Հայերը վերջապես սկսեցին մտածել ինչպես թուրքերը. աշխարհը ճանաչեց այդ իրավունքը

Հայերը վերջապես սկսեցին մտածել ինչպես թուրքերը. աշխարհը ճանաչեց այդ իրավունքը

29.12.2019 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Միջազգային ճգնաժամային խումբը հաստատել է Արցախի ազատագրված տարածքներում բնակեցումը եւ զարգացումը, ու Ադրբեջանը ոչինչ չի կարող անել դրա դեմ:

Հայերը վերջապես թուրքերից սովորել են գլխավորը՝ առաջ տանել սեփական իրավունքները, չամաչել դրանց մասին հայտարարելուց եւ չարդարանալ հաղթանակների համար: Ավելի քան 100 տարի առաջ ռուս-թուրքական հզոր քարոզչական մեքենան վախեցնում էր հայերին ցեղասպանությամբ՝ մեղադրելով եւ մերժելով սեփական հայրենիքում ապրելու նրանց իրավունքը:

«Այսօր, այս ողբերգական դեպքերից հարյուր տարի անց Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու եւ ապահովելու հայ ժողովրդի գոյության եւ խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում», – նշված է Նախիջեւանի Ագուլիսում հայերի ջարդերի 100-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Արցախյան պատերազմում հաղթանակից հետո երկու տասնամյակ հայկական կողմը չէր հայտարարում իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու վճռականության մասին: Շահեր ունեին միայն ուրիշները՝ ռուսները, թուրքերը: Հիմա իրավիճակը փոխվել է, եւ հայերը մտովի վերադառնում են հարյուր տարի առաջվա իրադարձություններին՝ փորձելով պարզել, թե ինչու Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ չորս համաշխարհային տերությունների փլուզումը հանգեցրեց բազմաթիվ պետությունների ստեղծման, հայերը հայտնվեցին պատմության լուսանցքում:

Օրերս ԱՄՆ նախագահ Վիդրո Վիլսոնի ծննդյան օրն էր, որը հայերի պատմությունում կարեւոր դեր է խաղացել: Էլ ավելի մեծ դեր կարող էր խաղալ, բայց ինչ-որ բան 100 տարի առաջ խանգարեց Վիլսոնին իրականացնելու արբիտրաժը: Մի՞թե կաթվածը:

Վիլսոնը մտածում էր Հայաստանի, Դարդանելի եւ Բոսֆորի նկատմամբ ամերիկյան մանդատի մասին: 1919 թվականի մարտի 20-ին նա իմացավ, որ դաշնակիցներ Ֆրանսիան ու Անգլիան գաղտնի համաձայնբել են բաժանել Օսմանյան կայսրությունը, նշված է Կարնեգիի խորհրդի անդամ Թեդ Վիդմերի՝ Նյու Յորք Թայմսում հրապարակված «Դար առաջ ծնվեց ժամանակակից Մերձավոր Արեւելքը» հոդվածում:

Վիլսոնը 6 ամիս անցկացրել է Փարիզում՝ մասնակցելով Փարիզի խաղաղության կոնֆերանսին: 1919 թվականի հունիսի 28-ին ստորագրվեց Վերսալի պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը: 1919 թվականի հոկտեմբերի 2-ին Վիլսոնը կաթված տարավ: Մի քանի ամիս շարունակ նա տեղաշարժվում էր միայն հաշմանդամի սայլակով, եւ պարզ չէ, թե այդ ժամանակ ով էր որոշումներ կայացնում ԱՄՆ-ում:

Փարիզի խաղաղության համաժողովի ժամանակ (1919-1920 ) նախապատրաստվեցին խաղաղության պայմանագրերը Գերմանիայի հետ (Վերսալի պայմանագիր), Ավստրիայի հետ (Սեն Ժերմենի պայմանագիր), Բուլղարիայի հետ (Նոյիի պայմանագիր), Հունգարիայի հետ (Տրիանոնյան պայմանագիր) եւ Օսմանյան կայսրության հետ (Սեւրի խաղաղության պայմանագիր, 1920 թվականի օգոստոսի 10):

1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը դաշնակիցներին է ներկայացնում արբիտրաժի առաջարկ, որով Թուրքիան պետք է Հայաստանին 103599 քկմ մակերեսով տարածք փոխանցի՝ Վանի եւ Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Էրզրում գրեթե ամբողջ վիլայեթը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը, ներառյալ նավահանգիստը: Հայաստանի Հանրապետության հետ միասին այն կունենար 150 հազար քկմ տարածք՝ Սեւ ծով ելքով: Վրաստանի տարածքով նախատեսվում էր երկաթուղի կառուցել մինչեւ Բաթում, բացի այդ Հայաստանին տարանցիկ արտոնություններ եւ Բաթումի նավահանգստի մի մասի վարձակալություն էր տրվելու:

Սակայն 1920 թվականի սեպտեմբերին Թուրքիան լայնամասշտաբ ներխուժում է սկսում Հայաստան, Մուստաֆա Քեմալի զորքերը, գրավելով Կարսը, Ալեքսանդրապոլը, 1920 թվականի նոյեմբերի վերջին սպառնում էին Հայաստանի գոյությանը: Հաջորդ երկու տարիներին քեմալակականները եւ բոլշեւիկներն օկուպացրին Հայաստանը՝ այն կիսելով 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով:

Հայաստանն իր իրավունքների պաշտպանության հետեւողական քայլեր է անում: Արցախում հաղթանակը ճանապարհ է բացել դրա համար, եւ այն, որ միջազգային կազմակերպությունները հաստատում են տարածքների բնակեցումը, վկայում է, որ սեփական հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքը ճանաչվել է: Այս են վկայում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների բանաձեւերը:

lragir.am/2019/12/29/505900/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail