ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ – Զօրավար Քասեմ Սուլէյմանիի Սպանութեան Եւ Դրա Հնարաւոր Հետեւանքների Մասին

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ – Զօրավար Քասեմ Սուլէյմանիի Սպանութեան Եւ Դրա Հնարաւոր Հետեւանքների Մասին

10 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Յունուարի 2-ին, Միացեալ Նահանգներու գործողութեան արդիւնքում, զոհուեց մի մարդ, որն ամենաարդիւնաւէտ ձեւով կազմակերպում եւ ղեկավարում էր ահաբեկչութեան դէմ պայքարը տարածաշրջանում:

Զօրավար Քասեմ Սուլէյմանիի նշանակութեան եւ տրամաչափի ռազմաքաղաքական գործչի սպանութիւնն անշուշտ լուրջ հարուած էր տարածաշրջանային երերուն կայունութեանը, որը չի կարող անհետեւանք մնալ: Այս կապակցութեամբ անհրաժեշտ է կատարել մի քանի դիտարկում.

Ա.- Զօրավար Քասեմ Սուլէյմանին առաւելապէս յայտնի էր որպէս խորաթափանց եւ խելացի ռազմագէտ եւ զօրահրամանատար: Նրան այդպէս էին ճանաչում Արեւմուտքում:

Քասեմ Սուլէյմանին համարւում էր Իրանի տարածաշրջանային քաղաքականութեան գլխաւոր ճարտարապետներից մէկը եւ առանցքային դերակատարութիւն ունէր տուեալ քաղաքականութեան իրագործմանն ուղղուած ռազմավարական եւ մարտավարական նշանակութեան բոլոր նախաձեռնութիւնների եւ գործողութիւնների իրականացման գործում:

Մեծ էր Քասեմ Սուլէյմանիի դերակատարութիւնը տարածաշրջանում` ուժերի հաւասարակշռութեան պահպանման գործում: Նրա սպանութիւնը միանշանակօրէն նպատակ էր հետապնդում փոխել տարածաշրջանում ուժերի յարաբերակցութիւնը, ինչը տեսանելի ապագայում կարող է յղի լինել անկանխատեսելի հետեւանքներով:

Բ.- Քասեմ Սուլէյմանին բացառիկ աւանդ եւ ներդրում ունէր տարածաշրջանում, մասնաւորապէս` Իրաքում, Սիրիայում եւ Աֆղանստանում միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարի գործում:

Դժուար է գտնել ուրիշ ոեւէ մէկը, որը երկար տարիներ, եւ նման բացառիկ արդիւնաւէտութեամբ կը կարողանայ ղեկավարել ահաբեկչական ամենատարբեր խմբաւորումների` ՏԱՀԵՇ-ի, Ժապհաթ ալ Նուսրայի, Քայիտայի, ինչպէս նաեւ` ուրիշ այլ մեծ ու փոքր ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարը: Նրա կորուստն անկասկած ծանրագոյն հարուած է տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի գործին:

Գ.- Մեծ էր յատկապէս Քասեմ Սուլէյմանիի ներդրումը Սիրիայի եւ Իրաքի կազմաքանդման ու կործանման, եւ տարածաշրջանն ապակայունացնող մի շարք վտանգաւոր գործընթացների կանխման գործում:

Անշուշտ, նման մակարդակի զօրահրամանատարի սպանութիւնը չի կարող անհետեւանք մնալ: Այս գործողութիւնը միանշանակ յանգեցնելու է ճգնաժամի թէժացմանն ու լարուածութեան մեծացմանը, որի անմիջական հետեւանքները կրելու է ողջ տարածաշրջանը:

Դ.- Քասեմ Սուլէյմանիի դէմ իրականացուած գործողութիւնը քաղաքական սպանութեան ակնյայտ փաստ է, որն այլ կերպ, քան «Միացեալ Նահանգների կողմից միջազգային մակարդակի ահաբեկչական աքթ» դժուար է բնութագրել:

Որեւէ երկրի կողմից մէկ այլ երկրի պետական նշանակութեան մակարդակի բարձրաստիճան ղեկավարի սպանութիւնն այն դէպքում, երբ այդ երկրները չեն գտնւում միմեանց հետ պատերազմական պայմաններում, միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտում է, որը չունի որեւէ արդարացում:

Իրանն անշուշտ յարմար պահին եւ յարմար տեղում այս յանցագործութեանը կը տայ համաչափ եւ համարժէք պատասխան: Սակայն, ինչպէս պատմութիւնն է բազմիցս ապացուցել, դա չի լինի շտապողական, յախուռն եւ անփոյթ քայլ:

Ընդհակառակը, վստահ ենք, որ Իրանի պատասխանը կը լինի գրագէտ եւ զուսպ, որը ուղղուած կը լինի ապահովելու երկրի ռազմավարական նշանակութեան կենսական շահերն ու տարածաշրջանային ազդեցութիւնը:

Ե.- Դատապարտելով զօր. Քասեմ Սուլէյմանիի տմարդի սպանութիւնը` ցաւակցում ենք Իրանի մեր հայրենակիցներին նրա նահատակութեան կապակցութեամբ:

Թէեւ նման մակարդակի գործչի կորուստը հեշտ չէ լրացնել, այդուհանդերձ, վստահ ենք, որ Իրանի ժողովուրդը կը յաղթահարի նաեւ այս մարտահրաւէրը` փաստելով, որ նման դաւադիր գործողութիւնները չեն կարող ազդել սեփական արժանապատուութիւնը եւ երկրի ինքնիշխանութիւնը բարձր պահելու իրանական հասարակութեան հաւաքական կամքի վրայ:

aztagdaily.com/archives/460182

Facebooktwitterredditpinterestlinkedinmail