ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայաստանի վերելքը. Երեւանի հատուկ ուղերձը Թրամփին եւ Ռոհանիին
14:07 06.01.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Վարչապետ Փաշինյանը հունվարի 5-ին Արտանիշ լեռան գագաթից հատուկ ուղերձ է հղել Իրանի եւ ԱՄՆ նախագահներին: Փաշինյանի բնորոշմամբ խաղաղության այդ ուղերձում խոսվել է երկու նախագահների իմաստնության եւ իրավիճակի ավելի վատթարացում թույլ չտալու համոզվածության մասին: Փաշինյանը հայտարարել է, որ Արտանիշ լեռան գագաթ վերելքը նվիրված է եղել հենց խաղաղությանը:
Նկատե՞լ են Արտանիշ վերելքն ու Հայաստանի վարչապետի ուղերձը ԱՄՆ եւ Իրանի նախագահները, այն գերլարումից հետո, որ առաջացել է ռեգիոնում Իրանի ԻՀՊԿ էլիտար ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, որ տեղի էր ունեցել Բաղդադում՝ ԱՄՆ նախագահ Թրամփի անմիջական հրամանով:
Դրանից հետո Իրանն ու ԱՄՆ միմյանց հասցեին հնչեցնում են փոխադարձ սպառնալիք: Իրանը սպառնում է վրեժով, ԱՄՆ զգուշացնում է, որ կհասցնի պատասխան խիստ ցավոտ հարվածներ:
Թվում է, որ այդ թոհուբոհում հազիվ թե ԱՄՆ ու Իրանի նախագահները գտնեն Հայաստանի վարչապետի ուղերձին ծանոթանալու եւ Հայաստանում խաղաղությանը նվիրված վերելքը նկատելու ժամանակ:
Դրան զուգահեռ, սակայն, թե ԱՄՆ, թե Իրանը անկասկած նկատել են Հայաստանի վերելքը, որ տեղի է ունեցել առաջին փուլով ապրիլյան քառօրյայում ինքնիշխան դիմադրությամբ, իսկ երկու տարի անց՝ թավշյա հեղափոխությամբ: Հայաստանի վերելքի արձանագրումն էր 2019 թվականին հոկտեմբերին ԵՏՄ Վեհաժողովին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցն ու մասնակցությունը, երբ նա ընդունել էր Հայաստանի վարչապետի հրավերը:
Հայաստանի վերելքի արձանագրումն էր նաեւ 2019 թվականի ապրիլի 24-ի ԱՄՆ նախագահի ուղերձում Ռաֆայել Լեմկինի անվան հիշատակումը, որը «գենոցիդ» հասկացության եւ միջազգային իրավական հարաբերությունների շրջանակ ներմուծման հեղինակն է: 2019-ի տարեվերջին էլ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունման աննախադեպ իրողությունը, որի էական բաղադրիչներից մեկը եւս Հայաստանի վերելքի արձանագրումն էր:
Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո Հայաստանում ծավալվեց ֆեյսբուքյան քննարկում, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի արձագանքը:
Երեւանն արձանագրեց, որ թե Իրանը, թե ԱՄՆ Հայաստանի համար կարեւորագույն գործընկեր եւ բարեկամ պետություններ են: Ըստ այդմ, առերեւույթ թվում է, որ Հայաստանի համար էական նշանակություն ունի չեզոքության ռեժիմը: Դա չի կարող նշանակել «մաթեմատիկական հավասարության» դրսեւորում, որովհետեւ Իրանն ունի իր առանձնահակությունը՝ իր հետ պահանջվող դիվանագիտական-քաղաքական աշխատանքի առումով, իսկ ԱՄՆ ունի իր առանձնահատկությունը: Չեզոքությունը տվյալ դեպքում կարող է վերաբերել երկու ուղղությամբ աշխատանքի եւ դրա ինտենսիվության այսպես ասած ծավալին, որը կենթադրի նաեւ որոշակի առաջարկներ Հայաստանից:
Թվում է, թե ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանը միմյանց բախվող երկու ուժային կենտրոններին՝ համաշխարհային գերտերությանն ու ռեգիոնալ տերությանը:
Բայց Հայաստանն առաջարկել կարող է, ու Հայաստանի վերելքը՝ դրա քաղաքական իմաստով, անշուշտ այդ առաջարկի նախադրյալն է: Հայաստանը Միացյալ Նահանգներին եւ Իրանին կարող է առաջարկել խաղաղություն՝ խաղաղություն Կովկասում, որի այսպես ասած պարեկը Հայաստանի Հանրապետությունն է, Հայաստանի զինված ուժերը: Իր անվտանգության եւ ինքնիշխանության հարցում համոզիչ հավաստիացումով Հայաստանը Վաշինգտոնին ու Թեհրանին կարող է որոշակիորեն երաշխավորել նրանց երկուսի համար կարեւորագույն հարցում՝ Կովկասի անվտանգության համակարգում նրանց «անակնկալից» զերծ պահելու հարցում:
Այդ պարագայում, թե Վաշինգտոնը, եւ թե Թեհրանը ուշադիր կլինեն Հայաստանը, ու թերեւս նաեւ մերձավորարեւելյան հայ համայնքը միմյանց հետ դիմակայության անակնկալից զերծ պահելու հարցում: Արտանիշ վերելքը եւ ուղերձը Երեւանի այդ քաղաքական հավաստիացումն էր:
lragir.am/2020/01/06/506537/