«ԱՐՄԷՆՊՐԷՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՈՐԲԱՑԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԱՄԱԿԱԼ ԲՈԴԻԼ ԲԷՕՐՆԻ ԹՈՌԱՆ՝ ԻՒՍԻ ԲԷՕՐՆԻ ՀԵՏ
«Երկու Կեանք Ունեմ՝ Մէկը Հայաստանում, Միւսը Նորվեգիայում. Բէօրնի Թոռը Տատի Օրագիրը Կը Թարգմանի Հայերէն»
20 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2019 – ՀԱՐՑԱԶՐՈՅՑ – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ:
Վարեց՝ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Նորվեգացի միսիոներուհի, Հայոց Ցեղասպանութեան ականատես եւ բազում որբացած հայերի խնամակալ Բոդիլ Բեօրնի թոռանը՝ Իւսի Բէօրնին՝ Հայաստանի հետ անտեսանելի կապը տարուայ մէջ 6-7 անգամ բերում է Երեւան: Ինչպէս ինքն է ասում՝ երկու կեանք ունի՝ մէկը Նորվեգիայում, միւսը՝ Հայաստանում: Երեւանի փողոցներն անգիր արած Բէօրնը հասցրել է Հայաստանն այնքան լաւ ճանաչել, որ հիմա արդէն նորվեգացի զբօսաշրջիկներին է ծանօթացնում երկրին, նրանց պատմում Հայոց Ցեղասպանութեան մասին տատից լսած պատմութիւնները: «Արմէնպրէս»ը ներկայացնում է զրոյց Իւսի Բէօրնի հետ:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Պարոն Բէօրն, երկու տարի առաջ, երբ Հայաստանում էիք, կրկին զրուցել ենք, հետաքրքիր է, թէ սա ձեր որերո՞րդ այցն է Հայաստան եւ ո՞րն է այս այցի նպատակը:
ԻՒՍԻ ԲԷՕՐՆ.- Ես Հայաստան եմ գալիս ու յետ գնում տարեկան 6-7 անգամ՝ գրեթէ ամէն երկրորդ ամիսը մէկ՝ տարբեր պատճառներով: Պատճառներից մէկն այն է, որ ես որպէս զբօսավար եմ աշխատում նորվեգացի զբօսաշրջիկների համար: Ես տարբեր ծրագրեր ունեմ այստեղ:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Ինչպէ՞ս էք այդքան մանրամասնութեամբ բացայայտել Հայաստանը, որ հիմա այն կարողանում էք զբօսաշրջիկներին ներկայացնել, ի՞նչ էք ցոյց տալիս նրանց այստեղ:
ԻՒՍԻ ԲԷՕՐՆ.- Ես նրանց տանում եմ յայտնի վայրեր՝ Նորավանք, Խոր Վիրապ, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ: Ես նաեւ գիդ (զբօսաշրջիկներու առաջնորդ-Խմբ.) եմ դանիացի, շուէդացի զբօսաշրջիկների համար: Անցեալ տարի Նորվեգիայից մեծ երգչախումբ ունէի այստեղ՝ մօտ 50 երգիչ: Նրանք ելոյթ ունեցան Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը եւ Գիւմրիի Եօթ Վէրք եկեղեցում: Դա մէկ այլ ծրագիր է՝ կապելու Հայաստանը եւ Նորվեգիան: Գիւմրին եւ Կրագերօն՝ Բոդիլ Կատարինէ Բէօրնի ծննդավայրը, կը դառնան քոյր քաղաքներ եւ կը համագործակցեն տարբեր ոլորտներում, օրինակ՝ շախմատի. Փետրուարին շախմատի մեծ մրցաշար էր տեղի ունեցել Կրագերոյում, եւ մի քանի գիւմրեցի շախմատիստներ եւս հրաւիրուած էին:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Հետաքրքիր է, թէ դուք ի՛նչ էք պատմում զբօսաշրջիկներին Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում:
ԻՒՍԻ ԲԷՕՐՆ.- Ես նրանց պատմում եմ նաեւ իմ տատից լսած պատմութիւնները, ես դրանք շատ լաւ եմ յիշում: Պատմութիւններ կան, որոնք գրուած են, ես կարող եմ դրանք վերցնել նրա օրագրից եւ պատմել իմ զբօսաշրջիկներին: Անցեալ Ապրիլին Հայաստանում էր նաեւ իմ ընտանիքը՝ իմ երեխաներն ու թոռները: Նրանք առաջին անգամ էին Հայաստանում եւ հաստատ կը վերադառնան կրկին: Նրանք պէտք է սիրեն իրենց ընտանիքի պատմութիւնը:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Ինչո՞ւ էք նման բան նախաձեռնել Հայաստանում:
ԻՒՍԻ ԲԷՕՐՆ.- Ես դա առաջին հերթին անում եմ ինձ համար, դա ինձ բաւականութիւն է պատճառում: Ես սիրում եմ Հայաստանը, բաւականին մարդկանց գիտեմ այստեղ: Ես երկու կեանք ունեմ՝ մէկը՝ Նորվեգիայում, միւսը Հայաստանում:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Դուք միսիոներ, հայ ազգի բարեկամ, Հայոց Ցեղասպանութեան ականատես եւ բազում որբացած հայերի խնամակալ Բոդիլ Բէօրնի թոռն էք, գիտեմ, որ ուսումնասիրել էք ձեր տատի նամակները, օրագիրը եւ նախաձեռել էք ֆիլմ՝ «Նրանք Ինձ Մայր Են Կոչում» (They call me mother), ուրիշ ի՞նչ էք ծրագրում անել ձեր տատի նամակներով ու օրագրով:
ԻՒՍԻ ԲԷՕՐՆ.- Նորվեգացի հետազօտողին խնդրել եմ փոքրիկ բրոշիւր ստեղծել, որը կը պատմի ֆիլմի մասին սեղմ ձեւով: Միւս տարի՝ 2020ին լրանում է Բոդիլ Բէօրնի մահուան 60 տարին, իսկ 2021ին լրանում է նրա ծննդեան 150ամեակը: Եւ միւս տարուայ Յուլիսից մինչեւ 2021ի Փետրուար տարբեր ծրագրեր կ՛իրականացնեմ տարբեր վայրերում: Կը թողարկենք նամականիշ Նորվեգիայում եւ Հայաստանում՝ նրա ծննդեան 150ամեակի առիթով: Նորվեգիայում՝ նրա ծննդավայր Կրագերօ քաղաքում, կ՛անցկացնենք մարդկութեան մասին կոնֆերանս (խորհրդաժողով-Խմբ.): Այդ կոնֆերանսի ընթացքում կը խօսենք նաեւ Հայոց Ցեղասպանութեան մասին: Մենք նաեւ փոքր թանգարան կը բացենք նրա ծննդավայրում՝ անձնական իրերով, կահոյքով: Ես նաեւ ծրագրում եմ լրագրողների եւ լուսանկարիչների հետ այցելել Գիւմրի, Մուշ, Հալէպ: Եւ արդիւնքում Նորվեգիայի խոշոր թերթերի լրագրողները նիւթեր կը պատրաստեն այդ մասին: Յոյս ունեմ հեռուստատեսային ծրագիր թողարկել Նորվեգիայում: Այս 2 տարին շատ զբաղուած կը լինեմ, Կրագերօն եւ Գիւմրին պէտք է քոյր քաղաքներ լինեն, իմ նախաձեռնութիւններում է նաեւ այս երկու քաղաքները կապելը: Տատիս հիմնական նպատակն էր լինել լաւ քրիստոնեայ, մարդասիրական գործ անել: Նա այստեղ որբանոց է բացել, բուժել մարդկանց: Ցեղասպանութեան օրերին նա եղել է այստեղ, եղել է ականատես: Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ Բոդիլ Բէօրնը աշխատել է նաեւ Սիրիայում, Հալէպում, շարունակել է իր մարդասիրական աշխատանքը: Նրա նամակները եւ օրագիրը պէտք է թարգմանուեն հայերէն եւ անգլերէն: Ես ծրագրում եմ դա անել Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի աջակցութեամբ: Եւ այդ ամէնը պէտք է արուի այս երկու տարուայ ընթացքում:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Պարոն Բեօրն, Նորվեգիայի կառավարութիւնն այժմ ի՞նչ դիրքորոշում ունի Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ, արդեօք այն չի՞ փոխուել:
ԻՒՍԻ ԲԷՕՐՆ.- Կառավարութիւնը ոչ մի տեսակէտ չունի դրա վերաբերեալ, ցաւօք: Քաղաքականապէս տեսակէտը դեռ չի փոխուել, քանի որ Նորվեգիան ՆԱՏՕի անդամ է, ձուկ է արտահանում Թուրքիա: Տխուր է, սակայն դա աւելի կարեւոր է:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Եւ կը ցանկանայի ձեզնից լսել, թէ Նորվեգիայում հասարակութիւնը, մարդիկ ի՛նչ են մտածում Հայոց Ցեղասպանութեան մասին:
ԻՒՍԻ ԲԷՕՐՆ.- Այսօր աւելի ու աւելի շատ մարդիկ Նորվեգիայում գիտեն Հայոց Ցեղասպանութեան մասին, նրանք գիտեն նաեւ յայտնի հայերի մասին: Շատ կարեւոր է, որ նրանք Հայաստանը գիտեն ոչ միայն ցեղասպանութեան, այլ նաեւ յայտնի մարդկանց միջոցով՝ երաժիշտների, ատլետների, շախմատիստների: Օրինակ, նորվեգացիները շատ լաւ գիտեն Լեւոն Արոնեանին: Սա եւս իմ թեմաներից մէկն է, որ ես պատմում եմ մարդկանց:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Պարոն Բէօրն, Հայաստանում ի՞նչն էք ամէնից շատ սիրում:
ԻՒՍԻ ԲԷՕՐՆ.- Ես շատ եմ սիրում Հայաստանի կլիման: Այստեղ գարունն ու աշունը պարզապէս ֆանտաստիկ են: Ես սիրում եմ Հայաստանի լեռները, նաեւ ծաղիկները: Ամէնից շատ սիրում եմ մարդկանց, ովքեր շատ հիւրասէր են: Իմ զբօսաշրջիկները նոյնպէս դա ասում են, որ շատ հեշտ է այստեղ մարդկանց հետ խօսել, կապուել: Ես այստեղ շատ ծանօթներ ունեմ, ընկերներս, նոյնիսկ երբ այստեղ են լինում, ասում են՝ կարո՞ղ ենք գնալ մի տեղ, որտեղ քեզ չգիտեն:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Հայերէն բառեր գիտէ՞ք արդեօք:
ԻՒՍԻ ԲԷՕՐՆ.- Մի քանի հայերէն բառ գիտեմ: Դժուար է հայերէն սովորել, կը ցանկանայի աւելի շատ խօսել: Սակայն ես երբեք չեմ կորի Հայաստանում, միշտ կարող եմ գտնել իմ ճանապարհը, նոյնիսկ կարողանում եմ տաքսիի վարորդներին ասել, որ սխալ ճանապարհով են գնում, ես քաղաքը շատ լաւ գիտեմ: Քանի որ շատ եմ քայլում, բոլոր փողոցներն այստեղ գիտեմ:
asbarez.com/arm/360388/ԱՐՄԷՆՊՐԷՍԻ-ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ-ՈՐԲԱՑԱԾ-ՀԱ/