Հայաստան ժամանած Սու 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները – Սու 30-նները չուշացան. Հայաստանը սկսեց
27-12-2019 18:39:30 | Հայաստան | Վերլուծություն:
Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը համացանցում ներկայացրել է Հայաստան ժամանած Սու 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դրանց առաջին խմբաքանակը Հայաստանում կլինի կամ 2019-ի վերջին կամ 2020-ի սկզբին:
Բազմաֆունկցիոնալ կործանիչնեը Հայաստանը ձեռք է բերում օդային գերակայության ռազմավարության նպատակադրումով: Հայաստանն այդ համատեքստում համալրվել է նաեւ ժամանակակից ՏՈՐ ՀՕՊ եւ հակահրթիռային համակարգերով, որոնց մասին օրերս հայտնեց վարչապետ Փաշինյանը: Վարչապետին դեկտեմբերի 27-ին էլ ներկայացվել է ՕՍԱ-ԱԿ զենիթային նոր համալիրները:
Հայաստանը տարին ամփոփում է ռազմա-տեխնիկական կարեւոր համալրումների ցուցադրությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հեղափոխությունից հետո Հայաստանը համալրվել է աննախադեպ քանակի արդիական սպառազինությամբ:
Այդ հանգամանքը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից առանցքայինն անշուշտ նոր ռազմաքաղաքական իրողություններն են: Հայաստանը մի շարք կարեւոր ռազմա-քաղաքական հարցերում սահմանեց իր պատասխանատվությունը ռեգիոնալ անվտանգության համակարգով շահագրգռված ուժային կենտրոնների առաջ, եւ միաժամանակ հայկական անվտանգության խնդիրների եւ շահերի առաջ սահմանեց նրանց պատասխանատվությունը:
Հայաստանի նոր իշխանությունը թերեւս միակն է, որ չի խոսել հող հանձնելու մասին, օրերս Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում արձանագրել էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը:
Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցության նպատակը պետք է լինի արցախյան շարժման ու հաղթանակի պահպանումը, իսկ հարցը պետք է լինի համահայկական օրակարգ: Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած անվտանգության խորհուրդների համատեղ պատմական նիստում Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հայտարարեց մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունից հրաժարվելու մասին:
Երբ Հայաստանը ստանձնում է պատասխանատվություն ռեգիոնալ այն դերի եւ տրամաբանության շրջանակում, որ ձեւավորվել է արցախյան հաղթանակով, հայկական անվտանգության հարցը դառնում է միջազգային քաղաքականության օրակարգային հարցերից մեկը, Հայաստանի համար դրանից բխող ռազմա-քաղաքական էֆեկտով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
lragir.am
nt.am/am/news/277743/