Մովսէս Նաճարեան – Ահուրամազդա-Արամազդից՝ մինչեւ Աւրամ-Աբրահամ
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
02 ՄԱՐՏ 2017 –
25.Ահուրամազդա=Արամազդ, Ահրամ-Արամ, Օրմուզդ=Որմիզդ, Աւրամ= Աւրաամ=Աբրահամ
Ամենաբարդ խնդիրը որ ունեցանք բացայայտումների մեր ճամփի վրայ՝ Հայոց գերագոյն «Արի աստուած Արամազդ»-ի ինքնութեան եւ իսկութեան վերականգնումն էր:
Եթէ չկարողանայինք այդ անել՝ երեւի թէ մի մեծ հարցական եւ խառնաշփոթ էր մնալու ընթերցողի հոգում, իսկ մեզ համար էլ դա պիտի լինէր մեր Աքիլլեսեան գարշապարը:
Նախագիտելիք.-
Ինչ ազգի էլ որ պատկանի եւ ինչ լեզուի կրող էլ լինի մարդը՝ միշտ հակուած պիտի լինի հնարաւորին չափ կրճատելու, ամփոփելու կամ խտացնելու իր լեզուի բառերը, մարդկանց եւ իրերի անունները՝ դրանք դիւրին եւ արագ օգտագործելու համար: Դրա հետեւանքները ի հարկէ շատ խնդիրներ են առաջացնում մի հաւաքականութեան մէջ՝ ինչպիսին է լեզուի աղճատումը, բարբառայնացումը, եւ վերջապէս երկար ժամանակի ընթացքում՝ վերաճումը մի «այլ» լեզուի:
Ահա այդպիսի մի իրողութեան բացայայտման փաստի հետ է կապուած մեր քննարկելիք նիւթը:
Սկզբում ակամայ հաւասարութեան նշան էինք դրել Ահուրամազդայ-Արամազդ, Օրմուզդ-Որմիզդ անունների միջեւ, որոնցից էլ բխելու էր՝ որ հաւասարութեան նշան դնէինք նաեւ Ահրամի, Արամի ու Աւրամ-Աբրահամի միջեւ՝ ինչը սակայն անտրամաբանական պիտի լինէր, բայց մեր լեզուաբանական փաստարկները դրան էին հանգում:
Այդ հաւասարութիւնները ճիշդ են այնքանով՝ որ տուեալ անունները նոյն հիմքն ու ծագումն ունեն, բայց անձերը՝ ոչ անպայման:
Եգիպտոսում եւ արաբական աշխարհում մինչեւ այսօր բուրգերին տալիս են «Ալ-Ահրամ» անուանումը[308], բայց չգիտեն դրա բուն ծագումնաբանութիւնը:
Ըստ մեզ, քննարկուած անուան տարբերակներից հնագոյնն է «Ահուրամազդա»-ն՝ որի ամենախտացուած եւ վերջին ձեւը հայկական «Արամազդ»-ն է, երբ «ազդա»-ն կամ «ազդ»-ը՝ որպէս «ազդող», «ազդակ» եւ «ազդարարող»՝ ընդունուած է բացատրել որպէս «աստուած»:
Հետեւաբար հնագոյն «Ահուրամազդա» ձեւի տարբերակները գալիս են ժամանակի եւ լեզուի յետագայ շերտերից՝ եւ բոլորի կորիզի նախատիպն է հանդիսանում «Ահուրամ»-ը:
Դրա այլափոխուած «Օրմուզդ»-«Որմիզդ» ձեւի կորիզն է «Օրմ»-«Որմ»-ը[309]:
«Ահուրամ» կորիզին են համապատասխանում եգիպտական «Ահրամ»-ը, յուդայական «Աւրամ»-ը՝ իր ձեւափոխուած ու իմաստափոխուած «Աւրաամ»-«Աբրահամ»-ով, ապա եւ հայկական «Արամ»-ը:
Բայց մասնագէտները այլ կերպ են բաժնել «Ահուրամազդա»-ն, այն է՝ «Ահուրա Մազդա», ինչը մեր կողմից առարկելի է, թէեւ «Մազդա»-ն ինքնուրոյն իմաստ ունի, եւ բխում է Աւեստայի աւանդած «Մեզդիք»-«Մէազդիք» բառից, որ կառուցուել է հայերէն «մեծ դիք» կամ «մեծ դեւք» արմատներից:
«Մազդա»-ի սկզբնական այսպիսի կառուցուածքն ու բովանդակութիւնները մեզ իրաւունք են տալիս «Ահուրամազդա»-ն բաժանելու «Ահուրամ» եւ «մազդա» մասերի:
Աւեստայի «Մեզդիք»-«Մէազդիք»-ի «դիք»-ով կը հասկացուեն «մահկանացու մարդկանց տօհմային նախնիներ»-ը[310], որոնք նախապէս արժանացել են յիշատակի, իսկ կռապաշտութեան շրջանին՝ նաեւ պաշտամունքի:
Մինչդեռ «Դեւք»-«Դիւց»-երը անմահ «Դեւ»-«հրեշտակ»-ներն են՝ որոնց հանդիպեցինք «Անգեղ»-ի բացատրութեան մէջ, եւ որոնք նոյնպէս պաշտուել են կռապաշտութեան շրջանին:
Ուստի «Մազդա»-ն որպէս «Մեծ դի»՝ մահկանացու մարդկանց նախնին է եղել, ով մեծ գործեր է կատարել, իսկ «Մեծ դիք»-ը եղել է այդպիսի նախնիներից առաջինը (որպէս «Դիցերի մեծը»):
Իսկ «Մազդա»-ն որպէս «Մեծ դեւ»՝ մեծ գործեր կատարած հրեշտակն է, իսկ «Մեծ դեւք»-ն էլ այդպիսի հերշտակներից մեծագոյնն է:
Ուստի «Ահուրամազդա» բառը կարող է ունենալ՝
1.«Ահուրամ մեծ դի», եւ
2.«Ահուրամ մեծ դեւ» կառուցուածքը՝ կորիզ ունենալով «Ահուրամ»-ը:
3.«Արամազդ»-ի պարագայում էլ «Արամ»-ը պիտի լինէր կորիզը՝ «մեծ դեւ» կամ «մեծ դից» մակդիրով, «Արամ մեծ հրեշտակ» կամ «Արամ մեծ նախնի» բովանդակութեամբ:
Բայց պէտք է նկատի ունենանք՝ որ անմահ հրեշտակներից կամ հրեշտակազուններից ո՛չ մէկն էլ երկրի վրայ այսօր գոյութիւն ունեցող մարդկանցից ոեւէ մէկի նախնին չի, որովհետեւ ներկայ մարդիկ հողածին-երկրածին են, եւ Պրոմեթեւս հրեշտակն ու հրեշտակազուն Զրուանը եղել են նրանց «արարող» հայրերը՝ բայց ո՛չ երբէք «ծնող»-ները:
Հրեշտակներն ու նրանց սերունդները երկիր մոլորակից հեռացել են ջրհեղեղից անմիջապէս առաջ՝ բացի Նօյից ու Մայր Անահիտից, իսկ հրեշտակազունների եւ մարդկանց որդիների խառնածին տեսակները վերջնականապէս բնաջնջուել են Տրոյայի նշանակալի պատերազմին՝ մեզանից 3500 տարի առաջ:
Սոյն պատերազմը հրահրուել է գլորուած հրեշտակ[311] Զեւսի կողմից՝ գլխաւորապէս ա՛յդ նպատակին ծառայելու համար:
Բայց եւ այնպէս՝ մահկանացու մարդկանց մէջ կան բարի կամ չար երկու հրեշտակներից մէկին կամ միւսին հետեւող-դաւանողներ, նաեւ մէկի կամ միւսի գործը շարունակող մարդիկ՝ որոնք ժառանգել են նրանց մակդիրները, ինչպէս եւ նրանց ծագումնաբանական տօհմանունները՝ ըստ իրենց վստահուած եւ վաստակած գործերին, եւ ըստ իրենց բնակեցրած աշխարհագրական վայրերին:
Հետեւութիւն.-
Ահուրամազդա-Արամազդը եղել է երկնառաք 28 հրեշտակների ժառանգներից, հետեւաբար «Ահուրամազդա» անուան հնագոյն կառուցուածքը բաղադրուած պիտի լինի «Ահուրամ+մեծ+դեւ» արմատներից, ուստի եւ «Արամազդ»-ը՝ «Արամ+մեծ+դեւ»-ից:
Սա անշուշտ քննարկուած համեմատելի անունների ամբողջական ստուգաբանութիւնը չէ:
Զուգահեռ անցկացնելով պարսկական «Ահուրամ»-ի եւ եգիպտական «Ահրամ»-ի միջեւ, նկատում ենք որ «ահուր»-ը «ու»-ն կորցնելով դարձել է «ահր»՝ ինչը լեզուների (յատկապէս հայերէնի) մէջ բառի բարդացման կամ ածանցման օրինաչափ հետեւանք է:
Սա ցոյց է տալիս՝ որ «Ահուրամազդա» անունը Պարսկաստանում գոյութիւն է ունեցել հնագոյն ժամանակներից, բայց քանի որ «ներմուծուած» մի սրբութիւն է եղել՝ նոյնութեամբ մնացել է այդ կաղապարով:
Մինչդեռ Եգիպտոս է մուտք գործել արդէն մի քիչ խտացուած «Ահրամ» ձեւով՝ ու աւանդաբար մնացել է մինչեւ այսօր, պահպանելով աղերսն իր բուն խորհրդի հետ, «բուրգ»-ի հետ:
Հետեւաբար «Ահրամ»-ը Եգիպտոս է հասել ո՛չ թէ Պարսկաստանից՝ այլ «Ահուրամազդա»-ն ծնող բուն ակունքից, եւ առանց միջնորդութեան:
Համեմատելով եբրայական «Աւրամ»-ը «Ահրամ»-ի հետ՝ նկատում ենք որ տեղի է ունեցել օրինական բարբառայնացման մի գործընթաց, երբ «հ»-«հուր»-ը փոխարինուել է «ւ»-ով՝ «հոգեւոր լոյս»-ի պատկերով[312]:
Հետեւաբար «Աւրամ»-ը եբրայերէնում առաջացել է ժամանակային երկրորդ հարթութեան պատկանող «Ահրամ» ձեւից՝ ու տեղ է գրաւել այդ լեզւում աւելի ուշ քան Եգիպտոսում, ուստի եւ շատ աւելի ուշ՝ քան Պարսկաստանում, ինչպէս եւ կորցրել է իր բուն իմաստաբանութիւնը: Նշենք որ եգիպտական եւ պարսկական տարբերակները նոյնիսկ բարբառայնացում չունեն՝ ինչը յատկանշական երեւոյթ է, եւ շեշտում է այդ ժողովուրդների անմիջական կապը՝ բառն ստեղծողների հետ:
Բայց ովքե՞ր կարող էին «Ահուրամ»-«Ահրամ»-ը այնքան խտացնել՝ որ ո՛չ մի իմաստային խաթարման չենթարկուէր անուանումը:
Ի հարկէ նրանք կարող էին լինել բառանունը ստեղծողնե՛րը միայն՝ ովքեր գիտէին անուան էութիւնն ու խորհուրդը:
Պարզ է, որ «Ահուրամազդա» ձեւը մարդկութեան է հասել «Արամ» անունը այսօր էլ կրող հայ մարդկանց նախնիներից, նկատի ունենալով նաեւ՝ որ «Արամ»-ը իւրացրել են հայերիս «եղբօրորդի» եւ մեզ հետ շարունակ անմիջական շփման մէջ գտնուած Արամէացիներն ու Ասորիները, ինչպէս եւ որոշ չափով Կայենական խաշնարած Քրդերը… այն էլ՝ Մեծ Եղեռնից յետոյ միայն[312]:
Վերջապէս ո՞ւմ է անձնաւորում «Ահուրամազդա»-«Արամազդ»-ը՝ եւ ի՞նչ է նշանակում.
Գտել էինք՝ որ «Պրոմեթեւս»-ը նշանակում է «փառը մատուցող թեւաւոր-հրեշտակ», որ եւ ածական-անունն է նախաջրհեղեղեան Կադմոս-Հովիւ Դումուզիի:
Գտել էինք նաեւ, որ առաջին բուրգերը կառուցուել են Պրոմեթեւսի պատուին՝ ուստի եւ նրա այս անունով կոչուել են Pyramid:
Բայց քանի որ բուրգը կոչուել է, եւ առ այսօր շարունակւում է կոչուել նաեւ «Ահրամ»՝ ապա կարելի է մտածել, որ «Ահրամ»-ը «Պրոմեթեւս» անուան «Պրոմ» մասնիկի զուգահեռ իմաստակիրը պիտի լինի՝ հետեւաբար Պրոմեթեւսն էլ Արամազդի զուգահեռը պիտի լինի…:
Վերլուծում.-
Վերը իմացանք՝ որ.
1.«Պրոմեթեւս»-ի «պր»-ը հայերէնի «փառ»-ն է, իսկ
2.«Ահրամ»-ի «Ահր»-«Ահուր»-ը՝ «Աստուծոյ հուր»-ն է (aura-ն է), ուստի հետեւում է՝ որ.
3.«Ահուր»-ն իր էութեամբ համազօր է «փառ»-ին:
«Ահրամ» եւ «Պրոմ» զուգահեռներում «ամ»-ի եւ «ոմ»-ի տարբերութիւնը («ա» եւ «ո») զուտ քերականական մի հանգամանքի արդիւնքն է՝ երբ.
1.«Փառ»-ը հոլովուելով դառնալու էր «փառոյ»՝ որից էլ առաջացել է յունական «Պրոմեթեւս»-ի «պրո»-ն, իսկ.
2.«Հուր»-ը հոլովուելով դառնալու էր «հրայ»[314] ՝ որից էլ «Ահրամ»-ի «Ա+հրա»-ն:
Իսկ «Ահրամ»-ի եւ «Պրոմ»-ի մնացորդ «մ»-ն պարզ գիտակցւում է՝ որ.
1.Պրո+մեթեւսի «մեթ»-ն է, առաւել եւս՝
2.«Մատ+թէոս»-ի «մատ» մասնիկն է՝ «մատուցող» իմաստով:
Հետեւաբար «Ահուրամ»-«Ահրամ»-ը նշանակում է «Աստուածային հուրը մատուցող», եւ համազօր է «Պրոմեթեւս»-ի «պրոմեթ»-ին՝ «փառը մատուցող»-ին:
Մինչդեռ զարմանալիօրէն՝ հայկական «Արամազդ»-ում «Պրոմեթեւս»-ի «պր»-«փառ»-ը կամ «Ահուրամազդա»-ի «Ահուր»-«Աստուածային հուր»-ը փոխարինուել է «Ար»-ով:
Ինչո՞ւ, եւ ի՞նչ օրինաչափութեամբ:
Այստեղ գործել է ո՛չ թէ բառակազմական խտացման, կամ տառադարձակա՛ն մի օրինաչափութիւն՝ այլ իմաստաբանական:
Քանզի «Ար»-ն իր տառացի այլ իմաստների կողքին՝ նշանակում է նաեւ «Աստուածային մասնիկ»[315], հետեւաբար կարելի է իմաստաբանական հաւասարութեան նշան դնել «Ար»-ի, «Ահուր»-ի եւ «Փառ»-ի միջեւ, աւելացնելով՝ որ «Ար»-ի մէջ կայ նաեւ «արարման» խորհուրդը:
Հետեւաբար «Ար-ա+մ+ազդ»-ն ունի.
1.«Աստուածային մասնիկ-ը+մատուցող+հրեշտակ»,
2.«Արարող հրեշտակ» իմաստները:
Ի հարկէ այս մեկնութիւնները շատ խտացուած են՝ բայց կը յուսանք որ ըմբռնելի կը լինեն ընթերցողի համար:
Յաւելուած 1.-
Աւեստայի աւանդած «Մէազդիք»-ի տարբերակ եզակի դէմքով «Մազդա»-ին հանդիպում ենք նաեւ «Մեզդայ» ձեւով՝ այս անգամ եգիպտական հնագոյն մի արձանագրութեան մէջ:
Զախարիա Սիտչինը բերում է մեծ բուրգին յարակից երեք փոքր բուրգերից մեկի շինութեան մասին մի տեղեկութիւն[316], ուր նա յայտնում է թէ այն կառուցել է Հուֆու կամ Խուֆու փարաւօնը՝ իր կնոջ Հենուտսենի յիշատակին, ինչի առիթով էլ մեծ բուրգին եւ Սֆինքսին մօտակայ Իսիդա աստուածուհու սրբատեղիում կանգնեցրել է մի ժայռակոթող[317]ª՝ ուր գրուած է.
«Հաւերժ կեանք Հօր Մեզդայ-ին՝ վերին եւ ստորին Եգիպտոսի տիրակալին, որ հաւերժութիւն տուեց Հուֆուին»:
Մեկնաբանութիւն.-
Զ. Սիտչինը ոչ մի բացատրութիւն չի տուել «Մեզդայ»-ի վերաբերեալ:
Այստեղ յստակ է, որ «մեզ»-ը հայերէնի «մեծ» բառն է, իսկ «դայ»-ը «դաւ»-ի կամ «դեւ»-ի տարբերակն է՝ «ւ>յ» բարբառային անցումով:
Հաւերժութիւն պարգեւող «Հօր Մեզդայ» աստծուն այսօր մասնագէտները շփոթում են եգիպտական «Հօր» կոչուող աստուծոյ հետ՝ որ Օսիրիսի որդին է համարուել[318]:
Մինչդեռ վերոբերեալ մեր ստուգաբանութիւններով առաջնորդուելով պարզւում է՝ որ «Մեզդայ» բառը համազօր է «Մեծ Դեւ»-ին, որը նոյնինքն «Ահուրամազդայ»-ի «մազդայ»-ն է, ուստի եւ «Հօր» ընթերցուածն էլ նոյնանում է «Հուր»-«Ահուր»-ի հետ՝ եւ ոչ թէ «հայր» բառի հոլովուած ձեւի հետ, կամ հայ. «հոռ=բազէ»-ի հետ:
Հետեւաբար «Հօր Մեզդայ»-ն նոյնիսկ իր շարահիւսութեամբ՝ անմիջականօրէն ակնարկում է «Ահուրայ Մեծ Դեւ»-«Արամազդ»-ին:
Յաւելուած 2.-
Արաբերէն լեզւում, Ղուրանում, եւ մահմետական աշխարհում «Ահուրամազդա»-ի փոխարէն իբրեւ բառահումք է օգտագործուել «Ահուրամատ»-ը՝ որպէս հնդկական «Պրամատի»-ի, վայնախեան «Պհարմատա»-ի, կամ եգիպտական «Պարմուտի»-ի մի տարբերակը, երբ «Ահուրամատ»-ը գերազանցապէս խտացուել է (ﺪﻤﺣﺍ) «Ահմատ» ձեւում՝ որից էլ «Մուհամատ»-ն ու Մուհամմատ (ﺪﻤﺤﻣ) մարգարէի անունը, երբ արաբերէնի նոյնարմատ «համատա» բայը նշանակում է «փառք տալ» կամ «փառք մատուցել»՝ որից էլ «Էլ-համտու լիլլէհ»-«փառք Աստուծոյ»-ն:
Վերջին երկու պարագաներում նկատելի է, որ «Ահ»-ը՝ «Աստուածային հուր»-ը, դրափոխուել է «հա»-ի, իսկ «մատ»-ն ստացել է բայական «մատա», «մատու»-«մտու» ձեւերը[319]:
Կարելի է եզրակացնել՝ որ «Մահմետականութիւն»-ը «Աստուածային հուրը մարդուն մատուցող» Պրոմեթեւս-Արամազդ հրեշտակի արարչական աւանդոյթը կրող մի կրօն է եղել սկզբունքօրէն, որի պատճառով էլ Սասանեանների անկումից անմի՛ջապէս յետոյ՝ պարսիկները առանց այլեւայլի ընդունել են այն, թօթափելո՛վ Սասանեան-Աժդահակեանների պարտադրած ո՛չ արիական կրօնը:
Արամազդ-Պրոմեթեւսը հնագոյն ժամանակներում պատկերուել է «խոյ»-ը ձեռքին բռնած[320]:
Այդ «խոյ»-ը խորհրդանշում է Պրոմթեւս-Արամազդի արարած-ստեղծած երկրածին մարդուն՝ Ադամ-Էակոսին, որի «հովիւ»-ն էր ինքը, նաեւ հովանաւորը, խնամողն ու ուսուցանողը:
Նոյն խորհրդանիշով պատկերը վերագրուել է նաեւ Պան-Զրուանին՝ ու… Քրիստոսին:
Սակայն յուդայական տարբերակում «հովիւ Աբրահամ»-ը մորթելով-այրել է «խոյ»-ին՝ իր որդու փոխարէն…!!!:
Անդրադառնանք «Արամազդ»-«Օրմուզդ»-«Որմըզդ» անցման հանգամանքներին:
Արամազդ-Մեծ Մհերի թոռը՝ Դաւիթ-Նօյ նահապետի առաջնեկ Զրուան որդին (Փոքր Մհերը), ջրհեղեղից յետոյ իր պապի կամ նախապապի օրինակով արարել է մարդկային նոր տեսակներ՝ եւ մեծ յոյսերով սպասուած արծաթագոյն-դեղնամորթին անուանել է իր պապի անունով Արամազդ [321], [322] :
Արծաթագոյն-դեղնամորթ երկրածին Արամազդը դարձել է չինացիների, մոնկոլների, ճափոնացիների եւ այդ տեսակի բոլոր մարդկանց նախահայրը:
Ժամանակի հետ նրա անունը աղաւաղուել ու իմաստափոխուել է՝ հնչելով «Օրմուզդ»-«Որմըզդ»-«Որմիզդ», եւ ձեռք է բերել «Աստուծոյ որդի» իմաստը:
Այսքանը իմանալէ ետք՝ հասկանալի է դառնում Աստուածաշնչի համեմատաբար անաղարտ այն խօսքը, թէ «Յիսուս Քրիստոս՝ մեր Փրկիչը, Աբրահամի ու Դաւիթի որդին է»[323]:
Սրա նախատիպը պիտի լինէր՝ «Յիսուս Քրիստոս, մեր Փրկիչը՝ Արամազդի (Մեծ Մհերի) եւ Նօյի (Ծուռ Դաւիթի) որդին է», այսինքն նոյն ինքն՝ վերածնուած Փոքր Մհերն է[324]:
Պատմահայր Խորենացին իր «Պատմութիւն Հայոց»-ի առաջին գրքի մի՛ պարբերութեան մէջ երեք անգամ այլ ձեւերով կրկնում է՝ թէ Պարթեւները ծագումով Սիսակեան են, այսինքն Հայկի տօհմից են, իսկ իր երկրորդ գիրքում ասում է թէ նրանք Աբրահամի սերնդից են:
Սա միանգամայն անյարիր պիտի համարէինք նախորդ եռապատիկ հաւաստումներին՝ եթէ «Աբրահամ»-ի շղարշի տակ չյայտնաբերէինք Ահուրամազդա-Արամազդ-Պրոմեթեւս-Առիւծ Մհերին:
Այսպիսով, Խորենացու երկրորդ պնդումը ձեռք է բերում ճշմարտացիութեա՛ն կնիքը՝ ու մի անգամ ե՛ւս Պատմահայրը անժխտելիօրէն անսուտ, հաւաստի ու վստահելի աղբիւր է դառնում մեզ համար:
Ինչ վերաբերւում է յուդայական երկրածին Աւրաամ-Աբրահամի անձին՝ նա ո՛չ մի առնչութիւն չի ունեցել Ահուրամազդայ-Արամազդ հրեշտակի անձի ու Ահրամ-բուրգի հետ, թէեւ անունը նոյն հիմքն ունի: Երկու անձերի միջեւ առկայ է ահռելի ժամանակային մի անջրպետ՝ ծագման, կեանքի ու գործունէութեան անհամատեղելի հարթութիւններով: Նոյնպիսի մի անջրպետ կայ Նօյ-Ծուռ Դաւիթի եւ յուդայական Դաւիթ թագաւորի միջեւ…:
– – – – – – – – – – –
[308] Այդպէս է կոչւում նաեւ նշանաւոր մի օրաթերթ Եգիպտոսում:
[309] Տես՝ Յօդուած «4»-ը, էջ 222:
[310] Քանզի «դիակ»-ի հիմքը կազմող «դի»-ն «մահացած»-ն է, կամ «մահկանացու»-ն է
[311] Պարսկական չար աստուածութիւն «Անգհրօ-Մայնիւ»-ի «Անգհրօ» բառը հայերէնի «Անկ-
ահուրոյ»-ն է, իսկ «մայնիւ»-ն հաւանաբար «ներքեւ» բառը լինի, ուստի «Անկհրոյ-Մայնիւ»-ն
«ահուրը կան փառը կորցրած ու վար ընկած» հրեշտակ-սատանան է, ինչպէս «Փառ-անկ»-
«Ֆրանկ» բառում:
[312] Տես՝ Յօդուած «8», էջ 278:
[313]
Տես՝ Սերգեյ Շաքարեանցի յօդուածը, «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ»-ի
հրատարակութիւն, «Թողարկում 4», Երեւան, 2010, էջ 173-174, ուր կարդում ենք.
«Հրեական համաշխարհային կազմակերպությունները եւ Իսրայելի հատուկ ծառայությունները
մեծ թափով տեղեկություններ են տարածում, մեկ՝ քուրդ առաջնորդ ղեկավարի հրեական
ծագման (օրինակ Իրաքյան Քրդստանի նախագահ Մ. Բարազանիի կլանի վերաբերյալ), մեկ՝
ընդհանրապես հրեաների եւ քրդերի հինավուրց ազգակցականության մասին»:
Սա երբէք մի պատահականութիւն չէ, քանզի սկզբնապէս եւ էութեամբ խաշնարած հրեաներն ու
քրդերը ունեցել են Կայենական ծագում, բայց քրդերը Իսլամը դաւանելով՝ սա կամ նա չափով
անցել են «Բարի Հրեշտակի» հետեւորդների շարքերը, ինչպէս որ քրդերից շատ առաջ՝ ո՛չ
յուդայական, այլ Մովսիսակա՛ն դարձած հրեաները:
[314]ªԻնչպէս «հրային»:
[315] Մարդու մէջ այդ բացառիկ Աստուածային մասնիկը «Ա-հուր»-«կենսատու հուր»-ն է՝ aura-ն է:
[316]Զախարիա Սիտչին, «Սանդուղքը՝ դէպի երկինք» (The stairway to heaven), ռուս. լեզուով,
Մոսկուա, 2006, էջ 371-372:
[317]ª Այդ ժայռակոթողը ներկայիս գտնուում է Գահիրէի թանգարանում:
[318] Խառնաշփոթը գալիս է Օսիրիսի արարած մահկանացու «որդի» արծաթագոյն Որմիզդ-Օրմուզդ- ից:
[319] Արաբ. «մատտա» (ﱠﺩﻣ)-ի «մատուցել», «մատակարարել» իմաստներին աւելացել է «երկարել»- ը:
[320]Ն. Կուն, նոյն, էջ 49, «Հերմես»-ի նկարագրութեան մէջ:
[321]Ահա թէ ինչ խորքերից է մեզ հասել պապի անունով որդուն անուանակոչելու աւանդութիւնը:
[322]Հայկական աւանդութեան մէջ Փոքր Մհերի ծննդեան պահին՝ նրա աջ ձեռքի բռունցքը փակ է
եղել, եւ երբ շատ դժուարութեամբ բացել են այն՝ մէջը գտել են արեան կաթիլներ: Մեր
կարծիքով սրա մէջ թաքնուած է նրա կողմից այդ արեան կաթիլներով նոր տեսակի մարդկանց
արարելու առաքելութեան խորհուրդը:
[323]Աստուածաշունչը ժխտող մեկնաբաններից ոմանք կառչում են այս չհասկացուած «ֆորմուլա»- ձեւակերպումից:
[324]Տե՛ս՝ «Աւետարանն ըստ Մատթէոսի», «Յիսուս Քրիստոսի ազգատոհմը» գլխում:
Մի իրողութիւն՝ որն անպայման արձանագրուած պիտի լինէր «Պրոմեթեւս»-ի կրճատ «Մատթէոս» անունը կրող առաջին Աւետարանիչի գրքում, եւ պիտի ներկայանար նրա առաջին խօսքով …:
Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:
magaghat.am/archives/43200