ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – Մինչ ուրիշ երկիրներ իրե՛նք կերակրում են իրենց վրայ ապրող ժողովուրդներին,,,,,,

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – Մինչ ուրիշ երկիրներ իրե՛նք կերակրում են իրենց վրայ ապրող ժողովուրդներին,,,,,,

Nazareth Berberian – ««ՆԱԽՈՐԴ ԲԱՐԻ ԼՈՅՍԸ»»

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԱՐԻ ԼՈՅՍ»Ը

Հրապարակագիր Նազարէթ Պէրպէրեան

ԲԱՐԻ ԼՈՅՍ

«Մինչ ուրիշ երկիրներ իրե՛նք կերակրում են
իրենց վրայ ապրող ժողովուրդներին,
էստեղ հայ ժողովուրդը ինք
պէտք է կերակրի իր երկրին…»

2 Փետրուար 2020

Չեն մտածում, որ էդ անունը, Հայաստան էդ անունը, մի շատ ծանր բեռ է… շա՛տ է, շատ… Իսկ հայ լինե՞լը… Չարքաշ, քարտաշ, դժուարին մի վիճակ… Հայ լինելը, պարոն ջան, նշանակում է գործ ունենալ ժայռերի, քամիների, ցրտի, ձիւնի հետ եւ նաեւ մետաղի նման հալուող արեւի հետ… Զարմանալի է ասել, մինչդեռ ուրիշ երկիրները կերակրում են իրենց վրայ ապրող ժողովուրդներին, էստեղ, հայ ժողովուրդը պէտք է կերակրի իր երկրին…

Երբ կորցնում են Ճանապարհը՝ մնում է Առաքինութիւնը. երբ կորցնում են Բարոյականութիւնը՝ մնում է Օրէնքը. երբ կորցնում են Օրէնքը՝ մնում է Սովորութիւնը։ Իսկ Սովորութիւնը Բարոյականի արտաքինն է միայն եւ նրանից սկսում է այլասերումը… Ասել է՝ նախ Ճանապարհը։ Ճանապարհը՝ Անձը։

… Ես քայլեցի այս երկրի դաշտերից եւ լեռներից, մտայ քաղաքներ եւ գիւղեր, լսեցի մարդկանց եւ կանանց եւ սիրտս սեղմուեց… Հայոց ազգը, պարոն նաւապետ, կորցրել է Ճանապարհը եւ պահել է միայն սովորութիւնները… Կորցրել է Ոգին եւ պահել է ձեւը… Մենք պարտուած ենք։

Երբ օրերի վրայից փոթորիկ է քայլում՝ ժողովրդների գիտակցութիւնը մարում է։ Մութ հոսանքները մրրիկի նման աւելանում են նրանց կամքը, քննելու եւ ընտրելու նրանց կարողութիւնը։ Ալեկոծուած ծովի սպառնացող ալիքները դուրս են նետում աննշան եւ փոքրիկ մարդիկ։ Ստեղծւում են այդպէս անուանուած ղեկավարներ։ Մոռացւում են բոլոր այն արժէքները, որոնց համար տարիներով պայքարել են եւ երդուել։ Ու դիմում են նոյն բռնապետական միջոցներին, որոնց լուծի տակ իրենք իսկ ճնշուել են։

Խօսում են ընկերավարութեան, հաւասարութեան, արդարութեան մասին, իսկ քերիր նրանց՝ եւ տակից դուրս կը ցցուի չարացած եւ նախանձոտ ազգայնամոլը։ Դուրս կը ցցուի ետ ընկած տաճիկ գաւառների կայմակամը. ոստիկանութիւն, խուզարկումներ, ձերբակալութիւններ, բանտ, աքսոր։

Էս ժողովրդի դժբախտութիւններից մէկն էլ իր կէս զարգացած, քաղքենի, տափակ սրտով եւ տափակ խելքով մտաւորականներն են․․․ Պառաւ աղջիկների նման նախանձոտ, լեղի եւ յիմար․․․ Էդ մարդկանց համար հայրենիքը՝ կուսակցութիւն է, իսկ կուսակցութիւնը՝ հաւնոց, ծռտով եւ կուտով լեցուած հաւնոց․․․

Վանդակը ընկած սկիւռի նման, պտոյտ են գալիս նոյն աժան եւ մաշուած գաղափարների շուրջը, եւ այն՝ ինչ որ անուանում են գաղափար, ուրիշ բան չի՝ եթէ ոչ եղունգները կրծելու նման մի սովորութիւն․․․

Ես դիտել եմ իմ ճամբորդութիւններիս ընթացքին. հայը երբ լքում է լեռները՝ նսեմանում է, փոքրանում, բարոյալքւում… Դառնում է ուրիշ. դատարկւում է մի ինչ որ գաղտնիքից, մի ինչ որ խորհրդից։

Ազգերի կեանքում յառաջադիմութիւնը՝ պատմութեան եւ մտքի՝ ուրիշ բան չէ, եթե ոչ նոր մի վերադարձ դէպի ցեղի բուն իսկութիւնը։ Դէպի այն վտիտ եւ պարզ հոգեկան ակնաղբիւրը, որտեղից առաջ են եկել իր գլխաւոր առաքինութիւնները եւ որոնց վրայ հիմնուել է իր լինելու կամքը։ Այն մաքրամաքուր նախասկզբնական ուժերը, որոնք սնուցել են եւ արդարացրել իր էութիւնը։ Այդ տեսակէտից, ամէն մի իսկական յեղափոխութիւն յետ գնալ է. ոչ դէպի այն՝ ինչ որ անկատար կերպով անուանում են աւանդութիւն, այլ դէպի ա՛յն, ինչ որ կազմում էր ցեղի հոգեկան բնոյթը, նրա ծագման դրդապատճառը։

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

*
* *

Բարի լոյս՝ յաւերժի ճամբորդ Հայ Ազգի պատմական երթի դասերուն միշտ սթափ հետեւելու, այդ ամէնէն սորվելու եւ մեր ժառանգածը աւելիով գալիք սերունդներուն փոխանցելու բաց սրտով ու ճակատով։

Այսօրուան մեր խոկումին խոհ եւ խորհուրդ, այլեւ իմաստութիւն ու պատգամ ներշնչող վերեւի մէջբերումը կը պատկանի Կոստան Զարեանի (Կոստանդին Եղիազարեան, 1885-1969), որուն ծնունդը կը նշենք Փետրուար 2ի այս օրը։

Կոստան Զարեան ոչ միայն անվիճելի գագաթներէն մէկն է հայ ժողովուրդի իմաստասիրական գրականութեան՝ իբրեւ ամէնէն տաղանդաւոր գեղապաշտ մեր բանաստեղծներէն մէկը, այլեւ կը հանդիսանայ հայոց պատմութեան անցեալ դարու ճակատագրական վերիվայրումներուն ամէնէն խոհուն վերծանողներէն եւ ՈՒՂԻ ԼՈՒՍԱՒՈՐՈՂ գաղափարի առաքեալներէն մէկը։

Բարի լոյս՝ սեփական պատմութեան հետ ՔԱՋԱԲԱՐ ԱՌԵՐԵՍՈՒԵԼՈՒ, մեր սխրագործութեանց ու նուաճումներու հաշւոյն ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ, իսկ մեր ընկրկումներէն եւ անկումներէն հաւաքական մեր ուժի գերագոյն լարումով ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ վճռականութեամբ։

Կոստան Զարեան հայ մարդուն սորվեցուց ինքնաքննադատութենէն չվախնալու, ինքնախարազանման մէջ հաւաքական ինքնամաքրման անփոխարինելի երաշխիքը գտնելու եւ, ամէնէն կարեւորը, միջակութիւններէ ու սովորամոլութենէ միշտ վեր բարձրանալով՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՆ լեռնակուտակ վեհութեան հասնելու ինքնավստահութիւնը։

Բարի լոյս՝ սեփական սխալը տեսնելու եւ սրբագրելու Կոստան Զարեանի անխարդախ պայծառատեսութեամբ եւ իմաստուն իրաւութեամբ։

Որպէսզի աներեր ու անխոնջ շարունակուի Ազգի եւ Հայրենիքի մշտանորոգ յաղթարշաւը՝ դէպի անխառն ու վարար աղբիւրը «ՑԵՂԻ ԲՈՒՆ ԻՍԿՈՒԹԵԱՆ»․․․

Բարի լոյս՝ Կոստան Զարեանի հետ յանկերգի պէս ազդարարելով, որ՝

– «Ալեկոծուած ծովի սպառնացող ալիքները դուրս են նետում աննշան եւ փոքրիկ մարդիկ»ը։

– «Հայը երբ լքում է լեռները՝ նսեմանում է, փոքրանում, բարոյալքւում»…

ՀԱՅՈՑ ԲՆՆՕՐԱՆ – Մենք Հայ ենք -ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail