Ո՞րն է հեղափոխական իշխանության պատկերացումը վարչապետի հնչեցրած բանաձևի մասին, կամ փոխզիջման փիլիսոփայությունը սպառնալիք է
06.02.2020 | Ներքին կյանք | Lragir.am: Կարդալ նաեւ՝ ««Արևելյան Այսրկովկասի (Ադրբեջանի) ժողովրդների շահերի և իրավունքների պաշտպանության հարցը պետք է դառնա բանակցային գործընթացի առանցքային հարցերից մեկը»»
Այս տարվա հունվարը բացառիկ էր Բաքվում 1990 թվականի 11-19-ը հայերի ցեղասպանության փաստի հանդեպ հայկական իշխանությունների վերաբերմունքով: Հունվարի 13-ին Հայաստանի բարձր ղեկավարության այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետև հունվարի 18-ին հայկական ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստն ու հունվարի 19-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությունը վկայություն են, որ բանակցային գործընթացի հակահայ հիմքերը Հայաստանի կողմից դրվել են հարցականի տակ:
Իսկ այսօր արդեն հունվարի 29-30-ի Ժնևյան հանդիպումը, որը Արցախում ընտրությունների նախօրյակին էր, դարձել է եզակի շահարկման միջոց: Շահարկման բովանդակությունը վտանգավոր է այնքանով, որ բացառապես ու անթաքույց սպասարկում են թրքամետ մոտեցումները: Ընկալում կա, որ թրքական և այլ արտաքին ուժերի գործակալները մերժված իշխանությունների ողջ արբանյակային դաշտը մոբիլիզացնում են ընդդեմ հայկական պետականության:
Այսօր նախորդ իշխանությունների արբանյակների գլխներում բացարձակ քաոս է. վերջին 28 տարիների ընթացքում տարատեսակ անվանումներ կրող սկզբունքների, տարրերի ու մոտեցումների շուրջ տարված հանդիպումների և բանակցությունների ընթացքում, դրանցից առաջ ու հետո ամեն օր, ամեն պահի հողերը տվել են, բախվելով Կասպից Արևմուտքի խանի քմահաճույքին, ու այսօր կասկածի տակ է դրված իրենց հող տալու պատրաստակամության ողջ բեկգրաունդն ու ներկան, ու ո՛չ միայն:
Այո՛, ամեն օր ու ամեն պահի հող են տվել ցեղասպանին, ու այսօր հայությունը հայտնվել է «ստատուս քվոյի» կամ որ նույնն է բանակցային մի մեծ փոսի մեջ` ոտքերը կաշկանդված տարատեսակ սկզբունքներով ու տարրերով: Ներուժի մեծ կենտրոնացում ու լարում է պահանջվում հայությունից այդ փոսը հաղթահարելու համար:
Հայրենիքն ու նրա ապագան գերագույն արժեք են: Սա է, որ լարում է հայության զգոնությունը և ստիպում հետևողական լինել իշխանությունների քայլերի դիտարկման ժամանակ:
Ակնհայտ է, որ փոխզիջման փիլիսոփայությունը թելադրվեց արտաքին կառավարման տակ, քաղաքական կոռուպցիայի դաշտում: Փոխզիջման փիլիսոփայությունը շրջանառության մեջ են դրել ու դնում են բոլոր նրանք, նախորդ ու ներկա իշխանությունների մոտ ու հեռու կանգնած բոլոր այն անձիք, ովքեր բացառապես ապրում ու գործում են հենց այդ կոռուպցիոն դաշտում: Մարդիկ ու խմբեր, ովքեր վերջին երեսուն տարիների ընթացքում իրենց տարատեսակ գործունեության դաշտերից անամոթաբար դուրս նետեցին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների քաղաքական իրավունքների հարցը, նրանց դեմ 1987-1992 թվականներին Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանության փաստն ու Ազատագրված տարածքների իրավատիրոջ նրանց կարգավիճակը, ու փոխանակ խնդիրը տանեին և հասցնեին Կասպից Արևմուտքում տեղավորված ռեժիմին ու դրա գործողություններին քաղաքական և իրավական գնահատական տալուն, մինչ օրս շարունակում են ջուր լցնել թրքամետ բովանդակությամբ բանակցային գործընթացի ջրաղացին` սակարկելով հայոց պետականության գոյությունը:
Ու փոխզիջման փիլիսոփայությունը կրկին շրջանառության մեջ դնելու միտումը հակադրվում է այս տարվա հունվարի 25-ին Կապանում վարչապետի մամուլի ասուլիսի բովանդակությանը, բանակցային դաշտում ամրագրելով ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի հինգ թեկնածուների կողմից մերժված Մադրիդյան սկզբունքները:
Փոխզիջման փիլիսոփայությունը սպասարկում է պանթուրքիզմի ծրագրերը, ինդուլգենցիա տալով Կասպից Արևմուտքում կամայականորեն հայտնված ռեժիմին` անպատիժ շարունակելու հայության ցեղասպանությունն ու դրա վերահսկողության տակ գտնվող բնիկ, պետականազուրկ ժողովրդների ոչնչացումը:
Այս օրերին անընդմեջ թիրախում է մնում նաև վարչապետի հնչեցրած բանաձևը այն մասին, որ բանակցությունների արդյունքները պետք է ընդունելի լինեն Հայաստանի, Արցախի հայության և Ադրբեջանի ժողովրդների համար: Այս բանաձևի մեր պարզաբանումը բարձրաձայնել ենք բազում անգամներ, նաև այստեղ` https://www.lragir.am/2019/12/17/502912/, ակնկալելով գործող իշխանությունների արձագանքը, թե որքանով են մեր պատկերացումները այդ բանաձևի մասին համընկնում իրենց պատկերացումների հետ: Ու ո՛չ մի արձագանք:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը արդեն տաս տարիների ընթացքում բարձրաձայնում է, որ Կասպից Արևմուտքում վերջին հարյուր տարիներին տեղավորված պետական ռեժիմը, որպես պանթուրքիզմի ծրագրերի այս տարածաշրջանում իրականացնող գործիք, վտանգում է տարածաշրջանի խաղաղությունն ու ներդաշնակ զարգացումը, նաև հայության կենսունակությունը` ցեղասպանությունը հայության դեմ որպես պետական քաղաքականություն քարոզելով, ու ո՛չ միայն; Այդ պետական ռեժիմը ստեղծման օրից` իր վերահսկողության տակ կամայականորեն հայտնված տարածքներում, շատ հաջողված տարավ հայության ցեղասպանությունն ու դրանց հայաթափումը, ու հիմա էլ շարունակում է այդտեղ բնիկ, պետականազուրկ ժողովրդների ուծացումն ու ոչնչացումը: Իսկ տարածաշրջանում դերակատարություն ունեցող գերտերությունները ցինիկորեն զոհաբերում են նրանց ճակատագրերը, նաև հայության անվտանգությունը, իրենց նավթագազային շահերին:
Հայության կենսունակության և տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության ապահովման համար պահանջված է Կասպից Արևմուտքի բնիկ, պետականազուրկ ժողովրդների իրավունքների, ինքնության ու զարգացման պաշտպանությունը, ինչը հնարավոր է միայն պետաիրավական նոր միավորման մեջ, որտեղ տեղ չունեն մարդատյացությունն ու ցեղասպանությունը խթանող պանթուրքիզմը: Ու այդ ժողովրդների շահերի ու իրավունքների պաշտպանության համար պետք է ծառայեցնել բանակցային գործընթացը:
Այս պահանջը անընդհատ հնչեցնում ենք հանրային դիվանագիտության դաշտում: Թվում է, որ այն արդեն այսօր պետք է արտացոլված լիներ պետական դիվանագիտական դաշտում, ինչպիսին, ասենք, պատգամավորականն է, եթե, իհարկե, մեր պատկերացումները վարչապետի հնչեցրած բանաձևի մասին համընկնում են հեղափոխական իշխանության պատկերացումների հետ: Իսկ եթե ո՛չ, ապա մենք պարտավոր ենք տեղյակ լինել դրանցից:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյան
06.02.2020
lragir.am/2020/02/06/515511/