շուշիի, Ջիւանշիրի, Կարեագինոյի եւ Ղուբաթլուի գաւառների` սահմանադրութեան մէջ նշուած բնակավայրերից: Եւ մարզի սահմանները որոշեցին այնպէս, որ 11,5 հազար քառ. քմ տարածք ունեցող պատմական Արցախ նահանգից թողնուեց 4,4 հազար քառ. քմ: Մարզից կտրեցին դաշտային բերրի հողերը, հիւսիսային Արցախը` շփման ոչ մի կէտ չթողնելով մայր հայրենիքի հետ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը հռչակուել է 1991թ. սեպտեմբերի 2-ին` ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մարզային եւ Շահումեանի շրջանի խորհուրդների համատեղ նստաշրջանում` ԼՂԻՄ եւ սահմանակից Շահումեանի շրջանի սահմաններում: ԼՂՀ Գերագոյն խորհրդի 1992թ. յունուարի 8-ին ընդունած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական անկախութեան հիմունքների մասին» սահմանադրական օրէնքի համաձայն, ԼՂՀ մէջ մտնում են Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հատրութի, Շահումեանի եւ Շուշիի շրջանները: Սահմանադրական օրէնքը նաեւ ամրագրեց, որ ԼՂՀ տարածքն անկապտելի է ու չի կարող փոխուել առանց ԼՂՀ Գերագոյն խորհրդի համաձայնութեան` հիմնուած ԼՂՀ ամբողջ բնակչութեան հանրաքուէով արտայայտուած ազատ կամարտայայտման վրայ: Այլ պետութիւնների հետ ԼՂՀ սահմանները կարող են փոխուել միայն նրանց հետ փոխադարձ համաձայնութեամբ:
Ցանկացած պետութեան պետական կարգի (եւ կառուցուածքի) ձեւի հետ մէկտեղ անբաժանելի յատկանիշ է հանդիսանում պետական տարածքը` ամփոփոուած լինելով պետական սահմանների շրջանակների մէջ: Ըստ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրէնքի, հանրապետութեան տարածքը ներառում է Ստեփանակերտ քաղաքը, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հատրութի, Շուշիի, Շահումեանի եւ Քաշաթաղի շրջանները: Շրջանների սահմանագծերը, բացառութեամբ Ստեփանակերտ քաղաքի, նկարագրուած են նոյն օրէնքի բաղկացուցիչ մաս կազմող թիւ 1 յաւելուածում եւ տեղանշուած օրէնքի բաղկացուցիչ մաս կազմող ԼՂՀ 1:200000 ծաւալի տեղական քարտէզի վրայ: Մասնաւորապէս, արտաքին սահմանների առումով, Մարտակերտի եւ Մարտունու շրջանները սահմանակցում են Ազրպէյճանի Հանրապետութեանը, Հատրութի շրջանը` Ազրպէյճանի Հանրապետութեանը եւ Արաքս գետով` Իրանի Իսլամական Հանրապետութեանը, Քաշաթաղի շրջանը` Իրանի Իսլամական Հանրապետութեանը եւ Հայաստանի Հանրապետութեանը, Շահումեանի շրջանը` Ազրպէյճանի Հանրապետութեանը եւ Հայաստանի Հանրապետութեանը: Փաստօրէն Արցախի Հանրապետութիւնն արեւմուտքից սահմանակից է Հայաստանի Հանրապետութեան, հիւսիսից եւ արեւելքից` Ազրպէյճանի Հանրապետութեան, հարաւից` Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ:
Եթէ նախկինում ԼՂԻՄ շուրջ տարածքներին տրւում էր «ազատագրուած կամ գրաւեալ տարածքներ», «անվտանգութեան գօտի» կամ որեւէ այլ ձեւակերպում, ապա այժմ դրանք Արցախի Հանրապետութեան տարածքի անբաժանելի մասն են կազմում` ամրագրուած երկրի հիմնական օրէնքով` դրանով իսկ ապահովելով տարածաշրջանային անվտանգութիւնը եւ կայունութիւնը: Ակնյայտ է, որ ներկայիս «սթաթիւս քուոն» ձեւաւորուել է Ազրպէյճանի կողմից 1991-1994թթ. եւ 2016թ. ապրիլի սկզբին սանձնազերծած պատերազմների արդիւնքում: Այդ պարունակում մի շարք իրաւաքաղաքական փաստաթղթեր են ստորագրուել` զինադադարի մասին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ազրպէյճանի միջեւ 1994-1995թթ. կնքուած եռակողմ համաձայնագրերը եւ կրակը դադարեցնելու վերաբերեալ Հայաստանի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի Հանրապետութեան միջեւ 2016թ. ապրիլի 5-ին Մոսկուայում ձեռք բերուած համաձայնութիւնը:
Այսպիսով, Արցախի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի Հանրապետութեան միջեւ փաստացի սահմանն այն առաջնագիծը, շփման գիծն է, որը ներկայ պահին հաստատուած է կողմերի միջեւ: Ի դէպ, «շփման գիծը» նաեւ իրաւաքաղաքական եզրոյթ է, որն օգտագործւում է «սահման» բառի փոխարէն: Հետեւաբար, Արցախի Հանրապետութեան, որպէս կայացած պետական միաւորի պարագայում, հակամարտ կողմի հետ շփման գիծը «Արցախի Հանրապետութիւն-Ազրպէյճանի Հանրապետութիւն» պետական սահմանի կարգավիճակ է ստացել: Նոյն կարգավիճակն ունի նաեւ Արաքս գետով` Արցախի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ ընդհանուր սահմանը: Հայաստանի Հանրապետութեան հետ սահմանները բաց են: Դրա հետ մէկտեղ հարկ է նշել, որ պատերազմի պատճառով Ազրպէյճանի վերահսկողութեան տակ են գտնւում բուն Շահումեանի շրջանն ամբողջութեամբ, ներառեալ` Գետաշէնի ենթաշրջանը եւ Մարտակերտի ու Մարտունու շրջանների արեւելեան հատուածները:
Պետական սահմանների, սահմանադրաիրաւական հաստատութեան դրոյթները եւ դրանց անձեռնմխելիութեան ու պաշտպանութեան սահմանադրական հիմունքներն ամրագրուած են Արցախի Հանրապետութեան սահմանադրութեամբ: Նրա 175-րդ յօդուածն ազդարարում է, որ մինչեւ Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը, հանրային իշխանութիւնն իրականացւում է այն տարածքում, որը փաստացի գտնւում է Արցախի Հանրապետութեան իրաւազօրութեան ներքոյ: Սահմանադրական այս նորմը ցոյց է տալիս, որ հանրապետութեան տարածքային ամբողջականութեան վերականգնման հարցը` իր բնական տեսքով, դեռեւս վերջնականապէս չի լուծուած:
Հէնց այդ սահմաններով է որոշուելու մեր տեղը հայրենի արեւի տակ: Ամէն պարագայում, պէտք չէ մոռանալ, որ ցանկացած տարածք դառնում է հայրենիք միայն այն դէպքում, երբ այն բնակեցւում եւ շէնացւում է` ձեռք բերելով պաշտպանական-ռազմավարական նշանակութիւն: Այլապէս այդ տարածքների աւերակներում բուերը կը վայեն` համարելով իրենց սեփականութիւն:
Պետական սահմանի վերաբերեալ համապատասխան նորմատիվ իրաւական փաստաթղթեր ընդունելու դէպքում Արցախի Հանրապետութիւնը միջազգային յարաբերութիւններում հանդէս կը գայ պետական սահմանի մասին իր օրէնսդրութեամբ, որից ելնելով` սահմանակից պետութիւնների հետ փոխյարաբերութիւններում հնարաւոր կը լինի լուծել սահմանային հարցերը եւ միջադէպերը: Կը կարգաւորուեն ԱՀ պետական կառավարման մարմինների լիազօրութիւնները պետական սահմանի պահպանութեան ոլորտում, նոյն ոլորտում` նաեւ հակաօդային պաշտպանութեան զօրքերի լիազօրութիւնները, պետական մարմինների, պաշտօնատար անձանց, քաղաքացիների եւ կազմակերպութիւնների մասնակցութիւնը պետական սահմանի պահպանութեանը եւ նրանց պարտականութիւնները:
Արցախի Հանրապետութեան զինուած ուժերն ապահովում են մեր երկրի պաշտպանութիւնը, անվտանգութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ սահմանների անձեռնմխելիութիւնը: Պետական սահմանների պաշտպանութիւնը նաեւ իւրաքանչիւր արցախցու սահմանադրական պարտքն է: Ամուր սահմանները կանխորոշում են երկրի անվտանգութիւնը: Հակառակ դէպքում` մեր փոխարէն որիշները կ՛որոշեն մեր սահմանները: Ակամայից յիշում ես` Սան Ռեմոյում Հայաստանի Ա. Հանրապետութեան կարգավիճակին եւ սահմանային խնդիրներին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ (ապրիլ 1920թ.) Մեծն Բրիտանիայի վարչապետ Տ. Ճորճի դառը, բայց ճշմարիտ հետեւեալ խօսքերը. «Եթէ հայերն ի զօրու չլինեն սեփական ուժերով պաշտպանել իրենց սահմանները, ապա ոչ մի գերտէրութիւն, նոյնիսկ` մէկ գումարտակով, չի աջակցի նրանց»:
Այդպէս եղել է դարեր ի վեր, այդպէս կայ այսօր եւ կը լինի այսուհետեւ: Պետութիւնների գոյատեւման յաւիտենական օրէնքն է դա:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար
aztagdaily.com/archives/458656