ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Օդային պատերա՞զմ. Հայաստանը նոր գիծ է գծել, այլ ճանապարհ չունի

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Օդային պատերա՞զմ. Հայաստանը նոր գիծ է գծել, այլ ճանապարհ չունի

28.12.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Դեկտեմբերի 27-ը Հայաստանում նշանավոր օր էր: Իհարկե ոչ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք ներկայացնելու առումով, այլ Հայաստանի զինված ուժերի ռազմաօդային նշանակալի համալրման: Հայաստան ժամանեց Սու 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների առաջին խմբաքանակը: Այդ ռազմական օդանավերը իրենց ֆունկցիոնալ կարողությունների եւ հատկանիշների առումով ունեն ոչ միայն ռազմա-տեխնիկական, այլ մեծ հաշվով ռազմա-քաղաքական նշանակություն՝ Հայաստանի հարվածային, եւ դրանով իսկ նաեւ զսպող եւ կանխարգելող կարողությունների ընդլայնման տեսանկյունից:

Միեւնույն ժամանակ, Հայաստան Սու 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների առաջին խմբաքանակի ժամանմանը զուգահեռ, ռուսական Վեդոմոստի պարբերականը հրապարակեց տեղեկություն, ըստ որի ռուսական քաղաքական ղեկավարությունը հավանություն է տվել Ադրբեջանի հետ հինգերորդ սերնդի Սու 57 բազմաֆունկցիոնալ կործանիչների վաճառքի շուրջ բանակցությանը:

Արդյոք Ռուսաստանը Հայաստանին բազմաֆունկցիոնալ չորրորդ սերնդի կործանիչներն առաքել է Բաքվին հինգերորդ սերնդի կործանիչների համար քսակը բացելու հարցում գայթակղելու նպատակով: Թե՞ ապրիլյան «ցամաքային» պատերազմի պլանի տապալումից հետո, Մոսկվայում մտմտացել են հաջորդ պատերազմն «օդում» հասունացնելու ծրագիր, ըստ այդմ Հայաստանին տալով Սու 30 եւ հակաօդային, զենիթահրթիռային նոր համալիրներ, պատրաստվում են Բաքվին եւ Անկարային եւս վաճառել արդիական ռազմաօդային սպառազինություն:

Միաժամանակ, Հայաստանը կատարել է մի շարք նշանակալի քայլեր ու ստացել արձագանքներ ուժային կենտրոններից. Իրան՝ որի նախագահը Նիկոլ Փաշինյանի հրավերով մասնակցեց ԵՏՄ Երեւանի Վեհաժողովին, Չինաստան՝ որի նախագահը առաջին անգամ բարձրաձայնեց հայկական հարցի առնչությամբ Պեկինի հետաքրքրության մասին, եւ ԱՄՆ՝ Կոնգրեսի երկու պալատներում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւերը, հայկական հարցը բարձրացնելով նոր մակարդակի վրա:

Թեհրան-Պեկին-Վաշինգտոն «եռանկյունու» նշանակալիությունը նաեւ այն է, որ նրանք գտնվում են իրարամերժ անվտանգային եւ աշխարհքաղաքական դիրքերում, դրանով հանդերձ կոնսենսուս ունեն հայկական հարցում, որոշակի պատասխանատվության հարց դնելով Մոսկվայի համար:

Երեւանին անհրաժեշտ է պահել պատասխանատվության այդ գիծը: Տարեմուտի ընդունելություններից մեկի առիթով վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը տարեցտարի լինելու է ավելի ամուր, ավելի ուժեղ, ավելի զարգացող եւ ավելի ինքնիշխան: Գիծը պահելու այլ ճանապարհ Հայաստանը չունի:

lragir.am/2019/12/28/505841/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail