Այս ամբողջ ինֆորմացիային՝ իր բոլոր դետալներով տիրապետում է երեք հոգի. վարչապետ
27.01.2020 | Ներքին կյանք | Lragir.am:
Սահմանադրական դատարանի նախագահն ԱԺ կողմից ընտրվել է կեղծիքով, Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ մյուս գործերի մասին չի ուզում խոսել՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, բայց այս դեպքում անառարկելի փաստ գոյություն ունի, որ ՍԴ նախագահի ընտրությունն ԱԺ-ում կեղծ ընտրություն է եղել:
«Եվ ինչն է այստեղ կարևորը: Եղել է երկու տրամաբանություն՝ այդ փաստն օգտագործել և Սահմանանադրական դատարանի նախագահին ու նրա միջոցով նաև ՍԴ-ն առնել կոնտրոլի տակ, թե՞ գտնվել սկզբունքային և գնալ իրավական ճշգրիտ գնահատականների ու լուծումների ճանապարհով: Այս գրիչը, որը շատ պուճուր դետալ է թվում, իրականում այդ ամեն ինչի սիմվոլն է: Իրականում գրիչն էն բանի սիմվոլն է, որ կարող էինք անել այնպիսի քայլեր, որ ՍԴ նախագահը լիներ այնպիսի ՍԴ նախագահ, ինչպիսին եղել է ՍԴ նախագահ իր ստեղծման առաջին օրից:
Դրա համար է կարևոր այս դետալը, պրինցիպիալ կարևոր է: Բայց ես անձամբ գնացել եմ ուրիշ ճանապարհով, որովհետև ես հասկացել եմ, որ չի կարելի այդ սիրո և համերաշխության հեղափոխությամբ հասնել իշխանության և խնդիր դնել ունենալ խամաճիկային ՍԴ: Եվ երբ ՍԴ նախագահը տեսել է, որ մեզ պետք չէ դա, դառել է ընդդիմություն: Պատկերացնո՞ւմ եք, ՍԴ նախագահը դարձել է քաղաքական ընդդիմություն, և, այո, իմ գնահատականն է, որ ներքաշվել է, այսպես ասած, հիբրիդային հեղաշրջման տրմաբանության մեջ, և կարծում եմ՝ պետք է դեռ հետաքննվի, էդքան որ գնացել-եկել են տարբեր տեղեր, ինչ նպատակով են գնացել, ում հետ են հանդիպել, որովհետև կարող է պարզվել սա ՀՀ ազգային անվտանգության շահերի հետ կապված խնդիր է»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ երբ ՍԴ-ում հասկացել են, որ իշխանությունները գնալու են իրենց սկզբունքների ճանապարհով, կեղծիքը չեն հանդուրժելու, սկսել են գործել իրենց դեմ, քաղաքական հայտարարություններ են արել: Երբ կոռուպցիոն գործեր են բացահայտվել, սկսել են պաշտպանվել:
«Այս ամբողջ ինֆորմացիային՝ իր բոլոր դետալներով տիրապետում է երեք հոգի: Բայց այդ երեք հոգուց երկուսը այսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլ գործող իշխանության ու իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից, որովհետև իրենց հետ կապված հարցեր կան: Եվ այդ մարդիկ իրենց կաշին փրկելու համար՝ երեքից երկուսը, ամեն ինչի կդիմեն և դիմում են: Այն, ինչ ես Կապանի ասուլիսում ակնարկներով խոսում էի, երեկ ու այսօր բացահայտ արտահայտվեց ու ապացուցվեց:
Ինչ երեկ ասել եմ, երեկ ու այսօր տեղի ունեցածը դասավորեք այս ընդհանուր շարքի ու տրամաբանության մեջ, և ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի: Հույս ունեմ մանրուքներն ամբողջական արդեն իրենց տեղը զբաղեցրին: Իմ քաղաքական գնահատականը նաև հետևյալն է՝ այդպիսի կեղծիքների միջոցներով ընտրված մարդն իրավունք չունի ՍԴ նախագահ լինել կամ ընդհանրապես ՍԴ անդամ»,- հավելեց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ իրավաբանները դեռ 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին էին իրեն ասել, որ Հրայր Թովմասյանի ընտրության հարցում կեղծիք է եղել: Բայց այն ժամանակ ինքը դրանով զբաղվելու ժամանակ չի ունեցել: Անցել են ամիսներ, երբ առիթ է ունեցել ավելի մանրամասն լսելու այդ խնդիրը, իր մոտ է հրավիրել մարդկանց, ովքեր այդ վերլուծությանն ու տեղեկատվությանը տիրապետել են:
«Ընդ որում, սա ինձ համար պրինցիպիալ հարց էր, որովհետև մենք ասել էինք, որ օրինականության վրա պետք է հենվենք մեր բոլոր գործողությունների ժամանակ: Երբ ավելի մանրամասն տեղեկացա, թե ինչի մասին էր խոսքը, ինձ համար չկար նույնիսկ ընտրություն՝ դրանով պետք է զբաղվել, թե՞ ոչ: Ընդ որում, մենք այդ ժամանակ ՍԴ նախագահի ու անդամների հետ ոչ մի պրոբլեմ չենք ունեցել: Բայց եղել է սկզբունքային հարց, որ ստուգման կարիք ունեցող փաստը դրված էր սեղանին: Եվ ես տվեցի հանձնարարական՝ հասկանալու սա ինչ է և ինչի մասին է: Այդ ընթացքում ես ստանում եմ հետազդակներ, որ՝ այ եթե մենք այս հարցերով զբաղվենք, պրինցիպալ գտնվենք, պրոբլեմներ կլինեն, լարվածություն կառաջանա, մանավանդ այս շրջանում և այլն:
Ասում էին՝ պրոբլեմ չկա, ՍԴ-ն նորմալ աշխատում է, ՍԴ նախագահն էլ լոյալություն է ցուցաբերում, ի՞նչ կարիք կա ընդհանրապես դրանով զբաղվել: Եվ այս հարցը դրված է եղել իմ ճանապարհին: Բայց ես ասել եմ, որ կոմպրոմիսների անսկզբունք խաղերը չեմ գնահատում: Եվ մեկ-երկու ամիս այդ երկխոսությունն անընդհատ գնացել է, որ Հրայր Թովմասյանը պատրաստ է համագործակցության, ինքն է գրել Սահմանադրությունը, ասում է՝ ես եմ գրել Սահմանադրությունը, ինչ եք անում, մենք նորմալ աշխատում ենք և այլն»,- մանրամասնեց Փաշինյանը:
Ըստ նրա՝ հենց այդ շրջանում էր, որ ի հայտ եկավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը: Եվ թեման, որ ՍԴ նախագահի պաշտոնն օկուպացված է, ըստ Փաշինյանի, դարձավ հանրամատչելի: Եվ այն պահից սկսած, երբ հասկացան, որ չեն կարողանում իրենց կեղծիքները կոծկել, Փաշինյանի խոսքով, ՍԴ նախագահն սկսեց քաղաքական դաշտում իր համար պաշտպանություն փնտրել: Այդ պաշտպանություններն, ըստ նրա, ուղղված էին ՀՀ պետական շահի դեմ: Արդյունքում հարուցվեց քրեական գործ, տեղի ունեցավ ամենամեծ ու կարևոր բացահայտումը՝ փաստացի ու ապացուցված, ՍԴ դատարանի ընտրությունն ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքի միջոցով:
www.lragir.am/2020/01/27/512062/