Մեծամոր. հնագույն իշխանության ծաղկող մայրաքաղաքը (ֆոտո) Երեւանից 35 կմ հարավ-արեւելքում` հրաբխային բլրի գագաթին

Երեւանից 35 կմ հարավ-արեւելքում` հրաբխային բլրի գագաթին

Մեծամոր. հնագույն իշխանության ծաղկող մայրաքաղաքը (ֆոտո)

02.01.2020 – Տարածաշրջան: Հայաստան – Թեմա: Վերլուծություն, Հասարակություն – ՄՇԱԿՈՅԹ:

Հեղինակ՝ Մարիամ Լեւինա

Երեւանից 35 կմ հարավ-արեւելքում` հրաբխային բլրի գագաթին, տեղակայվել է հնագույն ամրոց: Հնում պատերի երեք համակենտրոնացված շարքերից այն կողմ եռում էր կյանքը, զարգանում էին արհեստները, ընթանում էր առեւտուրը (ֆոտոռեպորտաժ):

Քաղաքի հարեւանությամբ Արաքսի վտակի պատվին անվանված Մեծամոր ամրոցը հայտնաբերվել էր գրեթե պատահաբար: Դրա բնակիչների պնդմամբ՝ այն առ այսօր առեւղծված է: Անցած դարի 60-ականների կեսերին այդտեղ ժամանել էին երկրաբաններ, հնագետներ ու այլ մասնագետներ: Նրանցից էր Կորյուն Մկրտչյանը, որին պատկանում է հուշարձանի մի մասի բացահայտումն ու որի անունով է կոչվել թանգարանը: Երիտասարդ երկրաբանն ուշադրություն էր դարձրել արտասովոր կույտին, որում հայտնաբերվել էր մկնդեղ: Բնական պայմաններում մկնդեղն այդտեղ անելիք չուներ, սակայն դրա առկայությունը կասկած էր առաջացրել, որ հնում այդտեղ եղել են ձուլարաններ: Այդ վայրում անցկացված պեղումները տվել են ուշագրավ արդյունք:

Թանգարանում ցուցադրված նմուշները (ավելի քան 27 հազար առարկա, որոնք հայտնաբերվել են պեղումների տարածքում եւ պատկանում են տարբեր պատմական դարաշրջաններին) ընդգրկում են էնեոլիտի դարաշրջանից մինչեւ ուշ միջնադարը: Թանգարանի ցուցանմուշների հետ NEWS.am-ի թղթակցին ծանոթացնում է գիդ-էքսկուրսավար Սվետլանա Թոնափետյանը:

Ամենահին ցուցանմուշները թվագրվում են էնեոլիտի դարաշրջանին՝ 5-4 հասարամյակ մ.թ.ա.: Այդ ժամանակ մարդիկ վարում էին նստակյաց կենսակերպ, զբաղվում ձկնորսությամբ, անասնապահությամբ, հավաքչությամբ: Թանգարանում ներկայացված են քարից եւ ոսկորներից պատրաստված աշխատանքային գործիքներ, ինչպես նաեւ խեցամանների բեկորներ: Այդ ժամանակաշրջանում կարեւոր նշանակություն ուներ հրաբխային ապակու՝ օբսիդիանի օգտագործումը աշխատանքային գործիքներ ստեղծելու համար: Պեղումների ժամանակ հայտնաբերվել էր կնիք, որի վրա, ըստ ամենայնի, պատկերված է կյանքի ծառը, ինչպես նաեւ օբսիդիանից պատրաստված շերտավոր առարկաներ, որոնք կիրառվում էին որպես դանակներ:

Վաղ բրոնզե դարում (4-3 հազարամյակ մ.թ.ա., Քուր-Արաքսյան մշակույթ) Մեծամորի բնակչությունը շարունակում էր վարել նստակյաց կյանք: Թանգարանում ներկայացված են ոսկորներից պատրաստված մանվածքի գործիքներ, թռչունների ոսկորներից թալիսմաններ, օբսիդիանից ներդիրներ, եւ արդեն ի հայտ եկած նետասլաքներ, երկգույն կերամիկա՝ կավի եւ կենդանական ճարպով մշակված սպասք՝ սեւ եւ փայլեցված: Սպասքի վրա անգամ պահպանվել են ծխի հետքերը: Պաշտամունքի կառույցներում հայտնաբերվել էին կնիքներ: Մասնագետները համարում են, որ դրանք կիրառվել են սուրբ հացի զարդարանքի համար: Ահա թե որտեղից է հայերի մոտ մինչ օրս պահպանվել գաթայի վրա զարդարանքի սովորույթը: Վաղ բրոնզե դարում մարդիկ բնակվում էին օվալ տարածքներում, որոնց կենտրոնում գտնվում էր օժախը՝ զարդարված անտրոպոմորֆ պատկերներով: Այսինքն՝ օժախը ծառայում էր ոչ միայն որպես ջերմության եւ ուտելիք պատրաստելու աղբյուր, բայց եւ կապված էր կրակի պաշտամունքի հետ:

Այնուհետեւ՝ բրոնզե դարի միջին շրջանում (մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին) Քուր-Արաքսյան մշակույթն անկում է ապրում կլիմայական աղետների պատճառով, երբ միմյանց հաջորդում էին երաշտն ու ջրհեղեղները: Մարդիկ լքում էին երբեմնի ծաղկող տարածքը եւ սկսում վարել քոչվորական կյանք: Մ.թ.ա. 23-18 դարերի ընթացքում այդտեղ ոչ ոք չէր բնակվում:

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի երկրորդ կեսին այստեղ բնակվեում էին Սեւան-Արցախյան, Կարմիր-Բերդյան, Վան-Ուրմիական մշակույթների էթնիկ կրողները: Թանգարանում ներկայցված է նրանց մշակութային ուրվագիծը. բազմաթիվ նմուշներ, հիմնականում, սեւ կերամիկա, կարմիր եւ սեւ զարդարանքով, երկրաչափական զարդանախշով:

Հենց այդ ժամանակաշրջանում է կառուցվել առաջին արգելապատը: Սկզբում չկանոնակարգված էր, սակայն արդյունքում այն շրջապատել է բնակավայրի շրջանագիծը: Այդ նույն ժամականահատվածում սկսել են մշակել պղինձը. թանգարանում պահվում է մկնդեղային բրոնզից պատրաստված նմուշներ: Այո, այդ ժամանակ բրոնզը ստացել են մկնդեղի հետ միախառնելու արդյունքում, սակայն խառնուրդը փխրուն էր, իսկ դրանից ստացված արտադրանքը՝ թունավոր:

Մյուս նմուշը հսկայական կուժ է: Հին աշխարհի ինքնատիպ փազլը, որը հավաքված է 150 բեկորներից եւ տեղադրված թանգարանում: Այդպիսի կուժերի մեջ մեր նախապապերը պահել են ցորեն:

Ուշ բրոնզե դարում՝ մ.թ.ա. 16-րդ դարում, Մեծամորը հզոր ամրոց էր: Մեծ բնակչության մասին է հուշում հսկայական դամբարանադաշտը: Թանգարանում ներկայացված են նմուշներ, որոնք հայտնաբերվել են տաճարային համալիրի տարածքում: Պաշտամունքի առարկաները կապված են երկնային մարմինների՝ Արեւի, Լուսնի եւ անզեն աչքով տեսանելի մոլորակների հետ: Հետաքրքրական է, որ որոշ առարկաներ զարդարված են առյուծների պատկերներով: Մասնագետները գտնում են, որ այդ ժամանակաշրջանում Հայաստանի տարածքում ապրել են կենդանիների արքաները:

Առարկաները զարդարված են այծերի եւ սվաստիկայի պատկերներով՝ արեւի եւ անվերջության խորհրդանիշերով:  Այդ ժամանակ ի հայտ են եկել թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից ու կավից զարդերը: Կան նաեւ լաջվարդից պատրաստված իրեր, ինչը առեւտրային փոխանակման վառ վկայությունն է: Առեւտրի մասին խոսում են նաեւ Միջերկրական ծովից եւ Պարսից ծոցից խխունջները:

Հայտնաբերվել են նաեւ անագից պատրաստված մեծաքանակ առարկաներ: Ինչպես վկայում են հետազոտության արդյունքները՝ Հայկական լեռնաշխարհում եւ Մերձավոր Արեւելքում քիչ էին անագի հանքերը եւ անհնար էր ապահովել դրա անհրաժեշտ քանակությունը պղինձը ձուլելու համար, քանի որ ուշ պղնձի դարում մկնդեղը փոխարինել են անագով՝ ստանալով այդկերպ բարձր որակի պղինձ: Իսկ տարածաշրջանում անագը ներկրվում էր առեւտրային ուղիներով: Այդ ժամանակաշրջանում կար երկու ճանապարհ՝ արեւմուտքում Բրիտանական կղզիների եւ ներկայիս Իսպանիայի տարածքում, իսկ արեւելքում՝ ներկայիս Աֆղանստանի տարածքում: Թե որտեղից էր ներկրվել անագը Մեծամորում, դեռ հայտնի չէ:

Մեծամորի թանգարանում ննջում է Ալֆրեդը: Դա վերականգնված դամբարանատեղի է, որը թվագրվում է ուշ բրոնզե դարին, որում կա կմախք եւ հուղարկավորության պարագաներ: Այնտեղ հուղարկավորվել է միջին տարիքի (35-40) տղամարդ, որին հնագետները պայմանականորեն անվանել են Ալֆրեդ: Այդ ժամանակաշրջանի համար տղամարդն ուներ բավականին պատկառելի տարիք: Նրա հասակը շուրջ 170 սանտիմետր էր: Այդ ժամանակաշրջանի սովորույթի համաձայն՝ հողում փորում էին խցեր, որոնք շրջապատում էին քարերով: Հանգուցյալների հետ դնում էին հուղարկավորության պարագաներ, սնունդ, հանգուցյալի կենդանության օրոքն նրա կողմից օգտագործվող առարկաներ, աշխատանքային գործիքներ, զարդեր: Խցերն ունեին հյուսիսից դեպի հարավ կամ արեւմուտքից դեպի արեւելք ուղղվածություն: Հարյուրավոր դամբարանատեղիներ ուսումնասիրելու արդյունքում, մասնագետները եկել են եզրահանգման, որ բրոնզե դարում տղամարդկանց սովորաբար հուղարկավորել են աջ անկյունում, իսկ կանանց՝ ձախում՝ էմբրիոնի դիրքով:Դա խորհրդանշում էր աշխարհի երկու մասերի մասին մեր նախնիների պատկերացումները՝ աջը՝ դրական, ձախը՝ բացասական: Ինչը, հավանաբար, այնքան էլ հաճելի չէր գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար:

Ուշ բրոնզե դարում Մեծամորը վերածվել էր, կարելի է ասել, հին աշխարհի ինդուստրիալ քաղաքի: Թանգարանում ներկայացված են առարկաներ, որոնց միջոցով հին վարպետները մշակել են մետաղն ու ստեղծել աշխատանքային գործիքներ եւ արվեստի պարագաներ՝ զարդեր, թեւնոցներ, ականջօղեր եւ անգամ աքցաններ, ինչը վկայում է կանանց բարձր ճաշակի մասին: Մեծամորի «արդյունաբերական գոտում» հայտնաբերվել են ավելի քան  երկու տասնյակ ձուլարան վառարաններ:

Երկաթի դարում (մինչեւ մ.թ.ա. 13 դարը) Մերձավոր Արեւելքում պատերազմների պատճառով դադարել էր առեւտուրն ու ծագել անագի խիստ պակաս: Մեր նախնիները ստիպված էին մշակել մեկ ուրիշ մետաղ՝ երկաթ: Ի զարման բոլորի՝ դրա արդյունքում քաղաքն էլ ավելի էր զարգացել եւ դա նպաստել էր բնակչության աճին: Թանգարանում ներկայացված են կենցաղի եւ պաշտամունքի առարկաներ: Մ.թ.ա. 11-9 դարերում վերջնականապես ձեւավորվում են քաղաքի թաղամասերը:

Մ.թ.ա. 8-րդ դարից սկսած՝ տարածքը գտվում էր Ուրարտական թագավորության բացահայտ տնտեսական եւ մշակութային ազդեցության ներքո՝ օձի գլխով թեւնոցներ, աշխատանքային գործիքներ, վզնոցներ, պղնձե գոտու մասեր՝ զարդարված ուրարտական զարդանախշերով՝ ձիերով եւ ձիավորներով, մազակալներ: Հետուրարտական ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 6-4 դարում, ի հայտ են եկել արծաթյա առարկաներ: Կան նաեւ միջնադարի՝ 9-18 դարերի նմուշներ: Սակայն վաղ միջնադարին թվագրվող առարկաներ չեն հայտնաբերվել:

Բառացիորեն թանգարանի հենց շեմից սկսվում է պատմական հուշարձանը: Ինչպես պարզաբանում է թանգարանի ղեկավար Լեւոն Մկրտչյանը, Մեծամորը տեղակայված է մեծ եւ փոքր երկու բլուրների վրա՝ շուրջ 35 հա տարածքում: Առավելապես ուսումնասիրված է ամրոցի ներքին 2-րդ եւ 3-րդ պատերի միջակայքը: Մեծամորի երեք քառորդը շրջապատված է լճակներով եւ ճահիճներով:

«Հարկ է նշել, որ հին Մեծամորի բնակիչները մեծ հաջողությամբ օգտագործել են բնական լանդշաֆտը: Պատկերացրեք, որ դուք ճանապարհորդում եք մի քանի հազար տարի առաջ: Ձեր առջեւ անծայրածիր հարթավայր է, ճահճային տեղանք, եւ այդ հարթության վրա վեր են խոյանում երկու բլուրներ: Դրանք ունեին իրապես ռազմավարական նշանակություն, եւ, ենթադրաբար, հենց իր աշխարհագրական դիրքի շնորհիվ է Մեծամորին հաջողվել այդպես բարգավաճել: Քաղաքն ուներ բավականին բարենպաստ առեւտրային հարաբերություններ Բաբելոնի, Եգիպտոսի եւ հին աշխարհի այլ կենտրոնների հետ: Դա փոքր իշխանության ծաղկող մայրաքաղաքն էր»,-փաստում է Լեւոն Մկրտչյանը:

Մեծամորի բնակիչներն իրենք իրենց անվտանգությունն ապահովելու համար հաջողությամբ օգտագործում էին քարե ժայռաբեկորները՝ ստեղծելով այսպես կոչված կիկլոպյան շարվածքով պատեր:

Լայն քարե դարավանդի մի մասն օգտագործվում էր Մեծամորի հին բնակիչների կողմից որպես բաց երկրնքի տակ պաշտամունքի միջոցառումների համար հարթակ: Այժմ կարելի է ասել, թե ինչպիսին էր դրանց կիրառական նշանակությունը: «Բարեբախտաբար դա պահպանվել է, քանի որ պլանավորվում էր վերածել այն քարհանքի: Բարդ է ասել, թե որ դարաշրջանին է պատկանում այդ կառույցը, սակայն, քանի որ մնացած շերտերը պատկանում են 3-րդ հազարամյակին, հնարավոր է, որ հենց դա էլ է թվագրվում նույն ժամանակաշրջանին: Այդօրինակ կառույցներ կան նաեւ Ագարակում եւ այլ վայրերում»,-պատմում է Լեւոն Մկրտչյանը:

Մերձակայքում տեղակայված է տաճարային համալիրը, որը թվագրվում է մ.թ.ա. 1-ին հազարամյակին: Հայտնաբերված են հինգ սրբատեղիներ, որոնցից երկուսն արդեն ուսումնասիրվում են: Ցավոք, մասնագետների համար բացված սրբատեղիների մասնիկների զգալի մասը չայրված կավից է եղել եւ չի պահպանվել: Այժմ գիտնականներն ուսումնասիրում են դրանք, փորձում վերականգնել: Ինչպես վկայում են պեղումները, սրբատեղիների միջեւ չկար հաղորդակցություն եւ դրանք միմյանցից առանձնացված էին լայն պատի միջոցով: Ամրոցի հնագույն պատն անցնում է սրբատեղու ստորգետնյա մասով, սակայն ուրիշների դավանանքի նկատմամբ անտարբեր ուրարտացիները հետագայում նոր պատ են կառուցել՝ հենց հին սրբատեղու միջով անցնող:

Հետաքրքրական է, որ պեղումների ժամանակ չեն հայտնաբերվել տանիքի հետքեր, իսկ դա, մասնագետների կարծիքով, կարող է վկայել, որ այն կամ հողից էր եւ լուսավորուրվում էր պատուհանից ներթափանցող լույսի միջոցով, կամ ծղոտից էր պատրաստված: «Այդ եզակի տաճարային համալիրը սրբավայր է անգամ ժամանակակից բնակիչների համար: Պեղումների ժամանակ տեղաբնակները գալիս էին այդտեղ եւ երկրպագում սրբատեղիի անկյունում քարանձավը: Այդտեղ անգամ աքաղաղ են զոհաբերել»,-պատմում է Լեւոն Մկրտչյանը: «Իսկ սրանք օձերի հետքեր են»,-ցույց է տալիս նա սրբատեղու ավազի վրա գոյացած երկար հետքերին:

Ոչ պակաս ինքնատիպ է հին Մեծամորի ձուլարանը: «Մի ամբողջ համալիր է, որտեղ բերում էին հումքը, հարստացնում, մաքրում եւ ձուլում այն: Փոսերը համալիրի մասն են կազմում: Հայտնաբերված է նաեւ մեծ տարածք՝ մեծաքանակ աղյուսներով պահեստ: Այդ ամենը ծածկված էր հողով, եւ քանի որ ժամանակն ու մարդիկ փորձել էին խառնել ամեն ինչ, դժվար է ստույգ թվագրել ձուլարանի շահագործման ժամանակաշրջանը: Ենթադրում ենք, որ գործարանը ստեղծվել է Մեծամորի բարգավաճման շրջանում, սակայն, հնարավոր է, որ սկզբում այդտեղ մշակել են պղինձ, այնուհետեւ՝ երկաթ: Պեղումերն այդտեղ ավարտին չեն հասցվել դեռ»,-տեղեկացրել է Լեւոն Մկրտչյանը:

Մեծամորում ամենահայտնի վայրերից մեկը հին աստղադիտարանն է: Մասնագետների կարծիքով՝ մ.թ.ա. 2800-2600 թթ. մեր նախնիները այդտեղից հետեւում էին երկնքի լուսատուներին: Մեծամորի աստղադիտարանի ուսումնասիրության արդյունքում աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը եկել է եզրահանգման, որ հին գիտնականները հետեւել են Սիրիուսի ուղին եւ դրանով հաշվարկել յուրաքանչյուր տարվա սկիզբը: Ինքը՝ Պարսամյանը, առանձնացրել է դիտարկումների երեք գոտի:

Ամրոցի պատերը, ըստ մասնագետների, թվագրվում են երկաթի դարում Մեծամորի բարգավաճման ժամանակաշրջանին: Չնայած չի բացառվում, որ դրանց մի մասը, հնարավոր է, կառուցվել է հին շարվածքով: 2-րդ եւ 3-րդ գծերն ավելի տեսանելի են արեւելյան կողմից, որտեղ ամբողջովին կամ մասնակի կատարվել են պեղումները: Ամրոցի պատերի բարձրությունը 1.5-2 մետր է, լայնությունը հասնում է 2.6 մետրի:

2013 թվականին Մեծամորում անցկացրել են հնագիտական պեղումներ Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի մասնագետները, որոնք հայտնաբերել են հնագույն քաղաքը գրավելու եւ ավերելու վկայություններ: Այժմ լեհական պատվիրակությունն ուսումնասիրում է վերջերս հայտնաբերված թաղամասը: «Արդյունքները շատ ուրախալի են երկաթի դարի որոշ ժամանակաշրջանները հասկանալու համար: Մեր լեհ գործընկերներն առաջիկայում կհրապարակեն աշխատանքների արդյունքները»,-նշել է Մկրտչյանը:

Լեւոն Մկրտչյանն ամրոցի պատի վրա ցույց է տալիս հնագույն քարանձավի մուտքը: Խորհրդային տարիներին այն զարդարվել է տուֆով եւ բավականին ժամանակակից տեսք ունի, իսկ հնում, ըստ մասնագետների, այն ծառայում էր որպես ջրահեռացման համակարգի մաս:

Ստորգետնյա տարածքում ցուրտ է եւ առաջացնում է տագնապային զգացողություն: Մի քանի մետրից թունելը նեղանում է եւ մասնագետները ստիպված են տեղաշարժվել կռացած դիրքով: Նույնչափ անսպասելիորեն թունելը լայնանում է, իսկ լապտերի լույսի ներքո երեւում են խիտ սարդոստայնն ու լույսից անհանգստացած սարդերը:

Իմ գլխավերեւում սարդոստայնն ուսումնասիրելիս ես հանկարծակի լսեցի ֆշշոց: Փորձելով չաղմկել եւ չհուզվել՝ մենք, այդուհանդերձ, առավելագույն արագությամբ հեռացանք՝ թողնելով մռայլ թունելը դրա фշշացող տիրուհուն: Իսկ երեւակայությունը հուշում էր, որ դրա հեռավոր նախնիները ոգեշնչել են Մեծամորի հին արհեստավորներին ստեղծել հիասքանչ ստեղծագործություններ, որոնք ներկայումս պահվում են թանգարանում:

 

news.am/arm/news/548496.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail