Հայոց Սրբազան Տոմարն ու արեգակնային անշարժ օրացույցը
Հեղինակ` ՀԱՄ
12 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – //ayary.org//
«Միանգամայն եւ ցաւէ՛ որ չեմք կրնար դեռ ՛ի գործ դնել եւ զուգել այս հին տոմարը նորոյն հետ եւ վարել»:
Ղ.Ալիշան
Ըստ եկեղեցական տոմարագիտության, «Հայոց հին շարժական տոմարին զուգընթաց, հայերն օգտագործել են մի տոմար եւս, որ կոչվել է ՍՐԲԱԶԱՆ ԱՆՇԱՐԺ ՏՈՄԱՐ, սա գործածվել է Հայկա Ա եւ Բ շրջաններում (խոսքը Ղ. Ալիշանի կողմից հաշվարկված մ. թ. ա. 2492 թ-ից մինչեւ մ. թ. ա. 1032թ. եւ 1032թ-ից մինչեւ մ. թ. 428թ. ընկած 1460 տարի տեւողությամբ երկու ժամանակաշրջանների մասին է-Ս. Ս.):
Սրբազան տոմարը մեր հեթանոս (իմա՝ ցեղակրոն-Ս. Ս.) հայրերի կրոնական տոմարն էր, որի հիման վրա, տարվա չորս եղանակներին պատշաճ, կարգավորել էին հեթանոսական տոների օրերը: Ըստ Սրբազան տոմարի, Ամանորն սկսել են գարնանային գիշերահավասարից՝ Արեգ ամսի 1-ից: Այս գիշերահավասարով են ստուգել տարվա տեւողությունը, որը հավասար է 365 օր 5 ժ 48 ր 46 վրկ:
Սրբազան տոմարը բացառված պետք է լինի 301 թվին, երբ հայերը ընդունեցին քրիստոնեությունը: Սրբազան տոմարին փոխարինել է Հուլյան տոմարը, որն ընդունվել է քրիստոնյա եկեղեցիների կողմից իբրեւ պաշտոնական տոմար»1:
Այո՛, արեւապաշտական քաղաքակրթության բնօրրան հանդիսացող Հայկական լեռնաշխարհում ժամանակի հաշվումների համար հնուց ի վեր հայկազունները՝ արեւորդիները, օգտագործել են Սրբազան տոմար՝ արեգակնային (անշարժ) եւ շարժական օրացույցներով: Հայկ նահապետի հեղինակությանը վերագրվող այդ տոմարը վաղնջական քաղաքակրթությունից մնացած պատմամշակութային մի մեծարժեք խոսուն կոթող է, որի ուսումնասիրության արդյունքում հաջողվել է բացահայտել եւ վերականգնել հայոց Կենաց ծառի աստվածապաշտական համակարգը: Գիտության ամենատարբեր բնագավառներից հայտնի փաստացի տվյալների հավաքագրմամբ եւ համատեղ քննությամբ հաստատվել է, որ հայոց ավանդությունում ծիրանենին խորհրդանշում է առասպելական Կենաց ծառը եւ միաժամանակ ազգածին տոտեմի դեր է կատարում: Պարզվել է, որ միայն ծիրանն (հայկական ոսկե խնձորն) է բավարարում Կենաց պտղի ավանդական խորհրդանիշին ներկայացվող բոլոր պահանջներին2:
Գիտականորեն բացահայտվել է Հայոց Սրբազան տոմարի արեգակնային՝ անշարժ օրացույցի հնագույն ամսակարգը (տարեսկիզբն ու ամիսների հաջորդականությունը) եւ ամիսների օրակարգի հիմքում դրված աստղաբանական օրինաչափությունները, որը հնարավորություն է տվել ժամանակային եւ խորհրդանշական առումով որոշակիորեն ճշգրտելու, վերականգնելու մեր ազգային տոներն ու ծեսերը տարվա կենաց պարբերաշրջանում3:
Այսուամենայնիվ, մինչեւ վերջին ժամանակներս, տոմարական լուրջ ուսումնասիրությունների բացակայության պատճառով, շատ-շատերը շփոթում էին հայոց Սրբազան անշարժ տոմարը Սարկավագադիր անշարժ տոմարի հետ: Բանն այն է, որ Ղ. Ալիշանը հայոց Բուն թվականի սկզբի հաշվարկման համար հիմք է ընդունել Սարկավագադիր տոմարը, երբ XI դարում տոմարագետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասերը) Հուլյան տոմարի հետեւողությամբ նահանջ տարի մտցնելով 1084 թվի Օգոստոսի 11=Նավասարդի 1 զուգադրությամբ անշարժացրեց հայոց շարժական օրացույցը, որը եւ սկիզբ եղավ Սարկավագադիր կամ Փոքր թվականի համար (տես աղ. 1):
hayary.org