ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Դավիթ Տոնոյանի ուժգին խոսքը. Հայաստանը դուրս է գալիս խրամատից

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Դավիթ Տոնոյանի ուժգին խոսքը. Հայաստանը դուրս է գալիս խրամատից

30.12.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհավորական ուղերձ է հղել Տարեմուտի կապակցությամբ, որը նաեւ ռազմա-քաղաքական շեշտադրումներ պարունակող տեքստ է:

Նախարարը արձանագրում է, որ անվտանգության ապահովման բանաձեւում խրամատային պաշտպանության տրամաբանությունը դատապարտված է պարտության: Նա միաժամանակ հայտարարել է, որ հայկական զինուժի առաջ դրված է հարց՝ կազմակերպել անվտանգության ապահովումը խրամատային պաշտպանության արդյունավետությա՞ն, թե՞ հակառակը՝ ցանկացած պահի հակառակորդի տարածքում վճռորոշ հարձակման ունակության վրա:

«Հայոց բանակն այլևս միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ. մենք բանակ ենք, որն ամեն օր դառնում է առավել մարտունակ, առավել հզոր և հակառակորդի համար առավել անկանխատեսելի», ուղերձում նշում է պաշտպանության նախարարը:

Իր ուղերձում նախարար Տոնոյանը ինչ որ իմաստով առաջարկում է փակել ապրիլյան քառօրյա պատերազմի շուրջ ստեղծված մանիպուլյացիոն դաշտը: Նա այլ առիթներով հայտարարել է, որ հայկական բանակը հաջողությամբ լուծել է իր խնդիրը, այդպիսով ակնարկելով որոշակի շրջանակների, որ ներքաղաքական, ներխմբային հարաբերությունների պարզման համար անընդունելի է բանակը հոգեբանական-նյարդային ճնշման տակ պահելը:

Դավիթ Տոնոյանի Տարեմուտի ուղերձում պարզորոշ խոսվում է այն մասին, որ ապրիլյան քառօրյայում հայկական զինուժի համար առաջացած խորքային խնդիրը եղել է հենց այն, որ պաշտպանական մարտավարությունն ու ռազմավարությունը գործնականում կառուցված է եղել այդ «խրամատային պաշտպանության» բանաձեւի հիմքով, ինչն էլ եղել է գլխավոր խնդիրը: Ապրիլյան քառօրյան հայկական զինուժի համար չի եղել պարտություն, մի շարք էական հանգամանքներից եզրակացնելով, սակայն եղել է կորստային պաշտպանություն:

Պաշտպանության նախարարն ազդարարում է, որ հայկական բանակը դուրս է գալիս խրամատից, հոգեբանական, մտավոր, ռազմա-քաղաքական իմաստով: Խոշոր հաշվով, դա պայմանավորված է նաեւ նրանով, որ «խրամատից» դուրս է գալիս հայկական պետականությունն ընդհանրապես, եւ հայությունն առավել լայն իմաստով:

Ընդ որում, հայկական զինուժը խրամատային պաշտպանությունից անկանխատեսելի հարձակողական մարտավարության է անցնում ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար: Եվ հենց ապրիլյան քառօրյայում հայկական բանակի ձեռքբերումներից մեկն էլ այն էր, որ բոլոր ուժային կենտրոնների համար առավել քան միարժեք հստակեցվեց՝ խաղաղությունը պահանջում է հայկական հարձակողական մարտավարությամբ անվտանգության համակարգ: Որովհետեւ ադրբեջանական հարձակողականությամբ համակարգից կարող է բխել միայն ռեգիոնալ պատերազմ:

lragir.am/2019/12/30/506076/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail