ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայաստանն ասել է Իրանի եւ ԱՄՆ համար ամենակարեւորը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայաստանն ասել է Իրանի եւ ԱՄՆ համար ամենակարեւորը

29.01.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

ՀԱՅՈՑ ԲՆՆՕՐԱՆ – Մենք Հայ ենք – ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր նոր հարցազրույցում քննադատության է ենթարկել իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո ստեղծված իրավիճակին Հայաստանի իշխանության արձագանքը, այն գնահատելով իբրեւ հարեւան բարեկամ երկրին ոչ բնորոշ: Իսկ տեղի ունեցածը Ռոբերտ Քոչարյանը որակել է իբրեւ աշխարհակարգի վերափոխման համատեքստում տեղի ունեցող քայլ, երբ գերակա խաղացողը չունի գերակայությունը պահելու հնարավորություն, բայց ունի վնասելու կարողություն: Խոսքը թերեւս ԱՄՆ մասին է:

Հատկանշական է, օրինակ, որ երկրորդ նախագահն իր վրա չի վերցնում պատասխանատվություն ասելու, թե օրինակ ինչպիսին կլիներ տեղի ունեցածի առնչությամբ իր արձագանքը: Օրինակ, հաշվի առնելով «հարեւան բարեկամ» լինելու իր նշած հանգամանքը, նույնքան հաշվի կառնե՞ր նաեւ ԱՄՆ «վնասելու կարողության» հանգամանքը, որի մասին խոսում է:

Լինելով նախագահի պաշտոնում, Քոչարյանը թերեւս կառաջնորդվեր պատասխանատվության այլ ելակետերով ու որակով, իսկ ներկայում գտնվելով անազատության եւ ընդդիմության կարգավիճակում, նա առաջնորդվում է միայն գործող իշխանությանը վնասելու տրամաբանությամբ ու մղումով: Որովհետեւ, միայն այդ մղումով է հնարավոր առաջնորդվել, Երեւանի դիրքորոշման ու գնահատականի ռացիոնալությունը կասկածի տակ դնելու համար:

Բանն այն է, որ Հայաստանը ոչ միայն պահպանել է չեզոքություն, այլ նաեւ արել է Իրանի ու Միացյալ Նահանգների համար կարեւոր հավաստիացումը: Նախ, հետագա զարգացումները, այդ թվում նաեւ Հայաստանի բարեկամ Իրանի հետագա վարքագիծը հուշեց, որ Թեհրանը շատ ավելի ռացիոնալ ու համարժեք է իրավիճակի գնահատականի հարցում, քան օրինակ Հայաստանի նախկին նախագահը: Միաժամանակ, Թեհրանն այդ վարքագծով ուղղակի թե անուղղակի հաստատեց նաեւ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման ռացիոնալությունն ու համարժեքությունը:

Ինչ վերաբերում է Թեհրանի ու Վաշինգտոնի համար կարեւոր ուղերձին, ապա խոսքը վարչապետ Փաշինյանի այն հավաստիացման մասին էր, որ Երեւանը չի ներգրավվի թե Իրանի, թե Նահանգների դեմ որեւէ գործողության մեջ: Դա պարզունակ ուղերձ չէր այն մասին, որ Երեւանը չի անցնի Իրանի կամ ԱՄՆ կողմ: Դա ուղերձ էր այն մասին, որ Թեհրանի ու Վաշինգտոնի համար թեժ իրադրությունում Երեւանը չի դառնա այդ երկու մայրաքաղաքների դեմ որեւէ երրորդ կողմի մտադրության իրագործման մասնակից:

Իսկ այդ հանգամանքը էական է մասնավորապես արցախյան ստատուս-քվոյի տեսանկյունից՝ որը Իրանի անմիջական թիկունքն է, եւ նաեւ թիկունքային էական նշանակություն ունի Նահանգների մերձավորարեւելյան քաղաքականության համար: Երեւանը գործնականում հավաստիացրեց, որ թույլ չի տա այդ ուղղությամբ որեւէ անցանկալի անակնկալ հարեւան, բարեկամ Իրանի եւ բարեկամ Միացյալ Նահանգների համար:

ՀԱՅՈՑ ԲՆՆՕՐԱՆ – Մենք Հայ ենք -ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

www.lragir.am/2020/01/29/512641/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail