01 դեկտեմբեր 2015
ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի գլխաւորած պատւիրակութիւնը օրերս աշխատանքային այցով եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան մայրաքաղաք Բեռլինում:
Այցի հիմնական նպատակն էր մասնակցութիւնը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքոյ անցկացւող «Վճռական աջակցութիւն» առաքելութեան Հիւսիսային հրամանատարութեան կազմում ներգրաււած երկրների պաշտպանութեան նախարարների նիստին:
«panorama.am» – ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի գլխաւորած պատւիրակութիւնը օրերս աշխատանքային այցով եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան մայրաքաղաք Բեռլինում:
Այցի հիմնական նպատակն էր մասնակցութիւնը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքոյ անցկացւող «Վճռական աջակցութիւն» առաքելութեան Հիւսիսային հրամանատարութեան կազմում ներգրաււած երկրների պաշտպանութեան նախարարների նիստին: Այս մասին յայտնում են ՀՀ ՊՆ-ի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից:
Նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակւել Գերմանիայի կողմից ղեկավարւող Հիւսիսային հրամանատարութեան պատասխանատւութեան գօտում տիրող անվտանգային իրավիճակի, խնդրայարոյց հարցերի եւ առաջիկայ անելիքների վերաբերեալ: Իր ելոյթում ՀՀ պաշտպանութեան նախարարը տեղեկացրել է, որ չնայած սեփական սահմանների երկայնքով ունեցած անվտանգութեան մարտահրաւէրներին, Հայաստանի Հանրապետութիւնը հաստատակամ է նոյն ծաւալներով շարունակելու իր մասնակցութիւնը «Վճռական աջակցութեանը»՝ մինչեւ առաքելութեան աւարտը: Սէյրան Օհանեանը յոյս է յայտնել, որ միջազգային կոալիցիայի գործօն աջակցութեան շնորհիւ առաջիկայում Աֆղանստանում կարձանագրւեն տեւական խաղաղութեան եւ կայունութեան հաստատման ուղղութեամբ նոր ձեռքբերումներ:
Բեռլինում ՀՀ պաշտպանութեան նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաեւ Բունդեսթագի պաշտպանութեան հարցերով յանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելլմիխի եւ ԳԴՀ-ի կառավարութեան կազմում Ռուսաստանի Դաշնութեան, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելեան գործընկերութեան երկրների հետ միջհասարակական համագործակցութեան հարցերի համակարգող Գերնոտ Էրլերի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկւել են Եւրոպայում, Հարաւային Կովկասում եւ այլուր տարածաշրջանային անվտանգութեան եւ դրա առջեւ ծառացած սպառնալիքներին ու մարտահրաւէրներին, ինչպէս նաեւ պաշտպանութեան ոլորտում հայ-գերմանական համագործակցութեանն առնչւող հարցեր:
Սէյրան Օհանեանը զրուցակիցներին է ներկայացրել ԼՂ-ի հակամարտութեան գօտում տիրող իրավիճակը, վերջին շրջանի զարգացումները եւ կարգաւորման ուղղութեամբ հայկական կողմի դիրքորոշումները:
Բարձր գնահատելով պաշտպանութեան բնագաւառում հայ-գերմանական համագործակցութիւնը, Սէյրան Օհանեանը նշել է, որ դրա արդիւնքում երկու երկրների միջեւ ստեղծւած փոխադարձ վստահութեան մթնոլորտը խթանում է նաեւ այլ ոլորտներում երկկողմ կապերի ու համագործակցութեան զարգացումը:
alikonline.ir