Նախիջեւանի նկատմամբ սուվերեն իրավունքը. Հայաստանը քայլ է անում
26.12.2019 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունից հետո, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ադապտացվեն փոփոխվող աշխարհին ու իրողություններին, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Նախիջեւանի Ագուլիսում հայերի ջարդերի 100-ամյակի առթիվ:
«Ադրբեջանական իշխանությունները, վերջնականապես հայաթափելով Նախիջեւանը, իրականացրեցին նաեւ հայկական մշակութային ժառանգության համակարգված եւ զանգվածային ոչնչացումը: Արդյունքում ամբողջովին ավերվեցին հազարավոր քրիստոնեական հուշարձաններ՝ այդ թվում եկեղեցիներ, վանքեր եւ խաչքարեր՝ Ջուղայում, Ագուլիսում եւ այլուր:
…Այսօր, այս ողբերգական դեպքերից հարյուր տարի անց Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու եւ ապահովելու հայ ժողովրդի գոյության եւ խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում», – նշված է ԱԳՆ հայտարարությունում:
Ագուլիսը միջնադարյան հայկական քաղաք է Նախիջեւանում, որի արմատները ձգվում են մինչեւ հնագույն ժամանակներ: Նախքան խորհրդայնացումը քաղաքը խոշոր հանգույց էր տարածաշրջանում, ինչպես ամբողջ Նախիջեւանը:
Նախիջեւանի թեման ներկայում ավելի ակտուալ է դառնում, քան Ղարաբաղը: Պատահական չէ, որ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը հնչել է Ռուսաստանի դեսպանի մամուլի ասուլիսից հետո: Նախիջեւանն Ադրբեջանին է փոխանցվել Մոսկվայի 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրով:
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն ուղերձ է Ռուսաստանին, ուղերձ է նրանց, ովքեր կարծում են, որ հայերին կարելի է շարունակել վախեցնել ցեղասպանությամբ եւ մշակութային ջարդերով՝ ստիպելով ապրել սահմաններում, որոնք որոշվել են առանց Հայաստանի ստորագրված պայմանագրով: Դա նոր իրողություններին ադապտացվելու կոչ է:
Մոսկվայում հասկանում են, որ Նախիջեւանի հարցը ակտուալանում է՝ 1921 թ պայմանագրի 100-ամյակին ընդառաջ:
Օրերս փոխվել է հայ-թուրքական սահմանին գտնվող Նորշեն գյուղի անցագրային ռեժիմը: Հաջորդ տարվանից բոլոր ցանկացողները կարող են ազատ, առանց ռուս սահմանապահների թույլտվության մտնել Շիրակի մարզի Նորշեն (Խարկով) գյուղ, որը Անի բերդաքաղաքից բաժանված է միայն Ախուրյան գետով:
Հայաստանը փորձում է պահպանել ու սուվերեն վերահսկողություն հաստատել իր սահմանների վրա՝ հայտարարելով հայ ժողովրդի ժառանգությունը պաշտպանելու եւ պատմական հայրենիքում ապրելու իրավունքի մասին:
lragir.am/2019/12/26/505106/