«Կատարուած Յանցագործութիւնները Մինչ Օրս Պատշաճ Իրաւական Գնահատական Չեն Ստացել». Արտակ Բեգլարեան

«Կատարուած Յանցագործութիւնները Մինչ Օրս Պատշաճ Իրաւական Գնահատական Չեն Ստացել». Արտակ Բեգլարեան

16 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԱՆԴՐԱԴԱՐՁ:

Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան Արտակ Բեգլարեանը յայտարարութիւն է տարածել` 1990թ. յունուարին Ազրպէյճանի կողմից Պաքւում կազմակերպուած հայերի կոտորածների 30-րդ տարելիցի առթիւ: Յայտարարութեան բնագիրը` ստորեւ.

1990 թուականի յունուարին Ազրպէյճանի Պաքու քաղաքը կրկին դարձել էր հայերի նկատմամբ շարունակաբար իրականացուող ջարդերի թատերաբեմ (1905թ. եւ 1918թ. հայերի զանգուածային կոտորածներից յետոյ երրորդ անգամ), որտեղ, ի տարբերութիւն Ազրպէյճանի միւս բնակավայրերի, դեռեւս շարունակում էին բնակուել զգալի թուով հայեր: Յունուարի 13-ին Պաքւում կազմակերպուած բազմահազարանոց հանրահաւաքից յետոյ, կանխաւ մշակուած ծրագրի համաձայն, հաւաքուած մօտ 50 հազարանոց ամբոխը բաժանուեց խմբերի եւ նախորոշուած հասցէներով ներխուժեց հայերի բնակարաններ` քաղաքը հայերից «մաքրելու» նպատակով:

Յունուարի 13-20 ընկած ժամանակահատուածում միայն իր ազգային պատկանելիութեան համար Պաքուի հայութիւնը ենթարկուեց բռնարարքների` կոտորած, թալան ու բռնի տեղահանում` խախտելով հայերի կեանքի, խոշտանգումներից ու խտրականութիւնից զերծ լինելու, ազատութեան ու անվտանգութեան, սեփականութեան, արդար դատաքննութեան եւ մի շարք այլ իրաւունքներ: Սպաննուածների ճշգրիտ քանակը մինչ այժմ յայտնի չէ, սակայն, ըստ մեր վերջին հետազօտութիւնների, սպաննուել է շուրջ 450 մարդ:

Յունուարի 18-ին Պաքուի հայկական ջարդերի եւ Շահումեանի շրջանի հայկական գիւղերի ու Գետաշէնի վրայ յարձակումների կապակցութեամբ Եւրոխորհրդարանն ընդունեց «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձեւը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանութիւններին` ապահովել Ազրպէյճանում ապրող հայերի գործուն պաշտպանութիւնը` իրավիճակին միջամտելու համար զօրք մտցնելու միջոցով:

Միայն 1990թ. յունուարի 20-ի գիշերը Ազրպէյճանական ԽՍՀ մայրաքաղաք մտցուեցին խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք, կոտրելով Ազրպէյճանի Ազգային ճակատի զինուած ջոկատների կատաղի դիմադրութիւնը, դադարեցրին հայերի եօթօրեայ կոտորածները: 1990 թ. սեպտեմբերի 27-ին «New York Review of Books»-ում բաց նամակ հրապարակուեց` ուղղուած միջազգային հանրութեանը, որը ստորագրուել էր Եւրոպայի, Քանատայի եւ Միացեալ Նահանգների 133 նշանաւոր գիտնականների եւ իրաւապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Պաքւում հայերի սպանութիւնների ու ջարդերի դէմ: Նամակում մասնաւորապէս նշւում էր, որ «Հայկական փոքրամասնութեան դէմ իրականացուած ոճրագործութիւնները Խորհրդային Ազրպէյճանում դարձել են հետեւողական պրակտիկա, եթէ ոչ` պաշտօնական քաղաքականութիւն»:

Ազրպէյճանի կողմից Պաքւում կազմակերպուած մարդկութեան դէմ այդ յանցագործութիւնը արագացրեց եւ գրեթէ աւարտին հասցրեց Ազրպէյճանում հայ բնակչութեան լրիւ ցեղային զտումը: Այդ քաղաքականութեան շրջանակներում 1988-1990թթ. Ժամանակահատուածում Ազրպէյճանի Սումկայիթ, Կիրովապատ (Գանձակ, Ա.) եւ մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, ԽՍՀՄ իշխանութիւնների իմացութեամբ ու թողտուութեամբ, սպաննուեցին հազարաւոր եւ բռնագաղթեցին աւելի քան 400.000 հայեր:

Դրան յաջորդող տարիներին (ներառեալ` 1991-1994թթ. ազրպէյճանա-ղարաբաղեան պատերազմի ժամանակ) նոյնպէս Ազրպէյճանի կողմից շարունակուել է հայերի ցեղային զտման քաղաքականութիւնը, որը, ըստ մեր վերլուծութեան, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ պատժելու մասին» հռչակագրով սահմանուած ցեղասպանութեան յանցագործութեան իրաւական ձեւակերպմանը: Աւելին, բացի հարիւրհազարաւոր ազրպէյճանահայութեան հայրենազրկումից, մեր հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ նրանց սեփականութեան, ազատ տեղաշարժի եւ մի շարք այլ իրաւունքներ շարունակաբար մնում են խախտուած, եւ շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականութեան ֆիզիքական, հոգեբանական ու նիւթական հետեւանքները:

Կատարուած յանցագործութիւնները մինչ օրս պատշաճ իրաւական գնահատական չեն ստացել եւ մնացել են անպատիժ, ինչի հետեւանքներից է նաեւ ներկայումս Ազրպէյճանի Հանրապետութեան կողմից հայատեացութեան պետական քաղաքականութեան իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ազրպէյճանահայութիւնն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան բնակչութիւնը, այլեւ` բոլոր հայերը եւ Արցախ այցելող օտարերկրացիները: Յիշեցնենք, որ Ազրպէյճանի հայատեացութեան քաղաքականութեան վերաբերեալ Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է յատուկ զեկոյց` ներկայացնելով դրա դրսեւորման որոշակի օրինակներ եւ վերաբերելի միջազգային իրաւունքի վերլուծութիւն:

Ազրպէյճանական հասարակութեան մէջ սերմանուած հայատեացութեան դրսեւորման աշխուժ փուլ արձանագրուեց նաեւ 2016թ. ապրիլին Արցախի վրայ Ազրպէյճանի լայնածաւալ յարձակման ժամանակ, եւ Մարդու իրաւունքների պաշտպանն իր փաստահաւաք առաքելութեան շրջանակներում 2016թ. յատուկ զեկոյցով ներկայացրել է քաղաքացիական ու զինուորական անձանց սպանութեան, գլխատման, խոշտանգման եւ իրաւունքների խախտման ու պատերազմական յանցագործութիւնների մի շարք այլ դէպքեր: Յատկանշական է, որ այդպիսի յանցագործութիւններ կատարած ազրպէյճանցի զինուորականներն այնուհետեւ պարգեւատրուել ու խրախուսուել են Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից:

Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրութեանը պատշաճ իրաւական գնահատական տալ 1990թ. յունուարին Պաքւում կատարուած բռնութիւններին` համաձայն միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների եւ կանոնների, ինչպէս նաեւ` գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս շարունակուող հայատեացութեան քաղաքականութեան դադարեցման ուղղութեամբ: Ցեղապաշտական ատելութեան այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրաւունքի հանրայայտ սկզբունքներին, այլեւ աւելի ու աւելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտութեան կարգաւորումից եւ տեւական խաղաղութիւնից:

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի

www.aztagdaily.com/archives/460969

Facebooktwitterredditpinterestlinkedinmail