Թրամփի «Դարի Գործարք»-ը Ձախողւում Է. Սուրբ Հողերը Դեռ Երկար Ժամանակ Չեն Տեսնի Խաղաղութիւն
31 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ԿԱՐԴԱԼ Նաեւ՝ ««Դ Ի Մ Ո Ւ Մ ՄԱԿ-ին ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու վերաբերյալ»»
ԱՐԳԱՄ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ
Արդէն 70 տարուց աւելի Մերձաւոր Արեւելքում ամենաթէժ կէտերից մէկը շարունակում է մնալ Իսրայէլի եւ Պաղեստինի միջեւ հակամարտութիւնը: Դարեր ի վեր Պաղեստինն ու Սուրբ հողը գտնուել են իրար յաջորդող պատերազմների թատերաբեմում: Այժմ այդ տարածքը վերածուել է արաբների եւ հրեաների կռուախնձորի, իսկ այդ հակամարտութիւնը սկսուել է 1940-ական թուականներին: Միացեալ Նահանգների նախագահ Տոնալդ Թրամփը յունուարի 20-ին հրապարակեց իր «Դարի գործարք»-ը, որն իրենից ենթադրում է հակամարտութեան լուծման ամերիկեան (նաեւ հրէական) տեսլականը: Սակայն այս գործարքն արդէն հասցրել է արժանանալ լայն քննադատութիւնների, իսկ Պաղեստինի ղեկավար Մահմուտ Ապպասը յայտարարել է, որ Պաղեստինը չի վաճառւում, իսկ գործարքը կ՛ուղարկուի պատմութեան աղբանոց: Փաստաթղթի վերաբերեալ աշխատանքները կատարուել են առանց Պաղեստինի մասնակցութեան:
Ըստ Թրամփի ծրագրի, որը կազմել է նրա փեսայ եւ խորհրդական Ճարետ Քուշները, Պաղեստինը պէտք է միջանցքներով կապուի Յորդանանի հետ: Պաղեստինեան Արեւմտեան ափը Յորդանանից անջատւում է իսրայէլական տարածքով: Բացի դրանից` Կազայի հատուածը զգալիօրէն ընդարձակուելու է. նրան են միանալու երկու խոշոր շրջան Եգիպտոսի սահմանին: Իսկ Կոլանի բարձունքները ճանաչւում են Իսրայէլի անքակտելի մաս, Երուսաղէմը դառնում է Իսրայէլի մայրաքաղաք, Արեւելեան Երուսաղէմն էլ` Պաղեստինի մայրաքաղաք: Թէ ինչպէս կարող է Սուրբ քաղաքի արեւելեան հատուածը ճանաչուել արաբական պետութեան մայրաքաղաք, եթէ դրա վրայ ճանաչւում է Իսրայէլի գերիշխանութիւնը` դժուար է ասել, եւ հէնց այս կէտի անորոշութիւնը լայն արձագանգներ է գտել:
«Ես միշտ կը կանգնեմ Իսրայէլ պետութեան եւ հրեայ ժողովրդի կողքին: Ես աջակցում են նրանց անվտանգութեանը եւ իրաւունքին` ապրել իրենց պատմական հայրենիքում. խաղաղութեան ժամանակն է», իր թուիթերեան էջում գրել էր Թրամփը եւ քարտէս հրապարակել, որում նշւում է «ապագայ սահմանները»:
Ծրագրի հիմնական դրոյթները հետեւեալն են.
1.- Նախատեսւում է երկու պետութիւնների ստեղծում` հրէական եւ պաղեստինեան: Երուսաղէմը դառնում է Իսրայէլի մայրաքաղաքը (Թրամփի այս յայտարարութիւնը ուղեկցուեց հանդիպման մասնակիցների ծափահարութիւններով): Յետոյ Միացեալ Նահանգներտ նախագահը յայտարարեց, որ պաղեստինեան մայրաքաղաքը լինելու է Արեւելեան Երուսաղէմը: Սպիտակ տան յայտարարութեան մէջ նշւում է, որ Իսրայէլը բաւական լաւ է կարողանում ղեկավարել քաղաքը, սակայն պաղեստինցիները կարող են համարել դրա արեւելեան հատուածն իրենց մայրաքաղաք:
2.- Տաճարի լերան վրայ կը պահպանուի սթաթիւս քուոն:
3.- Իսրայէլը կ՛իշխի յորդանանեան հովտի, Յուդայի եւ Սամարիայի շրջանի վրայ:
4.- Պաղեստինը կը կրկնապատկի իր տարածքները, կը կառուցուեն տարածքներն իրար կապող ճանապարհներ եւ կամուրջներ:
5.- ՀԱՄԱՍ խմբաւորումը պէտք է զինաթափուի, իսկ Կազայի հատուածը ապառազմականացուի:
6.- Պաղեստինը կ՛ունենայ հնարաւորութիւն` օգտուել 50 միլիառ ներդրումից:
Նաեւ նշւում է, որ այն պաղեստինցիները, որոնք կը մնան Իսրայէլի եւ այն իսրայէլցիները` Պաղեստինի տարածքում, ստիպուած չեն լինի վերաբնակեցուել:
Այս ծրագիրը բաւական բացասական արձագանգներ գտաւ ամբողջ աշխարհում: Փաստացի Պաղեստինը կը զրկուի բանակից: «Ամնըսթի Ինթըրնեշընըլ» միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնը նշում է, որ տարածքների փոխանակութիւնը ենթադրում է իրենից պաղեստինեան տարածքների հետագայ բռնակցում: «Իսրայէլն իր կէսդարեայ բռնազաւթման ընթացքում պաղեստինցիներին ենթարկել է խտրականութեան` նրանց չտրամադրելով իրաւունքներ եւ իրենց իրաւունքների ոտնահարման ժամանակ պաշտպանութեան իրաւունք: Գործարքը կը նշանակի այդ քաղաքականութեան շարունակութիւն», յայտարարել է կազմակերպութեան Մերձաւոր Արեւելքի եւ Հիւսիսային Ափրիկէի ծրագրերի ղեկավար Ֆիլիփ Լիւթերը:
Արաբական մի շարք պետութիւններ, Թուրքիան եւ այլք քննադատել են այս փաստաթուղթը, Չինաստանն ու Ռուսաստանը կոչ են արել յարգել կողմերի` յատկապէս պաղեստինցիների իրաւունքները:
Թրամփը իր ազդեցութիւնն է փորձում մեծացնել Իսրայէլում, իսկ Նեթանիահուն սրանով փորձում է լուծել մի շարք ներքաղաքական խնդիրներ` մօտալուտ ընտրութիւնների խորապատկերին:
Երէկուանից արդէն պաղեստինցիները դուրս են եկել փողոց` իրենց բողոքն արտայայտելով փաստաթղթի դրոյթներին: Մահմուտ Ապպասի, երկրի բնակչութեան եւ միջազգային արձագանգը թոյլ են տալիս ենթադրել, որ տասնամեակներ ձգուող հակամարտութիւնը կը շարունակուի, իսկ այդքան սպասուած «Դարի գործարք»-ն, ինչպէս ասում էր Ապպասը, կը յայտնուի պատմութեան աղբանոցում:
Իսկ ներքեւում բերուած քարտէսը ցոյց է տալիս, թէ տասնամեակներ շարունակ ինչպէ՛ս է Իսրայէլը բռնակցման ենթարկել Պաղեստինի հողերը:
«Երկիր»
www.aztagdaily.com/archives/462985