Միսիոնարուհի Ագնէս Սալմոնտ – Միս Էկնէս Սէմընտ Մարաշի Որբերի Պահապանի Յիշատակին
04 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:
ՔՐԻՍՏԻՆԷ ՆԱՋԱՐԵԱՆ
«Մարաշցի հայ կինը շատ մաքրասէր էր: Հակառակ անոր որ տուները մաքրութեան շատ ալ յարմարութիւն չունէին, սակայն մաքուր ու առատ ջուրը եւ հայ տանտիկնոջ մաքրասիրութիւնը, ընտանեկան կեանքը, մինչեւ իսկ աղքատիկ յարկերու տակ, տանելի կ՛ընծայէին»:
Մարաշ կամ Գերմանիկ եւ Հերոս Զէյթուն
հեղինակ` Գրիգոր Գալուստեան
Մարաշն Օսմանեան կայսրութեան հայաշատ կենտրոններից, ինչպէս նաեւ Կիլիկիայի կարեւորագոյն ու հարուստ քաղաքներից մէկն էր, որը հանդիսանում էր Հալէպի նահանգի Մարաշ գաւառակի կենտրոնը:
Կիլիկիայի հայոց թագաւորութեան տարիներին (1198-1515 թթ.) Մարաշի գաւառը հայկական պետութեան կազմում է եղել, իսկ Օսմանեան կայսրութեան շրջանում` Ատանայի նահանգի, 1866 թուականին` Հալէպի նահանգի, իսկ 1911 թուականին դարձել է առանձին գաւառ:
19-րդ. 90-ական թուականները հայ ժողովրդի արեւմտեան հատուածի պատմութեան ամենաողբերգական էջերից է: Սուլթան Ապտիւլ Համիտն օգտուելով տէրութիւնների միջեւ ծագած հակասութիւններից, անպատիժ կերպով իրականացնում էր հայերի կոտորածները:
Օսմանեան կայսրութեան ամբողջ տարածքում սկսւում են հայերի` պատմութեան մէջ աննախադէպ զանգուածային կոտորածներ: Հայերի կորուստները յատկապէս ծանր էին Ուրֆայի եւ Մարաշի սանճաքներում:
1895 թուականը մարաշցի հայերի համար որակուեց «Մեծ ջարդ» անուամբ. քաղաքը լցուեց որբերով: Մարաշն ունեցել է հայ երեք համայնքներին պատկանող 12 եկեղեցի, բազմաթիւ դպրոցներ, որոնցից առաւել յայտնի է Ազգային Կեդրոնական վարաժարանը: Տեղի հայերը ունեցել են որբանոցներ, հիւանդանոցներ, աստուածաբանական ճեմարան, Աղջկանց բարձրագոյն վարժարան, բարեսիրական միութիւններ, տպարան եւ այլն: Համիտեան կոտորածների ընթացքում քաղաքի հայութիւնն ունեցել է 927 զոհ, կողոպտուել է հայերին պատկանող հարիւրաւոր տներ, հրկիզուել են հայկական թաղամասերն ու եկեղեցիները:
Քաղաքի հիւսիսային եւ արեւելեան հատուածներում որբանոցներ կառուցուեցին ամերիկեան եւ գերմանական մարդասերների ջանքերի շնորհիւ, որտեղ ապաստան գտան հազարաւոր հայ որբեր: Միսիոնարուհի Ագնէս Սալմոնտը դարձաւ այդ որբերի համար իսկական մայր, որոնք ապաստան գտան նրա հոգածութեան ներքոյ:
Օրիորդ Ագնէս Սալմոնտը, նոյն ինքն Ագնէս Սէմընտը ծնուել է 1846 թուականին, Սկովտիայի Քիրքինթիլըք քաղաքում: Նա բնութագրւում էր որպէս ազնիւ եւ քրիստոնեայ ընտանիքի զաւակ եւ կարծես ծնուել էր յատուկ միսիոնարական առաքելութիւն իրականացնելու համար:
Օրիորդ Ագնէսը մասնագիտութեամբ մանկավարժ էր եւ աշխատում էր տեղի դպրոցներից մէկում: Իր ծնողներից միշտ լսելով միսիոնարական կեանքի պատմութիւնները` օրիորդ Ագնէսի մէջ արթնացել է մարդասիրական գործունէութեամբ զբաղուելու հետաքրքրութիւն:
1897 թուականին Լոնտոնում ժողովներ, ցոյցեր էին գումարւում, ինչպէս նաեւ թերթերում տպագրւում էին սոսկալի պատմութիւններ Հայաստանի մասին: Տարբեր ազգերի ներկայացուցիչներ իրենց աջակցութիւն էին ցուցաբերում Հայաստանին օգնելու համար:
Ժողովների եւ կոչերի արդիւնքում կազմւում է Հայաստանի բարեկամներ (Friend of Armenia) անգլիական ընկերութիւնը` Օսմանեան կայսրութիւնում հայ բնակչութեանը օգնութիւն ցուցաբերելու նպատակով:
Օրիորդ Ագնէսը, թողնելով իր բարեկեցիկ կեանքը, օժանդակում է հայ ժողովրդին, օգնում եւ չխնայելով անգամ իր կեանքը` փորձում փրկել որբացած երեխաներին:
Հայաստանի բարեկամներ ընկերութեանն անդամագրւում է նաեւ նա:
1898 թ. Ագնէսը մեկնում է Մարաշ, թէ՛ ամերիկացիների, թէ՛ հայերի կողմից արժանանում է ջերմ ընդունելութեան ու ուշադրութեան: Առաջին գործը որպէս ականատես` տեղեկութիւն եւ նամակներ հաւաքելն էր, որից յետոյ նա այդ ամէնն ուղարկում է Լոնտոն, ինչի արդիւնքում նրան հնարաւորութիւն են տալիս մնալ եւ ծաւալել որբախնամ գործունէութիւն:
Իր ջանքերի շնորհիւ է բացւում «էպէն-էզէր» որբանոցը, որը նա ղեկավարում է 1897-1914 թթ.: Շատ կարճ ժամանակում օրիորդ Ագնէսին յաջողւում է գերազանց յառաջադիմութեան հասցնել որբանոցի սաներին: Որբանոցի յարակից տարածքում նոր շէնք է հիմնւում, որտեղ տղաները սովորում էին արհեստներ` ոստայնանկութիւն, կօշկակարութիւն, հացագործութիւն, աղջիկները` ձեռագործութիւն:
Երիտասարդ աղջիկների գեղեցիկ ձեռագործերը, որոնք գեղարուեստական ասեղնագործութեան մէջ հայ կանանց բարձր վարպետութեան լաւագոյն ապացոյցն են, ուղարկւում են Լոնտոն` ցուցահանդէս-վաճառքի: Այստեղ դրանք մեծ գնահատանքի են արժանանում եւ վաճառւում: Նմանօրինակ ձեռնարկների շնորհիւ` դեռատի կանայք հնարաւորութիւն են ստանում ինքնուրոյն վաստակել իրենց ապրուստի միջոցները:
Սակայն ե՛ւ տղաների, ե՛ւ աղջիկների համար հիմնական զբաղուածութիւնն էր մնում կրթութիւն ստանալը` դպրոցներն ու քոլեճները: Օրիորդ Ագնէսի հետեւողական ջանքերի շնորհիւ` նրանցից շատերը դարձան բժիշկներ, վարժուհիներ, ուսուցիչներ:
Օրիորդ Ագնէսն առանձնայատուկ ուշադրութիւն էր դարձնում նաեւ բարոյական եւ հոգեւոր դաստիարակութեանը: Բոլոր սաներն ամէն կիրակի քաղաքի եկեղեցիներ եւ կիրակնօրեայ դպրոցներ էին այցելում, դաստիարակւում ու կրթւում քրիստոնէական ոգով: «Իգական սեռը դաստիարակելով` կը պատրաստենք ապագայ մայրը, հետեւաբար պատրաստած կ՛ըլլանք ապագայ առողջ ու դաստիարակուած սերունդը», նշում էին ժամանակակիցները:
«էպէն-էզէր» նշանակում է` «Աստուած մեզ մինչեւ հոս առաջնորդեց»: Եւ իրապէս Ագնէս Սալմոնտի ջանքերի շնորհիւ` այս որբանոցը դաձաւ մեծ թուով որբերի ու որբուհիների ապաստան, որտեղ նրանք կրթուեցին, իւրացրեցին արհեստներ` այդ ամէնի հետ ստանալով հոգեւոր ու բարոյական դաստիարակութիւն:
Օրիորդ Ագնէսի գործունէութեան շնորհիւ` 500-ից աւելի որբեր եւ 1000-ից շատ աղքատ ու որբեւայրի հայ մայրեր փրկուեցին ու ապրեցին:
Ագնէսն այն մարդասէրներից էր, որ յաճախ նաեւ առանց օգնականի, գիշեր եւ ցերեկ ուժասպառ լինելով` խնամել է երեխաներին եւ դարձել նրանց համար հարազատ մայր:
Միսիոնարուհին մահացել է 90 տարի առաջ` 1929 թուականի դեկտեմբերի 5-ին:
Հայ ժողովուրդը մեծ սիրով ու խորին երախտագիտութեամբ է յիշում այն բոլոր օտարերկրացիներին, որոնք մեր պատմութեան ամենամռայլ ժամանակներում օգնութեան ձեռք են մեկնել մեր հայրենակիցներին եւ հնարաւորութեան սահմաններում թեթեւացրել նրանց տառապանքները` յաճախ դառնալով փրկութեան միակ յենարան:
Ագնէս Սալմոնտը կեանքում անձնական երջանկութիւն չի ունեցել, նրա ուրախութիւնը եւ կեանքի նպատակն է եղել ամէն գնով օժանդակել հալածեալներին` ոչ միայն թեթեւացնելով, այլեւ կիսելով նրանց վիշտն ու դառնութիւնները:
Նրա կատարած աշխատանքը եզակի է, մարդասիրութեան բացառիկ օրինակներից, սակայն ժամանակը ստուերում է թողել ինչպէս նրա, այնպէս էլ շատերի անունն ու յիշատակման արժանի գործունէութիւնը: Օրիորդ Ագնէսը պատմութեան մէջ կը մնայ որպէս Մարաշի որբերի պահապան հրեշտակ:
Ինչպէս Ուրֆան ունեցաւ իր պահապան հրեշտակին` յանձինս Միս Շաթըկի, այնպէս էլ Մարաշն ունեցաւ` ի դէմս Օրիորդ Ագնէսի:
aztagdaily.com/archives/459602