Լուսինէ Սահակեանի Համշէնի Մասին Բացառիկ Տեղեկութիւնները՝ Պատասխան Թուրքական Շահարկումներին

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ

Լուսինէ Սահակեանի Համշէնի Մասին Բացառիկ Տեղեկութիւնները՝ Պատասխան Թուրքական Շահարկումներին

17 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ԷՐԿԻՐ – ՀԱՄՇԷՆ – ՀԱՐՑԱԶՐՈՅՑ:

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

0116Sahagyan«Համշէնը Հայկական Ձեռագրերում Եւ Օսմանեան Աշխարհագիր Մատեաններում» խորագրով բանախօսութեամբ թուրքագէտ Լուսինէ Սահակեանը հանդէս կը գայ Յունուարի 23ին եւ 24ին Լոս Անջելեսում: Նա կը ներկայացնի բացառիկ փաստեր տարբեր աղբիւրներից, այդ թւում՝ Թուրքիայի արխիւներից եւ Եւրոպական թանգարաններից ու գրադարաններից, որոնք հնարաւորութիւն են տալիս որոշակի պատկերացում կազմելու Համշէն գաւառի 13-17րդ դարերի քաղաքական, հոգեւոր եւ մշակութային կեանքի, հայ իշխանների գործունէութեան, ինչպէս նաեւ՝ Օսմանեան կայսրութեան կողմից իրականացուած, այդ թւում՝ իսլամացման քաղաքականութեան մասին: Լուսինէ Սահակեանի ուսումնասիրութիւնները տեղ են գտել նրա նոր՝ «Համշէնը Հայկական Ձեռագրերում» գրքում, որոնք հիմնաւոր փաստարկներ են թեմայի շուրջ մեր օրերում թուրքերի կողմից իրականացուող պատմաքաղաքական շահարկումներին:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեզ, առաջին անգամ յաջողուել է ձեռք բերել եւ ներկայացնել Ստամբուլի Վարչապետական գլխաւոր արխիւում պահուող Համշէնի մասին օսմանեան աշխարհագիր մատեաններից տեղեկութիւններ: Ինչպէ՞ս են ստեղծուել եւ ի՞նչ են պատմում այդ մատեանները:

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Դեռեւս սելջուկեան ժամանակաշրջանից սկսած, եւ յատկապէս Օսմանեան կայսրութեան հիմնումով, նոր տարածքներ գրաւելուց յետոյ իշխանութիւններն իրականացնում էին աշխարհագիր հաշուառումներ մարդուժէ, եւ գրանցում էին այն ամէնն, ինչից կարելի էր հարկեր հաւաքել՝ մարդկային ռեսուրսներից (պաշարներէ-Խմբ.) մինչեւ ջրաղացներ, անտառներ, արօտավայրեր ու դաշտեր, այսինքն, այն ամէնը, որը հնարաւորութիւն էր ընձեռելու յետագայում, այդ տեղեկութիւնների հիման վրայ ստեղծուած հարկամատեանների միջոցով կազմակերպել հարկահաւաքութիւն:

Օսմանեան իշխանութիւնները նաեւ այլ միջոցառումներ են իրականացրել նոր տարածքներում՝ զօրաջոկատների, «դեւթերդար»ների (օսմանեան շրջանի պետական գանձապահներու-Խմբ.) խմբի եւ հոգեւոր դասի անմիջական մասնակցութեամբ: Նրանք առաջին հերթին հիմնել են հոգեւոր հաստատութիւններ, որոնք պէտք է քարոզէին իսլամ եւ քրիստոնեայ տարբեր ժողովուրդների վերնախաւերին ներգրաւելով՝ կրօնափոխ անէին տուեալ շրջանի բնակիչներին: Հաշուի առնելով քրիստոնեայ բնակչութեան մեծ թիւը, նրանք տարբեր միջոցներ էին կիրառում վերաձեւելու ժողովրդագրութիւնն ու ստեղծելու իսլամական նոր հասարակութիւն: Օսմանեան պաշտօնեաների՝ իրենց շքախմբով այցերի ու հաշուառումների իրականացման արդիւնքում ստեղծուել են բազմաթիւ աշխարհագիր մատեաններ (դեւթերներ):  Նրանք նաեւ կատարում էին վարչական բաժանումներ՝ նոր տարածքները առաւել հեշտ կառավարելի դարձնելու նպատակով: Հաշուառումները կատարւում էին երեսուն, քառասուն տարին մէկ, կա՛մ նոր արշաւանքներից, կա՛մ բնական արհաւիրքներից յետոյ՝ ընդգրկելով կայսրութեան ողջ վարչական միաւորները: Այս միջոցառումների արդիւնքում էր լցւում նաեւ կայսրութեան գանձարանը:

Կը ցանկանայի շեշտել, որ քրիստոնեային եւ մահմեդականին տարբերակող ամենակարեւոր ցուցանիշը գլխահարկն էր, որովհետեւ գլխահարկ վճարում էին միայն քրիստոնեաները, թէեւ ըստ շարիաթական օրէնքների, բոլոր հպատակները հաւասար էին: Նշեմ նաեւ, որ օսմանեան գանձարանի եկամտի մեծ մասը ապահովում էր գլխահարկը, երբեմն յիսուն տոկոսից աւելի էր կազում:

 

 ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ նոր տեղեկութիւններ էք բացայայտել, որոնք չեն հանդիպում Համշէնի մասին թուրք պատմաբանների նիւթերում:

IMG-6575ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Համշէնի աշխարհագիր մատեաններից մօտաւորապէս 120 էջի լուսապատճէններ եմ կատարել, որոնց մի մասին անդրադարձել եմ իմ այս վերջին՝ «Համշէնը Հայկական Ձեռագրերում» մենագրութեան մէջ: Թուրք աղբիւրագէտները ի հարկէ անդրադարձել են այդ աղբիւրներին, բայց շրջանցել են այն հատուածները, որտեղ յստակ երեւում է, որ այդ տարածքն ամբողջովին հայաբնակ է եղել:  Մատեաններում առկայ են հարկատու արական սեռի հայ բնակչութեան անձնանունները, իսկ կանայք, երեխաները, մեծահասակները ու անդամալոյծներն ազատուած էին հարկից, ուստի եւ նրանք դուրս են մնացել հարկամատեաններից:

1520-1680ական թուականներն ընդգրկող Համշէնի պատմութեան ուսումնասիրութեան օսմանեան մատեանները բացայայտում են պատմական շատ կարեւոր իրողութիւններ ե՛ւ ժողովրդագրութեան, ե՛ւ օսմանեան կայսրութեան վարած ազգային եւ հարկային քաղաքականութեան, գաւառի վարչական բաժանումների տեսանկիւնց:

Թուրքական աղբիւրների նիւթը, համշէնցի գրիչների օրինակած հայկական ձեռագրերում թողած յիշատակարանների եւ հայ պատմիչների վկայութիւններին համադրելով, կարող ենք յստակ ասել, որ Համշէնի հայկական իշխանանիստը եղել է Վերին Համշէնում գտնուող Քալէ ի Բալան, որ թարգմանաբար նշանակում է Վերին Բերդ: Պատահական չէ նաեւ, որ Օսմանեան իշխանութիւնները 1489թ. Համշէնը գրաւելուց յետոյ առաջին հերթին հաստատւում են Վերին Համշէնի բերդում:

Օսմանեան աշխարհագիր մատեաններում տեղ գտած շատ տեղեկութիւններ, որ մինչ այժմ, թուրք աղբիւրագէտները կամ տեղական, այսպէս կոչուած համշէնցի ուսումնասիրողները բաց են թողնում եւ շատ բիրտ ձեւով փորձում են հերքել, ես վեր եմ հանել ճշգրտութեամբ: Նրանք նշում են, որ այո՛, այդ շրջաններում հայեր ապրել են, բայց ժամանակի ընթացքում գաղթել են, եւ տեղի բնակիչներն էլ օգտագործում են որոշ հայերէն բառեր եւ հայերից մնացած տեղանուններ, որովհետեւ ապրել են հայերի հարեւանութեամբ: Խօսքը վերաբերում է ներկայիս Համշէնի տարածքի բնակչութեանը, որոնց նախնիները բռնի իսլամացուել են 18րդ դարում: Իսկ Խոպայի շրջանում հաստատուած իսլամացուած համշէնցիների ներկայ սերունդները այսօր էլ խօսում են հայերէնի Համշէնի բարբառի խօսուածքով, որն ունի քերականական բարդ կառուցուածք, հնչիւնական առանձնայատկութիւներ, եւ դժուար թէ այն հեշտութեամբ դառնար նրանց առօրեայ խօսակցական լեզուն:  Համշէնի բարբառով խօսում են նաեւ ճակատագրի բերումով Սեւ ծովի հիւսիսային ափերում հաստատուած քրիստոնեայ համշէնահայ մեր եղբայրները:

 

 ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Համշէնի մասին բացառիկ վկայութիւններ էք բացայայտել նաեւ հայկական ձեռագրերում, որոնք տեղ են գտել ձեր նոր գրքում: Ի՞նչ աղբիւրների մասին է խօսքը:

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Հայկական ձեռագրերում համշէնցի գրիչների գրած յիշատակարանների ուսումնասիրութեան համար մի քանի շարժառիթ ունէի. երբ սկսեցի զբաղուել հայոց Համշէն գաւառի պատմութեամբ, եւ յատկապէս մշակոյթի, բարբառի, տեղանունների հարցերով, մշտապէս առնչւում էի պատմական տեղեկութիւնների սակաւութեանը: Այս հանգամանքը նաեւ դեռ այսօր էլ շահարկում են ֆաշիստական գաղափարներ ունեցող Թուրքիայում ապրող մի քանի համշէնցի հեղինակներ. նրանք պնդում են, որ հայկական աղբիւրներում գրեթէ տեղեկութիւն չկայ Համշէնի մասին, եւ հայերն իրենց մտացածին պատմութիւններն են ներկայացնում: Յատկապէս իմ յօդուածների եւ անուանապէս իմ անձի վրայ նրանք իրենց սոցիալական էջերում սկսեցին եւ դեռ այսօր էլ շարունակում են զետեղել ծայրայեղ սպառնալիքներով, վիրաւորանքներով ու կեղծիքներով լի գրութիւններ: Իմ այս մենագրութեան գրելու շարժառիթներից մէկը նաեւ այս հանգամանքով է պայմանաւորուած:

Ուսումնասիրութիւնս կատարելու ընթացքում ինձ համար մեծ յայտնութիւն եղաւ, երբ գտայ բացառիկ տեղեկութիւններ ու փաստեր, որոնք հնարաւորութիւն տուեցին լրացնելու եւ վերհանելու Համշէնի պատմութեան առաւել համապարփակ համայնապատկերը: Ինձ յաջողուեց ձեռք բերել համշէնցի գրիչների օրինակած շուրջ քսանմէկ ձեռագիր մատեաններ՝ մենագրութեանս անհրաժեշտ էջերի լուսապատճէնները: Համշէնցի գրիչների ստեղծած բարձրարժէք ձեռագրերը պահւում են Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի, Մաշտոցի անուան Մատենադարանի ձեռագրատներում, Լոնդոնի Բրիտանական թանգարանում Վիեննայի եւ Վենետիկի Մխիթարեանների միաբանութեան ձեռագրատներում, Ֆիլադելֆիայի ազատ գրադարանում, Փրինստոնի համալսարանի գրադարանում պահուող Ռոբերտ Գարրետի Եւրոպայի մասնաւոր հաւաքածուներում:

Այս մատեաններում գրուած յիշատակարանների մի մասը ժամանակին արժեւորել են մեր անուանի հայագէտներ, Մխիթարեան միաբանութեան հայրեր Յակոբոս Տաշչեանը, Համազասպ Ոսկեանն ու Լեւոն Խաչիկեանը: Սոյն ուսումնասիրութեան մէջ առաջին անգամ ի մի են բերուել եւ պատմաբանասիրական քննութեան ենթարկուել Համշէնում ընդօրինակուած մեզ յայտնի բոլոր ձեռագրերի յիշատակարանները, որոնք վերոնշեալ ուսումնասիրողները ներկայացրել կամ քննել են մասամբ եւ հատուածաբար, եւ կամ ընդհանրապես դուրս են մնացել նրանց ուշադրութիւնից: Համշէնցի գրիչներն իրենց գեղեցիկ ձեռագրով ընդօրինակել են աւետարաններ, մաշտոցներ, շարականներ, սաղմոսարաններ, բժշկարաններ,  ծաղկել եւ կազմել են այլ ձեռագրեր, որոնց պատուիրատուները եղել են Համշէնի հայոց իշխաններ Առաքէլն ու Դաւիթը, նաեւ հոգորականներ:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գրքում ի՞նչ այլ տեղեկութիւններ են ներկայացուած:

IMG-6576ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- «Համշէնը Հայկական Ձեռագրերում» գիրքը բաղկացած է 363 էջից, որոնցից շուրջ 131ը գունաւոր լուսապատճէններ են, այսինքն, այն յիշատակարանները, որոնք ես քննել եմ, նաեւ գրքում զետեղել եմ համապատասխան լուսապատճէնը: Տեղ են գտել նաեւ լուսանկարներ, որոնց մի մասը ես եմ նկարել՝ Համշէնում դաշտային աշխատանքներ կատարելիս: Գրքում հրապարակ ել եմ նաեւ համշէնցի հայ գրիչների վկայութիւնների, օսմանեան աշխարհագիր մատեանների տեղեկութիւնների եւ տեղում իմ կատարած դաշտային աշխատանքների հիման վրայ կազմած Համշէն գաւառի 15-17րդ դարերին վերաբերող քարտէզ՝ ցոյց տալով գրչութեան, հոգեւոր կենտրոնները, բերդերի տեղերը, կարեւոր կամուրջներն ու բնակավայրերը: Հայ գրիչների հաղորդած բացառիկ տեղեկութիւնները պարզում են, որ Համշէնը եղել է Հայ եկեղեցու թեմերից մեկը՝ ունենալով իր գրչութեան ինքնատիպ օջախները՝ Քոշտենց, Խուժկայ Խաչիկ հօր վանքերը, եւ այս վիճակը պահպանուել է մինչեւ 1630ական թթ.: Համշէնը յիշւում է որպես հայոց սրբատեղի, որտեղ ամփոփուել են Քրիստոսի վարշամակը, Սուրբ նշանները, ինչպես նաեւ՝ Վարդանանց նահատակ հերոսների նշխարները: Ուսումնասիրուող յիշատակարաններն իրենց խունացած էջերում պահպանել են համշէնցի գրիչների եւ հոգեւոր գործիչների անունները՝ Ստեփանոս քահանայ Համշինացի, Խաչատուր աբեղայ, Աստուածատուր աբեղայ, Սարկավագ քահանայ, Գրիգոր երէց, Կարապետ երէց, Յովհաննէս Մալազ աբեղայ, Ներսէս սարկաւագ Համաշինացի, Գրիգոր Համշէնցի, Յակոբ Համշէնցի, ռաբունապետ, քաջ հռետոր Յովհաննէս Համշէնցի, Մովսէս Համշէնցի աբեղայ, Հայրապետ կրօնաւոր, Խաչերես Համշէնցի, Կարապետ Ջուղայեցի վարդապետ (վերջինս Համշէնում հաստատուել է 1630ական թթ.):

 

 ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ուսումնասիրութիւնների արդիւնքում ներկայացնում էք փաստեր, որոնք հիմնաւոր պատասխան են թուրքական՝ այս թեմային վերաբերող շահարկումներին:

 ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Համշէնի տարածքում, որը համընկնում է պատմական Խաղտիքի գաւառին, դեռեւս հնագոյն ժամանակներից հայ ժողովուրդն արարել եւ կերտել է իր ուրոյն պատմութիւնը: Սկզբնաղբիւրները վկայում են, որ Տայքին եւ Սպերին անմիջական սահմանակից Պարխարեան գոգահովիտները եղել են հայ իշխանների՝ մասնաւորապէս, Մամիկոնեանների եւ Բագրատունիների տիրական կալուածքները: Յետագայում՝ 8րդ դարում հէնց այստեղ Ամատունի հայ իշխան Համամը հիմնում է Համշէնի հայկական իշխանութիւնը: Համշէն գաւառը նաեւ եղել է հայոց կարեւոր սրբատեղիներից մէկը: Գրիչ Կարապետը տասներկու ձեռագրերի յիշատակարաններում յստակ նշում է, որ Համշէնի Խաչիկ հօր վանքում են ամփոփուած Վարդանանց աճիւնները, եւ սա շատ կարեւոր փաստ է, որը եւս մէկ անգամ հաստատում է, որ մինչ Համշէնի իշխանութեան ստեղծումն, այդ շրջանը եղել է հայկական տարածք: Իմ ուսումնասիրութեան մէջ, հիմնուելով տարբեր փաստերի վրայ, ցոյց եմ տալիս, որ Խաղտիքի տարածքը պէտք է դիտարկել Մեծ Հայքի ամբողջականութեան մէջ:

Ամփոփելով նշեմ, որ թուրք ազգայնական հեղինակները ոչ միայն աղճատում են Համշէնի պատմութիւնը, ամէն գնով հերքելով հայոց դերն ու տեղն այդ պատմութեան կերտման մէջ, այլեւ դեռ այսօր էլ կենսունակ հայոց Համշէնի բարբառին վերագրում են թուրքական ծագում: Այս անթաքոյց ատելութիւնն ու ազգայնական դրսեւորումներն ամփոփւում են նրանց անդադար կրկնուող «հայկական պնդումներ» արտայայտութեամբ: Նշենք, որ վերջերս այդ գործում իրենց աջակցութիւնն ու ծառայութիւններն են սկսել մատուցելու ադրբեջանական ռազմավարական կենտրոնները, որոնք նոյնպես հրատարակում են գրքեր՝ այս դէպքում համշէնցիներին վերագրելով ադրբեջանական ծագում եւ ցեխ շպրտում հայաստանեան մեր մասնագէտների վրայ: Իրականում, ինչպես ցոյց են տալիս Համշէնում օրինակուած մատեաններն ու համշէնցի գրիչների յիշատակարանները եւ այս ուսումնասիրութեան արդիւնքները, գոյութիւն ունի պատմական անհերքելի ճշմարիտ մէկ իրողութիւն, որի հետքն անջնջելի է:

«Համշէնը Հայկական Ձեռագրերում Եւ Օսմանեան Աշխարհագիր Մատեաններում» խորագրով Լուսինէ Սահակեանի բանախօսութիւնը կազմակերպուել է՝ Հայ-ամերիկեան ընտանեկան միութեան, «Արարատ» հիմնադրամի, ՀԸԲՄի, Լոս Անջելեսի Հայերի միութեան, «Կարիքաւոր Քրիստոնեաներ» հիմնադրամի, Համազգայինի, Մաշտոց քոլեջի, Նոր Սերունդ, Պոլսահայերի միութիւն եւ Թէքէեան մշակութային միութեան համատեղ ջանքերով: Այն տեղի կ՛ունենայ Յունուարի 23ին, ժամը 7:30ին Թէքէեան Մշակութային Միութիւնում, եւ Յունուարի 24ին, ժամը 7:30ին՝ Լոս Անջելեսի Հայերի միութիւնում:

 

Տեղեկանք. Լուսինէ Սահակեանը ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի թուրքագիտութեան ֆակուլտետի ամբիոնի դոցենտ է, (Associate Professor of Turkic Studies),  բանասիրական գիտ. թեկնածու (PhD in Philology): 2008թ.ից, ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի հայ-օսմանական առնչութիւնների բաժնի վարիչն է: Դասաւանդում է ժամանակակից թուրքերէն, թուրք գրականութիւն, թուրքերէնի տեսական քերականութիւն: Թուրքագիտութեան ամբիոնում վարում է Թուրքական աղբիւրագիտութեան եւ պատմագրութեան հիմնահարցերը, Օսմանեան կայսրութեան էթնօքաղաքականութիւնը, Տեղանունների թուրքացման քաղաքականութիւնը Օսմանեան կայսրութիւնում եւ Հանրապետական Թուրքիայում՝ յատուկ դասընթացները: Ունի մի շարք գիտական հրապարակումներ՝ նուիրուած պատմական ժողովրդագրութեանը, հայկական տեղանունների ուսումնասիրութեանն ու համշէնահայերի պատմութեանը: Հեղինակ է հինգ մենագրութեան:

2012թթ. Թուրքիայի Ռիզէի եւ Արդուինի նահանգների համշէնցիների բնակավայրերում իրականացրած դաշտային աշխատանքների նիւթերի հիման վրայ պատրաստել է «Համշէնն Անցեալի Եւ Ներկայի Խաչմերուկներում» վաւերագրական ֆիլմը:

«Արփա» միջազգային կինոփա-ռատօնում շարժապատկերն արժանացել է «Արմին Վեգներ»ի անուան մարդասիրական գլխաւոր մրցանակին, Ղրիմի հայ համայնքի սահմանած «Այվազովսկու անուան շքանշան»ին, ինչպէս նաեւ Սոչիի Հայերի միութեան պատուոգրին:

Լուսինէ Սահակեանը 2019թ, պարգեւատրուել է ԵՊՀ «Ոսկէ մեդալով»՝ համալսարանական կրթութեան զարգացման գործում ունեցած նշանակալի աւանդի եւ ԵՊՀ 100ամեակի կապակցութեամբ։ Լուսինէ Սահակեանը դասախօսութիւններով եւ զեկուցումներով հանդէս է եկել մի շարք միջազգային գիտաժողովներում, նաեւ՝ Սփիւռքի տարբեր համայնքներում:

asbarez.com/arm/362029/Լուսինէ-Սահակեանի-Համշէնի-Մասին-Բացա/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail