Թաթուլ Հակոբյան – Քաջազնունու վերադարձը – Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ

Թաթուլ Հակոբյան - Քաջազնունու վերադարձը - Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ

Թաթուլ Հակոբյան – Քաջազնունու վերադարձը – Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ

17 հունվար, 2020 – Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյան

Քաջազնունու վերադարձը

Երկու օր առաջ՝ հունվարի 15-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մի շարք այլ դաշնակցականների ուղեկցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ընտանեկան գերեզման:

1938-ի հունվարի 15-ին Քաջազնունին մահացավ բանտային հիվանդանոցում՝ գրիպից ու թոքաբորբից։ Նա պետք է գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։ Քաջազնունու առողջական ծանր վիճակը թույլ չէր տալիս ոտքի վրա կանգել գնդակահարության համար:

Այսպիսով, ՀՅԴ-ն Հայաստանի իր ղեկավարի ներկայությամբ հարգանքի տուրք է մատուցել մի մարդու հիշատակին, ով ամբողջ գիտակցական կյանքը նվիրել էր Հայաստանին, եղել էր ՀՅԴ 30 տարիների անդամ, սակայն 1923-ին դուրս էր եկել կուսակցության շարքերից և գրքույկի տեսքով հրատարակել Վիեննայի ՀՅԴ խորհրդաժողովին ուղարկած իր ելույթի տեքստը՝ «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս»:

Ես կարծում եմ և իրավունք ունեմ ենթադրելու, որ հենց այս գրքույկի պատճառով է, որ Քաջազնունին տասնամյակներ, այդ թվում` 30 տարի նոր Հայաստանում, մերժված է եղել ՀՅԴ-ի կողմից: ՀՅԴ-ական ղեկավարությունը 1990-ական թվականներից ամեն տարի հունվարի 29-ին այցելել և հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից ներքգործնախարար Արամ Մանուկյանի շիրիմին: Արամի շիրիմից մինչև Քաջազնունիների ընտանեկան գերեզման մոտ 100 մետր է, սակայն ՀՅԴ-ականները չէին հիշատակում և խնկարկում Քաջազնունուն:

2017-ի մայիսի վերջերին, երբ ՍիվիլՆեթի համար ռեպորտաժ նկարելու նպատակով այցելեցի Քաջազնունու ընտանեկան գերեզման, այն կորած էր ծառերի մեջ:

Գերեզմանի տեղը գտնելու նպատակով դիմեցի Պարույր Հայրիկյանին և Ազատ Արշակյանին: Հայաստանի անկախականները տարիներ շարունակ լուռ այցելել են Քաջազնունու ընտանեկան գերեզման:

Ինձ համար ապշեցնող էր, որ 1991-ից ի վեր Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը նման լքված ու անպատվաբեր վիճակում է: Ո՛չ պետությունը՝ իրար հաջորդող նախագահներն ու կառավարությունները, և ո՛չ էլ ՀՅԴ-ն, չեն ցանկացել հարգել Հայաստանի Հանրապետության հիմնադիր վարչապետի հիշատակը:

Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում անհատ մարդկանց ցանկության շնորհիվ գերեզմանը բերվեց այս տեքսին:

Թաթուլ Հակոբյան – Քաջազնունու վերադարձը

Ապա, 2018-ի հունվարի 15-ին՝ Քաջազնունու մահվան 80-ամյակի առիթով, իսկ շաբաթներ անց՝ փետրվարի 14-ին, Քաջազնունու ծննդյան 150-ամյակի օրը, ես կազմակերպեցի մոմավառություն և խնկարկություն: Երկու միջոցառումներին ներկա էր մոտ 20 մարդ, այդ թվում՝ անհատ դաշնակցականներ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից որևէ մեկը չէր եկել, բայց հիշատակի օրերը ռեպորտաժով լուսաբանեց ՀՅԴ Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը:

Թեև աններելի ուշացած էր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի այցը և հարգանքի տուրք մատուցելն առաջին վարչապետին, սակայն գովելի է, որ, այնուամենայնիվ, վերջապես Քաջազնունու կուսակցությունը փոխում է վերաբերմունքը հիմնադիր վարչապետի հիշատակի հանդեպ:

Նույնքան աններելի է Հայաստանի նախագահների և կառավարությունների անտարբեր վերաբերմունքը Քաջազնունու հանդեպ: Չորս նախագահներից ոչ մեկը, 15 վարչապետերից ոչ մեկը հարգանքի տուրք չի մատուցել հիմնադիր վարչապետին՝ ո՛չ մահվան, ո՛չ էլ ծննդյան օրը:

Նիկոլ Փաշինյանը կարող է և պարտավոր է ուղղել նախորդ նախագահների և կառավարությունների ղեկավարների սխալը և պետական մակարդակով հարգանքի տուրք մատուցել Քաջազնունուն: Դրա համար տարվա մեջ կա խորհրդանշական երեք օր՝ փետրվարի 14՝ Քաջազնունու ծննդյան օրը, հունվարի 15՝ Քաջազնունու մահը, Մայիս 28՝ Հանրապետության օրը:

Հ. Գ. կամ No Comment – Երկու օր առաջ՝ հունվարի 15-ին, Քաջազնունու ընտանեկան գերեզման այցելած ՀՅԴ-ական գործիչների շուրթերով հնչել է տեսակետ, որ Քաջազնունու կերտած արժեհամակարգի նկատմամբ այսօրվա իշխանություններից որևէ վերաբերմունք չի զգացվել: Նրանց կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մերժում է իրենից առաջ եղած ամեն ինչ, մերժում է ազգայինը, պետականը մերժում է ոչ միայն Առաջին, այլև նորանկախ հանրապետության բոլոր ձեռքբերումները:

Թաթուլ Հակոբյան – Քաջազնունու վերադարձը – Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ

civilnet.am/news/2020/01/17/Քաջազնունու-վերադարձը/374274?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail