Իդլիբի հանձնումը կմոտեցնի Սիրիական հակամարտության ավարտը, ինչը ձեռնտու չէ Թուրքիային
04.02.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
– Պարոն Գաբրիելյան, Թուրքիայի նախագահ Էրդողանը նորից սպառնացել է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում: Էրդողանը դժգոհել է, որ Ռուսաստանը չի կատարում Սիրիայի հյուսիսի առնչությամբ պայմանավորվածությունները: Դրան արձագանքել է Պուտինի խոսնակ Պեսկովը՝ ասելով, որ Իդլիբի մոտ Սիրիական բանակը և ռուսական ռազմաօդային բազան շարունակում է լինել տարբեր ահաբեկչական գրոհների տակ: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:
Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան պարզապես չի ցանկանում կորցնել Իդլիբը, որը նրա համար ծառայում է և որպես վահան, և որպես հենակետ։ Իդլիբում գտնվող թուրքական ռազմական հենակետերը և Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումներն օգնում են սիրիական բանակին հեռու պահել Անկարայի վերահսկողության տակ գտնվող Աֆրինի շրջանից և որոշ չափով Թուրքիայի Հաթայ նահանգից, որը Սիրիայում տասնամյակներ շարունակ համարում էին իրենցը։ Բացի այդ, Իդլիբը բավական մոտ է Հալեպին, որի նկատմամբ Թուրքիան վաղուց հավակնություններ ունի։
Կարծում եմ՝ Ռուսաստանում համարում են, որ Սիրիայի մասով բավականաչափ զիջումների են գնացել Թուրքիային, թույլ են տվել մի շարք հարձակողական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում, ուր Թուրքիան վերահսկում է մոտ 8000 կմ2 տարածք, և Թուրքիան էլ պետք է հետ քաշվի Իդլիբից։ Սակայն Էրդողանը բնականաբար փորձում է ստեղծված իրավիճակից քաղել առավելագույնը, չհանձնել Իդլիբի նահանգը և այդպիսով չկորցնել թուրքական ռազմական հենակետերը։ Այստեղ կա նաև փախստականների գործոնը, որոնք Թուրքիա տեղափոխվելու դեպքում է՛լ ավելի են մեծացնում նրա ֆինանսական բեռը, և երկրորդ՝ Թուրքիան Աֆրինի շրջանում զբաղված է ժողովրդագրական պատկերի փոփոխմամբ, թուրքոմանական աղեղի ձևավորմամբ և բնական է, որ Իդլիբից փախստականների հոսքն Աֆրին խանգարում է այդ քայլերի իրագործմանը։ Իդլիբի հանձնումը կմոտեցնի Սիրիական հակամարտության ավարտը, ինչը ձեռնտու չէ Թուրքիային թե՛ փախստականներին վերադարձնելու (թուրքական կողմը նրանց ԵՄ-ի դեմ օգտագործում է որպես շանտաժի միջոց), թե՛ թուրքական զորախմբերը Սիրիայից դուրս բերելու առումներով։
Չեմ բացառում, որ Ռուսաստանն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարմար պահ են գտել Իդլիբի վրա հարձակում ձեռնարկելու համար՝ օգտվելով նրանից, որ Թուրքիան Սիրիայից մեծ թվով զինյալներ է տեղափոխում Լիբիա, ինչը ոչ միայն որոշակի թուլացրել է զինյալների դիրքերը, այլև տարաձայնություններ է առաջացրել Թուրքիայի և նրա աջակցությունը վայելող որոշ խմբավորումների միջև (զինյալների մի մասը չի ցանկանում տեղափոխվել Լիբիա՝ հակառակ Թուրքիայի պնդումների)։ Հնարավոր է, որ Ռուսաստանն այդպիսով մի փոքր պատժում է Թուրքիային՝ Լիբիայում ռազմական միջամտություն իրականացնելու համար։
– Ընդհանրապես հնարավոր համարու՞մ եք, որ Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայի ուղղությամբ նոր ռազմական զարգացում ծրագրեն:
Հավանական եմ համարում, որ Էրդողանին ու Պուտինին արդյունքում կհաջողվի փոխզիջումային որոշման հանգել։ Իդլիբը Թուրքիայի համար նաև սակարկության շատ լավ դաշտ է՝ այլ տեղերում (Եփրատի թե՛ արևելյան, թե՛ արևմտյան հատվածներում) իր տարածքային ձեռքբերումները պահպանելու համար։ Չեմ բացառում, որ Թուրքիան արդյունքում հարկադրված կլինի զիջել Իդլիբի շրջանը, սակայն պայմանով, որ Հաթային ու Աֆրինին սահմանակից որոշակի շերտ մնա իր վերահսկողության ներքո։
– Էրդողանը վերահաստատել Է, որ չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը։ Նորից լարվածությո՞ւն է նկատվում Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում։
Դե թուրքական կողմն ի սկզբանե է հայտարարել, որ չի ճանաչում Ղրիմի անցումը Ռուսաստանին, թեև դա չի խանգարել, որ թուրքական լաստանավերը Սև ծովով շարժվեն դեպի Ղրիմ։ Թուրքիային, բնականաբար, դուր չի գալիս, որ «անխորտակելի ավիակիր» համարվող Ղրիմում շեշտակի աճել է Ռուսաստանի ռազմական ներկայությունը և այդպիսով Ռուսաստանի ազդեցությունը Սև ծովում, ուր Թուրքիան ամենաերկար ափագիծն ունեցող երկիր է։ Էրդողանի ուկրաինական այցն ուշագրավ է այն առումով, որ տեղի է ունենում Ռուսաստանի հետ հարաբերություններում որոշակի լարվածության ֆոնին։ Եվ ամեն դեպքում ռուս-թուրքական քաղաքական, տնտեսական ու ռազմական համագործակցությունը շատ ավելի կարևոր է, քան Իդլիբը և նաև Ղրիմը։ Ի վերջո, իմ համոզմամբ՝ Էրդողանը դեմ չէ, որ Սև ծովը վերածվի «ռուս-թուրքական լճի»։ Եվ, այնուամենայնիվ, Էրդողանն ու Պուտինը կձգտեն լեզու գտնել միմյանց հետ, քանի որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության դեմ արդյունավետ պայքար մղելու համար նրանք պարզապես «դատապարտված են» միմյանց հետ սերտորեն համագործակցելու։
lragir.am/2020/02/04/514647/