Ռուս-Թուրքական Առճակատումը Եւ Հայաստանը

30նոյեմբեր 2015

Tatul-Hagopian111-lousavor
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Նոյեմբերի 24-ին Քեսապի երկնքում` Սիրիա – Թուրքիա սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերը խոցեցին Սիրիայում ռուսական տորմիղի մէջ մտնող Սու-24 ռմբակոծիչը: Թուրքական կողմը պնդեց, որ ռուսական ռմբակոծիչը խախտել էր իր օդային տարածքը, մինչդեռ Ռուսաստանը համոզուած է, որ Սու-24-ը եղել է բացառապէս Սիրիայի տարածքում: Միջազգային հանրութիւնը` Թուրքիայի դաշնակիցներն առաջին հերթին, փորձեցին աւելի հաւասարակշիռ կեցուածք որդեգրել` կողմերին յորդորելով յաղթահարել դէպքի պատճառով առաջացած դիւանագիտական առճակատումը:

Սիրիայի եւ նրա նախագահ Պաշշար Ասատի հարցում Մոսկուա-Անգարա տարակարծութիւնները խորացել էին հոկտեմբերին, երբ Ռուսաստանը ներգրաւուեց Սիրիայում ռազմական գործողութիւնների մէջ` օդային հարուածներ հասցնելով հակաասատեան ուժերին, առաջին հերթին` Իսլամական պետութեան թիրախներին: Թուրքական կողմը յայտարարեց, որ ռուսական օդանաւերը պարբերաբար խախտում են Թուրքիայի օդային սահմանը: Այս նախազգուշացումներից օրեր անց` հոկտեմբերի 6-ին եւ 7-ին, թուրքական ռազմական ուղղաթիռները խախտեցին Հայաստանի օդային սահմանը: Հայկական կողմի հարցմանն ի պատասխան` Անգարայից պարզաբանեցին, որ անբարենպաստ եղանակային պայմանները օդաչուներին ստիպել են փոխել թռիչքուղին:

Հայ կամ ռուս ոեւէ բարձրաստիճան պաշտօնեայ հրապարակաւ չարձագանգեց թուրքական ռազմական ուղղաթիռների` հայկական օդային սահմանի խախտմանը: Փոխարէնը, յաջորդեց Գիւմրիից ռուսական ռազմական օդանաւերի ցուցադրական եւ բազմակի թռիչքները դէպի Հայաստան-Թուրքիա սահման: Այսպիսով, ռուս-թուրքական օդային առաջին միջադէպը հարթուեց:

Ընդհանուր թշնամու` Իսլամական պետութիւն ահաբեկչական խմբաւորման առկայութիւնը Ռուսաստանին եւ Արեւմուտքին ստիպում է մի կողմ դնել բազմաթիւ տարակարծութիւնները, որոնք վերջին տարիներին յանգեցրել են Սառը պատերազմից յետոյ ամենախորը ճգնաժամին Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Սինայի թերակղզու երկնքում ռուսական քաղաքացիական օդանաւի կործանումը եւ Փարիզի ահաբեկչութիւնների շարքը Ռուսաստան-Արեւմուտք մերձեցման առիթ ու հնարաւորութիւն տուեցին: Եւ ահա այս էական պահին թուրքերը խոցում են ռուսական Սու-24-ը:

Եթէ անգամ ռուսները խախտել են թուրքական օդային սահմանը, ապա, միեւնոյնն է, Թուրքիայի գործողութիւնը անհամաչափ է: Իսկ եթէ թուրքական կողմը սպասում էր յարմար պահի, ինչում համոզուած են ռուսները, որպէսզի խոցէր Սու-24-ը, ապա դա խօսում է այն մասին, որ Անգարայի շահերին հակասում է Սիրիայի, Իսլամական պետութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարի հարցերում Ռուսաստան-Արեւմուտք անխուսափելի մերձեցումը:

Ուշագրաւ է, որ Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինն ու Թուրքիայի նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը միմեանց հասցէին հրապարակային յայտարարութիւններում աւելի շատ շեշտադրում են ոչ այնքան խոցուած Սու-24-ի միջադէպը, որքան` Սիրիայում Թուրքիայի ներգրաւուածութիւնը, մասնաւորապէս Անգարայի` Իսլամական պետութեան հետ համագործակցութիւնը:

Հայաստանի պաշտպանութեան նախարարը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռ խոցելու դէպքը որակեց հարուած միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարին: Սա միակ յայտարարութիւնն էր, որ արուեց հայկական կողմից:

2014-ի նոյեմբերին, երբ ազրպէյճանական կողմը խոցեց հայկական Մի-24 ուղղաթիռը, Ռուսաստանն արձագանգեց արտաքին գործերի նախարարութեան խօսնակի մակարդակով: Ռուս դիւանագէտը ցաւ յայտնեց երեք հայ օդաչուների զոհուելու առիթով, ինչպէս նաեւ յիշեցրեց, որ Հայաստանի եւ Ազրպէյճանի ղեկավարները պարտաւորուել են ղարաբաղեան հակամարտութիւնը լուծել խաղաղ ճանապարհով:

Պաշտօնական Երեւանն իր հրապարակային յայտարարութիւններում պէտք է զգուշ լինի, ուշադրութեամբ հետեւի իրադարձութիւններին եւ դրանցից առաջ չընկնի: Ռուսաստանը եւ Թուրքիան ունեն ընդհանուր շահեր եւ, չնայած հրապարակային կոշտ հռետորաբանութեանը, փորձելու են յաղթահարել ստեղծուած փակուղին:

Այո՛, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Գիւմրիում է տեղակայուած ռուսական 102-րդ ռազմակայանը, Հայաստան-Թուրքիա սահմանը հսկում են նաեւ ռուս սահմանապահները: Պարզ տրամաբանութիւնը, ինչպէս նաեւ պատմական դառը փորձը մեզ պէտք է անդադար յիշեցնեն, որ Ռուսաստան-Թուրքիա առճակատումից կամ բարեկամութիւնից Հայաստանը չի կարող շահած դուրս գալ:

Ռուս-թուրքական այս միջադէպը, անկախ հրապարակային կոշտ յայտարարութիւններից, առաջիկայում յաղթահարուելու է, սակայն այն իր նստուածքն է թողնելու Մոսկուա-Անգարա յարաբերութիւններում:

Ինչպէս Փութինի, այնպէս էլ Էրտողանի համար այս միջադէպը նաեւ անձնական` «ես»-ի խնդիր է: Այս միջադէպը նաեւ երկու առաջնորդների` ռուսական ցարի ու թուրքական սուլթանի անձնական պայքար է, հետեւաբար դա նոյնպէս իր նստուածքն է թողնելու երկկողմ յարաբերութիւնների վրայ:

Եթէ անգամ ռուսական խորհրդարանը` Պետական Տուման քրէականացնի Հայոց ցեղասպանութեան ժխտումը, ապա դա անելու է ոչ թէ յանուն պատմական արդարութեան, այլ` ընդդէմ թուրքերի: Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը, այդ օրերին Փութինի այցը Երեւան շատ աւելի յարմար առիթ էր եւ լաւ կ՛ընկալուէր, եթէ զուգահեռաբար քրէականացման նախաձեռնութիւնը մտնէր Տումայի օրակարգ:

Ռուս-թուրքական այս թնճուկը կարող է իր բացասական ազդեցութիւնը թողնել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վրայ: Եթէ նախկինում, ինչպէս արձանագրութիւնների ստորագրման շրջանում, Մոսկուան չէր խոչընդոտում հայ-թուրքական մերձեցմանը, ապա նոյն դիրքորոշումը պէտք չէ ակնկալել նաեւ այսօր:

Ռուսաստան-Թուրքիա ճգնաժամի ընթացքում Հայաստանը պէտք է առաջին հերթին մտածի ոչ թէ այն մասին, թէ ի՛նչ կը շահի երկու տէրութիւնների բախումից, այլ թէ ի՛նչ քայլեր պէտք է անի կամ չանի, որպէսզի վնասներ չունենայ:

Հայկական կողմը հրապարակային յայտարարութիւններում պէտք է չափազանց զգուշ եւ նրբանկատ լինի: Ռուսաստանը, հաւանաբար, կ՛ակնկալէր Երեւանի արձագանգը: Պաշտպանութեան նախարարի յայտարարութիւնը բաւարար է:

Պէտք չէ ոգեւորուել ռուս քաղաքական գործիչների` Հայաստանի եւ հայութեան հասցէին արուող հրապարակային հաճոյախօսութիւններից: Դրանք արւում են ռուս-թուրքական հակասութիւնների խորապատկերին եւ աւելի շատ նպատակ են հետապնդում նեարդայնացնել թուրքերին: Հէնց այս պարունակում պէտք է դիտարկել նաեւ ռուս օրէնսդիրների` Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու նախաձեռնութիւնը:

Հետեւաբար, Հայաստանը պէտք չէ թիրաժաւորի ռուս քաղաքական գործիչների եւ պատգամաւորների` թուացեալ հայանպաստ յայտարարութիւնները: Դա կարող է առաւել գրգռել թուրքերին հայերի դէմ եւ աւելի խորը փակուղի տանել Հայաստան-Թուրքիա փակուղին:

Հաշուի առնելով, որ Եգիպտոսից յետոյ Ռուսաստանը Թուրքիան եւս համարում է ոչ անվտանգ վայր ռուս զբօսաշրջիկների համար, Հայաստանը պէտք է օգտուի այս իրավիճակից եւ փորձի ռուս զբօսաշրջիկների որոշակի հատուածի համար դառնալ այլընտրանքային զբօսավայր:

ԱԶԴԱԿ
http://www.aztagdaily.com/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail