ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Մամեդյարովի խոստովանությունը. Ինչու չեն սկսում պատերազմ
30.12.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Բաքվի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է արցախյան հարցին ու նկատել, որ տարին կորսված էր, բայց չնայած առաջընթացի բացակայությանը, նրա խոսքով բանակցությունը փակուղում չէ: Մամեդյարովն ասել է նաեւ, որ անգամ հակամարտության կրկին բռնկվելու դեպքում հետո, միեւնույն է, բանակցությունը շարունակվելու է, որովհետեւ «չի լինում ոչ հավերժական պատերազմ, ոչ հավերժական բանակցություններ»:
Ադրբեջանի արտգործնախարարի համար անշուշտ բարդ է խոստովանել, որ բանակցությունը «փակուղում» է: Բանն այն է, որ այդ դեպքում պետք է հանրությանը պատասխանել, թե ինչու՞ չեն սկսում պատերազմ:
Միաժամանակ, Մամեդյարովը փաստորեն ազդակ է հղում Բաքվի հանրությանը, որ չկա հարցի պատերազմական լուծում, եւ հետո դարձյալ լինելու է բանակցության նստելու կարիք:
Այդ հայտարարությունը հակասում է Բաքվի տարիների քաղաքականությանն ու քարոզչությանը, որ եթե չլինի լուծում բանակցությամբ, ապա հարցը կլուծեն պատերազմով:
Անշուշտ, արտգործնախարարի այդ խոսքը չի նշանակում մարտաշունչ հռետորաբանությունից Բաքվի հրաժարում: Դա հնարավոր չէ անգամ ամենամեծ ցանկության դեպքում, որովհետեւ Իլհամ Ալիեւը դրա վրա է կառուցել իր ամբողջ իշխանությունն ու փորձել է նաեւ դրա վրա խարսխված ադրեջանական ինքնության միտքը դարձնել իր իշխանության շատ թե քիչ լեգիտիմ բազա:
Միաժամանակ, Ալիեւը բախվել է իր իսկ «լեգիտիմության» պատին, որովհետեւ կամ պետք է ցույց տալ բանակցային առաջընթաց, կամ սկսել պատերազմ: Իսկ Ադրբեջանի համար գրեթե անհնար է դարձել թե մեկը, թե մյուսը: Հայաստանը ձեւավորել է մի շարք էական արգելքներ եւ նոր իրողություններ, որոնք ստացել են միջազգային լեգիտիմ արձագանք:
Միեւնույն ժամանակ, Երեւանը խախտել է նաեւ Ադրբեջանի մարտաշունչ հռետորաբանության մենաշնորհը, մի կողմից ծավալելով խաղաղության շուրջ «դիսկուրս», մյուս կողմից հայտարարելով Հայաստանի հարձակողական ռազմավարության անցման եւ դրանից բխող իրողությունների մասին:
Մամեդյարովն այդ առումով իրավացի է՝ բանակցային փակուղի չկա, որովհետեւ գործնականում եթե կա բանակցություն, ապա այն Բաքվին առանց նախապայմանի խաղաղության դաշտ բերելն ու այն ամրագրելն է՝ այդ թվում Արցախի սուբյեկտության համատեքստում: Փակուղում Ադրբեջանի ռազմական շանտաժի քաղաքականությունն է, որից Իլհամ Ալիեւի համար միակ ելքը մնում է Մեհրիբան Ալիեւան: Հայաստանին էլ մնում է «հաճույք» ստանալ այդ գործընթացից, պարզապես առանց թուլանալու, այլ հակառակը՝ ավելի ու ավելի ուժեղանալով, քանի որ միայն դա կարող է խորացնել Ադրբեջանի քաղաքականության փակուղին:
lragir.am/2019/12/30/506091/