Հայաստանում Պետական Ուղեղային Կենտրոն Ունենալու Հրամայականը

Հայաստանում Պետական Ուղեղային Կենտրոն Ունենալու Հրամայականը

27 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ:

ԲԵՆԻԱՄԻՆ ՊՕՂՈՍԵԱՆ

Վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող ուշագրաւ գործընթացներից է արտաքին քաղաքականութեան եւ տարածաշրջանային զարգացումների վերաբերեալ իրականացուող վերլուծութիւնների եւ գնահատումների մասսայականացումը: Աւելի ու աւելի շատ մարդիկ են արտաքին քաղաքականութեան վերաբերեալ իրենց տեսակէտներն ու գաղափարները ներկայացնում հանրութեանը: Միեւնոյն ժամանակ, շատ մասնագէտներ մտահոգութիւն են յայտնում այս երեւոյթի առնչութեամբ՝ պնդելով, որ այն արժէզրկում է վերլուծաբանի կամ փորձագէտի մասնագիտութիւնն ու կատարած աշխատանքը:

Ստեղծուած իրավիճակը եւ դրա հնարաւոր հետեւանքները գնահատելու համար անհրաժեշտ է նախեւառաջ վերլուծել դրա առաջացման հիմնական պատճառները: Բազմաթիւ մասնագիտութիւններ պահանջում են նեղ գիտելիքներ, եւ հասարակութեան բացարձակ մեծամասնութիւնը ընդունում է այս փաստը եւ չի էլ փորձում կարծիք յայտնել դրանց առնչուող խնդիրների վերաբերեալ: Շատ քչերը կարող են իրենց թոյլ տալ վիրաբոյժին խորհուրդ տալ վիրահատութեան ժամանակ այս կամ այն մեթոդի ընտրութեան, կամ ծրագրաւորողին ուղղորդել կոնկրետ (յստակ-Խմբ.) խնդրի լուծման եղանակների հարցում:

Սակայն միջպետական յարաբերութիւններն այս առումով իւրայատուկ են: Դրանք ինչ որ չափով նման են մարդկանց միջեւ շփումներին, իսկ այս հարցում ցանկացած անձ, անկախ իր ունեցած կրթական եւ այլ ցենզերից, ունի որոշակի պատկերացումներ: Աւելին, յաճախ կարելի է հանդիպել իրավիճակների, երբ աւելի բարձր մակարդակի կրթական ցենզ ունեցողներն աւելի դժուար են կողմնորոշւում մարդկային յարաբերութիւններում, յաճախ տալիս են սխալ գնահատականներ անձի քայլերի մոտիվացիայի (շարժառիթներու-Խմբ.) վերաբերեալ:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Միջպետական յարաբերութիւնների եւ անձանց միջեւ փոխյարաբերութիւնների որոշակի նմանութիւնը արտաքին քաղաքականութեան ոլորտում ոչ մասնագիտական վերլուծութիւնների աճի թերեւս հիմնական պատճառն է: Պատահական չէ, որ լայն տարածում ունեն այն ընկալումները, որոնք հզօր պետութիւնների գործելաոճը նմանեցնում են դպրոցում կամ բակում ֆիզիկական կամ կամային յատկանիշներով աչքի ընկնող տղաների վարքին, իսկ միջպետական յարաբերութիւնները՝ դեռահասների միջեւ առկայ կոնֆլիկտներին (հակամարտութիւններուն-Խմբ.):

Ամենայն հաւանականութեամբ, այս երեւոյթը բաւականաչափ երկար պատմութիւն ունի: Գրեթէ վստահօրէն կարելի է պնդել, որ տարատեսակ մասնագիտութիւնների մարդիկ ակտիւօրէն քննարկել են պետութիւնների արտաքին քաղաքականութիւնը, փորձել հասկանալ դրանց պատճառներն ու կանխատեսումներ անել նաեւ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում: Սակայն այդ ժամանակ պետութիւնների արտաքին քաղաքականութիւնը որոշւում էր բաւականաչափ սահմանափակ թուով մարդկանց կողմից՝ (ռազմաքաղաքական ղեկավարութիւն, դիւանագէտներ), որոնց կատարած քայլերի վրայ հասարակութեան ազդեցութիւնը սահմանափակ էր: Վերջիններս հիմնականում խորհրդատուութիւն էին ստանում մասնագէտների նեղ շրջանակներից, որոնց գործունէութիւնը հրապարակային չէր, իսկ վերլուծութիւնների մի փոքր մասը ներկայացւում էր նեղ մասնագիտական ամսագրերում, որոնք հասարակութեան լայն շերտերը չէին կարդում:

Փաստացի, ստեղծուել էր զուգահեռ եւ իրար հետ չհատուող երկու իրականութիւն՝ հասարակութեան լայն զանգուածների «խոհանոցային քննարկումները» եւ բարձրաստիճան պաշտօնեաների որոշումներն ու նրանց խորհուրդներ տրամադրող մասնագէտների նեղ շրջանակի գնահատումները:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Երկու Իրականութիւնների Միաձուլում

21րդ դարում արդէն թուային տեխնոլոգիաների (գիտութիւններու-Խմբ.), սոցիալական (ընկերային-Խմբ.) ցանցերի եւ շարժական ինտերնետի (համացանցի-Խմբ.) կտրուկ զարգացումը յանգեցրել է վերոնշեալ երկու իրականութիւնների միաձուլմանը: Բարձրաստիճան պաշտօնեաներն իրենց քայլերն ակտիւօրէն քննարկում են սոցիալական ցանցերում, խորհրդատուութեամբ զբաղուող նեղ մասնագէտներն ու «ուղեղային կենտրոններն» ամէնօրեայ ռեժիմով (կարգով-Խմբ.) իրենց վերլուծութիւնները տեղադրում են ինտերնետում: Միեւնոյն ժամանակ, շարքային քաղաքացիների «խոհանոցային քննարկումները» եւս տեղափոխուել են թուային հարթակներ: Ակնյայտ է, որ այս գործընթացը ընդլայնուելու միտում ունի, եւ, բացի մի քանի պետութիւններից, որտեղ ինտերնետի լայն հասանելիութիւնը փաստացի բացակայում է (առաւել նշանակալի օրինակ է Հիւսիսային Կորէան), միւսները հարկադրուած են աշխատել այս երկու իրականութիւնների աստիճանական միաձուլման պայմաններում:

Հայաստանը եւս այս գործընթացի բացկացուցիչ մաս է: Սոցիալական ցանցերում իւրաքանչիւր օր հազարաւոր, եթէ ոչ տասնեակ հազարաւոր մարդիկ տեսակէտներ եւ գնահատականներ են յայտնում Հայաստանի արտաքին քաղաքականութեանն ու տարածաշրջանային անվտանգութեանն առնչուող հարցերի վերաբերեալ: Ընդ որում նրանցից միայն շատ փոքր մասն է տիրապետում համապատասխան մասնագիտական գիտելիքների: Սակայն քանի որ բոլորն էլ օգտագործում են նոյն հարթակները, յաճախ բաւականաչափ դժուար է դառնում մասնագիտական եւ ոչ մասնագիտական գնահատումների տարբերակումը: Հաշուի առնելով Հայաստանի առջեւ ծառացած արտաքին քաղաքական մարտահրաւէրները, տարածաշրջանային ցանկացած զարգացման՝ Հայաստանի անվտանգային շահերի վրայ ունեցած մեծ ազդեցութեան ներուժը եւ հասարակութեան քաղաքականացուածութեան բարձր աստիճանը՝ Հայաստանը, թերեւս, այս առումով կարող է յաւակնել աշխարհում առաջատար դիրքեր գրաւելուն: Ամէն օր սոցիալական ցանցերում եւ թուային տիրոյթում ձեւաւորւում է հսկայական քանակութեամբ արտաքին քաղաքականութեանն առնչուող բովանդակութիւն՝ գրառումների, աւանդական եւ ինտերնետային հեռուստաընկերութիւններին տուած հարցազրոյցների, փորձագիտական քննարկումների, տարատեսակ յօդուածների տեսքով:

Միեւնոյն ժամանակ, չնայած վերոյիշեալ երկու իրականութիւնների միաձուլմանը, արտաքին քաղաքականութեան ոլորտում որոշումների պատրաստումն ու ընդունումը շարունակում է մնալ խիստ սահմանափակ թուով մարդկանց մենաշնորհը: ԱՄՆի նախագահ Թրամփը կարող է ամէն օր տասնեակ գրառումներ կատարել սոցիալական ցանցերում, սակայն 2020թ. Յունուարի 3ին Իրաքում իրականացուած յատուկ գործողութեան նպատակայարմարութեան հարցը չի որոշուել թուային աշխարհում հարցման, քուէարկութեան կամ հաւանութեան միջոցով:

Միւս կողմից, արտաքին քաղաքական ցանկացած որոշում ընդունւում է որոշակի տեղեկոյթի եւ դրա հիման վրայ իրականացուած վերլուծութիւնների հաշուառմամբ: Այս առումով խոշոր պետութիւններն ունեն ակնյայտ առաւելութիւն, քանի որ նրանց որոշումներն ընդունւում են մեծածաւալ փակ տեղեկոյթի մշակման հիման վրայ, որ ստացւում է մարդկային եւ տեխնիկական միջոցներով իրականացուող հետախուզական գործունէութեան եւ գործակալական լայն ցանցի կիրառման միջոցով: Այս դէպքում համացանցում առկայ տեղեկատուական մեծածաւալ «աղբը» էական ազդեցութիւն չի ունենում ընդունուող որոշումների վրայ: Մինչդեռ փոքր պետութիւնների, այդ թւում՝ Հայաստանի դէպքում, որոնք չունեն արտաքին հետախուզական միջոցներ եւ գործակալական լայն ցանց կիրառելու կարողութիւն, արտաքին քաղաքական կարեւոր որոշումները հիմնականում ընդունւում են տեղի եւ օտարերկրեայ փորձագէտների գնահատումների հաշուառմամբ: Այս առումով թուային տիրոյթում ամէն օր գեներացուող (ծնող-Խմբ.) հսկայածաւալ տեղեկոյթը տեղեկատուական խառնաշփոթ է ստեղծում եւ դժուարացնում որակեալ որոշումների ընդունման գործընթացը:

Հասկանալի է նաեւ, որ պետութիւնը չի կարող ո՛չ սահմանափակել ինտերնետ հասանելիութիւնը, ո՛չ էլ արգելել սոցիալական ցանցերում սեփական վերլուծութիւններն ու գնահատումները տեղադրելու քաղաքացիների իրաւունքը:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Ուղեղային Կենտրոն Ունենալու Հրամայականը

Այս իրավիճակում առաւել յաճախ կիրառուող տարբերակներից մէկը պետութեան ղեկավարի աշխատակազմին առընթեր «ուղեղային կենտրոն»ի ձեւաւորումն է: Սակայն յաջող գործելու համար այն պէտք է համապատասխանի որոշակի չափանիշների:

Նախ, տուեալ կենտրոնի վերլուծաբանները պէտք է սահմանափակեն սեփական գնահատումների տեղադրումը սոցիալական ցանցերի անձնական հաշիւներում կամ տարատեսակ լրատուական կայքերում, հակառակ պարագայում նրանց եւ միւսների տարբերութիւնը կը լինի միայն այն հանգամանքը, որ ուրիշներն այդ վերլուծութիւններն իրականացնում են որպէս հոբբի կամ դրա դիմաց եկամուտներ ստանում դրամաշնորհներից եւ այլ մասնաւոր աղբիւրներից, իսկ պետական «ուղեղային կենտրոն»ի աշխատակիցները նոյն գործունէութեան համար ֆինանսաւորւում են պետբիւջէից:

Երկրորդ կարեւոր հանգամանքը այդ կենտրոնի համար պետական հաստատութիւնների ներսում շրջանառուող տեղեկոյթի հասանելիութիւնն է, օրինակ՝ տարբեր գերատեսչութիւնների ղեկավար կազմի՝ արտերկիր կատարած այցելութիւնների արդիւնքներով պատրաստուող թէ՛ գերատեսչական, թէ՛ դեսպանների հաշուետուութիւնների տրամադրումը:

Երրորդ, էական նշանակութիւն ունի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեամբ զբաղուող համապատասխան կառոյցների ղեկավար կազմի հետ (առնուազն վարչութիւնների պետերի մակարդակով) պարբերական հանդիպումների կազմակերպումը:

Վերջապէս, ամենակարեւորը համապատասխան կադրերի ընտրութիւնն է: Նմանատիպ կենտրոններում չպէտք է աշխատեն առանձին վերցրած պետութեան նեղ մասնագէտներ, որոնք մանրամասն տեղեակ են տուեալ պետութեան պատմութեանը, էթնիկ եւ ցեղային կազմին, սակայն մակերեսային պատկերացում ունեն Հարաւային Կովկասում ներգրաւուած ուժային այլ կենտրոնների շահերի եւ արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթութիւնների մասին:

Նպատակայարմար է ունենալ տարածաշրջանում ազդեցութիւն ունեցող բոլոր հիմնական խաղացողների արտաքին քաղաքական եւ տնտեսական հիմնական առաջնահերթութիւնների վերաբերեալ բաւարար (ոչ մակերեսային) գիտելիքներ ունեցող վերլուծաբանների փոքր խումբ, որն ի վիճակի կը լինի առնուազն շաբաթական կտրուածքով պետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեանը տրամադրել ռազմավարական խորհրդատուութիւն՝ առկայ հնարաւորութիւնների, ռիսկերի (հնարաւոր վտանգներու-Խմբ.) եւ դրանց չէզոքացման հնարաւորութիւնների վերաբերեալ:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

asbarez.com/arm/362528/Հայաստանում-Պետական-Ուղեղային-Կենտր/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail