«ԵՐԿԻՐ»Ի ԶՐՈՅՑԸ ԵՒՐՈՊԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆԻ ՀԵՏ

Բաքուի Հայութեան Ճակատագիրը Եւրախորհրդարանում. Ուշագրաւ Մանրամասներ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակից

«ԵՐԿԻՐ»Ի ԶՐՈՅՑԸ ԵՒՐՈՊԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆԻ ՀԵՏ

07 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ՍՓԻՒՌՔ ՀԱՅ ԴԱՏ:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Եւրախորհրդարանում կայանալիք համաժողովի եւ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի գործունէութեան մի շարք ուղղութիւնների մասին «Երկիր»ը զրուցել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի հաղորդակցութեան եւ հասարակութեան հետ կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանի հետ:

«ԵՐԿԻՐ».- Պարոն Շիրինեան, Փետրուարի 5ին Եւրախորհրդարանում կ՛անցկացուի Բաքուի հայ փախստականների ճակատագրի մասին համաժողով։ Ի՞նչ է այն, ո՞րն է նպատակը:

ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Նախ եւ առաջ կարեւոր է պատմութեան այս ցաւալի էջը յիշել, ոգեկոչել եւ զոհերի յիշատակը յարգել: Բացի այդ, միջոցառումը հետապնդում է մի շարք նպատակներ: Առաջին հերթին Բաքուի ջարդերից փախած կամ ազատուած հայ փախստականներին համապատասխան հարթակ ընծայել, որպէսզի նրանց ապրած հալածանքներն ու ջարդերը ներկայացուեն իբրեւ վկայութիւն Եւրոպական խորհրդարանում: Ուզում ենք նաեւ լոյսի տակ դնել ընդհանրապէս Բաքուի հայերի ճակատագիրը եւ կարգավիճակը:

Պէտք է ասել, որ նրանք, բացի Հայաստանից, միջազգային հանրութիւնից որեւէ օգնութիւն չստացան՝ վերակարգաւորելու իրենց կեանքը: Իսկ քաղաքական առումով կարեւոր է մի անգամ եւս շեշտել Եւրախորհրդարանի շէնքում, որ Բաքուի, ինչպէս նաեւ Սումգայիթի, Կիրովաբադի եւ Մարաղայի ջարդերը բաւարար փաստեր են՝ անընդունելի համարելու եւ բացառելու որեւէ հակամարտութեան կարգաւորման տարբերակ, ուր Արցախը կը դառնայ Ադրբեջանի վարչական մաս, առաւել եւս, երբ հայատեացութիւնը շարունակում է մնալ ներկայ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից որդեգրուած պետական քաղաքականութիւն:

«ԵՐԿԻՐ».- Յունուարի 30ին ԵԽԽՎն Ադրբեջանի դէմ բանաձեւ ընդունեց՝ քաղբանտարկեալների խնդրի կապակցութեամբ։ Ի՞նչ է այդ բանաձեւն իրենից ենթադրում։ Կարելի՞ է արդեօք սպասել պատժամիջոցների:

ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Գիտէք՝ Ադրբեջանի մէջ տեղի ունեցած մարդու իրաւունքների խախտումները, քաղբանտարկեալների խնդիրը եւ, ընդհանրապէս, ժողովրդավարական արժէքների բացակայութիւնը, Եւրոպայում որեւէ մէկի համար գաղտնիք չէ: Նմանատիպ բանաձեւեր յաճախ են քուէարկւում՝ լինի Եւրախորհրդարանի արտաքին հարցերի յանձնաժողովի կողմից կամ «Եւրոնեսթ»ի լիագումար նիստերի ընթացքում, բայց կարեւոր էր, որ ԵԽԽՎն նաեւ անդրադառնայ այս հարցին եւ յստակ կերպով դատապարտի: Ի վերջոյ՝ ԵԽԽՎն եւրոպական այն կառոյցի խորհրդարանական վեհաժողովն է, որը զբաղւում է Եւրոպայի մէջ Մարդու իրաւունքների հարցերով, եւ յիշում ենք՝ որքան աղէտալի երեւոյթ էր ԵԽԽՎի համար, երբ նրա նախկին նախագահը եւ բազմաթիւ ուրիշ պատգամաւորներ ուղղակիօրէն առնչուեցին «Ադրբեջանական լուացքատան» սկանդալի (գայթակղութեան-Խմբ.) մէջ: Յստակօրէն ասենք՝ այս մարդիկ իրեց ստացած գումարների փոխարէն աշխատում էին ադրբեջանական լոբին զարգացնելու Եւրոպայում, որը, բնականաբար, հետապնդում է նաեւ հակահայկական եւ հակաարցախեան նպատակներ:

Ես չեմ զարմանայ, եթէ ԵԽԽՎն որոշի պատժամիջոցների դիմել: Եթէ Ռուսաստանի Դաշնութեան պարագայում հիմքերը բաւարար էին ռուսական պատուիրակութեանը պատժելու համար, ապա Ադրբեջանի պարագայում նրանք բաւարարից աւելին են:

«ԵՐԿԻՐ».- Ներկայ պահին ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակն ինչպիսի՞ գործունէութիւն է ծաւալում:

ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Վերջին ամիսների ընթացքում ունեցանք բաւական աշխոյժ շրջան: 2019ի աւարտին, ինչպէս արդէն տեղեակ էք, Եւրոպական մի մեծ պատուիրակութիւն առաջնորդեցինք դէպի Արցախ՝ մասնակցելու Արցախի բարեկամների «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» համաժողովին: Եւրոպայի տարածքում գործող մեր Հայ Դատի յանձնախմբերի միջոցով կարելի եղաւ 50ից աւելի եւրոպացի քաղաքական գործիչներ առաջնորդել դէպի Արցախ:

Կազմակերպեցինք նաեւ Հայ Դատի դրամահաւաքը Բրիւսէլում, ուր, մասնաւորապէս, ներկայ գտնուեցին Արամ Ա. կաթողիկոսը եւ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը: Գրասենեակի նախաձեռնութեամբ վերջինս ունեցաւ մի շարք հանդիպումներ Բելգիայի հոլանդախօս եւ ֆրանսախօս բարեկամական շրջանակների հետ:

Բացի խորհրդարանի մէջ կայանալիք վաղուայ (Չորեքշաբթի, 5 Փետրուար-Խմբ.) մեր նախաձեռնութիւնից, մեր գալիք աշխատանքների շրջանակների մասին խօսելիս՝ տեղեկացնեմ, որ 2020ին տեղի ունենալիք Արցախի ընտրութիւնների առիթով Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը միջազգային անկախ դիտորդներից կազմուած դիտորդական առաքելութիւն պիտի նախաձեռնի, ինչպէս դա եղաւ 2015ի խորհրդարանական ընտրութիւններին եւ 2017ի սահմանադրութեան հանրաքուէին:

Այս առիթով քաղաքական գործիչներից եւ լրագրողներից կազմուած պատուիրակութիւններ նաեւ պիտի այցելեն Արցախ: Իսկ մեր ամէնօրեայ աշխատանքների շրջանակներում շարունակելու ենք ուշադիր հետեւել Եւրոպական խորհրդարանի գալիք բանաձեւերին եւ հակազդել բոլոր հակահայկական այն նախաձեռնութիւններին, որոնք հանդէս են գալիս բանաձեւերի փոփոխութեան առաջարկներով։

Բաքուի Հայութեան Ճակատագիրը Եւրախորհրդարանում. Ուշագրաւ Մանրամասներ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակից

asbarez.com/arm/363495/ԵՐԿԻՐԻ-ԶՐՈՅՑԸ-ԵՒՐՈՊԱՅԻ-ՀԱՅ-ԴԱՏԻ-ԳՐԱ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail