Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի

Սիմոն-Վրացյան

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը

01 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:

Սիմոն-Վրացյան

Արևմտահայոց գործերը. Սիմոն Վրացյան

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը: 

Գլուխ Գ

                                       Արևմտահայոց գործերը

Ասացինք արդեն, որ հեղափոխությունը շրջեց ամեն բան: Նոր դարաշրջան էր բացվում:

Կովկասը, ինչպես և ամբողջ Ռուսաստանը, խելահեղ ոգևորությամբ տոնեց բռնապետության անկումը: Հանդեսները, թափորները, ժողովներն ու համագումարները իրար էին հաջորդում: Մամուլը արբեցած էր ազատությունից: Եվ ապագան ամենքին թվում էր այնպես վարդագույն: «Երբե՛ք, երբե՛ք,- գրում էր «Հորիզոնը» մայիս 1-ի խմբագրականում,- ապագան չի թվացել մեզ այնպես գեղեցիկ, հաղթությունը՝ այնքան մոտ, ինչպես այսօր՝ հույսի ու հույզի այս երազ օրերին… Գահեր են խորտակվում ու շղթաներ քանդվում, և թագակիր ավազակները դողում են աշխարհի անողոք դատաստանի առջև»:

«Հույսի ու հույզի օրեր» էին, մանավանդ, մահվան տագնապում գալարվող արևմտահայության համար:

Ապրիլի 27-ին ժամանակավոր կառավարությունը հատուկ կարգադրությամբ որոշեց թուրքահայկական գրավված վայրերի վիճակը, որ կատարելապես համապատասխանում էր հայերի այն ժամանակվա բաղձանքներին: Այդ կարգադրությունը, որ լույս տեսավ «ժամանակավոր կառավարության լրատու» պաշտոնաթերթում, հետևյալն էր.

Ժամանակավոր կառավարության կարգադրությունը Թուրքահայաստանի մասին

Ժամանակավոր կառավարությունը, համաձայն ցամաքային պատերազմի օրենքների և սովորությունների մասին Հաագայի հոկտեմբերի 5/18 կոնվենցիայի 42-րդ և 43-րդ հոդվածների, միչև խաղաղության դաշնագրով Թուրքահայաստանի վիճակի վերջնական որոշումը, կարգադրեց.

Հոդված 1. Թուրքահայաստանի հողը՝ Ռուսաստանի զորքերի գրավված քաղաքացիական կառավարության տեսակետից՝ վերացվում է կովկասյան իշխանությունների, այլև կովկասյան ռազմաճակատի զինվորական իշխանությունների տնօրինությունից և անմիջապես ենթարկվում ժամանակավոր կառավարությանը:

Հոդված 2. Առաջին հոդվածում հիշված լիազորությունների, ինչպես և Թուրքահայաստանի շրջանների կառավարության 1916թ. հունիսի 5-ի ժամանակավոր օրենքներով այս շրջանների ընդհանուր նահանգապետին հանձնված իրավունքների իրագործումը ժամանակավոր կառավարության կողմից վստահվում է իր նշանակած Թուրքահայաստանի ընդհանուր կոմիսարին:

Հոդված 3. Թուրքահայաստանի ընդհանուր կոմիսարի մոտ գտնվում է քաղաքացիական մասի օգնականը:

Հոդված 4. Ընդհանուր կոմիսարը, իր քաղաքացիական մասի օգնականի զեկուցման համաձայն, անմիջապես ներկայացնում է ժամանակավոր կառավարության իր նկատառումները Թուրքահայաստանի շրջանների կառավարության 1916թ. հունիսի 5-ի ժամանակավոր օրենքի ցանկալի լրացումների և փոփոխությունների մասին:

Ստորագրեցին. Նախարարապետ՝ Լվով

Արտաքին գործերի նախարար՝ Պ. Միլյուկով

Ժամ. Կառավարության գործերի վարիչ՝ Վլադ. Նաբոկով

16 ապրիլի 1917 թ.

Այսպիսով, Թուրքահայաստանի խնդիրը նորից դրվում էր միջազգային հողի վրա, հանվում էր կովկասյան միջցեղային կրքոտ փոհարաբերությունների միջավայրից և կապվում ուղղակի կենտրոնական կառավարության հետ: Սա ինքնին մեծ հաջողություն էր հայերի համար:

Բացի այդ, նախատեսվում էր, որ ընդհանուր կոմիսարի օգնականը լինելու էր հայ և ուրեմն, գրավված վայրերի վարչական կազմակերպումը և, մանավանդ, փաստական կառավարությունը ընթանալու էր ըստ ամենայնի հայկական ցանկությունների համաձայն:

Այդպես էլ եղավ: Թուրքահայաստանի ընդհանուր կոմիսար նշանակվեց մի պարկեշտ ռուս զինվորական՝ զորավար Ավերյանովը, իսկ նրա քաղաքացիական մասի օգնական՝ բժիշկ Հ. Զավրյանը՝ մեկը այն լուսամիտ ու գաղափարական գործիչներից, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել էին հայկական դատին: Զավրյանը աչքի ընկնող դեր էր կատարել և 1913-1914 թթ. բարենորոգումների շրջանում, գործակցել էր Պողոս Նուբարի հետ պատերազմի ընթացքում, աշխատել ռուս դիվանագիտությունը շահագրգռել հայկական հարցով և լայն ծանոթություններ ու կապեր ուներ, ջերմ համակրանք էր վայելում ռուս քաղաքական շրջանակներում: Նա մտերիմ կապերով կապված էր ռուսական հեղափոխությունը անձնավորող Ա. Կերենսկու հետ: Նրա նշանակումը գրավված վայրերի վարչության ղեկավարության պաշտոնին գրավական էր, որ այս անգամ խոսքը կարող է վերածվել գործի:

Եվ գործը չուշացավ: Արագ կերպով մշակվեց վարչության նոր կազմ մեծ մասամբ հայերից, հատկացվեցին մեծագումար վարկեր և ձեռք առնվեցին միջոցներ, որ քաղականությունը վերադառնա իր տեղերը: Ասենք, առանձին միջոցների պետք էլ չկար, քանի որ ժողովուրդը ինքը, երբ վերացան կապանքները, տարերային թափով մղվեց դեպի երկիր:

Կարճ ժամանակամիջոցում, Թուրքահայաստանը, մանավանդ, Վասպուրականի և Տարոն-Տուրուբերանի շրջանները վերակենդանացան: Ամեն տեղ բռնել էր հայ ազգաբնակչությունը: Գյուղերը վերաշինվում էին: Մշակված արտերը ծածկվում էին կանաչով: Աշխատանքը եռում էր: Մի ձեռքին հրացան, մյուսում մաճ ու բահ՝ հայ գյուղացին ողողում էր քրտինքով հայրենի հողը և անօրինակ ոգևորությամբ ու եռանդով վերաշինում այն, որ քանդել էր բարբարոս թշնամին կամ պատերազմի դաժան չաստվածը:

Բացի կառավարական հիմնարկություններից, գրավված վայրերում աշխատում էին և բարեգործական ու մշակութային մարմիններ՝ Կովկասի Հայոց բարեգործական ընկերությունը, Եղբայրական օգնության Կոմիտեն, Քաղաքների միությունը, Գաղթականության կենտրոնական կոմիտեն, Մոսկվայի կոմիտեն, զանազան հայրենակցական ընկերություններ, որոնց ներկայացուցիչներն ու գործակալները զբաղված էին զանազան վայրերում: Բազմաթիվ գործիչներ հետզհետե անցան գրավված վայրերը՝ լծվելով աշխատանքի՝ պետական ու հասարակական ասպարեզներում: Նրանց մեջ էին Խաչատուր Կարճիկյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, բժ. Ա. Պողոսյանը, Կ. Համբարձումյանը, Վ. Քրմոյանը, Կ. Սասունին, Տ. Զորյանը, Սասունցի Մանուկը, Սասունցի Մուշեղը, Սիրական Տիգրանյանը, Վահան Փափազյանը, Հովսեփ Թադևոսյանը, Մ. Դարմանյանը, Մ. Տեր-Գրիգորյանը, Բ. Աբոյանը, Տ. Աղամալյանը, Հ. Մակարյանը և շատ ուրիշներ՝ բժիշկներ, գյուղատնտեսներ, դեղագործներ, գթության քույրեր, որբահավաքներ ու որբ խնամողներ, վարչական պաշտոնյաներ, մարտիկներ:

1918 թվի ամառը Վան-Մուշ-Բասեն տարածությունը բնակեցված էր հայ ազգաբնակչությամբ, հարկավ, ոչ խիստ գյուղերով, և հայկական վիլայեթները դարձել էին իսկական մտքով Հայաստան: Մոտավոր հաշվով, գրավված վայրերի բնակչությունը դասավորված էր հետևյալ ձևով. Բայազետ և շրջակայքը՝ 10.000 մարդ, Դիադին՝ 5.000, Ալաշկերտ՝ 30.000, Բասեն՝ 22.000, Խնուս՝ 28.000, Կարին և դաշտը՝ 6.000, Դերջան՝ 4.000, Երզնկա՝ 3.000, Ճորոխի հովիտը՝ 3.000, Բուլանըխ-Մանազկերտ՝ 4.500, Տրապիզոն՝ 1.500, Վանի նահանգ՝ 25.425, ընդամենը՝ 142.425 մարդ: «Հորիզոն», 1 հունվար, 1917:

Տեղական վարչությունը կրում է գրեթե զուտ հայկական կերպարանք. տեղ-տեղ գոյություն ունեցող ռուս պաշտոնեությունը ձևական դիրք ուներ և շատ քիչ էր ազդում գործերի վրա: Բացի վարչությունից, կային ինքնապաշտպանության խմբեր, որոնք պահակի դեր էին կատարում: Ժողովուրդն ինքն էլ զինված էր և ի վիճակի պաշտպանելու իրեն: Բացի այդ, Վանում, Մուշի շրջանում, Խնուսում, Ալաշկերտում, Էրզրումի և Երզնկայի կողմերը գործում էին զուտ հայկական զորամասեր: Որոշ վայրերում հիմնված էին որբանոցներ, որոնց մեջ հավաքվում ու խնամվում էին որբերը: Կարևոր կետերում կային բազմաթիվ սննդակայաններ, հիվանդանոցներ, բուժարաններ: Մի խոսքով, Թուրքահայաստանը հարություն էր առնում մոխիրների տակից, եռանդով վերաշինվում ու պատրաստվում էր նոր կյանքով ապրելու համար: Թուրքահայ գրավված հողերի մասին տեղեկություններ կարելի է ստանալ Կ. Սասունու «Տաճկահայաստանը Ռուսաստանի տակ» (1914-1918) գրքից, Բոստոն, 1927:

Այս առթիվ հետաքրքրական են Թիֆլիսի այն օրերի հայ թերթերի հաղորդած տեղեկությունները: Այսպես, «Հորիզոնում» կարդում ենք. «Երկրի մեջ այս տարի կրթական ու կուլտուրական կյանքը ավելի փայլուն շրջան ունեցավ, քան անցյալ տարիներուն: Վանի մեջ գոյություն ուներ մոտ 16 դպրոցներ: Դպրոցներ կան նաև ամեն մեկ անկյունը: Կան նաև որբանոցներ: Դպրոցական-որբանոցային հսկողությունը կգտնվի Արևմտահայ խորհուրդին ձեռքը, բայց տեղական երիտասարդ ուժերն են գլխավորաբար, որ կվարեն գործը: Երկրի որոշ վայրերու մեջ բացված են նույնպես գրադարան-ընթերցարաններ: Մեկ-մեկ կպատահեն նույնպես երեկույթներ, ներկայացումներ և այլն»:

1917 թվի վերջերին, Թիֆլիսի «Ազատամարտում» գրավված վայրերից վերադարձած մի ճանապարհորդ գրում էր. «Տասնյակ վերստերով ճամփա կտրեցինք, Թիմարի ամբողջ երկարությամբ և չգտանք ո՛չ մեկ թիզ հող առանց վարելու. միայն մի տեղ հանդիպեցինք անվար հողի, երբ, սակայն, քիչ հետո նկատեցինք, որ հեռվից հայ ծեր գյուղացին խտիք էր գցել հողում և սկսել էր վարել միակ անհերկ հողը»:

Նույնն էր պատկերը, ընդհանրապես, և մյուս շրջանների համար: Հայկական Գյուղատնտեսական ընկերությունը և Հայաստանի կոմիսարիատը գերմարդկային ճիգ գործ դրին ժողովրդին սերմացու և լծկան հասցնելու համար, և երկիրը ծածկվեց կանաչ արտերով:

Ռուսական իշխանություններն ու զորահրամանատարները օժանդակում էին հայերին: Առաջվա թշնամական վերաբերումը հետզհետե չքանում էր: Դեռ պատահում էին անհատ պաշտոնյաներ կամ հրամանատարներ, որոնք խեթ աչքով էին նայում այս «Հայաստանի կառուցման» վրա, բայց ընդհանուր քաղաքականությունը հայանպաստ էր: Հրամանատարության համար հայերի ներկայությունը ռուսական բանակի թիկունքում օգտակար էր թե ռազմագիտական տեսակետով և թե մանավանդ, այն պատճառով, որ հայերի մշակած արտերից զորքը ստանում էր պարեն և անասունների կեր: Հաղորդակցության միջոցների խանգարումով՝ Ռուսաստանից հացահատիկ ու խոտ հասցնելը դառնում էր ավելի և ավելի դժվար: Հայերի մշակած հողերը, մասամբ, լրացնում էին այդ պակասը:

Առհասարակ, զարմանալի կենսունակություն և ձեռներեցության ոգի հայտնաբերեց արևմտահայ ժողովուրդը: Ամենադաժան պայմաններում, Նիկոլայ Նիկոլայևիչի ռեժիմի տակ, նա պահեց իր հոգեկան արիությունը և կազմակերպեց իր հավաքական կյանքը: Հեղափոխությունից հետո, նա փութաց ամբողջապես իր ձեռքն առնել սեփական ճակատագրի տնօրինումը: Այդ տեսակետից, ահագին դեր կատարեց արևմտահայ առաջին համագումարը, մայիս 2-11-ին, Երևանում:

Համագումարը հրավիրվեց միջկուսակցական կազմակերպիչ մարմնի կողմից և բաղկացած էր 80 պատգամավորներից ու խորհրդակցական ձայնի իրավունք ունեցողներից, որոնցից 15 հոգի Թուրքահայաստանից, 27-ը՝ Կովկաս ապաստանած գաղթականներից, 14-ը՝ ընկերություններից ու միություններից, 8-ը՝ կուսակցություններից, 3-ը՝ թուրքահայ մամուլից, 6 հրավիրյալներ և 11 խորհրդակցական ձայնով կանչվածներ: Համագումարին ներկայացուցիչ էր ուղարկել և Ամենայ Հայոց կաթողիկոսը: Հանդիսավոր բացումը կատարեց Անդրանիկը, իսկ բացման խոսքը ասաց Արամը, որի ճառը թողեց խորունկ տպավորություն ամենքի վրա:

Համագումարը հրավիրված էր միայն գաղթականական խնդիրներ լուծելու նպատակով, բայց անհրաժեշտորեն ստացավ նաև քաղաքական գունավորում: Նրա հանած որոշումներն ու, մանավանդ, ստեղծած մարմինը հետագայում խաղացին խոշոր գործնական դեր արևմտահայերի կյանքում:

Համագումարը երկար զբաղվեց գաղթականական ու նպաստաբաշխման գործի քննությամբ և ապագա գործունեության ծրագրի մշակումով: Ի վերջո, ընդունվեցին հետևյալ երկու բանաձևերը, որոնցից երկրորդը, դեպքերի բնական զարգացումով, դարձավ մի տեսակ սահմանադրություն:

Առաջին բանաձևը, որ առաջարկեց Վահան Փափազյանը և ընդունվեց 51 քվեով 8-ի դեմ, արտահայտում էր համագումարի վերաբերումը դեպի գաղթականական կամ, ինչպես այն ժամանակ ասում էին, փախստականական մարմինների անցյալ գործունեությունը:

Բանաձևը ասում էր. «Թուրքահայ համագումարը, լսելով պատգամավորների զեկուցումները և փախստականական ազգային մարմիններից ոմանց ներկայացուցիչների բացատրությունները փախստականների օգնության գործի կազմակերպման և վիճակի մասին, նկատում է, որ փախստականների օգնության գործը վարող ազգային մարմինների գործունեությամբ՝ չնայած նրանց նպատակների և միջոցների բացարձակ համանմանությանը, չի ունեցել մի ընդհանուր ուղեգիծ և գործելակերպ, ինչպես նաև միջոցների ու գործերի կենտրոնացում և ներդաշնություն:

Որ օգնության գործում տեղ են գտել խոշոր թերություններ, ինչպես՝ անմեթոդ գործելակերպ, իրական վերահսկողության բացակայություն, պաշտոնական կազմի անփույթ ընտրություն, փախստականների իրավական մասնակցությունը չէ հարգվել, կանոնավոր հաշվետվության բացակայություն, որոնք առիթ են տվել բազմաթիվ բողոքների և կասկածների:

Որ փախստականների օգնության գործը ընդհանուր առմամբ նկատվել է իբր սոսկ մարդասիրական ձեռնարկ և տարածել է ըստ այնմ՝ ղեկավարելով գլխավորապես նպաստ տալու սկզբունքով, փոխանակ աշխատանք տալու, մինչդեռ հալածական թուրքահայության գոյության պահպանման գործը պիտի նկատվեր գերազանցապես ազգային-հասարակական նշանակություն ունեցող գործ:

Մյուս կողմից, սակայն, բոլոր հիշյալ թերություններով հանդերձ,  համագումարը փախստականական կազմակերպությունների զորությունը օգտակար է համարում հետևյալ նկատառումներով.

Որ նրանք ցարդ ձեռք են բերել գործին անհրաժեշտ փորձառությունը, հաստատել են կապեր և մոտից ծանոթ են ռուս միջավայրին ու պայմաններին:

Որ արդեն ստեղծել և ընթացք են տվել որոշ հիմնարկությունների:

Որ փախստականների գոյությունը պահելու գործը համագումարը համարում է համազգային գործ, հետևաբար` նրա օգնությունը պիտի կատարվի բոլոր հատվածների կողմից հավասարաբար, և

ությունը աստանդական և տնտեսական քայքայման այս վիճակում շատ տեսակետներով հնարավոր և ցանկալի չի համարում միայնակ վարելու փոխօգնության գործը առանց փախստականների մարմինների գործակցության:

Գործակցության սույն հիմքերի համաձայն՝ ծրագրի պատրաստության համար համագումարը այդ խնդիրը հղում է համապատասխան հանձնաժողովին»:

Երկրորդ բանաձևը ընդունվեց միաձայնությամբ և ձևակերպում էր հետագա անելիքները.

«Համաշխարհային պատերազմի հետևանքով մեր քայքայված ժողովրդի վերածնունդին նվիրված աշխատանքը նպատակ պիտի ունենան՝

1) Թուրքահայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանումը և նրա քայքայված տնտեսության վերականգնումը,

2) Հայրենիքի վերաշինությունը,

3) Նոր սերնդի կրթական, ֆիզիկական և քաղաքացիական դաստիրակությունը:

Այդ նպատակների իրագործման համար համագումարը նկատի ունի հետևյալ երեք հիմնական սկզբունքները.

1) Տեղական կազմակերպություններ հիմնել գրավված վայրերի հայության, ինչպես նաև Ռուսաստան և Պարսկաստան ապաստանած հայ փախստականության մեջ,

2) Փախստականական գործերում իրագործել արևելահայերի և արևմտահայերի սերտ համագործակցությունը,

3) Օգնության գործի ղեկավարությունը և դրամական միջոցները կենտրոնացնել մեկ կենտրոնական մարմնի ձեռքում:

Սույն սկզբունքների իրականացման գործոններն են համագումարը և կենտրոնական խորհուրդը:

Կենտրոնական խորհրդի անդամների կեսն ընտրվում է թուրքահայ համագումարի, իսկ մյուս կեսը՝ ռուսահայ փախստականական գլխավոր մարմինների և կամ ռուսահայ համագումարի կողմից: Այժմ խորհրդի համար ընտրվում է 15 անդամ և 10 փոխանդամ: Իսկական անդամների թվի վերջնական ճշտումը թողնվում է ռուսահայ մարմինների ընտրության ժամանակ:

Խորհուրդը փոխստականական ընթացիկ գործերը վարում է իր կողմից ընտրված բյուրոյի միջոցով, որի անդամները պետք է վճարվեն:

Խորհուրդը իրեն կից կազմում է կրթական, որբանոցային, առողջապահական, պարենավորման, իրավաբանական, աշխատանքի և տեղեկատու բյուրոներ և հանձնաժողովներ:

Թուրքահայ համագումարը ընտրում է վերստուգիչ հանձնախմբի երեք անդամներ՝ առաջարկելով կենտրոնական խորհրդին ռուսահայ անդամներ տվող մարմիններին և կամ ռուսահայ համագումարին՝ լրացնել այն երկու կամ երեք անդամներով:

Վերաստուգիչ մարմինը պետք է հսկի խորհրդի դրամական գործառնությունները՝ հաշվետու լինելով համագումարին»:

Միաձայնությամբ ընտրվեցին խորհրդի 15 անդամներ՝ Անդրանիկ, Սմբատ Բորոյան, Հրանտ Գալիկյան, Արտակ Դարբինյան, Զապել Եսայան, Ավ. Թերզիբաշյան, Գ. Հայկունի, Հմ. Մանուկյան, Լ. Շանթ, Վարդ Պապիկյան, Բոնապարտյան, Կարո Սասունի, Սեպուհ, Հ. Տեր-Զաքարյան, Վահան Փափազյան:

Վերաստուգիչ հանձնախումբ՝ Սերովբե Կյուլպենկյան, Արշակ Սաֆարյան, Եզնիկ Քաջունի:

Համագումարի փակումից հետո Արևմտահայ խորհուրդն իր միջից ընտրեց 5 հոգիանոց բյուրո, որը և ստանձնեց համագումարի որոշումների իրագործումն ու արևմտահայ գործերի ղեկավարությունը: Բյուրոյի անդամները ընտրվեցին Վահան Փափազյանը, Արտակ Դարբինյանը, Հ. Տեր-Զաքարյանը, Կարո Սասունին և Հ. Գալիկյանը: Հետզհետե գրավված վայրերի և Անդրկովկասի զանազան կենտրոններում կազմվեցին Արևմտահայ բյուրոյի մասնաճյուղեր, որոնք դարձան արևմտահայության իրական ներկայացուցիրները: Մի տեսակ արտահողային պետություն էր ստեղծվում՝ կենտրոնական և տեղական իշխանություններով: Ապագայում, երբ Թուրքահայաստանը դառնար ազատ, կառավարական մեքենան արդեն պատրաստ էր:

Բյուրոյին հաջողվեց համախմբել գաղթականների օգնության գործով զբաղվող մարմիններն ևս՝ Կովկասի Հայոց բարեգործական ընկերությունը, Քաղաքների միությունը, Մոսկվայի կոմիտեն, Հայոց գյուղատնտեսական ընկերությունը, Եղբայրական օգնության կոմիտեն, Կենտրոնական նպաստամատույցը և այլն, որոնց գործունեությունը կենտրոնացվեց և դրվեց ընդհանուր հակակշռի տակ: Այս մարմինները ահագին ծառայություն մատուցեցին արևմտահայ ժողովրդին:

ՍԻՄՈՆ ՎԱՐՑԵԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՈՒՆ

www.aniarc.am/2020/01/01/simon-vratsyan-book-western-armenians/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail