Ոչնչանում Են Թբիլիսիի Սուրբ Մինաս Եկեղեցու Աւերակները. երբեմնի կանգուն հինաւուրց հայոց եկեղեցու հետքերը
26 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2019 – ԷՐԿԻՐ – ՄՇԱԿՈՅԹ:
Առանց տանիքի, փլուզուած պատերով եւ աղբանոցի վերածուած Սուրբ Մինաս եկեղեցին Թբիլիսիի կենտրոնում իր օրհասական օրերն է ապրում: Անընդհատ ոչնչանում են երբեմնի կանգուն հինաւուրց հայոց եկեղեցու հետքերը: Դեռեւս 2014 թուականին փլուզուած տանիքով եկեղեցին շարունակում է շրջապատին յիշեցնել, որ այստեղ մի ժամանակ գործել է հպարտօրէն վեր խոյացած Աստծու տունը: Օրերս եկեղեցու վերացման վտանգը առաւել բացայայտ դարձաւ:
2019 թուականի Դեկտեմբերի 20ին, ժամը 15:00ի մօտերքում հրշէջ ծառայութիւնում ստացուած ահազանգի հիման վրայ հրշէջների շնորհիւ եկեղեցին փրկուեց հիմնովին ոչնչանալուց:
Կործանման եզրին կանգնած, անուշադրութեան մատնուած Աստծու տունը սպասում է իր վերջնական վախճանին, իսկ դրան նպաստում են շրջապատի բնակիչները, ովքեր բացայայտօրէն ցանկապատում, պահեստանոցի եւ օժանդակ շինութիւնների են վերածում եկեղեցին ու նրա տարածքը, չօգտագործած մասը թողնելով անօթեւան մարդկանց քմահաճոյքին:
Մտավախութիւնը Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմինն է: Եկեղեցին միշտ գտնուել է թեմի ուշադրութեան կենտրոնում, սակայն թեմը չի կարող հոգ տանել եկեղեցու մասին, քանի որ այն վրացական եկեղեցու կազմած «վիճայարոյց» եկեղեցիների ցանկում է, որոնց «ճակատագիրը» տարիներ շարունակ մնում է անորոշ: Սուրբ Մինաս եկեղեցին վիճայարոյց չէ: Այն հայկական եկեղեցի է եւ պէտք է վերադարձուի թեմին: Թէ՛ Վիրահայոց թեմը, թէ՛ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բազմիցս դիմել են Վրաց Ուղղափառ եկեղեցուն, որպէսզի թեմին վերադարձուեն հայկական եկեղեցիներն ու թեմը հոգ տանի դրանց մասին: Բազմաթիւ նամակներ են յղուել Վրաստանի իշխանութիւններին, պատկան մարմիններին, ներկայացուել է եկեղեցու վիճակը, սակայն ոչ մի փոփոխութիւն: Յուսանք, որ իշխանութիւնները եւ Վրաց Ուղղափառ եկեղեցին այնուամենայնիւ լրջօրէն կը մօտենան քրիստոնէական տաճարի ոչնչացման հարցին:
Երեւանցոց Սուրբ Մինաս հայկական եկեղեցին գտնւում է Հաւլաբար թաղամասի Նոր Էջմիածին գործող եկեղեցուց ոչ հեռու: Պահպանուած տուեալների համաձայն՝ Սուրբ Մինասը կառուցուել է 1790 թուականին: Սկզբնական շրջանում եկեղեցին մեծ կառոյց չի եղել, եւ 1870 թուականին անհրաժեշտութիւն է առաջացել առաւել մեծացնել եկեղեցու շինութիւնը: 1883թ.ի Յունուարի 2ին հին եկեղեցու տեղն արդէն խոյացել է Երեւանցոց Սուրբ Մինասը: Խորհրդային տարիներին եկեղեցին զրկուել է գմբէթից եւ օգտագործուել որպէս արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումից յետոյ Երեւանցոց Սուրբ Մինասը «վիճելի» եկեղեցիների թուին է դասուել:
ՎԻՐԱՀԱՅՈՑ
ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ
asbarez.com/arm/360701/Ոչնչանում-Են-Թբիլիսիի-Սուրբ-Մինաս-Եկե/