ՀԱՐՑԱԶՐՈՅՑ – «Սփիւռքում Ամենամեծ Մարտահրաւէրը Հայ Ինքնութեան Կորուստն Է»
27 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՀԱՐՑԱԶՐՈՅՑ:
Հարցազրոյց Տոնի Ռոստովի Հայկական Համայնքի Երիտասարդ Ուսուցչուհի Ռուզաննա Կարապետեանի Հետ
Հայ ազգն իր քաղաքակրթութեան պատմութեան, մաքառումների ընթացքում իր հետքերն է թողել աշխարհի գրեթէ բոլոր անկիւններում: Դիմակայելով ճակատագրի հարուածներին ու փորձութիւններին` ամէնուր ձգտել է պահպանել իր ինքնութիւնը` լեզուն, մշակոյթը, հաւատը… դրանք մեզ համար դարձել են յատուկ գոյականներ, ինչի կենդանի վկաները բազմաթիւ երկրներում հայերի կառուցած հին դպրոցներն ու եկեղեցիներն են:
Պատմականօրէն ձեւաւորուած հայկական գաղթօճախների շարքում ուրոյն պատմութիւն ունի Նոր Նախիջեւանի կամ Տոնի Ռոստովի հայկական համայնքը իր նոր, բայց հարուստ անցեալի էջերով:
Տոնի հայութեան մշակութային կեանքում շատ էական է եղել մեր հայրենակիցներ Մ. Նալբանդեանի եւ Ռ. Պատկանեանի դերը: Եւ հայոց նորագոյն պատմութեան եւ մշակոյթի մէջ մեծ դեր կատարած բազում երեւելի անհատականութիւններ սերուել են Նոր Նախիջեւանի հայկական միջավայրից` վարպետ Մարտիրոս Սարեան (1880-1972), տաղանդաւոր նկարիչներ` Սէյրան Խաթլամաջեան (1937-1994), Գրիգոր Շլդեան (1900-1985), գրականագէտ Սարգիս Սարեան (1917-1962), ճարտարապետ Մարկ Գրիգորեան (1900-1978), պատմաբան, արուեստաբան, գրականագէտ Ալեքսէյ Ջիւելեգով (1875-1952)… Նոր Նախիջեւանի հայերը նաեւ մշակութային կամուրջ են եղել հայ եւ ռուս ազգերի միջեւ: Հայերը կարեւոր դեր են կատարել նաեւ Ռուսաստանի քաղաքական ու մշակութային կեանքում:
Այսօր էլ ապրում է Նոր Նախիջեւանի հայկական գաղութը: Ապրում է իր մշակութային կեանքով` անցեալի ժառանգութիւնը պահպանելու, իր առջեւ դրուած կարեւորագոյն խնդրով: Այդ նուիրեալներից են համայնքի հոգեւոր առաջնորդ Տիրան քհնյ. Աւագեանը, երէցկին Անուշ Գրիգորեանը, որոնց անխոնջ, անմնացորդ նուիրումի շնորհիւ գործում է «Հայորդեաց տուն»-ը («Զուարթնոց» պարային համոյթը, «Նախիջեւան» երգչախումբը, ՀԵԵՄ-ը եւ Հայկական դասարանը): Տիրան քհնյ. Աւագեանի նուիրական ջանքերով Ս. Յարութիւն եկեղեցուն կից վերաբացուեց թիւ 14 վարժարանի Հայկական դասարանը: «Հայորդեաց տանն» այսօր ուսանում է շուրջ 300 աշակերտ: Երախտագիտութեամբ կարող ենք ասել, որ տէր հայրը կարողացել է վերածնել տեղի ազգային-հոգեւոր կեանքը` ասես ստեղծելով մի փոքրիկ Հայաստան:
Եւ մի երիտասարդ հայ ուսուցչուհի` Ռուզաննա Կարապետեանը, որը 7 տարի առաջ է հաստատուել Տոնի Ռոստովի հայկական համայնքում, արդէն մօտ երեք տարի, հետամուտ` Սիլվա Կապուտիկեանի պատգամին, օտար ափերում ապրող հայ մանուկներին է փոխանցում մեր «հայոց լեզուն հազարագանձ», պատմում նրանց հայի անցած ճանապարհի ու մշակութային սխրանքների մասին, որոնք նրանց հոգում հպարտութիւն են սերմանում: Չկայ ազգային կեանքում որեւէ նշանաւոր իրադարձութիւն, որին չանդրադառնան Տիրան քհնյ. ու երէցկինը: Դրա դրսեւորումներից մէկը վերջերս Տիրան քհնյ. Աւագեանի օրհնութեամբ եւ երէցկնոջ` Անուշ Գրիգորեանի նուիրական ջանքերով տեղի ունեցած միջոցառումն էր` նուիրուած Կոմիտաս վարդապետի եւ Ամենայն Հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի 150-ամեակներին:
Համաշխարհայնացող աշխարհում մայրենի լեզուի պահպանումը ուսուցումն ու փոխանցումը պէտք է դառնայ առաջնային նպատակ, սա է Ռուզաննա Կարապետեանի որդեգրած գաղափարը, որը կեանքի կոչելու համար ներդնում է բոլոր ջանքերը:
Ռուզաննա Կարապետեանի հետ մենք զրուցել ենք Տոնի Ռոստովի մեր հայրենակիցների հոգեւոր-մշակութային կեանքի, հայապահպանութեան խնդիրների եւ արդի մարտահրաւէրների մասին, որի ընթացքում մենք փորձել ենք վեր հանել նաեւ գաղթօճախի պատմութեանը վերաբերող ոչ բոլորին յայտնի էջեր:
«Դպրոցը, որտեղ աշխատում եմ ես, ունի հետաքրքիր ու հարուստ պատմութիւն,- ասում է Ռուզաննա Կարապետեանը: – Այն բացուել է 1882 թուականին` բարերար Մկրտիչ Գոգոյեանի կողմից, իր երկյարկանի տանը: Սկզբում այն եղել է օրիորդաց դպրոց: Մահից առաջ նա կտակ է գրել, որ հայ մանուկներն անօթի են մնացել, եւ իր ժառանգութիւնը թողնում է հայ երեխաներին: Եւ ահա բացւում է դպրոցը, որի հանդիսաւոր արարողութեան ժամանակ ելոյթ է ունեցել նաեւ Ռափայէլ Պատկանեանը: Դպրոցը հետագայում անուանափոխուել է: Խորհրդանշական է, որ դպրոցից մի քանի քայլ այն կողմ գտնւում է Սմբատ Շահազիզի տունը, որը հայկական շունչ է հաղորդում միջավայրին: Իր գոյութեան սկզբից այստեղ հայոց լեզուի դասաւանդումը եղել է պարտադիր պայման: Հիմա, ցաւօք, այն անգլիական թեքումով է: Եւ ես` հայեացք գցելով դպրոցի անցեալի պատմութեանը, ուզում եմ կարեւորել Աւետիք Իսահակեանի խօսքերը, որ ամենեւին էլ չանտեսելով բազում օտար լեզուների իմացութիւնը` հայ սերունդներին այսպիսի կարեւոր պատգամ է տուել. «Մայրենի լեզուի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզուինը` սովորում, հասկանում, յիշում… սուտ է այն լուսաւորութիւնը, որ պիտի լինի օտարի լեզուով: Այդպիսի դիպուածում դուք ձեր զաւակները օտարացնում էք ձեզանից: Նրանց զաւակները անունով միայն կը լինին հայ, իսկ յաջորդ սերունդները աւելորդ կը համարեն այդ անունը կրել իւրեանց վրայ: Ուրեմն խելամիտ եղէք, եւ թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն»: Այո՛, որքան էլ հայ մանուկը օտար լեզուներ սովորի, մեզ համար առաջնայինը պէտք է նրան մայրենի լեզուն փոխանցելը լինի:
ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ.- Յարգելի՛ Ռուզաննա, ինչպէ՞ս ընտրեցիք ուսուցչուհու դժուարին եւ պատասխանատու գործը:
ՌՈՒԶԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Մեր ընտանիքում մանկավարժներ չեն եղել: Պապիկիս եղբայրը բանասիրական գիտութիւնների թեկնածու Յովհաննէս Ղազարեանն է եղել: Իրենց տանը յաճախ են հիւրընկալուել Պարոյր Սեւակը, Յովհաննէս Շիրազը, Մարտիրոս Սարեանը… մայրս մեծացել է մտաւորականների միջավայրում: Ես պապիկիս կերպարը շատ լաւ եմ յիշում: Նա մեզ դաստիարակում էր մեր մեծերով, գիր ու գրականութեամբ: Նշեմ նաեւ, որ հօրաքոյրս երկար տարիներ դասաւանդել է հայոց լեզու եւ գրականութիւն: Նրանց կերպարը ինձ համար դարձաւ ուղենիշ` ընտրելու ուսուցչուհու անխոնջ, անձնուէր աշխատանքը:
ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ասում են` ուսուցիչ լինելը կոչում է, ոչ թէ` մասնագիտութիւն…
ՌՈՒԶԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Միանշանակ: Մանկավարժութիւնը սիրել եմ դեռ մանկուց: Սիրել եմ գրել-ջնջելը: Եւ երբ արդէն ինքս ուսուցչուհի էի, հասկացայ, որ մանկավարժ չեն դառնում, ծնւում են: Ես դա բացայայտել եմ մեր մեծերի, իմ դասախօսների ու ընտանիքի օրինակներով:
ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ի՞նչ խնդիրների էք բախւում` օտարութեան մէջ հայ երեխաների հայեցի կրթութեան հետ կապուած:
ՌՈՒԶԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Սփիւռքի առջեւ ծառացած ամենամեծ մարտահրաւէրը հայ ինքնութեան կորստի վտանգն է: Մեր ազգային ինքնութիւնը դարեր շարունակ խարսխուած է եղել լեզուի, կրօնի, ազգային մշակոյթի պահպանման ու տարածման վրայ: Սփիւռքում հայ ինքնութեան պահպանութեան համար չափազանց կարեւոր է մայրենիի իմացութիւնը եւ սրբազնօրէն պահպանումն ու փոխանցումը ամէն յաջորդ սերնդին: Մեզ պէտք է առաջնորդի այն գիտակցութիւնը, որ լեզուն ազգի բիւրեղեայ, պեղուած արժէքն է` աստուածապարգեւ էութիւնը: Ի վերջոյ, հայոց լեզուն հնագոյն քաղաքակրթութեան լեզու է: Նրա խնամքով ու պահպանութեամբ պէտք է զբաղուենք ամէնքս` աշխարհի որ անկիւնում էլ լինենք: Եւ տեղին եմ համարում մտաբերել Պարոյր Սեւակի հանճարեղ բնորոշումը. «…մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը` հանուր մարդկութեան… Այդ լեզուի խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ»:
ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ռուսաստանը թէեւ ամենամեծ հայկական համայնքն ունեցող երկրներից է, սակայն ունենք հայ երեխաների` հայկական դպրոցներ յաճախելու մեծ խնդիր: Ձեր դիտարկումներով որո՞նք են դրա պատճառները: Ի՞նչ ուղիներ կան այս, յիրաւի, ազգային նշանակութեան հարցը կարգաւորելու համար:
ՌՈՒԶԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Այո՛, յիրաւի, Ռուսաստանն ամենամեծ հայկական համայնք ունեցող երկրներից է, եւ մենք ունենք հայ երեխաների հայկական դպրոց յաճախելու մեծ խնդիր: Այստեղ մայրենի լեզուի հարցն օրակարգային է. հայերի մեծամասնութիւնը չի տիրապետում կամ էլ մասամբ է տիրապետում հայերէնին: Մերօրեայ պայմաններում, անշուշտ, սոյն խնդիրն ունի հոգեբանական, լեզուաբանական, մշակութային հաղորդակցման եւ նմանատիպ այլ դրսեւորումներ: Չնայած` դարեր ի վեր պայքարած ազգը, անցնելով բազում փորձութիւնների միջով, մեզ է աւանդել մայրենի լեզուի լոյսը, որը դարձել է վահան ու հովանի, իր զօրութեամբ մաքառել, հասել է բարձունքի:
Տեղին է յիշել պատմաբան Լէոյի խօսքերն այս առթիւ. «Մեր ամբողջ պատմութեան ընթացքին սա առաջին մեծ դէպքն է, երբ հայ ժողովուրդը ճշմարիտ, նշանաւոր յաղթանակ մը տարաւ: Նոյնիսկ եթէ Տիգրանները աւելի սովորական երեւոյթ ըլլային մեր պատմութեան մէջ, դարձեալ անոնց յաղթանակները կարող չէին համեմատուիլ այս համեստ վարդապետի գործին հետ: Մեսրոպն իր կատարած գործով ամենամեծն է մեր պատմական հերոսների մէջ»: Եւ սրանք հէնց այնպէս ասուած խօսքեր չեն:
ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ.- Վերը նշուած իրողութիւններն առկայ են սփիւռքի միւս գաղթօճախներում եւս: Մինչդեռ մեր պատմութիւնից գիտենք, որ լեզուն, մշակոյթը ազգի գոյութեան ցուցիչներն են: Այսօրուայ համաշխարհայնացուող, հոգեւոր մարտահրաւէրներով լի աշխարհում ինչպիսի՞ գաղափարներ ու ծրագրեր են հարկաւոր ներդնել` մեր աշխարհասփիւռ ազգի սերնդին իր արմատին ու հայրենիքին կապելու համար:
ՌՈՒԶԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Համաշխարհայնացուող աշխարհում մայրենի լեզուի կիրառումը եւ ուսուցումը պէտք է դառնայ առաջնային նպատակ, քանզի ձուլման վտանգը սպառնում է արդէն մեր ինքնութեանը: Հայ ազգային ինքնութեան պահպանումը, սերունդներին հայեցի կրթելու, դաստիարակելու, պատմական ակունքներին հաղորդակից լինելու ձգտումը հայ ազգի հոգեկերտուածքի բաղկացուցիչ մասն է: Այսօր ուծացումն անհանգստացնող երեւոյթ է մեզ համար: Դարեր շարունակ Հայ առաքելական եկեղեցին ջանացել է օտար հողում հայկական կրթօճախները պահելու համար: Եւ որպէսզի հայրենիք-սփիւռք կապը լինի անքակտելի, պէտք է պետական մակարդակով կազմուեն հրատապ ծրագրեր, ամրապնդուի լեզուական, մշակութային, միասնութիւնը, աւանդոյթների կարեւորութիւնը: Իւրաքանչիւր միջավայր եւ ժամանակաշրջան ինքն է թելադրում սկզբունքները եւ սերնդին հայեցի կրթելու մեթոտները:
ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ուզում եմ յիշենք աշխարհահռչակ Վիքթոր Համբարձումեանի խօսքերը. «Գիտցի՛ր, որ քանի ապրում եմ, իմ կեանքի ամենամեծ երջանկութիւնը եղել է եւ կը մնայ հայոց լեզուին տիրապետելը»: Հոգեւոր զարգացման ի՞նչ ճանապարհ պէտք է անցնի սփիւռքում մեծացող հայ երեխան այս գիտակցութեանը հասնելու համար: Եւ ո՞րը պէտք է լինի իւրաքանչիւրիս անելիքը:
ՌՈՒԶԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Եւ դրանով ամէն ինչ ասուած է: Աշխարհահռչակ աստղաֆիզիկոսը սերունդներին է կտակում հայոց լեզուն, որն ամենաթանկն է…
ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ.- Կանգ առնենք Մեծն Կոմիտասի հետեւեալ խօսքերի վրայ. «Ուսուցիչ պարոններ ու քոյրեր, զգուշութեամբ եւ երկիւղածութեամբ մօտեցէք դաստիարակութեան գործին. խիստ փափուկ պաշտօն մըն է ձերը: Դաստիարակելու կոչուած էք սերունդ մը, որ ապագայ ազգն է: Սխալ ուղղութեամբ` ազգ մը կը խորտակէք»: 21-րդ դարում ինչպիսի՞ պատասխանատուութեամբ պէտք է վերաբերուի հայ ուսուցիչն իրեն վերապահուած այդ սրբազան առաքելութեանը` լինի Հայաստանում, թէ սփիւռքում:
ՌՈՒԶԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Անշուշտ դպրոցն ընտանիքի եւ հասարակութեան միջեւ անքակտելի կապ ստեղծողն է: Մանկավարժի աշխատանքը սոսկ մասնագիտութիւն չէ, այլ անձի ձեւաւորման եւ զարգացման օրինաչափութիւնների, ուսուցման եւ դաստիարակութեան ձեւերի, մեթոտների եւ բովանդակութեան մասին գիտութիւն է: Երեխային կրթելու անընդմէջ գործընթացը, գիտելիքների հաղորդումը եւ իւրացումը պէտք է լինի նրա ներաշխարհը թափանցելու միջոցով:
Կոմիտասի հետ կապուած մի յուզիչ պատմութիւն կայ. նա էլ մանուկ հասակում հայերէն չգիտէր, բայց նա աշխարհ էր եկել որպէս հայ երգի մոգ, ինչպէս Պ. Սեւակն է ասում` «Հայ երգի Մեսրոպ Մաշտոց»: Ես իմ աշակերտներին միշտ պատմում եմ Կոմիտասի հետ կապուած մի յուզիչ պատմութիւն, որը մեզ է փոխանցել ականաւոր լեզուաբան Հրաչեայ Աճառեանը: Եւ ուզում եմ այդ պատմութիւնը զետեղել այստեղ.
«Նա քէօթահիացի (Կուտինա) էր, թրքախօս հայ: Պատանի ժամանակ լսելով, որ Էջմիածնում մի լաւ դպրոց է բացուել, ոտաբոպիկ եւ առանց գրպանում կոպեկ ունենալու, ճանապարհ է ընկել Քէօթահիայից եւ մուրալով-կուրալով Էջմիածին է հասել: Ո՞վ էր թողնում ոտաբոպիկ տղային ներկայանալ Գէորգ կաթողիկոսին: Բայց նա մի կերպ սպրդում է ներս եւ մտնում է կաթողիկոսի սենեակը: Խօսում է թուրքերէն եւ ասում է. «Ես եկել եմ ձեզ մօտ սովորելու»:
– Դու հայերէն չգիտե՞ս,- ասում է նրան կաթողիկոսը,- ես քեզ հետ ի՞նչ անեմ: Եւ նա թուրքերէնով պատասխանում է.
– Հայերէն եթէ իմանայի, ինչի՞ պիտի գայի:
Այս յանկարծական եւ համարձակ պատասխանի վրայ կաթողիկոսը զարմացած եւ ուրախացած հարցնում է.
– Դու որեւէ եղանակ երգել գիտե՞ս:
Սողոմոն Սողոմոնեանը (այս էր նրա աշխարհական անունը) սկսում է երգել… նրա ձայնի գեղեցկութեան եւ հմայքի վրայ այնպէս է հիանում կաթողիկոսը, որ իսկոյն հրամայում է. «Շուտ, շուտ վերցրէք այս երեխային եւ տարէք ճեմարանի աշակերտ գրեցէք»:
Սա եւս մի վկայութիւնն է այն բանի, որ մենք մեր սերունդներին պէտք է հայ կրթենք, մեր մեծերի օրինակով:
Որպէս ուսուցչուհի` միշտ մտածել եմ. երբ սկսուեց Հայոց ցեղասպանութիւնը, ոչնչացրին նախ մտաւորականութեանը, այսինքն` ազգի մշակոյթը վերարտադրող ու պահպանող ուժին: Ցեղասպանի թիրախը մեր ազգին գաղափարական առաջնորդից զրկելն էր: Բայց մենք դեռ կանք ու պէտք է պահենք մեր մշակոյթը, որ մշակոյթն էլ մեզ շարունակի պահել-պահպանել: Սա օրուայ հրամայականն է:
ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ.- Հայոց լեզուի այբուբենի զօրութեան մասին տարբեր ազգերի գիտնականներ են խօսել: Նոյնիսկ փաստեր կան, որ ռուս տիեզերագնացներն իրենց հետ յաճախ հայոց լեզուի այբուբենի պատկերն են տարել` իմանալով նրա տիեզերական ուժի եւ աստուածապարգեւ լինելու մասին: Իսկ ամենակարեւորն այն է, որ մեր այբուբենն իր մէջ աղօթք է պարունակում: Համաձա՞յն էք արդեօք, որ այսպիսի մոռացուած գիտելիքներն ու փաստերը հայ երեխային փոխանցելով` մենք մեր ազգն աւելի ուժեղ ու անպարտելի կը դարձնենք:
ՌՈՒԶԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Այո՛… լիովին համամիտ եմ: Պատահական չէ, որ իմ դասասենեակի մի անկիւնում տեղադրել եմ «Տէրունական աղօթք»-ը, միւս կողմում` «Մաշտոցեան աղօթք»-ը: Ես չեմ դադարում իմ սաների հետ խօսել հայոց այբուբենի հետ կապուած գիտական պատմութիւնների, նրա զօրութեան մասին, թէ ինչպէս Մեսրոպ Մաշտոցը մեր գրերը ստեղծեց աստուածային տեսիլքով: Ներկայացնում եմ մեր մշակոյթը պատմական զուգահեռների մէջ. ներկայացնում եմ, թէ ինչպէս է, օրինակ, անգլիացի բանաստեղծ Ճորճ Պայրոնը Մխիթարեան միաբանութիւն այցելելուց եւ հայկական քաղաքակրթութիւնը բացայայտելուց յետոյ ասել հետեւեալ խօսքերը. «Ես սովորել եմ հայերի լեզուն, որպէսզի հասկանամ` ինչ լեզուով են խօսել աստուածները, քանզի հայոց լեզուն աստուածների լեզու է… Եւ Հայաստանն աստուածների հայրենիք է, աստուածներն էլ ծնունդով Արարատեան դաշտից են»:
Եւ նման զուգահեռները երեխաների մէջ, յիրաւի, մեծ հետաքրքրութիւն են առաջացնում դէպի սեփական պատմութիւնն ու մշակոյթը: Ինձ համար նշանակութիւն չունի` երեխան հայախօ՞ս է, թէ՞ ոչ: Նշանակութիւն չունի նաեւ` նա զտարիւն հա՞յ է, թէ՞ խառն ամուսնութեան ընտանիքում ծնուած: Ինձ համար կարեւորը նրա հոգին տանող ճանապարհը գտնելն ու մեր պատմութիւնը, լեզուն, արժէքները հաղորդելն է: Եւ դարձեալ ուզում եմ յիշենք հռչակաւոր աստղաֆիզիկոս Վիքթոր Համբարձումեանին, ում խօսքերը իսկապէս կտակ են սերունդներին. «Ինձ յաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզուին: Ամէն մէկը պէտք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագէտ լինի հայերէնից, անկախ այն բանից, թէ քանի տոկոս է նրա մէջ հայկական արիւնը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թէ արիւն, այլ` գաղափարներ, եւ գաղափարների մէջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցութեամբ իւրաքանչիւր սերունդ պարտաւոր է սովորեցնել յաջորդին հայոց լեզու»:
ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ.- Յիշենք նաեւ Անթուան Մէյէի խօսքը. «Հայոց այբուբենը մի գլուխ գործոց է, որ պահպանւում է մինչեւ այսօր` առանց փոփոխութիւն կրելու: Այդ լեզուի ճկունութիւնն ու ճոխութիւնը ուժ են եղել այդ ժողովրդի համար»: Ինչպէ՞ս է ձեզ ժամանակի հեռաւորութիւնից ներկայանում ֆրանսացի հայագէտի այս բնորոշումը:
ՌՈՒԶԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Դրանք առաւել մեծ կարեւորութիւն են ստանում յատկապէս օտար ափերում: Եւ ես միշտ մեկնակէտ եմ վերցնում Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» ստեղծագործութիւնը, որը մեծ գաղափարի խտացում է. պէ՛տք է պահպանել լեզուն: Եթէ մենք` հայերս, չկարողանանք պահել ու արժեւորել մեր լեզուն, սերունդներն անգամ առ Աստուած ուղղուած աղօթքը կ՛արտաբերեն օտար լեզուով: Շատ դէպքերում դա արդէն իսկ տխուր իրականութիւն է: Եւ պէտք չէ թոյլ տանք, որ իրականանան գրողի տագնապալի կանխատեսումները. «Իսկ մենք կը վճարենք իբրեւ վերջին փրկագին այն, որ պիտի գայ: Իբրեւ վերջին փրկագին` մանուկներ, որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ, որոնք մեզմէ վերջ պիտի գային: Որովհետեւ այն, որ պիտի գայ, պիտի ըլլայ օտար բանիւ եւ գործով…»:
ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ինչպիսի՞ն է Հայաստան-հայրենիքի այն կերպարը, որ դուք որպէս մանկավարժ ունէք ձեր մտապատկերում: Կը խօսէ՞ք ձեր երազանքի ու ծրագրերի մասին:
ՌՈՒԶԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Իմ երազանքների Հայաստանի պատկերը վրձնել են մեր գրողներն ու բանաստեղծները: Մեր մեծերը մեզ շատ պատգամներ են թողել` Մուշեղ Իշխան, Յովհաննէս Շիրազ, Համօ Սահեան… նրանց, ինչպէս նաեւ աւելի վաղ ժամանակներում ապրած մեր միւս մեծերի ստեղծագործական ժառանգութեան մէջ անթեղուած վեհ գաղափարները մէկտեղելով ու հանրագումարի բերելով` պէտք է կարողանանք կառուցել մեր երազած ուժեղ ու հզօր Հայաստանը, որի դէմ անզօր կը լինեն նաեւ երրորդ հազարամեակի հողմերը: Որպէս հայրենիքից դուրս ապրող ուսուցչուհիի` ինձ համար շատ կարեւոր խորհուրդ ունեն Մուշեղ Իշխանի` «Հայ լեզուն տունն է հայուն» բանաստեղծութեան այս տողերը.
«Մշտանորոգ ու միշտ հին` ան կը տեւէ դարէ դար,
Իր ճրագները` միշտ լոյս, իր օճախին հուրը` վա՛ռ,
Բարիքներով անսպառ լեցուն ամբարն ու մառան:
Հո՛ն է միայն, որ կրնայ գտնել ամէն հայ կրկին
Խաժամուժին մէջ օտար կորսնցուցած իր հոգին,
Անցեալն անհուն եւ ներկան, նոյն իսկ մթի՜ն ապագան…»:
ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ.- Կեանքի 22 գարուն ապրած եւ հայ գրականութեան մէջ անգնահատելի գանձեր թողած Միսաք Մեծարենցն իր փոքր տարիքում արդէն յանգել էր մի մեծ գաղափարի` ասելով. «Օգտուինք եւրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտայայտութիւններէն, բայց չմոռնանք գրաբարին յուռթի շտեմարաններէն օգտուիլ մանաւանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ ուրիշի ետեւէն վազենք»: Որպէս ուսուցչուհի` ո՞րն է ձեր պատգամը հայ մանուկներին:
ՌՈՒԶԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Ճանաչե՛նք ու գնահատե՛նք մեր հայրենիքը, մեր քաղաքակրթութիւնը: Դա այն ամուր հողն է մեր ոտքերի տակ, որն անսասան է պահելու մեզ գալիք դարերում: Միանգամայն ճշմարիտ է պատմական աւանդազրոյցը. պարսից Շապուհ արքան, չկարողանալով հնազանդեցնել Հայաստանն իրեն, հրաւիրում է Արշակ արքային ու սպարապետ Վասակ Մամիկոնեանին: Նա Հայաստանից բերել է տալիս հող եւ ջուր, հրամայում դրանք շաղ տալ խորանի յատակի մի հատուածի վրայ: Այնուհետեւ զրուցում են իրենց երկրների յարաբերութիւնների մասին. պարսից հողի վրայ Արշակ արքան զղջումի եւ ափսոսանքի խօսքեր է ասում, իսկ երբ ոտք է դնում հայոց հողի վրայ դառնում է ուժեղ ու համարձակ` խոստանալով վերադառնալուն պէս պատժել իր երկրի անդորրը խաթարող թշնամի թագաւորին: Իսկ օտար հողում մեզ ուժ տուողը, այդ ամուր հողը հայրենիքն ու հայ մշակոյթն են…
www.aztagdaily.com/archives/462381