Մովսէս Նաճարեան – Երկրի սառցապատման աւարտին՝ առաջին համաշխարհային պատերազմը Հայկի եւ Բելի միջեւ
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
31.Հայկ եւ Բել
Մէջբերելով Մար Աբաս Կատինայի մատեանի խօսքը՝ Խորենացին ասում է.
«Այս՝ ասէ, Հայկ… ի մէջ սկայիցն քաջ եւ երեւելի լեալ, եւ ընդդիմակաց ամենեցուն, որք ամբառնային զձեռն՝ միապետել ի վերայ ամենայն սկայիցն եւ դիւցազանց: Սա խրոխտացեալ ամբարձ զձեռն ընդդէմ բռնաւորութեանն Բելայ՝ ի տարածանել ազգի մարդկան ընդ լայնութիւն ամենայն երկրի, ի մէջ բազմակոյտ սկայիցն՝ անհուն խօլաց եւ ուժաւորաց»:
Թարգմանենք.-
«Այս Հայկը՝ ասում է, հսկաների մէջ քաջ եւ երեւելի եղաւ, եւ ընդդիմադրեց այն բոլորին՝ որոնք ձեռք բարձրացրին միապետելու համար բոլոր հսկաների եւ դիւցազունների վրայ: Սա նաեւ խրոխտանալով՝ իր ձեռքը բարձրացրեց ընդդէմ Բելի, որ ծրագրել էր մարդկանց ազգին բռնութեամբ տարածել ամբողջ երկրի լայնութեամբ (տարածքով)՝ անհուն խօլ (ձայնեղ), ուժեղ եւ բազմակոյտ հսկաների մէջ»:
Ըստ այսմ՝ պարզւում են երկու իրողութիւններ:
Առաջինն այն է՝ որ Հայկի ժամանակ մի շարք հսկաներ փորձել են միապետ դառնալ (դիկտատուրայ հաստատել) բոլոր հսկաների եւ դիւցազունների վրայ:
Հայկը կարողացել է չէզոքացնել նրանց փորձերը՝ իր կողմ շահելով այլ ազատատենչ դիւցազունների:
Երկրորդ, հսկաներից Բելը՝ փորձել է խորամանկելով հասնել մենատիրութեան: Դրա համար ծրագրել է «մարդկանց ազգ»-ին աշխարհով մէկ ցիր ու ցան անելով վերաբնակեցնել այն տեղերում՝ ուր կուտակուած են եղել խօլ եւ ուժեղ հսկաները:
Այլ խօսքով Բելը նպատակադրուել է արմատախիլ անել «մարդկանց ազգերին»՝ եւ ստրկութեան տանելով վաճառել ու ծառայեցնել հսկաներին, ինչպէս միջնադարում Եւրոպացիները վարուեցին Ափրիկէի խափշիկների հետ:
Ըստ երեւոյթին, հսկայորդիներից շատերին ձեռնտու է եղել այդ ծրագիրը՝ որովհետեւ շահ էին ապահովելու:
Ուստի հակադրուելով Բելի ծրագրին՝ Հայկ դիւցազունն ու իր փոքրաթիւ համախոհները չեն ցանկացել ընդհարուել մեծամասնութեան հետ, ու նախընտրել են հեռանալով հաստատուել իրենց նախահայրենիքում:
Հետեւութիւն.-
Շնորհիւ Հայկ նահապետի՝ Հայկական բարձրավանդակի փոքրաքանակ բնիկ «մարդկանց որդիները» տեղահան չեն եղել, ու Հայկեան դիւցազունների հետ ապրելով համերաշխ՝ նրանցից ժառանգել են աստուածային լեզուն, հնագոյն հայերէնը, աստուածային օրէնքները, եւ նրանցից սովորել են զանազան գիտութիւններ, արարչագործութիւն եւայլն: Նրանք ապրել են Հայկազնեան դիւցազունների հովանաւորութեան ներքոյ՝ ինչպէս բացայայտում է «Սասնայ Ծռեր» վիպերգութիւնը: Ապա այդ հսկայ դիւցազունների սերունդները՝
1.ֆիզիկապէս փոքրացել են, ինչպէս Հայոց Տրդատ Մեծ արքայի Խոսրով Կոտակ որդին, ու չափերով հաւասարուել են «մարդկանց որդիների» տեսակին, կամ էլ՝
2. Ընդհանրապէս անսերունդ մնալով՝ վերացել են երկրի երեսից:
Հետեւում է՝ որ հայ ժողովուրդը ի սկզբանէ եղել է Հայկական բարձրավանդակի բնակիչն ու տէրը, եղել է ու կայ Հայկ նահապետի ազատասիրութեան, առաքինասիրութեան եւ արարչագործութեան ջահակիրն ու ժառանգորդը՝ մինչեւ մեր օրերը:
Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ: