«Հայոց վահան» ՀԿ-ն կապ չունի Քեսաբի ազատագրմանը մասնակցած «Հայոց վահանի» հետ. ազատամարտիկ

27 նոյեմբեր 2015

Երեւանում նոյեմբերի 24-ին վնասազերծված զինված խմբի անդամ Արթուր Վարդանյանի ստեղծած «Հայոց վահան» ՀԿ-ն որեւիցե կապ չունի Քեսաբի ազատագրմանը մասնակցած «Հայոց վահան» ստորաբաժանման հետ: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայոց վահան» ստորաբաժանման հրամանատար Հայկ Մանուկյանը՝ նշելով, որ այդ ստորաբաժանումը ստեղծվել է հենց Արթուր Վարդանյանի ջանքերով, սակայն որոշ խնդիրների պատճառով Արթուրը չի կարողացել մասնակցել Քեսաբի ազատագրմանը:

««Հայոց Վահան» շարժումը ստեղծվել է 2014թ. ապրիլին, երբ հայ հանրությունը ֆեյսբուքում էր փորձում ազատագրել Քեսաբը, Արթուր Վարդանյանը առանց որեւէ մեկի միջնորդության Սիրիայի հայ համայնքում ծանոթներ գտնելով, հասնում է Սիրիա, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ է ունենում եւ պայմանավորվածություն ձեռք բերում ստեղծել խումբ, որը պետք է մասնակցեր Քեսաբի ազատագրմանը: Այնուհետեւ կամավորներ է գտնում, որոնք իրենց միջոցներով տեղափոխվում են Սիրիա, որտեղ ջոկատին տարածք է տրամադրվում մարզումներ անցկացնելու համար: Տվյալ կառույցի քաղաքական թեւի կազմակերպիչը Արթուր Վարդանյանն էր, իսկ ռազմականինը` ես»,-ասաց Հայկ Մանուկյանը:

Հայկ Մանուկյանը պատմեց, որ նպատակ կար ստեղծել հզոր ստորաբաժանում, սակայն Սիրիայի որոշ ուժեր խոչընդոտել են շարժման ստեղծմանը, այդ ընթացքում էլ Արթուր Վարդանյանը լքել է Սիրիան, սակայն ստորաբաժանման մյուս անդամները մնացել եւ մասնակցել են Քեսաբի ազատագրմանը:

«Չհաջողեցինք մեծ զորամիավորում ստեղծել եւ 2014թ. հունիսին Արթուր Վարդանյանը ստիպված լքեց Սիրիան: Սակայն 15 հոգանոց կամավորական խումբը կարողացավ Քեսաբի ազատագրմանը մասնակցել: Ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո մենք մեր կապը խզել ենք այդ կառույցի հետ՝ չունենալով լուրջ խնդիրներ, ուղղակի Արթուր Վարդանյանը ելնելով իր ծրագրերից, գաղափարներից շարժումը դարձրեց հասարակական կազմակերպություն: Նա ասաց, որ ցանկանում է կազմակերպության անունը ստորաբաժանման անվանումը դնել, մենք էլ դեմ չեղանք»,-ասաց նա:

«Անկախ նրանից, թե ինչ է արել Արթուր Վարդանյանը, չտիրապետելով ամբողջ ինֆորմացիային եւ մեզ բարոյական իրավունք չվերապահելով՝ քննադատել կամ արդարացնել նրա գործունեությունը, ասում ենք, որ նախկինում Արթուրը իսկապես հայրենանվեր գործունեություն է կատարել: Նրա հետ բռնված տղաները չեն մասնակցել Քեսաբի ազատագրմանը, ինչպես որ հիմա են ասում, այդ ազատամարտիկներից բոլորը գտնվում են իրենց տներում ողջ ու առողջ»,-ասաց նա:

http://news.am/arm/news/298607.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail