ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ԱԶԱՏ ու ԱՆԿԱԽ, այլեւ՝ ԱՄԲՈՂՋԱՊԷՍ ԱԶԱԶԱՏԱԳՐԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ մենք պարտք ենք Սիմոն Աշիկգէօզեաններուն
Nazareth Berberian – ««ՆԱԽՈՐԴ ԲԱՐԻ ԼՈՅՍԸ»»
ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԱՐԻ ԼՈՅՍ»Ը
ԲԱՐԻ ԼՈՅՍ
ԱԶԱՏ ու ԱՆԿԱԽ, այլեւ՝
ԱՄԲՈՂՋԱՊԷՍ ԱԶԱԶԱՏԱԳՐԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
մենք պարտք ենք Սիմոն Աշիկգէօզեաններուն
6 Փետրուար 2020
«ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Է, ԹՈՂ ԻՆՁ ԼԻՆԻ»
«Զոհուելուց չեմ վախենում, միայն` թուրքի ձեռքը մարմնիս չդիպչի»` սա «Արաբօ» ջոկատի Մարտունաշէնի գործողութիւնների հրամանատար, առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանակիր, ազատամարտիկ Սիմոն Աչիկգէօզեանի` «Դէդ»ի միակ մտավախութիւնն էր պատերազմի օրերին:
Սիմոն Աչիկգէօզեանը ծնուել էր Ռումինիայի Գալաց քաղաքում, նրա տոհմական բնօրրանը Արեւմտեան Հայաստանն էր: Հայրը` Յովհաննէսը, Եղեռնից հրաշքով էր փրկուել. նրա 86 հոգանոց գերդաստանից 78ը զոհուել էին Դէր-Զորի անապատում: 1964թ. Յովհաննէսի ընտանիքը հայրենադարձուեց Խորհրդային Հայաստան, որտեղ Սիմոնը աւարտեց դպրոցն ու ընդունուեց Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ:
«1960թ․ աւարտեց համալսարանը եւ ընդունուեց Հ․Խ․Ա․Հ․ Գ․Ա․ երկրաբանական գիտութիւնների ինստիտուտ` աշխատելու:
Օգտակար հանածոների բաժնի աւագ գիտաշխատող էր, աշխատեց կարեւոր հանքային շրջաններում եւ զբաղուեց հանրապետութեան գունաւոր եւ ազնիւ մետաղների հանքավայրերի հեռանկարային ուսումնասիրութեամբ, շուրջ 20 տարի ուսումնասիրեց Զանգեզուրի հանքավայրերը: Ընկերների հետ կազմեց մի շարք շրջանների ոսկու հանքավայրերի երկրաբանական եւ կանխատեսումային քարտէզներ, որոնք այսօր օգտագործւում են տարբեր երկրաբանների կողմից, աւելի քան 70 գիտական աշխատանքների հեղինակ էր: Սակայն մեզ հիացնում էր ոչ միայն նրա գիտական տաղանդը, այլեւ` մարդկային որակները»,- ասաց Հ․Հ․ Գ․Ա․Ա․ երկրաբանական գիտութիւնների ինստիտուտի փոխ-տնօրէն Ռաֆայէլ Մելքոնեանը: Նա նշեց, որ 1988թ. Սպիտակի երկրաշարժից յետոյ Սիմոնը աղէտի գօտում ղեկավարել է երկրաշարժաբանների միջազգային ջոկատը:
1989թ. Սիմոն Աչիկգէօզեանն արդէն «Արաբօ» կամաւորական ջոկատում էր, որին անդամագրուեց որդու` Յովհաննէսի հետ. «Ես ամէն ինչում փորձում էի նմանուել հօրս, նոյնիսկ երկրաբան դարձայ` հետեւելով նրա օրինակին: Նա ինձ վստահում էր, անգամ դպրոցական տարիքում նրա հետ յաղթահարում էի ցանկացած երկրաբանական երթուղի: Ուստի բնական էր, որ միասին ներկայացանք Հ․Ա․Բ․ ու անդամագրուեցինք սահմանների պաշտպանութեան գործին»,- պատմում է որդին:
Սակայն որդու եւ հօր ճանապարհները բաժանուեցին, երբ վերջինս որոշում կայացրեց ստանձնել Մարտունաշէնի պաշտպանութեան ջոկատի հրամանատարութիւնը: Մարտունաշէնում կռիւն անխուսափելի դարձաւ. 1991թ.ի խորհրդային բանակը ադրբեջանական ՕՄՕՆի հետ միասին յարձակուել էր Մարտունաշէնի եւ Գետաշէնի վրայ` նպատակադրուած ոչնչացնելու ոչ միայն գիւղերը, այլեւ՝ ժողովրդին: Արցախը հայաթափելու «Օղակ» գործողութիւնը կանխելիս՝ Սիմոն Աչիկգէօզեանը զոհուեց: Ազատամարտի վետերանների «Արաբօ» Հ․Կ․ի խորհրդի նախագահ, «Արաբօ» ջոկատի ենթահրամանատար Կարէն Ղազարեանն ասում է` վիրաւոր հրամանատարը կը փրկուէր, եթէ համաձայնէր, որ իրեն էլ միւս վիրաւորի հետ հանէինք կրակի տակից:
«Ես թշնամուն կը պահեմ, մինչեւ վիրաւորին հանէք»,- ասել է Սիմոնը ու շարունակել կրակելն ու երգել՝ «Վաղուց եմ ուխտել կռուել ու մեռնել» երգը: «Քիչ քաջեր կան, որ իրենց կեանքը զոհելու ժամանակ երգել են հայրենասիրական երգեր, դրանցից էր Սիմոն Աչիկգէօզեանը»,- նշում է Կարէն Ղազարեանը, ապա՝ աւելացնում, որ մինչ մահը Սիմոնը հասցրել էր գիւղի բնակչութեանը հեռացնել մօտակայ անտառներ. «Միայն չհասցրեց իմանալ, որ փրկուած վիրաւոր զինուորը իր սանն էր` արթիկցի Մկրտիչը»:
Կ.Ղազարեանի խօսքով` իրենք Ս. Աչիկգէօզեանին յարգանքով էին «Դէդ» ասում, քանի որ նա միշտ ջոկատի երիտասարդներին յետ էր պահում առաջին գծից, ասելով` «Ես ոչ մէկիդ մահը չեմ ուզում տեսնել, ինչ լինում է, թող ինձ լինի»:
«Հայ Զինուոր» – համար #26 (891) 6.07.2011 – 13.07.2011 – ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ (լեյտենանտ)
*
* *
Բարի լոյս՝ Փետրուար 6ի այս օրը ծնած հայոց մերօրեայ աւագ ազատամարտիկին՝ ՍԻՄՈՆ ԱՇԻԿԳԷՕԶԵԱՆի (ԴԷԴ-DAD, 1939-1991) վարքն ու բարքը, գործն ու աւանդը մեր սերունդներուն յուշելու, այլեւ բոլորիս մտքին ու սրտին մէջ բարձրացնելու՝ յանուն ԱԶԳի եւ ՀԱՅՐԵՆԻՔի պաշտպանութեան ու ազատագրութեան իրենց գերագոյնը զոհաբերած անմահներու արժանեա՜ց պատուանդանին։
Յուշատետրի առանձին էջով՝ ամփոփ գիծերու մէջ ներկայացուած է ՈԴԻՍԱԿԱՆը գիտնական երկրաբանի իր խաղաղ կեանքը մէկդի նետած եւ, հայրենի հողի ազատագրութեան ու վերապրող հայութեան պաշտպանութեան համար, ՖԵՏԱՅԱԿԱՆ ԶԷՆՔը գրկելով ԱՐՑԱԽԵԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏի կենաց-մահու կռուին անմնացորդ նուիրուած Սիմոն Աշիկգէօզեանի։
Բարի լոյս՝ հայ ազգային-ազատագրական պայքարի մերօրեայ ԶԱՐԹՕՆՔին յառաջապահ դրօշակիրներուն, որոնք Սիմոն Աշիկգէօզեանի եւ Թաթուլ Կրպէյեանի օրինակով նորանուն ՀԱՅ ՖԵՏԱՅԻՆԵՐու հետ վառեցին ՄԵԾ ԽԱՐՈՅԿը Հայ Դատի ուժական պայքարի ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴին։
Պայքարի այդ դաժան ճանապարհին հազարաւոր ազատամարտիկներ իրենց ԳԵՐԱԳՈՅՆը՝ ՋԱՀԵԼ ԿԵԱՆՔը մատաղ ըրին, որպէսզի վերականգնի Հայաստանի անկախ Հանրապետութիւնը, որպէսզի հայոց Արցախ Աշխարհը մայր հայրենիքին հետ վերամիացման ՊԵՏԱԿԱՆԱՇԷՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐը ամրապնդէ, եւ որպէսզի ՀԱՄԱՅՆ ՀԱՅԱՇԽԱՐՀը իր ուղին կարենայ հարթել դէպի ամբողջական Ազատութիւն եւ Արդարութիւն։
Բարի լոյս՝ հայոց փրկութեան ռազմի դաշտերուն վրայ ինկած մեր բոլոր յեղափոխականներուն՝ ազատամարտիկներուն, որոնք իրենց անմահութեան բարձունքէն վստահաբար հպարտութեամբ կը հետեւին մեր ժողովուրդի այսօրուան ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՐՏԻԿՆԵՐու ոգորումներուն։
Այո՛, Արցախեան Ազատամարտի դրօշակիր սերունդը ամէն հիմք ունի անդենականէն հպարտութեամբ դիտելու իր թողած ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՏԱԿը ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ վերանորոգելու մերօրեայ խիզախումները՝
Որպէսզի այլեւս ո՛չ մէկ մակաբոյծ համարձակի մէկ ձեռքով իւրացնելու արեան գինը մեր ինկած հերոսներուն, իսկ միւս ձեռքով ալ երթայ հեգնաբար ծաղկեպսակ զետեղելու․․․ անոնց շիրիմներուն։
Բարի լոյս՝ Հայաստան, ինչպէս ԱԶԱՏ ու ԱՆԿԱԽ, նոյնպէս եւ ԱՄԲՈՂՋԱՊԷՍ ԱԶԱԶԱՏԱԳՐԵԱԼ՝ հողահաւաքով ու հայահաւաքով։
Հաւաքական այդ ՈՒԽՏի վերանորոգման արդար արեգակին բարի լոյսը մենք պարտք ենք Սիմոն Աշիկգէօզեաններուն։
ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ
ՆԿԱՐ-ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – Սիմոն Աշիկգէօզեան