Ջավախքում մտահոգված են. հայացք ներսից

26 նոյեմբեր 2015

Արդիական ահաբեկչություն, վերջերս բացված վրաց-թուրքական սահման Ջավախքում, թուրքական գրություններ Ախալքալաքի բերդի պատերին և անվտանգության նախազգուշական միջոցառումներ դպրոցներում. Ախալքալաքի բնակչության մեջ վերջին ժամանակներս նկատվում է անհանգստություն, կա արդյո՞ք առիթ վախենալու ու զգուշանալու՝ ի՞նչ են մտածում այդ մասին իշխանության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Միջազգային նշանակության իրադարձությունները ժամանակի տեսանկյունից համընկան Ջավախքի որոշ իրադարձությունների հետ` կապված Թուրքիայի հետ սահմանի բացմանը: Ախալքալաքում մասնավորապես զրույցների թեմա դարձավ 2-3 շաբաթ առաջ Ախալքալաքի բերդի պատերին թուրքերեն լեզվով կատարված գրությունը: Թուրքական գրությունները նշանակում էին մոտավորապես՝ «Մենք դեռ կվերադառնանք»: Շուտով կարմիր տառերով այդ գրությունը բերդի պատերին այլևս չկար` այն ծածկվել էր սպիտակ ներկով:

Ո՞վ է գրել և ի՞նչ նպատակ է ունեցել` անհասկանալի է, բայց հասկանալի է, որ դա առաջաղրեց որոշակի անհանգստություն ժողովրդի մեջ, առավել ևս այն պայմաններում, երբ ամբողջ աշխարհում մարդիկ վախեցած են ահաբեկչություններից:

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի նախագահ Արտակ Գաբրիելյանը կարծում է, որ բնակչության մեջ գոյություն ունի ոչ թե վախ, այլ անհանգստություն և այդ անհանգստությունը հայ-թուրքական պատմական հակամարտության ենթատեքստում է:

«Իհարկե մեր ժողովուրդը մտահոգված է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր միջև գոյություն ունի դարավոր թշնամություն: Եկեք սա չբնութագրենք որպես վախ, այլ մտահոգություն, որը կապված է աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ: Միջին Արևելքում, «Իսլամական պետությունում» կատարվող իրադարձությունները ու մեր սահմանի բացումը համեմվավ իրար հետ: Երևի դրա համար մեր ժողովրդի մեջ ավելի շատ անհանգստություն կա», – ասում է Արտակ Գաբրիելյանը:

Նա չի համարում սահմանի բացումը որպես աղետ կամ չարիք այն իմաստով, որ Վրաստանը Թուրքիայի հետ արդեն ուներ գործող մի քանի սահմանային անցակետեր:

«Այս իմաստով ոչ, բայց հաշվի առնելով Թուրքիայի նպատակը, և իրենց պանթուրքական ծրագրի իրագործումը մեր աչքի առաջ ունենալով, ինչը նրանք չեն էլ թաքցնում` Ադրբեջանի հետ ցամաքային սահման ունենալու առումով, իհարկե, մտահոգիչ է մեր ժողովրդի համար: Ես չեմ ցանկանում կապել այս երկու դեպքերը` սահմանի բացումը և «Իսլամական պետությունից» եկած վտանգը», – ասում է Արտակ Գաբրիելյանը:

Ախալքալաքի բերդի պատերի գրության հարցով` նրա խոսքերով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները:

«Ես չեմ կարող ասել, որ դա արել են թուրքերը կամ այլ կազմակերպություններ, բայց այնուամենայնիվ դա անհանգստացնում է բոլորին, քանի որ մեկ ամիս էլ չի անցել, ինչ բացվել է «Կարծախ» մաքսակետը և արդեն այդպիսի գրառումներ են հայտնվում», – ասում է նա:

Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը կարծում է, որ այստեղ չի կարող լինել ահաբեկչության վտանգ:

«Ինչ վերաբերում է ահաբեկչությանը, այս տեսանկյունից պետք է աշխատեն հատուկ ծառայությունները, և երևի աշխատում են, բայց այնուամենայնիվ պետք է լինել զգույշ: Մունիցիպալիտետը այս ուղղությամբ ոչինչ չի կարող ձեռնարկել, դա անվտանգության մարմինների և ոստիկանության գործն է: Ոչ ոք չէր կարող մտածել, որ Փարիզը կարող էր այդքան մոտ լինել ահաբեկությանը, բայց մոտ եղավ: Մենք ոչինչ չենք կարող անել, աշխարհը պետք է համախմբվի և պայքարի դրա դեմ», – ասում է Էդուարդ Աղասարյանը:

Նա իմացել է Ախալքալաքի բերդի պատերի գրությունների մասին, բայց չի կարող մեկնաբանել, քանի որ չգիտի, թե ով է արել և ինչու:

Էդուարդ Աղասարյանը կարծում է, որ «Կարծախ» մաքսակետի բացումը ունի և դրական, և բացասական կողմեր: Նրա խոսքով, Վարչությունը չունի տնտեսության զարգացման կոնկրետ ռազմավարություն այս ուղղությամբ, բայց վստահ է, որ ենթակառուցվածքների զարգացումը ակնհայտ է:

«Քանի որ սա շուկայական տնտեսություն է. այստեղ բիզնես շահեր կան: Ես չեմ կարող ասել պետական մաշտաբով կզարգանա ենթակառուցվածքը, բայց մասնավոր ոլորտում առաջխաղացում կլինի, քանի որ արդեն հետաքրքրվում են հյուրանոցների ու ռեստորանների կառուցմամբ Կարծախում», – ասում է վարչության նախագահը:

Այսօր քաղաքը ապրում է սովորական կյանքով, կա արդյոք անհանգստության առիթ Ախալքալաքում` ցույց կտա ժամանակը:

Շուշան Շիրինյան

http://jnews.ge/am/?p=4284&fb_action_ids=530576387101170&fb_action_types=og.likes&fb_ref=.VliWbDPEPy-.like#.Vlnur3YrJD_

http://westernarmeniatv.com/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail