ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆԵԱՆ – Ագուլիսի Եղեռնի 100րդ Տարելիցին Ընդառաջ
03 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ԿԻԶԱԿԷՏ:
ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆԵԱՆ –
Այս տարուայ Դեկտեմբերի 24-25ին լրանում է հայոց պատմութեան ողբերգական իրադարձութիւններից մէկի՝ Ագուլիսի եղեռնի 100 տարին: Մէկ դար առաջ օսմանեան զօրքը եւ նրան միացած ադրբեջանցի զինուած խառնամբոխը հիմնահատակ աւերեցին ու հրոյ ճարակ դարձրին Գողթն-Նախիջեւանի հիասքանչ ոստան Ագուլիսը:
Հայ մշակոյթի նշանաւոր այս կենտրոնի անուան առաջին յիշատակութիւնը վերաբերում է 11րդ դարին՝ Արգուլիք ձեւով, բարբառով անուանուել է Ըգիւլիս, Իւգիւլիս, ստուգաբանւում է որպէս «այգիներով լի», «ե՛կ, լո՛յս», «աչքի լոյս» եւ այլն:
Գողթնի բազմագոյն լեռների ժայռոտ լանջերին փռուած տասը թաղեր ընդգրկող Ագուլիսը 17րդ դարում ունեցել է 8000 տուն հայ բնակիչ, սալայատակ փողոցներ, երկյարկանի եւ եռայարկ տներ, արական եւ իգական դպրոցներ, գրադարան, մեծ շուկայ, մետաքսի գործարաններ, բազմաթիւ արհեստանոցներ, տասներկու վանք ու եկեղեցի: Սուրբ Թովմայ Առաքեալի հռչակաւոր առաջնորդանիստ վանքի որմնանկարների հեղինակը Նաղաշ Հովնաթանն է եղել, իսկ տեղի դպրոցներում դասաւանդել են Րաֆֆին եւ Պերճ Պռոշեանը: Վաճառաշահ այս աւանի վաճառականները առեւտրական սերտ կապերի մէջ են եղել Եւրոպայի եւ Ասիայի բազմաթիւ երկրների հետ: Ագուլիսից սերուած հայ նշանաւոր մտաւորականների համաստեղութեան թւում են Աւետիք Արասխանեանը, Քրիստափոր Միքայէլեանը, Աշոտ Մելիք-Մուսեանը, Պօղոս Մակինցեանը, թատերական գործիչներ Լեւոն Քալանթարը, Միքայէլ Մանուէլեանը, դերասաններ Գուրգէն եւ Կարէն Ջանիբեկեանները, Էդգար եւ Արմէն Էլբակեանները, երգչուհի Զարուհի Դոլուխանեանը, նկարչուհիներ Լաւինիա Բաժբեուկ-Մելիքեանը, Գայիանէ Խաչատրեանը, Լուսիկ Ագուլեցին եւ շատ-շատերը:
Ագուլիսում անցեալ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների մասին է մասնաւորապէս վկայում ծնունդով ագուլիսցի, Պրահայի եւ Թեհրանի համալսարանների պատմագիտութեան եւ փիլիսոփայութեան դոկտոր, Ագուլիսի եղեռնի ականատես Յովհաննէս Հախնազարեանն (1900-1978) իր «Գողթան Գաւառ. Ագուլիսի Եւ Շրջակայ Գիւղերի Եղեռնը» փաստագրական յուշագրութեամբ (Անթիլիաս, 1987, Թեհրան, 1991).
«Դեկտեմբերի 24ի առաւօտեան ուղղակի սեւացել էին Օրդուբադից եւ նրա մօտակայ գիւղերից դէպի Ագուլիս ձգուած ճանապարհները: Հազարաւոր թուրքեր, բեռնակիր անասուններն իրենց առջեւը գցած ու մինչեւ ատամները զինուած, շտապում էին դէպի Ագուլիս, այս անպաշտպան աւանը՝ աւարի, կողոպուտի ու արեան անյագ ծարաւով: Գիւղաքաղաքի՝ շուրջ երկու հազարի հասնող սարսափահար եւ այլեւս իրեն կորցրած ժողովուրդը, ունեցած-չունեցածը թողնելով ներս խուժող մարդակերպ գազաններին, աշխատեց փրկութիւն գտնել կենտրոնական թաղամասում, որտեղ ինքը՝ Էդիֆ բէյն էր իր ասկեարներով ու ոստիկաններով:
Երեկոյեան ժամը 9ին արդէն թուրք կողոպտիչներն ու աւերող ամբոխը լցուել էին ծայրամասերի թաղերը եւ միմեանց ետեւից կոտրելով տների դռները՝ խուժում էին ներս, սպաննում հիւանդ, ծեր եւ կամ փախչել չկարողացած բնակիչներին, կողոպտում, բարձում իրենց անասուններին, ապա հրդեհում տունը…
…Երեխաների եւ կանանց լացն ու վայնասունը գնալով շատանում էր եւ կարող էր ոստիկանների ու տաճիկ զինուորների ուշադրութիւնը գրաւել: Մենք էլ ուշանում էինք, արդէն կէսգիշերը մօտենում էր: Այլ ճանապարհ չունէինք, քան լեռն ապաստանել եւ Ցղնա գնալ…
…Թերեւս միայն քսան-քսանհինգ քայլ էր մնացել, որ հասնենք լերան գլուխը, երբ միանգամայն անակնկալ կերպով լեռնագլխին դարանակալ թուրքերը տասնեակ հրացաններից սոսկալի կրակ բացեցին եւ շղթայ կապած, շարունակ կրակելով, մեր վրայ յարձակուեցին:
Գրիչս անզօր է նկարագրելու այն ահաւոր խուճապը, որ ստեղծուեց ահաբեկուած ու սարսափահար ժողովրդի մէջ: Անցել են շուրջ վաթսուն երկար տարիներ այս ճակատագրական գիշերուանից, բայց մինչեւ այժմ էլ ականջիս հնչում են այն ճիչն ու աղաղակը, օգնութեան կանչերը, մարդկանց աղեխարշ լացը… Հայրս ու մայրս անձայն գետին տապալուեցին, քոյրս ու եղբայրս, խառնուելով մարդկանց հետ, լերան թեք լանջից ներքեւ գլորուեցին: Ինչպէս ինձ գնդակ չդիպաւ, չեմ կարող բացատրել: Ես անմիջապէս գետնին պառկեցի, ու այնպիսի խոր յուսահատութիւն պատեց ինձ, որ մի վայրկեան ատրճանակիս խողովակը քունքիս ուղղելով՝ ուզեցի ինքնասպանութիւն գործել, եւ այդ ոչ թէ նրա համար, որ վախեցայ այդ ստոր գազանների ձեռքն ընկնելուց, այլ աւելի ճիշդ այն տմարդի դաւադրութեան համար, որին ականատես եղայ…»:
Պետական գործիչ Սերգէյ Մելիք-Եոլչեանը այդ օրերին Լեռնահայաստանից հեռագրել է Հայաստանի արտգործնախարարին. «Լրացուցիչ, ստուգուած տեղեկութիւնների համաձայն՝ Նախիջեւանի եւ Օրդուբադի թաթարները, թուրքական եւ ադրբեջանական սպաներ Խալիլ բէյի, Էդիֆ բէյի եւ ուրիշների գլխաւորութեամբ Ներքին Ագուլիսի կոտորածից յետոյ, գազանօրէն խողխողել են Վերին Ագուլիսի ամբողջ բնակչութեանը: Վերին Ագուլիսում սպաննուած է 400, իսկ Ներքին Ագուլիսում՝ 1000 մարդ:
Բնակչութիւնը կոտորուած է գլխովին, բացառութեամբ 20 գեղեցիկ աղջիկների, որոնք, իբրեւ նուէրներ, բաժանուել են սպաներին: Հարուստ Փանեանի 16 տարեկան աղջիկը մատուցուած է Էդիֆ բէյին:
Թէ՛ Ներքին եւ թէ Վերին Ագուլիսների բնակչութիւնը բոլորովին անզէն էր եւ պահում էր իրեն խիստ լոյալ, բայց այդ հանգամանքը չփրկեց նրանց:
Թաթարների առաջխաղացումը դէպի Գողթան շարունակւում է: Գողթանի բնակիչների մնացորդների հոսանքը դէպի Մեղրի է քաշւում…» («Յառաջ», ՀՅԴ պաշտօնաթերթ, Երեւան, 13 Յունուարի 1920թ.):
Մեր ժողովրդի պատմութեան այս ողբերգական դրուագին անդրադարձել են հայ եւ օտարազգի բազմաթիւ պատմաբաններ ու յուշագրողներ, որոնց թւում՝ նաեւ արդէն Այլիս դարձած Ագուլիսում ծնուած ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին իր «Քարէ Երազներ» յայտնի վէպ-ռեքվիէմում: Մարդասէր գրողը, որ տարեց ադրբեջանցիներից լսել էր Ագուլիսի ողբերգութեան մասին, մեր օրերում տեսել նրա եկեղեցիների ու վանքերի աւերումը եւ այդ ամէնի մասին բարձրաձայնել իր վէպում, ճշմարտութեանն առերեսուելու համար իր երկրում պետական մակարդակով հալածանքների ու նուաստացումների ենթարկուեց: Ահա Այլիսլիի վէպի՝ Ագուլիսի սահմռկեցուցիչ դէպքերի նկարագրութեան հատուածը.
«…Այլիսում այդ ժամանակ դեռ միջին տարիքի շատ մարդիկ էլ կային, որոնք իրենց աչքով տեսել էին Այլիսի հայերի ահաւոր ջարդը:
Այդ ջարդի մասին ամէն մէկն իր ձեւով էր պատմում՝ ելնելով մարդու եւ մարդկայնութեան սեփական ըմբռնումներից: Այնուամենայնիւ, այդ դէպքերի ականատեսներից ոչ մէկը չէր թաքցնում տեսածը: Տարբեր մարդկանց պատմութիւններում հաւաստիօրէն տեղ էին գտնում միեւնոյն փաստերը: Մարդկանց կարծիքները, թէ ինչպէս է սկսուել այդ ամէնը, ինչպէս է աւարտուել, լիովին համընկնում էին:
Այսպէս էր եղել. որպէսզի Այլիսի հայ բնակչութիւնը նախապէս ոչնչի մասին չկռահէր, Էդիֆ բէյի երեսուն-քառասուն թուրք հեծեալներ վաղ առաւօտից շրջել էին բոլոր տները՝ ե՛ւ հայերի, ե՛ւ մահմեդականների, ու յայտարարել, որ այդ օրը զինադադար է յայտարարուելու, որի համար բոլորն անյապաղ պէտք է հաւաքուեն այսինչ հայի բակում: Հէնց պայմանաւորուած վայրում ժողովուրդը հաւաքուեց, թուրք զինուորները մահմեդականներին բաժանեցին հայերից եւ նրանց շարք կանգնեցրին բակի տարբեր կողմերում: Յանկարծ ինչ-որ տեղից բարձրագոչ հրաման լսուեց՝ «Կրա՛կ», եւ բոլոր կողմերից բակը շրջապատած թուրք զինուորները փամփուշտների կարկուտ տեղացին հայերի վրայ: Շատերն անմիջապէս զոհուեցին, ողջ մնացածների՝ մինչեւ վերջին մարդու, կոկորդները դաշոյնով կտրեցին կամ սուինահարեցին: Նրանց, ում հնարաւոր էր միանգամից բակում եւ այգում թաղել, հօր փորեցին ու թաղեցին: Ում համար տեղ չգտնուեց բակում եւ այգում, լցրեցին մօտակայ տների գոմերն ու մարագները, այրեցին: Մահմեդական կանայք, որոնք այդ օրը նոյնիսկ չհամարձակուեցին տնից դուրս գալ, յետագայում այսպէս էին նկարագրում տեղի ունեցածը. «Բոլոր առուներում ջուրը մի ամբողջ շաբաթ արիւնից կարմրել էր»: «Էդիֆ բէյը ագռաւի նման սեւ ձի ունէր: Էդիֆը ձիու վրայ էր՝ տան դարպասի մօտ: «Կրա՛կ» բղաւելով՝ նա ձիուն մտրակեց ու սլացաւ: Եւ իսկոյն գնդակների անձրեւ թափուեց, թւում էր՝ երկինքը փուլ է գալիս, վերեւից մոխիր է թափւում: Այնպիսի աղաղակ բարձրացաւ, որ երբեք ոչ ոք չէր լսել աշխարհի արարումից ի վեր: Միանգամից բակերի բոլոր շները ոռնացին: Կռաւեցին ծառերի բոլոր ագռաւները: Վախեցած կաչաղակներն ու աղաւնիները միանգամից անհետացան գիւղից, թռան՝ թաքնուելու սարերից այն կողմ: Թւում էր, դժոխքը բացուել է, արեւը ուր որ է կը փլուի երկրի վրայ…»:
Այս իրադարձութիւնների հետ է կապուած նաեւ մեծանուն հայագէտ Հրաչեայ Աճառեանի «Քննութիւն Ագուլիսի Բարբառի» ձեռագրատիպ ուսումնասիրութեան (Երեւան, 1935) բարբառային նմոյշների բաժնում զետեղուած՝ Ագուլիսի բարբառով (զոկերէնով) գրուած մի բանաստեղծութիւն. «Սոյն ոտանաւորը գրուած է հայ-թրքական ընդհարումների տպաւորութեան տակ», նախաբանում գրում է Հ. Աճառեանը: «Թէեւ պարունակում է որոշ ազգայնական մտայնութիւն, բայց բարբառի համար շատ բնորոշ լինելով՝ աւելորդ չենք համարում արտատպել այստեղ»:
Այդ օրերին ընդամէնը մէկուկէս տասնամեակ էր անցել Ագուլիսի հրէշաւոր եղեռնից, սակայն «ազգայնական»ի վտանգաւոր պիտակից երկիւղած ականաւոր լեզուաբանը բնականաբար խիստ զգուշաւորութեամբ է տեղադրել Յարութիւն Թումանեանի «Միր հըգեադարձ վաթանը» («Մեր հոգեդարձ հայրենիքը») վերնագրով սրտառուչ բանաստեղծութիւնն իր նշանաւոր բարբառագիտական աշխատանքներից մէկում:
Ժամանակի ճանաչուած գրող եւ մտաւորական Յարութիւն Թումանեանը ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ոչ միայն ազգանուանակիցն ու գրչակիցն է եղել, այլեւ հասակակիցը. ծնուել է նոյն՝ 1869 թուականին, Գողթն գաւառի Ագուլիս աւանում, որպէս ուսուցիչ աշխատել եւ ստեղծագործել է Թիֆլիսում:
Յարութիւն Թումանեանն այնքան ճանաչուած է եղել, որ նրա անուն-ազգանուան կրճատ տարբերակը Թիֆլիսի պարբերականներում եւ հրատարակուած գրքերում տպագրուել է «Յար. Թումանեան» ձեւով, իսկ Յովհաննէս Թումանեանինը՝ «Յովհ. Թումանեան»:
Յարութիւն Թումանեանն այնքան ճանաչուած է եղել, որ նրա անուն-ազգանուան կրճատ տարբերակը Թիֆլիսի պարբերականներում եւ հրատարակուած գրքերում տպագրուել է «Յար. Թումանեան» ձեւով, իսկ Յովհաննէս Թումանեանինը՝ «Յովհ. Թումանեան»:
Յարութիւն Թումանեանը ստեղծագործել է ոչ միայն գրական հայերէնով, այլեւ իր մայրենի բարբառով: Ագուլիսի բարբառը կամ զոկերէնը՝ ըստ աւանդական միայատկանիշ դասակարգման, պատկանում է հայերէնի բարբառների «ում» ճիւղին, գրաբարի եւ գրական հայերէնի նման ունի եռաստիճան բաղաձայնական համակարգ, ըստ Գէորգ Ջահուկեանի մշակած բազմայատկանիշ վիճակագրական դասակարգման, պատկանում է հայերէնի բարբառների արեւելեան խմբակցութեան արեւելեան (Ագուլիս-Մեղրու) բարբառախմբին, հայոց լեզուի ամենաառանձնայատուկ բարբառներից է: Ունի քմային ձայնաւորներ (ա, օ, ու) եւ քմային բաղաձայններ (գյ, կյ, քյ): Առաջին տպաւորութեամբ խիստ անհասկանալի լինելը հետեւանք է բարբառում ձայնաւորների կրած գրեթէ անճանաչելի փոփոխութիւնների, պարզ ձայնաւորների դիմաց երկբարբառների առկայութեան, բայի խոնարհման առանձնայատկութիւնների եւ այլն: Խօսուել է Գողթն գաւառի Վերին Ագուլիս աւանում, Ներքին Ագուլիս, Ցղնա, Տանակերտ, Քաղաքիկ, Հանդամէջ, Դիսար գիւղերում: Հինաւուրց այս բարբառը վերջնականապէս մարեց 1988 թուականին, երբ ադրբեջանցի ելուզակները Ցղնա գիւղից արտաքսեցին վերջին մի քանի տասնեակ հայ բնակիչներին:
Յարութիւն Թումանեանն այս բանաստեղծութիւնը գրել է Ագուլիսի մեծ ողբերգութիւնից ամիսներ առաջ՝ կանխազգալով բարդ եւ հակասական իրադարձութիւններով լի այդ ժամանակներում հայրենի եզերքի մօտալուտ կորուստը: Այն առաջին անգամ հրապարակուել է 1919 թուականին՝ «Զոկի ճրոյգը» պարբերականում եւ, ցաւօք, այսօր էլ առաւել քան արդիական է, քանզի պատմական դաժան ճակատագրի բերումով արդէն հիմնովին հայաթափուած եւ ամայացած Հայոց նուիրական Գողթն գաւառի հիասքանչ մարգարիտ Ագուլիսը արդէն մէկ դար երկու խղճուկ ադրբեջանաբնակ գիւղի է վերածուած…
Թումանաց Հարըթիւն
ՄԻՐ Հըգեադառձ ՎԱԹԱՆԸ
Օհի մաջին, մօհի մաջին
Միր վաթանը լէլիս այ.
Ուման չիկօ‘ քյօմագյ արի,
Սէւ խըբերը գյէլիս այ:
Շօռ այ տըւէծ, մալլափ ծըռուէծ
Միր ըշխարքի ուլլուրը.
Յարամիքյ ըն ակած լըցուէծ
Միր ազգի չուրք բուլլուրը:
Ըկընլուսի, մըշտըլըղի,
Թօզայ կեանքի գեարունքին
Սէւ մըռօջ այ, թօխպ այ ակած
Կէտուած Հայօց յէրկընքին:
Դուշմունն ակած, չափմիշ նարամ,
Միր օջաղը քեանդամ այ,
Հայի ճըրօգյը հընգյըցանամ,
Աշխարք ըրնօւ նարկամ այ:
Միզ կեանք տըւուղ, միզ շունչ տըւուղ
Զօկըստունը մառնամ այ,
Նօ՞ր ըք, նօ՞ր ըք, քեամբախտ զօկար,
Շուտ հըսահիքյ, մառնամ այ:
Յարութիւն Թումանեան
ՄԵՐ ՀՈԳԵԴԱՐՁ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Ահերի մէջ, մահերի մէջ
Մեր հայրենիքն է լալիս,
Չկայ մէկը, որ ձեռք մեկնի,
Սեւ լուրեր են մեզ գալիս:
Շուռ է եկել, իսպառ ծռուել
Մեր աշխարհի ոլորքը.
Թշնամին է եկել-լցուել
Մեր ազգի չորսբոլորը:
Աչքալոյսի, աւետիսի,
Նորոգ կեանքի գարունքին
Սեւ մշուշ է, թուխպ է եկել
Դիզուել Հայոց երկնքին:
Ոսոխն եկել, մեզ թալանում,
Մեր օջախն է աւերում,
Հայի ճրագն է հանգցնում,
Հողն արիւնով է ներկում:
Մեզ կեանք տուող, մեզ շունչ տուող
Զոկստանը մեռնում է,
Ո՞ւր էք, ո՞ւր էք, դժբախտ զոկեր,
Շուտ հասէք դուք, մեռնում է:
Ագուլիսի եղեռնից ընդամէնը երեք ամիս անց՝ 1920 թուականի Մարտի 22-26ին, թուրք-ադրբեջանական ելուզակները միեւնոյն եղեռնագործ ձեռքերով այս անգամ աւերեցին Արցախի պարծանք, հայ մշակոյթի նշանաւոր կենտրոն Շուշին, որտեղ զոհերը տասնեակ հազարների հասան: Սակայն եթէ այսօր աւերակներից կրկին յառնում եւ նոր կեանքով է ապրում հայոց ազատագրուած Շուշին, ապա գերուած Ագուլիսը դեռեւս տառապում է օտարի կրնկի տակ, իսկ նրա աւեր վանքերի ու եկեղեցիների՝ հողին հաւասարեցուած բեկորները շունչ ու հոգի առած՝ կարօտով սպասում են իրենց օրինական տէրերին…
ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Բանասիրական Գիտութիւնների Թեկնածու
asbarez.com/arm/361187/Ագուլիսի-Եղեռնի-100րդ-Տարելիցին-Ընդառաջ/