«Արարատը մերն է». թե ինչո՞ւ 1945-ին չհաջողվեց վերադարձնել հայկական հողերը (մաս 2)

«Արարատը մերն է». թե ինչո՞ւ 1945-ին չհաջողվեց վերադարձնել հայկական հողերը (մաս 2)

27 Դեկտեմբերի 2019 – ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԷՐ:

«Հայերն իրենց վիրավորված են զգում…»

Հետաքրքիրն այն է, որ խորհրդային ղեկավարությունն այնքան համոզված էր, որ Թուրքիան չի կարողանա չզիջել այդ հարցերում, որ սկսել էր ստեղծել տեղական կուսակցական կոմիտեներ և նոր շրջանների ղեկավարների թեկնածուներ փնտրել:

Հայկական ԽՍՀ տարածքը մեծանալու էր 80 տոկոսով, վրացականը՝ 8 տոկոսով:

1945-ի հունիսին Թուրքիան պաշտոնապես մերժում է ԽՍՀՄ բոլոր հավակնությունները և ակտիվորեն սկսում զբաղվել իր շահերի ապահովմամբ՝ օգնության կանչելով Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին: Բրիտանացի դիվանագետները նոտա են հղում ԽՍՀՄ-ին, որում տարակուսանք են հայտնում Թուրքիայի նկատմամբ ԽՍՀՄ նկրտումների կապակցությամբ: Պոստդամի կոնֆերանսում Մոլոտովն իր բրիտանացի գործընկեր Իդենին հայտարարում է. «1921-ին թուրքերն օգտվեցին խորհրդային պետության թուլությունից և խլեցին նրանից Խորհրդային Հայաստանի մի մասը: Հայերը Խորհրդային Միությունում իրենց վիրավորված են զգում: Այդ պատճառով խորհրդային կառավարությունը բարձրացրել է օրենքով Խորհրդային Միությանը պատկանող տարածքների վերադարձման հարցը»: Մոլոտովը նաև հետևյալ փաստարկն է բերում. «Խորհրդային Հայաստանում բնակվում է ընդամենը մոտ 1 մլն հայ, իսկ Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս՝ արտասահմանում, ավելի քան 1 մլն հայ: Երբ հայերի տարածքն ընդլայնվի, արտասահմանում ապրող բազմաթիվ հայեր կձգտեն հայրենիք վերադառնալ»:

Միևնույն ժամանակ, 1945-ի ամռանը ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը Վրացական և Հայկական ԽՍՀ-ների ղեկավարությանն է ուղարկում գաղտնի հրահանգ՝ Թուրքիայի արևելյան նահանգների տարածքի, էթնիկ կազմի, պատմության և մշակութային հուշարձանների մասին տեղեկատվություն հավաքել: 1945-ի հուլիսի 6-ին Հայաստանի ղեկավարությունը նամակով դիմում է Ստալինին և Մոլոտովին, որում պատմականորեն հիմնավորում է Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնությունները:

Հայաստանից և Վրաստանից ստացված պատմա-ազգագրական հիմնավորումներով 1945-ի օգոստոսի 18-ին ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը պատրաստում է «Խորհրդային-թուրքական հարաբերությունների մասին» փաստաթուղթը, որի երկրորդ մասը վերնագրված էր՝ «Անդրկովկասյան Խորհրդային Հանրապետություններից Թուրքիայի կողմից խլված տարածքների հարցը»: Նույն տեղում նշվում էր, որ 1921-ին Թուրքիան հօգուտ իրեն է լուծել տարածքային խնդիրը՝ օգտվելով Ռուսաստանի ծանր տնտեսական և միջազգային իրավիճակից, Ռուսաստանից խլել է Բաթումի շրջանի հարավային մասը, Կարսի շրջանը և Էրիվանի նահանգի Սուրմալուի շրջանը:

Ըստ ԽՍՀՄ ԱԳԺԿ-ի՝ Թուրքիայի կողմից «գրավված» հողերի ընդհանուր մակերեսը 26 հազար քառ. կմ էր, որոնցից 20500-ը խորհրդային ղեկավարությունը խոստանում էր տալ Հայաստանին, ինչն, ի դեպ, առաջացրել էր Խորհրդային Վրաստանի ղեկավարության խանդը: Վրաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Չարկվիանին հանձնարարում է հանրապետության գիտական հիմնարկներին՝ պատմա-ազգագրական և աշխարհագրական բնույթի տեղեկանքներ պատրաստել՝ ապացուցող, որ Բաթումի շրջանի հարավային հատվածը, Արտվինը, Արդահանը և Օլթին անպայման պետք է լինեն Վրաստանի կազմում: Վրաստանի արտաքին գործերի կոմիսար Կիկնաձեն բողոքում է Լավրենտի Բերիային, որ, ըստ ԽՍՀՄ ԱԳԺԿ-ի տեղեկանքի, Արդահանի և Օլթիի շրջանները տրվելու են Հայաստանին, և պնդում, որ Վրաստանին պետք է բաժին հասնի 12760 քառ. կմ տարածք, իսկ Հայաստանին՝ 13190:

1945-ի նոյեմբերին ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի քաղբյուրոն որոշում է կայացնում սփյուռքի հայերի՝ հայրենիք վերադառնալու մասին: Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ VI-ն դիմում է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին՝ խնդրելով օժանդակել Թուրքիայի կողմից «բռնի կերպով խլված» տարածքները Խորհրդային Հայաստանին միացնելուն: ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի որոշման հիման վրա ԽՍՀՄ-ն ընդունում է «Խորհրդային Հայաստան արտասահմանյան հայերի վերադարձի հարցով միջոցառումների մասին» փաստաթուղթը: Հայաստանի արտաքին գործերի կոմիսարիատին հանձնարարվում է օգնել Բուլղարիայից, Հունաստանից, Իրանից, Լիբանանից, Ռումինիայից և Սիրիայից վերադարձող հայերին և միաժամանակ քարոզել Խորհրդային Հայաստան վերադառնալու գաղափարը: Նախատեսվում էր, որ, ընդհանուր առմամբ, Խորհրդային Հայաստան կվերադառնա 360-400 հազար հայ, ընդ որում՝ հայկական նոր տարածքներում ծրագրվում էր ստեղծել կոմկուսի 2 շրջանային կոմիտե, և արդեն նշանակվել էին դրանց քարտուղարները:

Թուրքիայում մի շարք ձախ կողմնորոշում ունեցող թերթեր ու ամսագրեր, երկրորդելով խորհրդային մամուլին, խորհրդամետ քարոզչություն են իրականացնում: 1945-ի դեկտեմբերի 4-ին Ստամբուլում երիտասարդության շրջանում բողոքի ակցիաներ են սկսվում, ձախ թերթերի խմբագրությունների, նաև խորհրդային գրականության վաճառքով զբաղվող խանութների վրա հարձակումներ են իրականացվում: Դեկտեմբերի 16-ին թբիլիսյան «Կոմունիստ» թերթը հրապարակում է ակադեմիկոսներ Ջանաշիայի և Բերձնիշվիլիի «Մեր օրինական հավակնությունները Թուրքիայի նկատմամբ» հոդվածը: Դեկտեմբերի 20-ին այդ հոդվածը, ռուսերեն թարգմանված, վերահրապարակվում է «Պրավդա»-ում, «Իզվեստիա»-ում և «Կրասնայա զվեզդա»-ում:

Դեկտեմբերի 24-ին Ստալինը հանդիպում է Բրիտանիայի արտգործնախարար Բևինի մեջ, որը մտահոգություն է հայտնում «նյարդերի պատերազմի» կապակցությամբ, որը ԽՍՀՄ-ը վարում էր Թուրքիայի դեմ:

Վրացի ակադեմիկոսների հոդվածը քննարկվում է թուրքական խորհրդարանում: Ելույթ է ունենում գեներալ Քյազիմ Կարաբեքիրը, որը 1921-ին՝ Կարսի պայմանագրի ստորագրման ժամանակ, ղեկավարում էր թուրքական պատվիրակությունը. «Տիրել Կարսին՝ նշանակում է դարանում սպասել, թե երբ հարմար պահ կլինի Անատոլիայի գրավման համար: Տիրել Կարսին՝ նշանակում է վերահսկել Տիգրիսի ու Եփրատի երկայնքով Միջերկրական ծով և Բասրայի ծոց դուրս եկող բոլոր ճանապարհները: Նեղուցներն իսկապես մեր ժողովրդի կոկորդն են (թուրքերենով նեղուցը բողազ է՝ կոկորդ): Ոչ ոքի թույլ չենք տա բռնել մեր կոկորդից»:

 Քայլ «Միսուրի» ռազմանավով

ԽՍՀՄ-ի հավակնությունները Թուրքիայի նկատմամբ ակտիվորեն քննարկվում էին Արևմուտքում: 1946-ի փետրվարին Անկարայում ԱՄՆ դեսպան Էդվին Վիլսոնը գրում է պետքարտուղարին. «Թուրքիայի կապակցությամբ ԽՍՀՄ իրական նպատակները ոչ թե նեղուցների ռեժիմի վերանայումն է, այլ Թուրքիայում փաստացի գերիշխելը: Այդ պատճառով ԽՍՀՄ-ը նպատակ է դրել տապալել անկախ թուրքական կառվարությունը, ստեղծել վասալային կամ «բարեկամական» կառավարություն»:

Մարտին նեղուցներ է մտնում ամերիկյան «Միսուրի» ռազմանավը՝ ցուցադրելով Թուրքիայի շահերը պաշտպանելու՝ ԱՄՆ-ի վճռականությունը: Իսկ 1947-ի սկզբին ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը դիմում է Կոնգրեսին՝ առաջարկելով Թուրքիային 150 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրել: Թուրքիան վերջնականապես դառնում է Արևմուտքի դաշնակիցը սկսվող Սառը պատերազմում:

Իսկ 1947-ին ԽՍՀՄ ժամանած սփյուռքահայերի թիվը 50945 էր: Դա ավելի քիչ էր, քան նախատեսվում էր: Խորհրդային Հայաստան հայերի վերադարձին դիմադրում էր Դաշնակցություն կուսակցությունը: Բացի այդ՝ խորհրդային ղեկավարությանը պարզ է դառնում, որ Թուրքիային վախեցնել չի ստացվում, հողերի կամավոր հանձնում տեղի չի ունենա: Այդպիսով նվազում է հետաքրքրությունը հայրենադարձման նկատմամբ, և 1949-ին որոշվում է դադարեցնել այն: Ստալինի մահից հետո՝ 1953-ի մայիսի 30-ին, Մոլոտովը ԽՍՀՄ ԱԳՆ է հրավիրում Թուրքիայի դեսպանին և կարդում հայտարարության տեքստը.  «Հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները համարում են, որ հարկ է հրաժարվել Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններից: Ինչ վերաբերում է նեղուցների հարցին, ապա խորհրդային կառավարությունը վերանայել է իր նախկին կարծիքը և հնարավոր է համարում ԽՍՀՄ անվտանգության ապահովումը նեղուցներում՝ պայմաններում, որոնք միատեսակ ընդունելի են ինչպես ԽՍՀՄ-ի, այնպես էլ Թուրքիայի համար: Այսպիսով՝ խորհրդային կառավարությունը հայտարարում է, որ որևէ տարածքային հավակնություն չունի Թուրքիայի նկատմամբ»: Սակայն այդ ժամանակ Թուրքիան արդեն ՆԱՏՕ-ի անդամ էր և լարվածության մեջ էր պահում Վարշավյան պայմանագրի երկրների հարավային հատվածները:

1957-ին Նիկիտա Խրուշչովը, քննադատելով Մոլոտովին, ասում է. « Բուրժուական հեղափոխությունից հետո թուրքերի հետ մենք մտերիմ ընկերների հարաբերություններ ունեինք… Ջախջախեցինք գերմանացիներին: Գլխապտույտ ունեցանք: Թուրքերը ընկերներ են, բարեկամներ: Չէ՛, եկեք  նոտա գրենք, և Դարդանելն անմիջապես կտան: Այդպիսի հիմարներ չկան: Դարդանելը Թուրքիա չէ, այնտեղ պետությունների հանգույց է նստած: Չէ՛, վերցրինք ու հատուկ նոտա գրեցինք, թե խզում ենք բարեկամության մասին պայմանագիրը, և թքեցինք թուրքերի դեմքին: Ի՞նչ հիմքով: Դա հիմարություն էր: Բայց մենք կորցրեցինք բարեկամական Թուրքիան, և հիմա ունենք ամերիկյան ռազմաբազա հարավում, որը կրակի տակ է պահում մեր հարավը»:

Ըստ «Սովերշեննո սեկրետնո» ամսագրի նյութերի

Թարգմանությունը՝ yerkir.amի

Սկիզբը կարդացեք այստեղ:

Սկիզբը կարդացեք այստեղ:

yerkir.am/news/view/189127.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail