ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայաստանը բարձրացնում է Նախիջեւանի հարցը

Nakhchivan City Ilandag Snake Mountain 2415-m

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայաստանը բարձրացնում է Նախիջեւանի հարցը

25.12.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը նախօրեին հայտարարություն է տարածել Նախիջեւանում Ագուլիս բնակավայրի հայկական ջարդերի 100-րդ տարելիցի առնչությամբ: Հայտարարությունը հիշատակում է Նախիջեւանի այդ բնակավայրում հայերի հանդեպ բռնության փաստը, Ագուլիսն ավերակի վերածելու հանգամանքը եւ Նախիջեւանի ամբողջական հայաթափումը, նաեւ տարիներ առաջ Ջուղայի հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացման հանգամանքը:

Դրա հետ մեկտեղ, այդ եղեռնագործության օրինակի համատեքստում Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ հայ ժողովուրդը հաստատակամ է պաշտպանել իր ապրելու եւ զարգանալու իրավունքը իր պատմական հայրենիքում:

Պաշտոնական Երեւանը գործնականում առաջին անգամ է անդրադառնում Նախիջեւանի Ագուլիս բնակավայրում հայերի ջարդին, Նախիջեւանի հայաթափմանը եւ այդ համատեքստում «պատմական հայրենիքում» ապրելու եւ զարգանալու հաստատակամությանը:

Գործնականում, այստեղ դիտարկվում է ոչ միայն Արցախն ու Հայաստանը, քանի որ «պատմական հայրենիք» եզրույթը հայության համար, հայկական գործոնի առումով ունի ավելի ընդգրկուն նշանակություն եւ իմաստ: Խորքային առումով, Երեւանը բարձրացնում է Նախիջեւանի խնդիրը: Իհարկե խոսքը պարզունակ հավակնության մասին չէ, այլ խնդրի արձանագրման, հայկական գործոնի նշանակալիության ընդգծման այն ֆոնին, որ արձանագրվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատներում հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման անգամանքով:

Խնդիրը միջազգային քաղաքականության մեջ լայն իմաստով հայկական հարցի արդիականացման շոշափելի միտումն է, որը տեղի ունեցող մի շարք էական գործընթացների, այդ թվում նաեւ Հայաստանում թավշյա հեղափոխության, հայ-ռուսական հարաբերության մեջ հայկական ինքնիշխանության գործոնի շեշտադրման, Արցախի հարցում հայկական հաղթանակի համար համահայկական պատասխանատվության ազդարարման արգասիքն է ու արտացոլումը:

Գործոններն անշուշտ չեն սահմանափակվում դրանով եւ նշանակալիներից մեկն էլ թուրք-ամերիկյան հարաբերության տրանսֆորմացիան է, այդ համատեքստում Կովկասի ռեգիոնալ անվտանգության համակարգի վերափոխման հարցը, որի բազային գործոններից մեկն էլ ռուս-թուրքական հարաբերությունն է՝ 1921 թվականին Մոսկվայի պայմանագրի հիմքով:

ԱՄՆ-ում հայկական հարցի ճանաչման նոր մակարդակը Մոսկվային ու Անկարային դրել է այդ հանգամանքի առերեսման նոր իրավիճակի առաջ՝ պայմանագրի 100-րդ տարելիցի շեմին, երբ պետք է որոշեն՝ շարունակե՞լ պայմանագիրը եւ դրա ոգին, թե՞ հրաժարվել դրանից:

Այդ համատեքստում, Ագուլիսի հայկական ջարդի 100-րդ տարելիցին աննախադեպ անդրադարձով, պաշտոնական Երեւանը թերեւս ակնարկում եւ քայլ առ քայլ մոտենում է հենց ռուս-թուրքական պայմանագրի 100-րդ տարելիցի խնդրին՝ «Պատմական հայրենիքում» ապրելու եւ զարգանալու իրավունքի հարցում հայ ժողովրդի հաստատակամությունը: Իր հերթին, մեկ դար առաջ Անտանտին ուղղված կոչը վկայաբերելով, Երեւանն ակնարկում է այդ մեծ առերեսման մասին, ընդգծելով ռեգիոնալ անվտանգության ռազմա-քաղաքական նոր համակարգի շուրջ պայմանավորվածությունը հայերի հաշվին իրականացնելու այլեւս անհնարինության, եւ որպես նոր պայմանավորվածության գործընկեր Հայաստանն ու հայկական գործոնը դիտարկելու անխուսափելիության մասին:

lragir.am/2019/12/25/504931/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail