ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ – Յովհաննէս Քաջազնունու Ճակատագիրը Խորհրդային Հայաստանում

Յովհաննէս Քաջազնունի Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ

Յովհաննէս Քաջազնունու Ճակատագիրը Խորհրդային Հայաստանում

ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
ԵՊՀ Սփիւռքագիտութեան ամպիոնի ասիստենտ

17 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Յովհաննէս Քաջազնունին լայն հասարակայնութեանը յայտնի է որպէս 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ, Պաքուի հայկական Ս. Թադէոս-Բարդուղիմէոս մայր եկեղեցիի ճարտարապետ եւ «Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս» հանրայայտ գրքի հեղինակ, սակայն քչերին է յայտնի, թէ ի՛նչ ճակատագրի արժանացաւ մեծանուն հայը` հայրենիք վերադառնալուց յետոյ: Ընթերցողին ներկայացնում ենք մեծ հայի կեանքի Խորհրդային Հայաստանում ապրած տարիների չլուսաբանուած էջերը:

1923թ. ապրիլի 7-ից մինչեւ մայիսի 19-ը Վիեննայի մէջ գումարւում է ՀՅԴ Արտասահմանեան մարմինների արտակարգ խորհրդաժողովը (քոնֆերանս): Խորհրդաժողով հրաւիրւում է եւ Յ. Քաջազնունին, սակայն վերջին պահին նա հրաժարւում է մասնակցել եւ իր զեկուցումը, որը վերնագրուած էր «ՀՅ Դաշնակցութիւնը անելիք չունի» ուղարկում է փոստով: 1923թ. յուլիսին Յ. Քաջազնունին իր զեկոյցը կուսակցական շարքային ընկերներին աւելի մատչելի դարձնելու նպատակով հրապարակում է առանձին գրքոյկով, ինչը մեծ աղմուկ է բարձրացնում թէ՛ ՀՅԴ կուսակցութեան մէջ եւ թէ՛ սփիւռքի գաղութներում: Նոյն թուի օգոստոսի 15-ին Յ. Քաջազնունին նամակ է գրում Կարպատների մեկուսի կոմիտէին (ՀՅԴ կուսակցութեան այն շրջանի ղեկավարութեանը, որի մէջ գտնւում էր Յ. Քաջազնունին, ՀՄ), որով յայտնում է, որ դուրս է գալիս ՀՅԴ կուսակցութեան շարքերից:

Այնուհետեւ Յ. Քաջազնունին 1924թ. մարտի 15-ին դիմում է Պերլինի Խորհրդային իշխանութեան ներկայացուցչութեան Անդրկովկասեան Խորհրդային Հանրապետութիւնների առեւտրական ներկայացուցչին` խնդրելով թոյլտուութիւն տալ վերադառնալ Խորհրդային Հայաստան: 1924թ. սեպտեմբերի 25-ին Անդրերկրկոմի խնդրանքով եւ Ալ. Միասնիկեանի զեկուցումով Համկ(բ)Կ կետկոմի քաղպիւրոն թոյլտուութիւն տուեց եւ վերադարձի որոշում ընդունեց Յ. Քաջազնունու համար: 1924թ. դեկտեմբերի վերջերին Յ. Քաջազնունին հասնում է Պաթում, որտեղից անցնում է Թիֆլիս, իսկ 1925թ. յունուարի 19-ին նա արդէն Երեւանում էր: Եւ իրապէս մեծ յոյսերով ու նպատակներով Յ. Քաջազնունին վերադարձաւ Երեւան:

Պատանեկան խանդավառութեամբ նա անցաւ գործի` իր մասնագիտական գիտելիքները ի նպաստ դնելու յանուն նոր Հայաստանի կերտմանը: Այդ տարիներին Հայաստանում ընթանում էին մեծ ծաւալի շինարարական աշխատանքներ, եւ ճարտարապետների խիստ կարիք էր զգացւում: Եւ Քաջազնունու բարձր արհեստավարժութիւնը եւ խորը գիտելիքները մեծ դեր խաղացին երիտասարդ հանրապետութեան հասարակական եւ ճարտարապետական կեանքում: 1925թ. Յ. Քաջազնունին, գալով Երեւան, ընտրւում է ՀՍՍՀ Պետպլանին կից Տեխնիկական խորհրդի անդամ եւ կարճաժամկէտ ծառայութիւնից յետոյ մարտի սկզբից ստանձնում է Հայ բամբակ կոմիտէի շինարարական բաժանմունքի վարիչի պաշտօնը, որը զբաղեցնում է մինչեւ 1927թ. մարտ ամիսը: Լինելով բարձրակարգ ճարտարապետ` նա յաճախ էր հրաւիրւում տարբեր յանձնաժողովների աշխատանքներին եւ տալիս նախագծերի եզրակացութիւններ: 1926թ. Յ. Քաջազնունին մասնակցում է կառուցուելիք ժողտան (օփերայի եւ պալէի շէնքի) յայտարարուած մրցոյթին (նախագիծը ցաւօք չի պահպանուել, ՀՄ): 1927-29թթ. Քաջազնունու նախագծերով եւ նրա անմիջական ղեկավարութեամբ Երեւանում եւ Սարդարապատում կառուցուեցին բամբակամշակման գործարաններ (չեն պահպանել,ՀՄ), նոյն թուականներին կառուցում է ձէթ-օճառի գործարանը Երեւանում` իր բոլոր օժանդակ կառոյցներով, բնակելի աւան` աշխատողների համար:

Դրանք կառուցուեցին «Գրախտ» ընկերութեան կողմից եւ հանդիսացան Խորհրդային Հայաստանի առաջին արդիւնաբերական շինութիւնները: Իսկ բնակելի աւանի շինարարութիւնը գործարանի տարածքի մօտ Հայաստանում առաջին փորձերից է հանդիսանում: Այն հետապնդում է որոշակի նպատակ. աշխատողների բնակեցման շրջանները անմիջականօրէն աշխատավայրին մօտեցնելը: Այդ միտումը բնորոշ է 20-ական թուականների հայկական ճարտարապետութեանը: 1926թ. Գիւմրու սարսափելի երկրաշարժից յետոյ Յ. Քաջազնունին մշտապէս գտնուել է այնտեղ, ուսումնասիրել քանդուած տների բնոյթը, առաջարկել շէնքերը ճիշդ կառուցելու ուղիներ: 1927թ. հանդէս է եկել զեկոյցով` Լենինականում իրականացուող վերականգնողական շինարարական աշխատանքների բնոյթի վերաբերեալ:

Հետագայում, 1935թ. Յ. Քաջազնունին Լենինականում նախկին Պուլվարնայայ (Կիրովի) եւ 27-րդ փողոցների խաչմերուկում կառուցում է բնակելի նոր շէնք: Այս կառոյցը մինչեւ օրս կանգուն է եւ դիմակայել է անգամ 1988թ. աւերիչ երկրաշարժին, համարւում է Յ. Քաջազնունու լաւագոյն գործերից մէկը: 1927թ. մարտից Յ. Քաջազնունին աշխատել է շինարարական նախագծերի հսկողութեան ոլորտում, սկզբում` Տնտխորհրդին կից Շինարարա-տեխնիկական կոմիտէում, ապա` Պետպլանին Էկօսօ-ին կից Շինարարա-տեխնիկական կոմիտէի նախագահի տեղակալ (մինչեւ 1931թ.):

1932-37թթ. եղել է ՀՍՍՀ Կոմունալ տնտեսութեան ժողկոմիսարիատի խորհրդի գիտ. քարտուղարը: Միաժամանակ Յ. Քաջազնունին աշխուժօրէն մասնակցում է հասարակական գործունէութեամբ: Հայաստանի Տեխնիկական ընկերութեան նախագահութեան անդամ էր, ապա` նախագահ: 1928թ. Հ. Աճառեանի, Գ. Յակոբեանի, Ա. Տէրեանի հետ համահեղինակութեամբ, Յ. Քաջազնունին իր թեքնիք եւ գրական գիտելիքների մեծ պաշարով մասնակցում է «Շինարարական կառոյցների ռուս-հայերէն բառարանի» ստեղծմանը: Այդ բառարանը բաղկացած էր 7560 բառ-յօդուածներից: 1929թ. նոյեմբերի 1-ից հանդիսանում էր «կորչի անգրագիտութիւնը» ընկերութեան անդամ:

1926թ. աշնանից մինչեւ 1931թ. գարունը Յ. Քաջազնունին դասաւանդում է Երեւանի Համալսարանի նոր կազմակերպուած թեքնիք բաժանմունքում (շինարարական արուեստ), ապա` Շինարարական հիմնարկում (ճարտարապետական նախագծում) առարկաները: 1930թ. փետրուարի 9-ին ՀՍՍՀ Լուսժողկոմատի որոշմամբ, Յ. Քաջազնունու շնորհում են փրոֆեսէօրի գիտական կոչումը: 1930թ. Յ. Քաջազնունին կառուցում է Ապարանի շրջխորհրդի երկյարկանի շէնքը, որի ծաւալի մէջ ընդգրկուած են նաեւ ճաշարան եւ հիւրանոցը, իսկ 1936թ. մարտի 8-ին նա «աշխատանքային պայմանագիր» է կնքում Բերիայի անուան Բարձրագոյն կոմունիստական գիւղատնտեսական դպրոցի տնօրէն Ս. Խաչատրեանի հետ, որով պարտաւորւում է վերանախագծել եւ շարունակել այդ շինութեան կենտրոնական մասի եւ աջ թեւի կառուցումը: Այդ շէնքը այժմեան Տէրեան փողոցի վրայ գտնուող Փոլիթեքնիք համալսարանի այժմեան նախագահութիւնը է, որը Ա. Թամանեանի յանձնարարութեամբ են սկսել առաջին նախագծային եւ շինարարական աշխատանքները: Ըստ Ճարտարապետ Լ. Դոլուխանեանի այդ շէնքի վերաբերեալ բացի յիշեալ «Աշխատանքային պայմանագրից», որեւէ փաստաթուղթ չի պահպանուել, եւ հեղինակի հարցը մտորումների տեղիք է տալիս:

Հասցրե՞լ է արդեօք Քաջազնունին իրականացնել այդ պայմանագիրը` մնացել է անյայտ: Միաժամանակ պէտք է նշել, որ Հ.Քաջազնունու կեանքը Խորհրդային Հայաստանում այնքան էլ հեշտ չի անցել: Հայրենիքում նա մշտապէս գտնուել է ՆԿՎԴ-ի գործակալների մշտական հսկողութեան տակ, ենթարկւում զանազան ճնշումների, հասարակութեան կողմից յաճախ մեղադրւում էր իր հաւատարմութեան համար, պիտակաւորուելով` որպէս «ծպտուած յեղափոխական եւ խափանարար»:

1930թ. Յ. Քաջազնունին Խորհրդային Հայաստանի 10-ամեակին նուիրուած մի յօդուած է պատրաստում տպագրել (որն այդպէս էլ չի տպագրւում), սակայն այս յօդուածը մեծ աղմուկ է բարձրացնում ուսանողութեան շրջանում, որոնք ծանօթանալով յօդուածի բովանդակութեանը Հայաստանի ճարտարագէտ-տեխնիկների եւ գիւղատնտեսական մասնագէտների համագումարում, դիտարկում են օտար գաղափարախօսութեան առկայութիւն Յ. Քաջազնունու յօդուածի բովանդակութեան մէջ եւ ընդունում պարսաւանքի բանաձեւ: Այդ համագումարում ելոյթ է ունենում ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1-ին քարտուղար Ա. Խանջեանը: «Խորհրդային Հայաստան» թերթը անդրադառնում է այդ համագումարի եւ Ա.Խանջեանի ճառին: Իր խօսքում Ա. Խանջեանը անդրադառնալով Յ. Քաջազնունուն` մասնաւորապէս ասում է.

«… Քաղաքացի Քաջազնունին, չնայած իր ծերունի հասակին, երիտասարդի պէս ոգեւորւում է մեր շինարարութեամբ, մեր կուլտուրական վերելքով: Սակայն նա եւ նրա նմանները չեն ուզում կամ չեն կարողանում հաշտուել այդ շինարարութեան սոցալիստական իմաստի ու բովանդակութեան հետ, շարունակելով զարդարուած մնալ սոսկ լոյալութեան փետուրներով»: 1931թ. աշնանը Յ. Քաջազնունին չդիմանալով այդ աննախադէպ քննադատութեանը ու ճնշմանը` դուրս է գալիս Շինարարական հիմնարկից եւ այլեւս գիտա-կրթական գործունէութեամբ չի զբաղւում: Հետաքրքրական է, որ ականատեսի վկայութեամբ, Յ. Քաջազնունին հանդիպում է խնդրում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Սահակ Տէր Գաբրիէլեանի հետ եւ բողոքում, որ իրեն մեղադրում են որպէս հակայեղափոխական, «ծպտուած դաշնակցական, խափանարար եւ անգամ Չեկան ստիպում է մամուլի մէջ դաշնակցութեանը վարկաբեկող յօդուածներ գրել, սակայն նա մերժում է` պատճառաբանելով, որ Դաշնակցութեան մասին իր ասելիքը արդէն ասել է արտասահմանում եւ անգամ խնդրում, որ եթէ իր ներկայութիւնը անբաղձալի է եւ վնասակար է հայրենիքում, կա՛մ թոյլ տալ վերադառնալ արտասահման, կա՛մ աքսորել Սիպիր: Ի հարկէ Քաջազնունուն արտասահման վերադառնալ թոյլ տալ չէր կարող Սահակ Տէր Գաբրիէլեանը, բայց խոստանում է, որ նման ելոյթներ Քաջազնունու հանդէպ այլեւս չեն լինի:

Այս խօսակցութիւնից յետոյ Սահակ Տէր Գաբրիէլեանը ափսոսանքով ասում է. «Մեր այս յիմար լրբերը փոխանակ գնահատելու եւ օգտուելու այս մեծ մարդուց եւ հայրենասէրից` իրենց ելոյթներով ցոյց են տալիս միայն իրենց տգիտութիւնն ու հոգու փոքրութիւնը»: Բնականաբար Քաջազնունին ներքուստ վերաիմաստաւորելով իր վերաբերումը Խորհրդային Հայաստանի հանդէպ, ընդունում է, որ սխալուել է եւ այդ մասին խոստովանել իր դստեր` Մարգարիտայի առջեւ:

1950թ. Մարգօ Քաջազնունին պատմաբան Դ. Մուրադեանի հետ ունեցած իր անկեղծ զրոյցում վկայել է. «Երբ 1936 թուին` Աղասի Խանջեանի սպանութիւնից յետոյ, սկսուեցին զանգուածային բանտարկութիւնները, հայրս խիստ շփոթուել էր եւ տխուր էր: Նա հաւատացած էր, որ իրեն եւս կը բանտարկեն: Մտերիմ ընկերներն ասում էին, որ չպէտք էր գար Հայաստան, բայց հայրս պատասխանում էր` պէտք է գայի, բայց այդ գիրքը պէտք է չգրէի»: Նա ասում էր` ես խիստ զղջում եմ: Խօսակցութեան վերջում Մարգօ Քաջազնունին աւելացրեց. «Հայրս շատ էր ափսոսում, որ գրել է այդ գիրքը»: Վերը յիշատակուած Յ. Քաջազնունու մեղադրական գործի եզրակացութեան ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ 1931թ. Յ. Քաջազնունու եւ մի խումբ մարդկանց նկատմամբ յարուցուել է քրէական գործ ՀՍՍՀ քրէական օրէնսգրքի 154-րդ յօդուածի համաձայն եւ մեղադրուել ան տնտեսվարութեան մէջ, սակայն յանցակազմ չգտնելով` 1931թ. փետրուարի 26-ի որոշումով այդ գործը կարճւում է:

1937թ. որոշակի դադարից յետոյ Խորհրդային ՆԿՎԴ-ն չէր կարող աննկատ թողնել Յ. Քաջազնունուն: 1937թ. յուլիսի վերջերին Յ. Քաջազնունին հանգստանում էր Ստեփանաւանում եւ իր աղջկան` Մարգարիտային ուղղուած նամակում յիշատակում է, որ մտադիր է մնալ այնտեղ մինչեւ օգոստոսի 6-ը, սակայն Յ. Քաջազնունու վիճակուած չէր երկար հանգստանալու, քանի որ յուլիսի 28-ին ՆԳ Ժողկոմիսար Խ. Մուղդուսու ստորագրութեամբ տրւում է հրաման թիւ 6/41 Յ. Քաջազնունու բնակարանը խուզարկելու եւ ձերբակալելու վերաբերեալ: Յուլիսի 29-ին նա Ստեփանաւանում ձերբակալւում է ՀՍՍՀ ՆԿՎԴ-ի կողմից:

Հետաքրքրական է, որ Յ. Քաջազնունու ձերբակալելու եւ մեղադրանք ներկայացնելու հիմք հանդիսացել է նրա որդի Կարէն Քաջազնունու ցուցմունքը-մատնագիրը, որտեղ նա յայտնում է, որ իր հայրը` Յովհաննէս Քաջազնունին հանդիսանում է համոզուած դաշնակցական, «կատարեալ պուրժուա», «խորհրդային կառավարութեան թշնամի», բացի դա` հիմք են հանդիսացել ձերբակալելու համար որոշ շօշափելի տուեալներ: Ժամանակակիցները, որոնք եղել են Չեկայի նկուղներում եւ տեսել են Յ. Քաջազնունուն եւ հետագայում հրաշքով կարողացել են դուրս գալ խորհրդային կայսրութեան սահմաններից, պատմել են, որ Յ. Քաջազնունին բանտարկուած է եղել թիւ 17 խցիկում եւ մեղադրուել «լրտեսութեան» մէջ, իբր թէ «գողացել եւ օտար պետութեան է տրամադրել ինչ-որ գծագրեր»: Եւ որպէսզի ստիպեն նրան խոստովանել իր արարքը, Քաջազնունին ենթարկուել է զանազան կտտանքների եւ կուրացուել է 3500 մոմանոց ելեկտրական լամբերի միջոցով: Ի հարկէ դժուար է ասել որքանով են իրականութեան համապատասխանում ժամանակակիցների պատմածները, սակայն դրանք հեռու չեն իրականութիւնից եւ պոլշեւիկները ընդունակ էին կտտանքների միջոցով ստանալ իրենց ուզած ցուցմունքը:

Իրականութիւնն այն է, որ Յ. Քաջազնունու մեղադրական գործում միակ հարցաքննութիւնը կատարուել է 1937թ. նոյեմբերի 16-ին: Հարցաքննութեան ժամանակ Յ. Քաջազնունին չի հերքել, որ ինքը մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը վարել է աշխուժ դաշնակցական գործունէութիւն, բայց միաժամանակ նշել, որ Խորհրդային Հայաստան վերադառնալուց յետոյ հակապետական գործունէութեամբ չի զբաղուել: Ընդ որում, առաջադրուած մեղադրանքներում Քաջազնունին իրեն մեղաւոր չի ճանաչել: Ա Հ. Քաջազնունու մեղադրական գործը 2016թ. յայտնաբերել է յայտնի պատմաբան Արարատ Յակոբեանը եւ տպագրել «Վէմ» ամսագրի 2016 եւ 2017թթ համարներում: Իր յօդուածներում ուսումնասիրելով ողջ արխիւային գործը, պատմաբան Ա. Յակոբեանը գրում է. «Եռեակը 1937 թ. դեկտեմբերի 5-ին մեղադրեալ Յ. Քաջազնունու հանդէպ կայացրել է գնդակահարութեան դատավճիռ` անձնական գոյքի բռնագրաւմամբ: Առողջական խնդիրների պատճառով նա պառկած է եղել Երեւանի բանտային հիւանդանոցում: Սակայն նախկին վարչապետի առողջական վիճակի հետագայ սրացումը (պաշտօնական վարկածով` ծերունական թուլութիւն, թիւպերքուլէօզ եւ կրիփ) յանգեցնում է նրան, որ նա մահանում է բանտային հիւանդանոցում 1938 թ. յունուարի 15-ին, 70 տարեկան հասակում:

Հազարաւոր այլ բռնադատուածների հարազատների նման` իր հօրը արդարացնելու նպատակով Մարգօ Քաջազնունին 1955 թ. յունիսի 22-ին ընդարձակ, հիմնաւորումներով լի դիմում-հայց է ուղղել Հայկական ՍՍՌ ՊԱԿ-ի նախագահ Գ. Բադամեանցին, սակայն այն մերժուեց: Արդարացման հարցը յետաձգուեց, եւ ի վերջոյ խնդիրը լուծուեց միայն ԽՍՀՄ փլուզումից եւ Հայաստանի անկախութեան հռչակումից յետոյ: Անկախ Հայաստանի դատախազութիւնը, ուսումնասիրելով Յ. Քաջազնունու քր. ՀՀ գլխաւոր դատախազ Արտաւազդ Գեւորգեանը 1992 թ. դեկտեմբերի 12-ի. «որոշեց Յովհ. Քաջազնունու նկատմամբ քր. գործը կարճել յանցակազմի բացակայութեան պատճառով, նրան համարել արդարացուած եւ վերականգնուած»:

Մինչեւ 1990-ական թուերը թէ՛ Մարգարիտային եւ թէ՛ հանրութեանը անյայտ էր թէ որտեղ է ամփոփուած Յ. Քաջազնունու աճիւնը: Քաջազնունու մարմինը ամփոփուած է եղել ներկայիս ժամացոյցի գործարանի տարածքում գտնուող «Կոզեր» կոչուող գերեզմանատանը, սակայն այդ տարածքում ժամացոյցի գործարան եւ դպրոցի շէնք կառուցելու նպատակով հողին է հաւասարեցւում ողջ գերեզմանատունը, իսկ Հ. Քաջազնունու եւ միւս երեւելի մարդկանց աճիւնները անհետ կորչում են: Հօր յիշատակը վառ պահելու նպատակով Մարգարիտա Քաջազնունին «Թոխմախեան լճի» գերեզմանատանը Յովհաննէս Քաջազնունու անունով յիշատակաքար է կանգնեցնում:

Անուրանալի է Յովհաննէս Քաջազնունու ծառայութիւնները Հայաստանի Ա. Հանրապետութեան կերտման գործում, նա իր ողջ գիտակից կեանքը, կարողութիւնը եւ գիտելիքները նուիրեց յանուն Հայաստանի հանրապետութեան բարօրութեանը:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

www.aztagdaily.com/archives/461154

Facebooktwitterredditpinterestlinkedinmail