ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Նշանային հարված Իրանին. սկսվե՞ց: Երեւանը զգուշացրել է Բաքվին
03.01.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հրահանգով Բաղդադի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հարվածով խոցվել է Իրանի Կուդս էլիտար ստորաբաժանումների հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, որը իրանյան պետության ռազմա-քաղաքական ղեկավարության նշանային գործիչներից էր:
Այդ գործողությունը հաջորդել է նախօրեին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա գրոհին, որ տեղի էր ունեցել Իրաքում արդեն տեւական ժամանակ կատարվող հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին:
ԱՄՆ դրանց համար մեղադրել է Թեհրանին, թեեւ Թեհրանը հերքել է իր առնչությունն Իրաքում տեղի ունեցողին: Այդուհանդերձ, Սուլեյմանիի Բաղդադում լինելն ու սպանվելը գործնականում դառնում է իրաքյան իրադարձություններին Թեհրանի որոշակի առնչության վկայություն: Թեհրանը հայտարարել է, որ Սոլեյմանիին սպանողներին սպառնում է դաժան վրեժ: Այդ մասին ասել է Իրանի հոգեւոր առաջնորդը, կոշտ արտահայտություններ է արել նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Ինչպիսի՞ն է լինելու Իրանի վրեժը: Հարցը բավականին բարդ է եւ նուրբ, որովհետեւ փաստացի Իրանին իսկ կարող է դնել միջազգային լուրջ թիրախաորման առաջ: Գործնականում, կարող է ստեղծվել իրադրություն, միջազգային մթնոլորտ, երբ օրինակ որեւէ ահաբեկություն ԱՄՆ կամ նրա դաշնակիցների դեմ կարող է դիտարկվել Իրանի «վրեժ», Թեհրանի հանդեպ դրանից բխող միջազգային վերաբերմունքով:
Այդ իմաստով, մի կողմից հասկանալի է Իրանի չափազանց կոշտ եւ սուր արձագանքը ԱՄՆ քայլին՝ Թեհրանին հասցվել է իրապես նշանային եւ խորքային հարված, մյուս կողմից սակայն իրավիճակի բերումով այդ արձագանքի հասկանալիությամբ հանդերձ, այդուամենայնիվ Թեհրանի հայտարարությունները նրան իսկ դնում են բավականին լուրջ եւ նուրբ պատասխանատվության ներքո:
Դրան զուգահեռ, կարեւոր դիտարկման առարկա պետք է դառնա տեղի ունեցածի ոչ միայն այսպես ասած ռեգիոնալ կամ միջազգային ազդեցությունը, մասնավորապես ազդեցությունը մերձավորարեւելյան ռեգիոնում, առանձին երկրներում, որտեղ Իրանն ունի էական ներկայացվածություն, այլ նաեւ ազդեցություն Իրանի ներքին իրողությունների վրա: Կասկածից վեր է, որ իրանական հգեւոր եւ քաղաքական ղեկավարությունը պետք է խստագույնս դատապարտի գեներալ Սոլեյմանիի սպանությունը: Մուս կողմից, սակայն, հարց է, թե դա ինչ վերադասավորումներ եւ ուժերի ինչ հարաբերակցություն կարող է խթանել Իրանի ներքին կյանքում, որտեղ թերեւս աներկբա է կատարվածի առումով ներքին նուրբ շերտերի հնարավոր ոչ միարժեքությունը:
Բաղդադում Իրանին հասցված նշանային հարվածը չափազանց լուրջ ու հատկանշական իրադարձություն է, մասնավորապես նաեւ օրերս տեղի ունեցած մի իրողության ֆոնին: Ռոյթերզ գործակալությունը տարեմուտից առաջ տարածեց տեղեկություն, որ ՌԴ նախագահ Պուտինը զանգահարել էր ԱՄՆ նաագահ Դոնալդ Թրամփին եւ նրան շնորհակալություն հայտնել Սանկտ-Պետերբուրգում պատրաստվող խոշոր ահաբեկությունը չեզոքացնելու համար ԱՄՆ ցուցաբերած աջակցության համար: ԱՄՆ տրամադրած տեղեկությամբ Ռուսաստանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է ահաբեկությունը պատրաստող երկու ռուսաստանցու: Պուտինն ու Թրամփը պայմանավորվել էին շարունակել գործակցությունն ահաբեկության դեմ պայքարի հարցում:
Ավելի ուշ Վաշինգտոնում հանդիպել էին ԱՄՆ-ում ՌԴ եւ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանները:
Բաղդադում տեղի ունեցած գործողությունը անշուշտ լրացուցիչ դինամիկա եւ թեժություն կարող է հաղորդել մերձավորարեւելյան եւ ընդհանրապես միջազգային զարգացումներին: Դրանց չափազանց մանրամասն եւ ուշադիր հետեւելու ու սցենարային ամենատարբեր զարգացումներ դիտարկելու սուր անհրաժեշտություն ունի նաեւ Հայաստանը: Միաժամանակ, այստեղ հատկանշական է թերեւս այն, որ տարեվերջին Հայաստանը ստացավ սպառազինության ռազմա-քաղաքական նշանային մատակարարումը՝ Սու 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ օդանավերը: Պաշտպանության նախարար Տոնոյանը Տարեմուտի առնչությամբ իր ուղերձում հայտարարեց, որ հայկական զինված ուժերը «խրամատային պաշտպանության» տրամաբանությունից անցնում են հակառակորդի տարածքում ռազմական գործողության տրամաբանության:
Ռազմա-քաղաքական կարեւոր համալրման ֆոնին Երեւանը ազդակ հղեց, որ պատրաստ է ռեգիոնալ նոր իրողությունների եւ թույլ չի տա որեւէ մեկին՝ տվյալ պարագայում թերեւս Ադրբեջանին, փորձել օգտվել առիթից: Դրան զուգահեռ Հայաստանին հղված Տարեմուտի ուղերձում Հայաստանում ԱՄՆ դեսպանը հատուկ անդրադարձ կատարեց նաեւ Հայաստանի զինուժին եւ մասնավորապես Աֆղանստանում ու Կոսովոյում միջազգային անվտանգության ապահովմանը մեր զինուժի ներգրավվածությանը:
Հայաստանի համար թե Իրանը, թե Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանը շարունակում են մնալ ռազմա-քաղաքական հարցերի կարեւորագույն գործընկերներ, եւ Հայաստանն էլ նրանց համար թերեւս պահպանում է այդ կարեւորությունը՝ մասնավորապես Կովկասում ռեգիոնալ անվտանգության իր դերակատարման հանդեպ պատասխանատվությամբ, որ ընդգծվել է թավշյա հեղափոխությունից հետո:
lragir.am/2020/01/03/506319/