ՀՅԴ-ն 1920-ին իշխանությունը բոլշևիկներին փոխանցել է քվեարկությամբ՝ 7 դեմ, 22 կողմ
01 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:
02 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2019 – ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՆԻ ԿԵՆԴՐՈՆ:
Հատված Լենդրուշ Խուրշուդյանի «Հայաստանի բաժանումը 1920 թվականին» աշխատությունից (Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 2002):
—
[1920 թվականի] նոյեմբերի 29-ին, երբ բոլշևիկները մտել էին Իջևան, [Հայաստանում Ռուսաստանի բանագնաց Բորիս] Լեգրանը Երևանում ձգտում էր Հայաստանը անարյուն խորհրդայնացնել: Նա Հայաստանի կառավարությանը ներկայացնում է վերջնագրային հայտարարություն. «Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն որոշել է Հայաստանում մտցնել խորհրդային կարգեր: Հայաստանի հեղկոմը արդեն ոտք է դրել Հայաստանի հողի վրա: Դանդաղելը հղի է ծանր հետևանքներով: Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է լինելու ձեր դիրքը»: Նոյեմբերի 30-ին Լեգրանը Հայաստանին ներկայացնում է խորհրդայնացման գրավոր պահանջ:
[Հայաստանի վարչապետ Սիմոն] Վրացյանն այդ մասին պատմում է. «Նոյեմբեր 30-ին, կեսօրից հետո, կառավարությունը մի կարճ նիստում քննեց Լեգրանի դրած հարցը և եկավ եզրակացության, որ Հայաստանի խորհրդայնացումն անխուսափելի է և երկրի ու ժողովրդի կենսական շահերը պահանջում են այդ ակտը կատարել առանց ցնցումների և արյունահեղության: Բայց վերջնական որոշում տալուց առաջ վճռվեց հարցը քննության դնել նաև կուսակցությունների և խորհրդարանական խմբակների ժողովներում:
Նոյեմբեր 30 լույս դեկտեմբեր 1-ի գիշերը, արտաքին գործոց նախարարության առանձնասենյակում տեղի ունեցավ Հ. Յ. Դաշնակցության Բյուրոյի, Հայաստանի Կենտրոնական Կոմիտեի, խորհրդարանական հատվածի ու կառավարության անդամների և մի շարք պատասխանատու ընկերների համագումար նիստը, լուծելու Լեգրանի առաջադրած խնդիրը:
Նիստի սկզբում ընդհանուր տրամադրությունը անհաշտ էր: Իրար հետևից խոսեցին ընկերներ Համո Օհանջանյանը, Սարգիս Արարատյանը, Ա. Հովհաննիսյանը, Արտաշես Չիլինգարյանը, Վհան Նավասարդյանը և ուրիշներ, որոնք բոլորն էլ անհանդուրժելի էին համարում Լեգրանի պահանջը և առաջարկում էին անմիջապես զենքի դիմել երկիրը բոլշևիկյան նվաճումից պաշտպանելու համար: Ընկերներից մեկը նույնիսկ առաջարկում էր ձերբակալել Լեգրանին ու բոլոր բոլշևիկներին, երկիրը դնել պատերազմական-հեղափոխական վիճակի մեջ և, ինչպես մայիսյան օրերին, հանուն անկախության պաշտպանության, համազգային երկաթե ճակատ ստեղծել կարմիր վտանգի դեմ:
Ճառախոսները հերքում էին այն կարծիքը, թե հայ զինվորը չի կռվի ռուսի դեմ. Հայաստանի անկախության հմայքը այնքան զորավոր է, որ հայ զինվորը կկռվի բոլոր թշնամիների դեմ: Քաղաքացիական կռիվը անխուսափելի է և վաղ թե ուշ տեղի պիտի ունենա. ավելի լավ է հիմա ընդունել: Թրքական վտա՞նգ. թուրքերը չեն խփի մեր թիկունքին, որովհետև նրանց համար էլ օգտակար է հակաբոլշևիկ Հայաստանի գոյությունը: Ընկերներից ոմանք համոզված էին, որ մենք հաղթող դուրս կգանք, իսկ ուրիշները հնարավոր էին համարում մեր պարտությունը, բայց գերադասում էին դիմադրել և տեղի տալ միայն բռնի ուժի ճնշման տակ:
Ժողովականներից ոմանք, ինչպես Հովհաննես Քաջազնունին, Դրոն, Ռուբեն Տեր-Մինասյանը, հակառակն էին պնդում և կռիվը բոլշևիկների դեմ համարում էին աղետավոր, որովհետև, շատ հավանական էր, որ կռվի դեպքում կստեղծվեր երկու ճակատ, իսկ Հայաստանը անկարող էր միաժամանակ կռվել և՛ բոլշևիկների, և՛ թուրքերի դեմ: Երկիրը կարոտ էր հանգստի, եթե բոլշևիկները կարող են տալ այդ հանգիստը, թո՛ղ տան. չխանգարենք: Մեր պարտականությունն է ժողովուրդը փրկել փոթորիկներից և ո՛չ թե նրան նոր փոթորիկների մեջ նետել:
Բացի այդ, նախորդ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը հայտնում էր, որ հայ զորքը ի վիճակի չէ որևէ պատերազմ վարելու, իսկ ներկա զինվորական նախարար Դրոն ավելացնում էր, որ, առհասարակ, հայ զորքը չի կռվի ռուս զորքի դեմ: Հետևաբար, կռվի ամեն կոչ ոչ այլ ինչ էր, թե ոչ աններելի մի արկածախնդրություն:
Ես էլ [Սիմոն Վրացյան] էի համոզված, որ մենք խոհեմությունը պիտի ունենայինք խուսափելու նոր պատերազմից, այն էլ Ռուսաստանի դեմ: Քանի որ մեր հաշիվները բոլշևիկների հետ ընդհանուր լեզու գտնելու մասին սխալ էին դուրս եկել, պետք էր հրաժարվեինք իշխանությունից հօգուտ բոլշևիկների՝ գեթ ձևականորեն ապահովելով Հայաստանի անկախության գաղափարը:
Վիճաբանությունները չափազանց բուռն էին ու երկարատև»: (Կյանքի ուղիներով, Ե հատոր, Բեյրութ, 1966, էջ 194-196):
Ժողովում մշակվեցին այն սկզբունքները, որոնցով պետք է տեղի ունենար իշխանության փոխանցումը: Որոշվում է նաև Դրոյին ու Համբարձում Տերտերյանին առաջարկել, առանց ուշացնելու, կուսակցության ու կառավարության կողմից բանակցությունների մեջ մտնել Լեգրանի հետ: Ժողովը տևում է գրեթե մինչև լուսաբաց: Դրոն և Տերտերյանն անցնում են իրենց պարտականությունների կատարմանը: Դեկտեմբերի 1-ին, ամբողջ օրը տեղի էին ունենում բանակցություններ:
Նոյեմբերի 29-ին, երբ Լեգրանը Վրացյանին բանավոր շարադրեց իր առաջարկը, վերջինս պահանջեց այդ «վերջնագիրը» ներկայացնել գրավոր: Դեկտեմբերի 1-ին, առավոտյան, Լեգրանը Վրացյանին է ներկայացնում հետևյալ գրությունը. «Վկայակոչելով երեկ Հայաստանի ռազմական նախարար Դրոյի ներկայությամբ Ձեզ հետ ունեցած խոսակցությունը, նկատի ունենալով ՌԿԿ Կենտկոմի ընդունած որոշումը՝ Հայաստանի անկախ հանրապետության ժամանակավոր Ռազմահեղափոխական կոմիտե ստեղծելու մասին, հաստատում եմ Հայաստանում խորհրդային իշխանության ստեղծման հարցի մասին Հայաստանի ներկա կառավարության վերաբերմունքը պարզելու անհրաժեշտությունը»:
Բանակցություններն սկսվում են Լեգրանի սույն փաստաթուղթը Վրացյանին հանձնելուց հետո: Դեկտեմբերի 1-ի երեկոյան, երբ բանակցություններն ընթացքի մեջ էին, խորհրդարանի շենքում տեղի է ունենում դաշնակցական ֆրակցիայի նիստը, որի մասին Վրացյանը պատմում է. «Էլեկտրականությունը մարած էր, և մոմի աղոտ լույսի տակ ֆրակցիայի ընդարձակ սենյակը՝ լի պատգամավորներով և կուսակցական պատասխանատու գործիչներով՝ խորհրդավոր կերպարանք էր ընդունել: Կառավարության և Բյուրոյի ներկայացուցիչների զեկուցումներից հետո, գրեթե նույնությամբ, կրկնվեցին նախորդ օրվա վիճակաբանությունները, բայց այս անգամ ավելի թույլ էին հնչում կռվի կողմնակիցների հորդորները:
Քվերարկության արդյունքը եղավ.- 7 քվե Լեգրանի առաջարկի դեմ, 22 քվե՝ թեր…
Մինչ տեղի էին ունենում այս վիճաբանություններն ու խորհրդակցությունները, Դրոն ու Տերտերյանը բանակցում էին Լեգրանի հետ, և դեկտեմբերի 2-ի կեսօրին համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ էր: Կառավարությունը քննեց այդ նախագիծը և որոշ փոփոխություններով հաստատեց»: (Սիմոն Վրացյան, Կյանքի ուղիներով, Ե հատոր, Բեյրութ, 1966, էջ 200-202):
Պաշտոնական բանակցությունները սկսելուց հետո, դեկտեմբերի 1-ի երեկոյան Դրոն հեռագրում է Սեպուհին. «Բոլշևիկյան զորքերի հետագա առաջխաղացման դեպքում հրամայում եմ դիմադրություն ցույց չտալ»: (РГАСПИ, ф. 85, оп. 14, д. 35, л. 14-15):
Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները և Լեգրանը ստորագրում են «Համաձայնագիր Ռ. Ս. Ֆ. Ս. Հ. լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավորության միջև» փաստաթուղթը:
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 2-ին, Լեգրանի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո, հրաժարվում է իշխանությունից: Այդ մասին ընդունվում է պաշտոնական փաստաթուղթ հետևյալ բովանադակությամբ.
«ԱԿՏ
Ի նկատի ունենալով արտաքին հանգամանքների շնորհիվ երկրում ստեղծված կացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր 1920 թվի դեկտեմբերի 2-ի նիստում որոշեց՝ հրաժարվել իշխանությունից և հանձնել զինվորական և քաղաքացիական բովանդակ իշխանությունը զորաբանակի ընդհանուր հրամանատարին, որպիսսի պաշտոնում նշանակել ռազմական նախարար Դրոյին:
Նախարարների խորհրդի նախագահ Սիմոն Վրացյան,
Նախարարներ՝ Ա. Հովհաննիսյան, Ա. Խոնդակայն, Հ. Տերտերյան, Դ. Կանայան»: (Սիմոն Վրացյան, Կյանքի ուղիներով, Ե հատոր, էջ 201):
Իշխանությունից հրաժարվելու «Ակտը» Վրացյանը դեկտեմբերի 2-ին ուղարկում է Դիլիջան՝ Հայհեղկոմին: (РГАСПИ, ф. 85, оп. 14, д. 35, л. 14):
Վրացյանը, միաժամանակ, գրություններ է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտասահմանյան բոլոր ներկայացուցչություններին՝ հայտնելով Լեգրանի հետ համաձայնագրի կնքման, այդ համաձայնագրի պայմանների և իշխանությունից հօգուտ բոլշևիկների հրաժարվելու մասին: Այդ գրություններում Վրացյանը հատկապես ընդգծում է այն, որ «միջոցներ են ձեռք առնվել քաղաքացիական կռիվները կանխելու համար: Երկրի վիճակը նորմալ է, Երևանում հանգիստ է: Մեր որոշումն է՝ աջակցել նոր իշխանությանը»: (ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 200, ց. 1, գ. 625, թ. 46)
Ստանձնելով իշխանությունը, զինվորական հրամանատարությունը դեկտեմբերի 2-ին արձակում է թիվ մեկ հրամանը, որում ասվում է. «Հայաստանի բոլոր պետական հիմնարկությունները, պաշտոնական անձիք և քաղաքացիները պարտավոր են անհապաղորեն կատարելու ռազմական հրամանատարության հրամանները: Հրամանատարության կարգադրությունների դեմ գնացողները ենթարկվում են անմիջական պատասխանատվության հեղափոխական ժամանակի օրենքներով:
Ռազմական ուժերի հրամանատար՝ Դրո:
ՌՍՖԽՀ կոմիսար՝ Սիլին»:
Այս հրամանն ուղարկվում է Փարիզ, Վաշինգտոն, Պոլիս և այլ քաղաքներ՝ Հայաստանի Հանրապետության ներկայցուցչություններին: (ՀՀ, ՆՊԿՊԱ, ֆ. 114, ց. 2, գ. 14, թ. 3):
Դեկտեմբերի 2-ի առավոտյան Դրոն Հայաստանի սահմանապահ զորքերին հրամայում է.
«Հրամայում եմ Ձեզ մտնել նախկին Դիլիջան-Ղարաքիլիսա ջոկատի հրամանատարության տակ և բանագնաց ուղարկել խորհրդային հրամանատարության մոտ, հայտնելով, որ Հայաստանում հաստատվել են խորհրդային կարգեր, այդ պատճառով էլ հայկական կարմիր զորքերը հետ այսու Խորհրդային Ռուսաստանի բանակի դաշնակիցներն են: Գործնականում ազնիվ շփումներ հաստատեցեք խորհրդային զորքերի հրամանատարության հետ»: (РГАСПИ, ф. 85, оп. 14, д. 35, л. 17-18):
Լուսանկարում՝ Սիմոն Վրացյանը և Դրոն 1915 թվականին
aniarc.am/2019/12/02/lendrush-khurshudyan-book-armenias-partition-in-1920/