Պարգեւ արք. Մարտիրոսեանը – Մեր Նպատակն Է Եղել` Հաշտեցնել, Հարթեցնել Եւ Խուսափել Ծանր Իրավիճակներից

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեան

Պարգեւ արք. Մարտիրոսեանը – Մեր Նպատակն Է Եղել` Հաշտեցնել, Հարթեցնել Եւ Խուսափել Ծանր Իրավիճակներից

29 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՀԱՐՑԱԶՐՈՅՑ:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Հարցազրոյցը` ՅԱՍՄԻԿ ՅԱԿՈԲԵԱՆԻ

2020թ. յունուարի 10-ին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանը հանդիպել է առաջիկայ համապետական ընտրութիւններին մասնակցելու մասին յայտարարած քաղաքական ուժերին եւ նախագահի հաւանական թեկնածուներին` իր կոչն ու ծնողական պահանջը փոխանցելու համար:

Այս կապակցութեամբ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Վերջերս ընկերային ցանցերում քննութեան նիւթ է դարձել յունուարի 10-ին ձեր կողմից հնչեցրած կոչը: Արդեօ՞ք նախկինում քաղաքական նմանատիպ գործերում հոգեւոր առաջնորդի միջամտութեամբ նման նախադէպեր եղել ե՞ն:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Այո՛, եղել են:

Սա քաղաքական գործ չէ, այլ` ազգային, որոնք պէտք չէ շփոթել: Մեր նպատակը մէկն է եղել` հրաւիրել քաղաքական գործիչներին, կուսակցութիւններին, նախագահի հաւանական թեկնածուներին մէկ կոչով` այնպէս անել, որ խրամատ չփորել, թշնամութիւն, ատելութիւն եւ հակառակութիւն չսերմանել մեր ազգի մէջ: Սա է եղել իմ հրաւէրի բուն նպատակն ու իմ յորդորը:

Արցախում ամենածայրայեղ պայմաններում իմ միջամտութեամբ նման նախադէպեր եղել են, եւ մեր նպատակն է եղել հաշտեցնել, հարթեցնել եւ խուսափել ծանր իրավիճակներից:

Յիշենք Սամուէլ Բաբայեանի եւ Արկադի Ղուկասեանի դէպքը: 3 ժամ 20 րոպէ խօսել եմ Սամուէլ Բաբայեանի հետ, եւ պիտի ասեմ, որ ի պատիւ իրեն` ինքն ընկալել է եւ զօրք չի մտցրել քաղաք:

Հ.- Ո՞րն է ձեր մտահոգութեան պատճառը, որի համար որոշել էք կոչ եւ ծնողական պահանջ ուղղել քաղաքական ուժերին եւ նախագահի հաւանական թեկնածուներին:

Պ.- Ես վտանգն այսօր զգում եմ: Չեմ ուզում, որ մենք իրար հանդէպ թշնամութեամբ գնանք ընտրութիւնների: Երբ 2008թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետութեան բնակչութիւնը բեւեռուեց երկու մասի, Ազրպէյճանը յարձակուեց եւ գրաւեց Լէոնարդ գիւղը, որը մեզ կորուստներ ու զոհեր տուեց: Մի քանի օր անց մենք հակայարձակում կազմակերպեցինք, նորից զոհեր տալով` վերականգնեցինք մեր տարածքները:

2016թ. ապրիլեան պատերազմն ու Ազրպէյճանի յարձակումը լաւ առիթ էր վերջինիս համար Հայաստանի ժողովրդին քաղաքական պատճառներով բաժանել մի քանի մասերի: Հակառակ թշնամու բոլոր կանխատեսումների` մի քանի ժամ անց ողջ հայ ազգը միաբանուեց: Ես չեմ կամենում, որ ո՛չ ընտրութիւններից առաջ եւ ո՛չ ընտրութիւնների ժամանակ մենք այդպիսի առիթ նորից տանք Ազրպէյճանին:

Հարիւրաւոր մտահոգ մարդկանց խնդրանքով եմ հրաւիրել նրանց: Նրանք բոլորն էլ նոյն հարցով են գալիս ինձ մօտ` այս ո՞ւր ենք գնում, սրբազա՛ն հայր: Հարեւանը հարեւանի, համադասարանցին համադասարանցու, ազգականն ազգականի հետ թշնամացել են: Ես չէի կարող չարձագանգել մեր ժողովրդի մտահոգութիւններին: Իմ նպատակն է եղել` հանդարտ եւ քաղաքավարի ընտրութիւններ անցկացնելու սթափութեան եւ բանականութեան կոչ յղել նրանց:

Իւրաքանչիւրն ազատ է իր ձայնն այս կամ այն թեկնածուին կամ կուսակցութեանը տրամադրելուն: Այո՛, մարդիկ կարող են մէկը միւսի ծրագիրը քննադատել եւ կարող են առաջարկել իրենց լաւ ծրագիրը` առանց անձնական թշնամանքի եւ վիրաւորանքի: Մենք պէտք է թշնամութիւն չսերմանենք եւ պահպանենք մեր միասնականութիւնը: Արցախի ժողովուրդն ունի ժառանգական ներքին իմաստութիւն, որով կարողացել է դա յաղթահարել: Յուրախութիւն մեզ` 25 կուսակցութիւններից 23-ը ստորագրել են:

Հ.- Արդեօ՞ք նախատեսում էք գործնական այլ բնոյթի քայլեր ձեր կոչում հնչեցրած մտահոգութիւնների փարատման համար:

Պ.- Եթէ հարկ լինի, այո՛, ձեռնարկելու եմ նման քայլեր:

ՀԱՅՈՑ ԲՆՆՕՐԱՆ – Մենք Հայ ենք – ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

www.aztagdaily.com/archives/462646

Facebooktwitterredditpinterestlinkedinmail