Արամ Շահնազարեան – Տարածաշրջանի Թէժացումները Որոշակի Վտանգ Են Ներկայացում Հայաստանի Եւ Արցախի Հանրապետութիւնների Համար
15 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՀԱՐՑԱԶՐՈՅՑ:
«««Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների»»»
Իրանի շուրջ ստեղծուած իրադրութեան եւ հնարաւոր զարգացումների մասին «Երկիր»-ը զրուցել է alikonline-ի խմբագիր Արամ Շահնազարեանի հետ:
ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Շահնազարեան, Իրանի շուրջ ընթացող արտաքին զարգացումների մասին բաւական խօսուեց, ինչպիսի՞ն է իրադրութիւնը երկրի ներսում, ի՞նչ տրամադրութիւներ են ստեղծել վերջին իրադարձութիւնները հասարակական շրջանակներում:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Երկրի ներսում, ներկայ դրութեամբ, իրավիճակը կայուն է: Մարդիկ զբաղուած են իրենց առօրեայ կեանքով, եւ խուճապի որեւէ նշան չկայ: Վերջին իրադարձութիւնները հասարակական բացառիկ համախմբուածութեան պատճառ դարձան: Իրանական հասարակութեանը խիստ վրդովեցրել են Միացեալ Նահանգների անօրինական գործողութիւնները: Նրանք, որոնք քիչ թէ շատ ծանօթ են Իրանի ժողովրդին, նրա մտածողութեանն ու հոգեկառուցուածքին, լաւ գիտեն, որ արտաքին սպառնալիքի դէպքում, երբ յատկապէս նժարին դրուած է երկրի անվտանգութեան եւ ազգային արժանապատուութեան հարցը, ինչպիսին է իրանական հասարակութեան արձագանգը:
Զօրավար Սուլէյմանիի յուղարկաւորութեան եւ թաղման արարողութիւնը դրա վառ ապացոյցն էր:
Հ.- Կարծիք կայ, որ զօրավարի սպանութիւնը, որքան էլ կորստաբեր էր Իրանի համար, այդուհանդերձ, այն ունեցաւ համախմբող ազդեցութիւն երկրի ներսում: Համաձա՞յն էք:
Պ.- Միանշանակ համաձայն եմ: Զօրավար Սուլէյմանին այն բացառիկ կերպարներից էր, որն իր մէջ խտացրել էր իրանական հասարակութեան համար երեք չափազանց կարեւոր` ազգային, կրօնական եւ մարդկային բաղադրիչները: Եւ հէնց սա էլ բացառիկ համախմբող ազդեցութիւն ունեցաւ երկրի ներսում:
Պէտք է նշեմ, որ զօրավարի մահը սգում են անգամ նրանք, որոնք ունեն որոշակի ընդդիմադիր հայեացքներ եւ մօտեցումներ: Գիտէք, առասպելական զօրահրամանատարին կարելի էր չհամակրել, նրա կարծիքները եւ գաղափարները չկիսել հնարաւոր էր, բայց նրան չյարգելը բացառուած էր:
Հ.- Իրանն, ի վերջոյ, կը ստեղծի՞ միջուկային զէնք:
Պ.- Դա բացառուած է: Տարիների ընթացքում Իրանը բազմիցս յայտարարել եւ ապա իր գործողութիւններով փաստել է, որ չի ձգտում միջուկային զէնքի: Դա երբեւէ Իրանի պաշտպանական դոկտրինի մաս չի կազմել եւ չի էլ կազմելու:
Ես ցանկանում եմ յատուկ ընդգծել մի կարեւոր փաստ. զանգուածային սպանութեան զէնքերի, այդ թւում` միջուկային զէնքի օգտագործումը հակասում է Իրանի իշխանութիւնների եւ ժողովրդի ազգային, կրօնական եւ բարոյական արժեհամակարգին: Սա պէտք է գիտակցեն եւ հասկանան բոլորը: Իսկ նման դէպքերում, իրանցիները երբեւէ դէմ չեն գնում իրենց սկզբունքներին:
Հ.- Միացեալ Նահանգները, բնականաբար, կը փորձի Իրանի դէմ ներքաշել տարածաշրջանի մի շարք երկրների եւ ուժերի: Կը ձեւաւորուի՞, այսպէս կոչուած, հակաիրանեան համախմբում, թէ՞, այդուհանդերձ, կը յաջողուի հաւասարակշռութիւնը պահպանել տարածաշրջանում:
Պ.- Ներկայ դրութեամբ, ցանկացած ձեւաչափով, հակաիրանական որեւէ համախմբման մաս կազմելը չի բխում տարածաշրջանի երկրների շահերից: Կարծում եմ` դա գիտակցում են տարածաշրջանի բոլոր երկրները: Յամենայն դէպս, այդ մասին են վկայում տարածաշրջանի երկրների չափազանց զգուշաւոր եւ պահպանողական դիրքորոշումները:
Նրանք գիտակցում թէ, որ ինչպիսի՛ անկանխատեսելի եւ աղէտալի հետեւանքներ կարող է ունենալ զինուած հակամարտութիւնը ողջ տարածաշրջանի համար: Չմոռանանք, որ Իրանն արդէն իսկ նախազգուշացրել է տարածաշրջանի երկրներին` ամերիկեան սադրանքների մէջ ներքաշուելու հնարաւոր հետեւանքների մասին:
Հ.- Տարածաշրջանի այսպիսի թէժացումը կարո՞ղ է ինչ-որ կերպ անդրադառնալ «հայկական թէժ օճախի»` արցախեան հակամարտութեան վրայ:
Պ.- Նման թէժացումները միանշանակ որոշակի վտանգ են ներկայացնում Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների համար: Հնարաւոր պատերազմի դէպքում, Հայաստանը կը կորցնի արտաքին աշխարհի հետ իր ամենավստահելի ելքը: Սա միանշանակ աղէտալի հետեւանքներ է կարող ունենալ հայկական զոյգ պետութիւնների անվտանգութեան համար:
Դրանից բացի, կարծում եմ, որ եթէ պայմանները նպաստաւոր լինեն, ապա մեր թշնամի պետութիւնները` Ազրպէյճանն ու Թուրքիան ձեռքից բաց չեն թողնի ղարաբաղեան հակամարտութիւնը ռազմական ճանապարհով իրենց օգտին լուծելու առիթը:
Այնպէս որ, հայկական կողմը պէտք է պահպանի զգօնութիւնը, վարի նախաձեռնողական քաղաքականութիւն, տարբեր մակարդակներով խորհրդակցութիւններ ունենայ տարբեր երկրների հետ, որպէսզի բեմագրութեան վատագոյն զարգացման դէպքում անգամ կարողանայ ստեղծուած իրավիճակից ելք գտնել:
Այս ընդհանուր համայնապատկերին մէջ ես կը ցանկանայի յիշեցնել մի կարեւոր փաստի մասին. ամերիկացիները, այնուամենայնիւ, եկուորներ են: Նրանք կարող են այսօր լինել, իսկ վաղը հեռանալ մեր տարածաշրջանից: Բայց Իրանն ու Հայաստանը հարեւաններ են, որոնք հազարամեակներ շարունակ ապրել եւ խաղաղ գոյակցել են կողք կողքի եւ այդպէս էլ շարունակելու են յաւերժ:
www.aztagdaily.com/archives/460637