Մահիր Օզքան – Ովքե՞ր են այս համշենցիները – Մահիր Օզքան – Ովքե՞ր են այս համշենցիները

Մահիր Օզքան – Ովքե՞ր են այս համշենցիները

24 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՀԱՄՇԷՆ ԵՒ ՀԱՄՇԷՆՑԻՆԵՐ, ՅՕԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Մահիր Օզքան – Ովքե՞ր են այս համշենցիները

24 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՀԱՄՇԷՆ ԵՒ ՀԱՄՇԷՆՑԻՆԵՐ, ՅՕԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Մահիր Օզքան

Մահիր Օզքան

Համշենցիները մի ժողովուրդ են, որին, ցավոք, Թուրքիայում լավ չի ճանաչում ոչ միայն հասարակության մեծ մասը, այլև՝ երբեմն անգամ լեզվական, մշակութային, ազգային ինքնության համար պայքարող՝ Թուրքիայի մյուս հատվածները։

Դրա համար բազմաթիվ պատճառներ կան։ Սակայն ամենակարևոր պատճառներից մեկը կարող ենք ասել, որ համշենցիների «ներփակվածությունն» է։ Այն ժողովուրդները, որոնք կարող են պայքար մղել կողք կողքի, ցավոք, մեծ հաշվով դա անում են «իրենց թաղամասերում»։ Այդ վիճակը պատճառ է դառնում, որ նրանցից յուրաքանչյուրը մյուսներին ընկալի որպես «մեծ համայնքի» մի մասնիկ, որի հետևանքով նրանցից յուրաքանչյուրն իրեն «ավելի քիչ» է համարում, քան կա իրականում։ Մինչդեռ այդ ժողովուրդների խնդիրները խիստ նման են իրար, թեև ունեն նաև միայն իրենց հատուկ կողմեր։ Համապատասխանաբար՝ նրանց պայքարն անցնում է իրար նման աստիճաններով ու դժվարություններով։ Հաճախ մեկը մյուսից անտեղյակ՝ «Ամերիկան նորից են հայտնաբերում»։

Վերջին տարիներին այդ վիճակը փոխելու համար որոշ ջանքներ գործադրվել են։ Ամեն անգամ, երբ մի տեղ ենք հավաքվում, հասկանում ենք, որ պայքարել կամ պայքարում ենք նույն խնդիրների դեմ։ Գուցե ժամանակ և էներգիա ենք ծախսում այնպիսի խնդիրների վրա, որոնք հեշտ կլուծվեին, եթե փոխանակվեինք մեր փորձով։

Այդ պատճառով շատ կարևոր է, որ մեկս մյուսի կողքին կանգնենք, մեկս մյուսի պայքարի մասին իմանանք։ Բացի այդ՝ մեզ հուզող հարցերի մի կարևոր մաս կապված է Թուրքիայի ժողովրդավարացման հետ, որը հին խնդիր է։ Հետևաբար միայնակ «փրկություն» չկա։ Նման իրավիճակում պետք է պայքարենք «բոլորս միասին»։

Այս առումով ինձ համար շատ արժեքավոր է, որ համշենցիներն ինձ հնարավորություն տվեցին իրենց ձայնը, շունչը, հարցերը, ունեցած փորձը ներկայացնել «JINEPS» լրատվականի ընթերցողներին։ Այս առաջին հոդվածում շնորհակալություն եմ հայտնում ինձ այդ հնարավորությունն ընձեռած թերթի ղեկավարությանը և ողջույններս եմ հղում ընթերցողներին։

Մենք ովքե՞ր ենք

Թեև գրել եմ՝ «Մենք ովքե՞ր ենք», սակայն իրականում, երբ խոսում ենք համշենցիների մասին, պետք է ասենք, որ կան մեկից ավել «մենք»-եր, քանի որ համշենցիների մեջ կան մարդիկ, որոնք այդ «մենք»-ը սահմանում և ընկալում են որպես մեկը մյուսից տարբեր ինքնություններ, ինչպես օրինակ՝ իրենց համշենցի հայ համարողներ, իրենց համշենցի ընդունողներ, իրենց թուրք համշենցի ընկալողներ, իրենց մուսուլման ինքնությամբ ներկայացնողներ։

Եթե այսօր նույնիսկ որոշ հատկություններով մեկը մյուսից տարբեր են, իմ «մենք»-ը իր մեջ ներառում է այն մարդկանց, որոնք ունեն պատմական, լեզվական և մշակութային ընդհանուր անցյալ և մինչ օրս ընդհանուր արժեքների մի կարևոր մաս պահպանում են իրենց առօրյա կյանքում կամ հուշերում։ Լեզվական և կրոնական չափանիշների վրա հիմնվելով՝ համշենցիների համայնքը կարող ենք բաժանել երեք հատվածի՝

Հյուսիսային համշենցիներ (Աբխազիայի համշենցիներ), արևելյան համշենցիներ (Խոփայի համշենցիներ), արևմտյան համշենցիներ (Բաշ-համշենցիներ, Ռիզեի համշենցիներ)։

Հյուսիսային համշենցիները 18-րդ դարից սկսած Համշենից նախ գաղթել են Տրապիզոնի Քարադերե (Սև գետ) շրջան, ավելի ուշ այդտեղից տարածվել են ողջ միջին սևծովյան շրջանում։ 19-րդ դարի վերջին նրանք խմբերով գաղթել են Սև ծովի դիմացի ափեր։ Ներկայում հիմնականում ապրում են Ռուսաստանի Սոչի և Կրասնոդար քաղաքներում և Աբխազիայի Սուխում ու Գագրա քաղաքներում։ Հյուսիսային համշենցիները Հայ առաքելական եկեղեցու հետևորդ քրիստոնյաներ են։ Նրանք իրենց համարում են Համշենի հայեր, իսկ լեզուն, որով խոսում են՝ համշենահայերեն (հայոց լեզվի Համշենի բարբառը-Ակունքի խմբ․)։ Նրանց համշենահայերենը շատ նման է այն լեզվին, որով խոսում են արևելյան համշենցիները։ Ավելի վաղ «Գոռ» ամսագրում տպագրվել էին պոեմների և բանաստեղծությունների որոշ օրինակներ։ Համշեներենով երգող «Վովա» խմբի «Գարմի դոչ» ալբոմում հյուսիսային համշենցիների կողմից կատարվող՝ «Սիրուն աղջիկ» վերնագրով մի երգ կա, որով արևելյան համշենցիների մեծ մասը գուցե առաջին անգամ է առիթ ունեցել իրականում տեսնել, որ իրենք խոսում են նույն լեզվով։

Կարճ ասած, արևելյան որևէ համշենցի հյուսիսային մի որևէ համշենցու ավելի լավ կարող է հասկանալ, քան որևէ հայ։ Վերջին տարիներին Աբխազիայի համշենցիների հետ բազմաթիվ կապեր են հաստատվել։ Փոխադարձ այցեր են տեղի ունեցել։ Սոցիալական մեդիայի միջոցով հնարավոր է մտքերի շատ լուրջ փոխանակություն անել։

Արևելյան համշենցիները հիմնականում բնակվում են Խոփա, Քեմալփաշա և Բորչկա գավառների որոշ գյուղերում։ Սակայն 93-րդ (1877-78 թթ․ ռուս-թուրքական- Ակունք խմբ․) պատերազմից հետո Սաքարիայի Քոջաելի շրջանում, Քարասուի գավառներում և Դյուզջեի շրջանի Աքչաքոջա գավառում էլ գաղթական համշենցիների գյուղեր առաջացան։ Արևելյան համշենցիների այն հատվածը, որն ապրում էր Բաթումում, 1944 թ․ նոյեմբերի 14-ին աքսորվել է Ղրղզստան և Ղազախստան։ Աքսորականների մի մասը, հատկապես 2000-ական թթ․ հետո, սկսել է բնակություն հաստատել Ռուսաստանի Կրասնոդար, Ռոստով, Վորոնեժ և այլ քաղաքաներում։ Վերջին տարիներին որոշ արևելյան համշենցիներ սկսել են հարս բերել Կրասնոդարում բնակություն հաստատած իրենց բարեկամներից։ Այդ հարսների մեծ մասը թուրքերեն չգիտի, սակայն համշեներեն կարողանում է խոսել։ Վերջին տարիներին տնտեսական պատճառներով տեղի ունեցող գաղթերի պատճառով Արևմուտքի մեծ քաղաքներում էլ զգալի թվով համշենական համայնքներ են ձևավորվել։

Արևելյան համշենցիները 17-րդ դարի վերջում և 18-րդ դարի սկզբին իսլամացվել են։ Այդ խումբը խոսում է հայերենի համշեներեն բարբառով։ Որոշ համշենցիներ, որոնք գիտեն իրենց լեզվի և հայերենի կապի մասին, դա բացատրում են նրանով, որ «աղջիկ են տվել-առնել», «մի շրջան հայերի հետ նույն տեղում են ապրել» և նմանատիպ այլ բաներով։ Սակայն իրենց համար էլ պարզ է, որ դժվար է այդ մեկնաբանություններին հավատալ։ Այդպիսի մեկնաբանություններ անելու անհրաժեշտության մոտիվացիան էլ իրականում հայտնի է։ Դրանք մեծ մասամբ հայկական ինքնության հետ առնչվելու «բեռից» ազատվելու համար արվող «պաշտոնական» հայտարարություններ են։

Արևմտյան համշենցիները հիմնականում բնակվում են Հեմշին և Չամլըհեմշին գավառներում։ Սակայն այլ գավառներում էլ է հնարավոր հանդիպել համշենական գյուղերի, ինչպիսիք են՝ Չայելին, Փազարը, Արդեշենը (Արտաշեն-Ակունք խմբ․), Ֆընդըքլըն, Իքիզդերեն և այլն։ Ռիզեից բացի՝ համշենական գյուղեր կան նաև Տրապիզոնի Արաքլը և Սյուրմենե գավառներում, Էրզրումի (Կարին-Ակունքի խմբ․) Թորթում, Իսփիր (Սպեր-Ակունքի խմբ․) և Ուզունդերե գավառներում։ Արևմտյան համշենցիների մի մասը, որոնք գաղթել էին 1877-78 թթ․ ռուս-թուրքական պատերազմից հետո, բնակություն են հաստատել արևելյան համշենցիների բնակավայրերում։ Արևմտյան համշենցիներն իսլամացվել են, և արդեն Չայելիի Ռաշոթ շրջանում է միայն հնարավոր հանդիպել համշեներենով խոսող հատուկենտ մարդկանց։ Իրենց խոսակցական թուրքերենում համշեներենից մնացած մոտ հազար բառ կա։ Հասան Ուզունհասանօղլուն այդ բառերով կազմված «Թիթեռ» վերնագրով բառարան է հրատարակել։

Արևմտյան համշենցիներն ունեն ինքնության ուժեղ գիտակցություն՝ համշենական ինքնության, որն արտահայտվում է ավանդական հագուկապից մինչև ժողովրդական երգերի, յայլաներից մինչև տոնակատարությունների և այլն երևույթների մեջ։ Դրանց մեջ ամենահետաքրքիրը Վարդավառի տոնն է, որը ներկայում նշում են քրիստոնյա հայերը։ Վարդավառը, ինչքան էլ որ այսօր նույնականացվի քրիստոնեության հետ, իրականում քրիստոնեությունից առաջ նշված ժողովրդական տոն է։

Քրիստոնյա, մուսուլման, հայերեն կամ թուրքերեն խոսող համշենցիները ունեն նույն պատմությունը, մշակույթը և ինքնությունը։ Երբ նրանք կապ են հաստատում մեկը մյուսի հետ ավելի մեծ հնարավորություն են ստանում տեր կանգնելու իրենց ինքնությանը, լեզվին և մշակույթին։

(photo by Ufuk Teksoy)

www.jinepsgazetesi.com/makale/kim-bu-hemsinliler-2307?fbclid=IwAR2rsCuYM3e0hGg8zqruseYdrTZgtpl2zbSNDUB0dun0jBrIlBA37wGkz04

Թարգմանեց Անի Մելքոնյանը

akunq.net/am/?p=70316

Facebooktwitterredditpinterestlinkedinmail