Նոր հայացք Թանզիմաթի պատմությանը՝ Կ․ Պոլսո պատրիարքարանի արխիվի լույսի ներքո
2020/02/08 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐ, ՄԵՐ ԻՐԱՒՈՒՆՔԸ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Երվանդ Տանձիկյան
Միաձայն ընդունվել է Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի հետազոտող Թալին Սուջյանի հետդոկտորական աշխատանքը։ Այնտեղ ներկայացվում են Թանզիմաթի (բարեփոխումներ- Ակունք խմբ․) շրջանում հայկական համայնքի ունեցած խնդիրները պետության, մյուս համայնքների և իր ներսում։ Սուջյանի հետ զրուցել ենք իր հետդոկտորական աշխատանքի և Հայոց պատրիարքարանի արխիվներում արտացոլված պատկերի մասին։
– Նախ և առաջ կարծում եմ, որ հետդոկտորական աշխատանքը թուրք ընթերցողներին շատ ծանոթ եզրույթ չէ։ Ակադեմիական աշխարհում այն ինչի՞ն է համապատասխանում։
– Հետդոկտորական աշխատանքը Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Ավստրիայի և այլ եվրոպական երկրների ակադեմիական ավանդույթներով դոկտորականից հետո, դոկտորական թեմայից տարբեր թեմայով գրված երկրորդ աշխատանքն է։ Այն, որպես դոկտորականից տարբեր աշխատանք, ներկայացվում է ֆակուլտետում։ Հետդոկտորական կոչում ստանալու համար գիտական խորհուրդ կա։ Այդ խորհուրդը հինգ տարի շարունակ հետևում է թեկնածուի աշխատանքին։ Իմ պաշտպանության ժամանակ խորհրդի անդամ են եղել իմ համալսարանից, այսինքն՝ ԼՄՀ-ից, երեք դասախոսներ՝ օսմանագետ պրոֆ․ Քրիստոֆ Կ․ Նեումանը, հարավարևելյան Եվրոպայի պատմաթյան մասնագետ պրոֆ․ Մարտին Շուլց Վեսելը և ազգագրագետ պրոֆ․ Մրտին Սոքեֆելդը։ Ներկայացված աշխատանքը կարդալու և գնահատելու են տալիս նաև նույն համալսարանում չաշխատող ոլորտի ևս երկու պրոֆեսորի։ Նեբրասկայի համալսարանից պրոֆ․ Պետրոս Տեր-Մաթոսյանը և Ավստրալիայում գտնվող Նյուքասլի համալսարանից պրոֆ․ Հանս-Լուկաս Կայզերն իմ աշխատանքի վերաբերյալ այլ համալսարաններից զեկուցումներ գրած մասնագետներն էին։
Անցած ամառ «Կամ բուժում մեր ցավերին, կամ հրովարտակ մեզ սպանողին․ բարեփոխումները վիլայեթներում» վերնագրով թուրքերեն թարգմանված հետդոկտորական թեզը ֆակուլտետում ներկայացրեցի։ Այն մյուս հինգ պրոֆեսորների զեկույցների հետ միասին ուղարկվել են ֆակուլտետ և ներկայացվել են ֆակուլտետի բոլոր անդամների դատին։ Ֆակուլտետի ժողովը տեղի է ունեցել նոյեմբեր ամսին, որին մասնակցում էր 50 մարդ, այդ թվում՝ պրոֆեսորներ և ընտրված ներկայացուցիչներ։ Ժողովի ժամանակ միասնական քվեարկությամբ հաստատվել է, որ թեզը համապատասխանում է գիտական չափանիշներին։
Որպես այդ գործընթացի մի մաս՝ անցած երեքշաբթի՝ հունվարի 7-ին, ելույթ ունեցա։ Մշակութային հետազոտությունների ֆակուլտետի դեկան պրոֆ․ Իռենե Գյոցը ելույթի վերջում ելույթ ունեցավ, որից հետո ինձ մի փաստաթուղթ հանձնեց, որով լիազություն ստացա դասեր տալու Միջին Ասիայի պատմության և մշակույթի ոլորտում։ Այսպիսով՝ հետդոկտորական կոչում ստանալու ընթացքն ավարտվեց։ Այն գիտական ամենաբարձր կոչումն է, որով իրավունք եք ստանում դառնալ դոկտորական գրող ուսանողի գիտական ղեկավար և որպես պրոֆեսոր նշանակվել որևէ ամբիոնում։
– Այս աշխատանքում հիմնականում ո՞ր հարցին ես նպատակ ունեցել պատասխանել։
– Այս աշխատանքով փորձել եմ հասկանալ, թե հայերի համար ի՞նչ նշանակություն ուներ թանզիմաթյան շրջանը։ Պատմական թեզերում Վալտեր Բենիամինը նացիստական ռեժիմի մասին ասում է․ «Կեղեքվածների ավանդույթը մեզ պատմում է, որ նրանց հետ տեղի ունեցող արտասովոր վիճակն իրականում կանոն է»։ Հայերեն աղբյուրները հաճախ են վկայակոչում Թանզիմաթի վերաբերյալ հրովարտակի բնօրինակում առկա «Կյանքի անվտանգություն և պատվի ու գույքի պահպանություն» նախադասությունը։ Դրանով Թանզիմաթը խոստանում էր «նոր» կյանք։ Հենց այդ պատճառով Թանզիմաթի այդ խորհրդանշական նախադասությունն իր մեջ ընդգրկում է թե արտասովոր վիճակը, թե նոր կանոնը։ Թանզիմաթի խոստացած այդ նոր կյանքում ճնշվողներին բաժին էր հասնելու անապահով կյանք, չպաշտպանվող պատիվ և բռնագրավված գույք։
Օսմանյան կաայսրության և Թուրքիայի հանրապետության պատմագրության մեջ Թանզիմաթը շրջադարձային կետ է։ 1839-76 թթ․ շրջանում՝ մինչև Առաջին սահմանադրականության հռչակումը՝ ամբողջ թափով ընթանում էին բարեփոխումներ և Օսմանյան կայսրության արդիականացում, որին հիմա նախանձով կարելի է նայել։ Այս համատեքստում բարեփոխում և արդիականացում բառերին տրված են գրեթե միայն դրական նշանակություն։ Ըստ դրա՝ Թանզիմաթի և 1856 թ․ բարենորոգումների ֆերմանով հաստատված շրջանը մի շրջան էր, երբ ոչ մուսուլմաններին իրավունքներ են տրվել, այդ ժողովուրդների համար ստեղծվել է գրեթե ինքնավար ղեկավարություն, նմանը չունեցած մի շրջան է եղել, երբ նրանք կարողացել են տեր կանգնել իրենց իրավունքներին։ Միևնույն ժամանակ օսմանյան ղեկավարութունը կիրառության մեջ էր դրել քրեական օրենսգիրքը, սեփականության կանոնագիրքը, հողային օրենսգիրքը և այլ օրենքներ։ Դրանցից բացի՝ արդարադատության համակարգում կարևոր նորամուծություններ են արվել, կյանքի է կոչվել վիլայեթների վերաբերյալ կանոնագիրքը, վարչական փոփոխություններ են արվել։ Սա սահմանումն է, որը, սակայն, թաքցնում է այդ սահմանումն առաջացնող արտառոց իրավիճակը։ Այս գիտական աշխատանքով փորձել եմ հասկանալ, թե իրենից ի՞նչ էր ներկայացնում այդ արտառոց վիճակը։
– Ելույթի ժամանակ ասում ես, որ Թանզիմաթն ընդունված է համարել ոչ մուսուլմանների համար դրական իմաստով նմանը չունեցած մի շրջանի պատմություն, սակայն պատկերն այլ է եղել։ Ի՞նչն է քեզ ստիպել այդպես մտածել։
– Թանզիմաթի և Հանրապետության շրջանի պատմագրությունները հետաքրքիր նմանություններ ունեն։ Երկու շրջանի պատմությունն էլ գրեթե մեկ դար շարունակ գրվել է այնտեղ կենտրոնական դեր խաղացած «բարեփոխումների» «հեղափոխության» ոգով։ Դրանք պատմվել են իրենցից առաջ և հետո ժամանակաշրջաններից գրեթե անջատ՝ որպես պատմության եզակի շրջաններ։ Օսմանյան հաստատություն համարված Ստամբուլի հայոց պատրիարքարանի՝ այսօր ՀԲԸՄ-ի Փարիզում գտնվող Նուբարյան գրադարանում գտնվող 19-րդ դարի արխիվային փաստաթղթերը մեզ շատ կարևոր տվյալներ են հաղորդում գյուղ առ գյուղ Թանզիմաթի կիրառման վերաբերյալ։
Պատրիարքարանի՝ ըստ բնակավայրերի դասակարգված արխիվը ստիպում է 19-րդ դարի ամենալավ շրջան ներկայացվող Թանզիմաթին լրիվ տարբեր տեսնակյունից նայել։ Այդ արխիվի փաստաթղթերի մեջ անհատական կամ էլ խմբակային բողոքները, նոտարական գործերը, զեկույցները, պատրիարքարանի ուղարկած հրամանները ցույց են տալիս, թե մեզ որպես «բարեփոխում» կամ էլ «հեղափոխություն» ներկայացվող սահմանումները գյուղերում, վիլայեթներում ի՞նչ են նշանակել։ Օրինակ՝ Կանոնագրքերի ընդունումից հետո կազմված և Ահմեթ Ջևդեթ փաշայի խոսքերով «ընտրյալ վրացիներից, չերքեզներից և քրդերից» կազմված Բարեփոխող խմբի բանակը (Fırka-ı Islahiye Ordusu) Կիլիկիա և Իսքենդերուն (Ալեքսանդրեթ- Ակունք խմբ․) սանջակից մինչև Հալեպ գնացող հատվածը «բարեկարգելու» համար արտառոց լիազորություններով է օժտված եղել։ Ժամանակի առաջադեմ պետական գործիչ Ահմեթ Ջևդեթն այդ «բարենորոգումները» դիտարկում է որպես ուղղակի ռազմական գործողություն։ Այդ գործողության առաջնային նպատակը կայսրության այդ շրջաններում ուժային հավասարակշռության ստեղծում էր՝ կենտրոնական իշխանությունների պահանջներին համապատասխան։
Այդ արխիվային փաստաթղթերից հասկանում ենք, որ սույն հավասարակշռությունը ստեղծվել է ընդդեմ հայ ժողովրդի, գյուղերը բաժանվել են, այդ շրջաններում բնակվող հայ ժողովրդին մշտապես հյուսիսից հարավ, հարավից հյուսիս են քշել, գյուղացիներին չեն թողել զբաղվելու իրենց արհեստներով, վաստակել ապրուստի միջոցներ, գյուղերը բաժանել են, ապա աքսորել բնակիչներին, վերջիններիս բողոքներին ականջալուր չեն եղել։ Տեսնում ենք, որ Բելեն, Բեյլան, Օջաքլը, Չորք Մարզվան (Դորթյոլ) և այլ գյուղերից ստացված բողոքները 1868 թ․ օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ուղարկվել են Ստամբուլի պատրիարքարան։ Գտնվում ենք «բարեփոխումների», «բարենորոգման» շրջանի մեջտեղում, 1890-ական թթ․ համիդյան ջոկատները չկան, Աբդուլ Համիդ Երկրորդի կամ երիտթուրքերի ժամանակները չեն։ 1868 թ․ Չորք Մարզվանի հայերի՝ «Կամ բուժում մեր ցավերին, կամ հրովարտակ մեզ սպանողին» աղմուկ հանած գրության մեջ ասվում է, որ 500 տարի շարունակ այդտեղ են ապրում, արհեստներով են իրենց ապրուստը վաստակում, իսկ այժմ հայկական գյուղերը բաժանում են և իրենց քշում դեպի հարավ՝ Փայաս (Բայաս-Ակունք խմբ․)։
Բացի այդ` ցանկացել են փոփոխել վիլայեթի վարչական սահմանները և շրջանը միացնել Հալեպին։ Այդպիսով՝ նրանք ռազմական գործողություններով խաղացել են շրջանի ժողովրդագրական պատկերի հետ։ Օսմանյան արխիվներում հանդիպում ենք հրամանների առ այն, որ այդ գյուղերի բնակչությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին այս անգամ էլ Փայասից դեպի հյուսիս է աքսորվել։ Պատմագրության մեջ կրկին գրում են, թե որպես «բարեփոխման» պրակտիկա ոչ մուսուլման տեղական ղեկավար մարմինների անդամ դառնալու ճանապարհն է բացվել։ Լավ, իրականում ի՞նչ էր կատարվում։ Օրինակ՝ հոծ հայկական բնակչություն ունեցող Կաստամոնուում հայերը տեղական խորհուրդներին մասնակցելու համար պայքարում էին, քանի որ շրջանում նրանց բնակությունը համառորեն մերժվում էր։ Այդ պարագայում հայերը դժվարանում էին ապացուցել, որ ապրում են Կաստամոնուում։ Բազմաթիվ այլ վիլայեթներից Թանզիմաթի շրջանում պետության կողմից ստեղծված խորհուրդներին մասնակցելու անհնարինության կամ էլ դժվարության վերաբերյալ բողոքներ կարող ենք գտնել պատրիարքարանի արխիվում։
Սեփականության և հողային օրենսգիրքը, վիլայեթների վերաբերյալ օրենսգիրքը, Թանզիմաթի կառուցվածքային և ինստիտուցիոնալ փոփոխությունների ազդեցությունը շատ կարևոր մեխանիզմներ և պրակտիկա էին ստեղծել, որոնք շարունակվել են մինչև 20-րդ դարի կեսեր։ Փոփոխվող վարչական տարածքները, բռնության բյուրոկրատացված դեմքը զարգացել են զանգվածային բռնությանը զուգահեռ։ Օրինակ՝ Նիքսարը, որը կից էր Սվասին (Սեբաստիա-Ակունք խմբ․), կցվել է Ունյեին, որի ճանապարհին չերքեզներ են տեղակայել, և երբ հայերը ցանկացել են գնալ Նիքսար, սրանք հարձակվել են հայերի վրա։ Նման իրավիճակում հայերը բազմաթիվ բողոքներ են հղել առ այն, որ չեն կարողանում գործ անել, ինչը կրկին ցույց է տալիս, թե Թանզիմաթն ինչպես է արտացոլվել գյուղերում, վիլայեթներում։
– Պոլսո հայոց պատրիարքարանը 19-րդ դարի վերաբերյալ որքա՞ն հարուստ արձանագրություններ ունի և այդ արձանագրությունների շուրջ այլ աշխատանքներ արվե՞լ են, դեռևս արվու՞մ են։
– Պատրիարքարանի արխիվը միայն ճնշվածների արխիվը չէ, այն նաև բնաջնջվածների արխիվն է։ Այդ տեսանկյունից էլ այն մեզ ներկայացնում է պետության մասին ամենախորքային ճշմարտությունը։ Գյուղերից, վիլայեթների կենտրոններից պատրիարքարանին հղված անհատական և խմբակային դիմումները, տեղական իշխանության կողմից գրված հայկական եկեղեցիների դատական արձանագրությունները, վիլայեթներից ուղարկված իրավիճակը գնահատող զեկույցները օսմանյան բյուրոկրատիայի և դիվանագիտության կարևոր մի մասն են կազմում։ Այդ փաստաթղթերը օսմանյան արխիվում գտնվող փաստաթղթերի հետ եթե անգամ ունեն նույն անունները, բովանդակության առումով կարևոր տարբերություններ են պարունակում։ Պատրիարքարանը դիտարկվում էր որպես խնդիրներին լուծում գտնելու գործում գործիք համարվող կառույց, որն իր հետ բերել է նաև այն, որ առկա փաստաթղթերը խիստ մանրամասն տեղեկություններ են պարունակել։
Այսպիսով՝ փաստաթղթերում կարողանում ենք տեղեկություններ գտնել երկար ժամանակահատվածի վերաբերյալ։ Ես միայն երկու դոկտորական աշխատանք գիտեմ, որտեղ օգտագործվել են այդ արխիվային փաստաթղթերի հետազոտությունները, մի երրորդ էլ կա, որն ընթացքի մեջ է։ Սակայն ավելի վաղ չեն կատարվել աշխատանքեր այն սահմաններում, որ արված է իմ հետդոկտորական աշխատանքում։ Վերջինում առկա են արխիվային շատ ուսումնասիրություններ, տարբեր փաստաթղթերի ուսումնասիրություններ՝ օսմանյան բյուրոկրատական ավանդույթների համատեքստում, ընտանեկան իրավունքի, տարբեր խմբերի՝ միմյանց հետ ունեցած հարաբերությունների, օրինակ՝ այդ արխիվային փաստաթղթերի լույսի ներքո հույների հետ հայերի ունեցած հարաբերությունների կամ էլ քրդերի հետ ունեցած հարաբերությունների ուսումնասիրություններ։ Այսօր աշխարհագրորեն Թուրքիայի տարածքում գտնվող երեսունից ավելի բնակավայրերի փաստաթղթեր են ուսումնասիրվել։ Սակայն, դրա վրա հիմնվելով, կարող եմ ասել, որ դեռևս պատրիարքարանի արխիվի ուսումնասիրության սկզբնական փուլում ենք։
– 1863 թ․ Հայ Ազգային Սահմանադրությանն էլ ես անդրադառնում։ Կիրառության դրվելուց անմիջապես հետո այն անընդհատ փոփոխվել է, այդպես է երևում։ Ավելի ճիշտ՝ անընդհատ փորձել են խարխլել հիմքերը։ Ո՞ր դինամիկայի մեջ և ինչպե՞ս է դա կատարվել։
– Առաջին բաժինը, ինչպես պնդում է հայ ղեկավարությունը, կազմվել է «ինքնակառավարում» ունենալ-չունենալու պահանջից ելնելով։ Փորձել եմ պարզաբանել, թե 1863 թ․ Հայ ժողովրդի կանոնադրության ընդունումից առաջ և հետո երևան եկած վարչական մեխանիզմները տարիների ընթացքում ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել՝ լինի քաղաքական ճնշումների թե հայերի կարիքների առումով։
Այդպես ցույց եմ տվել, որ Կանոնագրքը և հայկական վարչությունը փոփոխվել, փոխակերպվել են։ Օսմանյան ղեկավարությունը միշտ փորձել է ընկնել իր կողմից ընդունված կանոնագրքի հետևից։ Այդ պատճառով հայ ղեկավարության առաջին խնդիրը եղել է պահպանել Կանոնադրությունը։ Մյուս կողմից՝ հայ ղեկավարության կենտրոնացումը Ստամբուլում նշանակում էր կրկին հավասարակշռություն ստեղծել վիլայեթներում գտնվող ղեկավար կենտրոնների հետ, օրինակ՝ Սսի և Աղթամարի կաթողիկոսությունները կամ էլ մեծ վանքերը։
Ահմեթ Ջևդեթ փաշայի երկու նամակներում ներկայացվում են հայերը, նրանց վարչական ու պատմական կառույցները։ Նա նաև քննարկում է այն, թե ինչ է նշանակում Սսի կաթողիկոսարանի դուրս մնալը Կանոնադրությունից։
Հայ ղեկավարության կողմից հայ ժողովրդի մասին հավաքված բոլոր տվյալները հայերի՝ թանզիմաթյան շրջանում պետության նկատմամբ ունեցած վստահության վերաբերյալ նյութերը կամ օսմանյան ղեկավարությանը, տեղական իշխանություններին կամ Ստամբուլ ուղարկված հազարավոր բողոքները, օսմանյան ղեկավարության համար տվյալների կարևոր աղբյուրն էին դարձել։ Այսպիսով՝ կարող ենք ասել, որ հայ և օսմանյան ղեկավարության կենտրոնացվածությունից ամենաշատը շահել է օսմանյան ղեկավարությունը։ Այսինքն՝ մենք ոչ թե պետք է հարցնենք՝ «Թանզիմաթյան շրջանի պետությունը հայերին արտոնություն, այսինքն՝ նոր իրավունքներ տվե՞ց», այլ՝ «Օսմանյան ղեկավարությունը հայերից ի՞նչ էր սպասում, ի՞նչ ստացավ», որի դեպքում մեր ստացած պատասխաններն ավելի պարզորոշ կլինեն։ Հայերը կայսրության չորս կողմից իրենց խնդիրների մասին հաղորդում էին Ստամբուլ, պատրիարքարանը վիլայեթներից տեղական կառավարման խնդիրների հետ կապված զեկույցներ կամ էլ վանքերի գույքի թեմաներով տեղեկություններ էր ուզում, որոնցով օսմանյան ղեկավարությունը շրջանների մասին շատ մանրամասն տեղեկություններ էր ստանում, մինչև այդ ուղղակիորեն չկառավարվող շրջանների վերաբերյալ տվյալ տեղեկությունները խիստ կարևոր էին։
Կանոնադրության մեջ «առավելություններ» կամ էլ «ինքնավարությանը մոտ իրավունքների ճանաչում» ասելու փոխարեն ես, հիմնվելով հայ ղեկավարության զեկույցների, վարչական փաստաթղթերի, վիլայեթներ ուղարկված և վիլայեթներից ստացված փաստաթղթերի վրա, ցույց եմ տվել, որ Կանոնադրության՝ արդեն իսկ այդ ժամանակ առկա իրավական շրջանակը, վարչական մեխանիզմները ավելի հստակ ձևով էին սահմանվել, որը, ժամանակաշրջանի քաղաքական զարգացումներով պայամնավորված, փոփոխվել է կամ էլ կասեցվել, ամեն դեպքում ստեղծվել էր վարչություն, որի նպատակը Կանոնադրությամբ Ստամբուլի պատրիարքարանի կենտրոնացումը ավելի լավացնելն էր։
– Քո աշխատության մեջ Անատոլիայում ներկայացվում են հույների և հայերի միջև եղած հարաբերությունները։ Գիտենք, որ երբեմն-երբեմն լարվածություն եղել է։ Որո՞նք են քո բացահայտումները։
– Հույների և հայերի հարաբերությունների մասին մի բաժին եմ գրել՝ ըստ իմ ունեցած փաստաթղթերի: Կայսրության քրիստոնյա բնակչության ամենակարևոր հատվածը կազմող հույների և հայերի հարաբերությունների պատմության վերաբերյալ որևէ գրականություն չկա, ինչն ինքնին շատ բան է ասում։ Անթալիայից, Բանդըրմայից, Չարշամբայից, Էրզրումից, Ստամբուլից, կարճ ասած՝ կայսրության չորս կողմերից հայկական ղեկավար մարմիններին ուղարկված հայերի և հույների բազմատեսակ խնդիրների մասին տվյալներ կարող ենք գտնել պատրիարքարանի արխիվում։ Ամենացավալի խնդիրն, իհարկե, կրոնափոխության հարցն է։ Բացի այդ՝ Ստամբուլում հատկապես համատեղ օգտագործվող գերեզմանոցներում տեղի ունեցող բախումնային իրավիճակների, երկարատև դատական գործերի վերաբերյալ փաստաթղթեր կան, իսկ վիլայեթներում երկու ժողովուրդների հարաբերությունների մասին կարևոր տվյալներ ներառող փաստաթղթեր շատ կան։ Օրինակ՝ Դիարբեքիրից Սամսուն սեզոնային աշխատանքի գնացած քարագործ մի հայի հույն քարագործ բանվորները ծեծել են, ինչի պատճառով նա այլևս չի կարողացել աշխատել և իր ընտանիքի կարիքները հոգալ։
Նա Հայոց պատրարքությունից դրամական օգնություն է խնդրել։ Մեկ այլ փաստաթղթում տեսնում ենք, որ Տրապիզոնի հայ ղեկավարությանը մի խնդրագիր ուղարկած Նիկոլայոս Պոլիխրոս Քաբաքարօղլուն պահանջում էր մի հայի պարտքի պատճառով կրկին դատական հայց ներկայացնել։ Գիրեսունի բանտից դուրս գալու հույսով նա այդ խնդրագիրը գրել էր հունատառ թուրքերենով և տեղական բարբառով։ Սրանցից ավելի կարևորն այն է, որ հատկապես Էրզրումի և Գիրիթի (Կրետե- Ակունք խմբ․) նման շրջաններում, որտեղ օսմանյան ղեկավարությունը ձգտել է տեղական ժողովուրդների միջև խնդիրներ առաջացնել, հայերը և հույներն իրենց ղեկավարությունների միջոցով աջակցել են մեկմեկու։ Օրինակ՝ Էրզրումի հույները գրում են, որ հայ առաջնորդը իրենց շրջանի հույն մետրոպոլիտից ավելի շատ է իրենցով զբաղվում, իրենց խնդիրներին փորձում է լուծում տալ։ Նույն կերպ Հերակլիոս մետրոպոլիտը տվյալ շրջանում գտնվող հայերի խնդրների մասին անմիջապես Հայոց պատրիարքարանին իր գրված մի նամակով է տեղեկացրել։ Դրանք համերաշխության օրինակներ են։ Օսմանյան կայսրությունն իր ժողովուրդների հիերարխիկ կառույցը, նրանց մշտապես մեկը մյուսի հետ բախումների հրահրումը դիտել է որպես կառավարման ձև։
Այդ պատճառով հայերի և հույների միջև եղած տարաձայնությունների մեծ մասը տեղական կառավարիչների, նույնիսկ Ստամբուլում գտնվող ամենաբարձր մակարդակի պետության ներկայացուցիչների ուղղակի միջամտությունը այդ քաղաքականության կարևոր մասն էր։
– Արձանագրություններն այդ ժամանակաշրջանում հայ-քրդական հարաբերությունների մասին ի՞նչ են պատմում։ Կարո՞ղ ենք ասել, որ կա հստակ պատկեր։
– Թանզիմաթը ավելի շատ մի շրջան է, որը կապված էր արևելյան վիլայեթներում նոր իշխանության, հատկապես թանզիմաթյան շրջանի պետության և քրդական աշիրեթների հետ ունեցած հարաբերությունների վերակարգավորման հետ։ Թանզիմաթյան շրջանի պատմության համար նեստորականների ջարդերը շատ վճռորոշ են, այդ պատճառով դրա մասին քիչ է խոսվում, եթե հնարավոր է՝ ընդհանրապես չի խոսվում։ Տիյարի շրջանում բնակվող նեստորականները 1843-46 թթ․ շրջանի ղեկավարներ Բեդիրհան և Նուրուլլահ բեյերի կողմից կոտորվել են։ Տասնյակ հազարներով սպանված տեղացի քրիստոնյա ժողովրդի ջարդերը 19-րդ դարի մնացած ժամանակահատվածում շրջանի քրիստոնյաների և մուսուլմանների միջև չփակվող մի փոս բացեցին և փակեցին շրջանի տեղացի ժողովուրդների՝ միմյանց հետ համերաշխ ապրելու հնարավորությունը։ Նեստորականների ջարդերին հետևեցին Թանզիմաթի «բարեփոխումները», և հայերը փորձեցին օգտագործել նոր կիրառության մեջ դրված հողային օրենսգիրքն ու սեփականության օրենքը։ Սակայն երբ փորձել են դարեր շարունակ իրենց պատկանող հողերը, գույքը գրանցել իրենց անունով, դրանք աղաների և բեյերի սեփականությունն են դարձել։ Հայերն էլ այդ հողերի վրա ճնշվել են։ Այն փաստը, որ նրանց հողային խնդիրները 1850-ական թթ․ են սկսվել և կես դարից ավել տևել՝ ավարտվելով 1915 թ․, կառուցվածքային խնդիր է, որ պետք է շատ լավ հասկանալ։
Այն, ինչ ժամանակի առաջադեմ հրատարակիչ և հոգևորական Գարեգին Սրվանձտյանցը համարում է «Քուրդիստանի Թանզիմաթ», բռնության պրակտիկան է, որ գործում էր արևելյան վիլայեթներում։ Տեսնում ենք, որ հաճախ կանանց փախցնելը, բռնի իսլամացումը շատ տարածված խնդիր էր դարձել, հողերից զրկված հայերը քրդական աշիրեթների պաշտպանության տակ, միայն նրանց «ողորմածությանն» էին մնացել, նրանց ստիպել են հրաժարվել իրենց իրավունքերից և հարմարվել այդ ամենի հետ․ ինչպես տղամարդկանց բազմակնությունը։ Այդ դեպքերի ժամանակ հայերն իրենց սեփական օրենքի առջև մեղանչում էին, որի պատճառով իրավական պաշտպանություն չէին ստանում։ Այսպիսով՝ հայ գյուղացին աղայի, բեյի գրեթե ստրուկն էր դարձել, որին չէր պաշտպանում ոչ պետությունը, ոչ իր ազգը։ Դրա պատճառով դարձել էր իրավազուրկ։ Խոսում ենք մի մղձավանջային ժամանակաշրջանի մասին, երբ հայ գյուղացիները մշտապես հարձակման էին երթարկվում, թալանվում էր նրանց բերքը, սպանում էին անասուններին, չեղած հարկեր էին հավաքում, գյուղերում ապրուստ վաստակել չկարողացող հայերին ստիպում էին փախած հարևանների համար էլ հարկեր տալ, փախչել փորձող հայերը ճանապարհին սովի և չքավորության էին մատնվում։ Թազիմաթի շրջանում հայ գյուղացու համար իր սեփական գյուղը վերածվել էր բանտի բաց երկնքի տակ, որտեղ վախից, սովից մահվան էին մատնված։
Այսպիսով՝ Պոլսո պատրիարքարանի 19-րդ դարի արխիվը մեզ ցույց է տալիս, թե ինստիտուցիոնալ և կառուցվածքային փոփոխություններն ինչպես էին կիրառվում վիլայեթներում։ Այդ արխիվում արված աշխատանքերը չեն նշանակում միայն վերագնահատել թանզիմաթյան շրջանը։ Միևնույն ժամանակ պարզ է դառնում, թե 1915 թ․ որոշումը որ տեղեկությունների, տվյալների, պրակտիկայի և կառույցների հիման վրա է կայացվել։ Ցեղասպանությունների մեկնաբանությունների ժամանակ պատմական տարրերի մեջ հետին պլան են մղվում ազգայնական տեսությունները։ Մի աշխարհում, որտեղ բոլորն ազգայնական են, վերջինով պայմանավորված մեղք գործելը գրեթե նորմալ է համարվում։ Մինչդեռ այն տասնյակ տարիներ ամեն օր գործածված բյուրոկրատական, խմբակային, տեղական և ընդհանուր բռնության պրակտիկայի շատ լուրջ կուտակումն է, ինչը ես տեսա այս աշխատանքը գրելու ժամանակ։ Այսինքն՝ տեսնում ենք, որ 19-րդ դարի վերջում՝ դեռևս այն ժամանակաշրջանից առաջ, երբ պնդում են, թե ազգայնականությունը սրվել էր, երևան եկած կառուցվածքային փոփոխությունները, պրակտիկան, պայմանավորվածությունները, ղեկավար ցանցերը վերաձևավորվել էին։ Ազգայնական պատմությունները դրանց չեն անդրադառնում։ Այդ պատճառով պատրիարքարանի արխիվը մեզ է ներկայացնում ոչնչացվածի արխիվը, ոչնչացման տանող ճանապարհի դերակատարներին, կառույցներին, քաղաքականությունը, պրակտիկան։ Մեր պատրտականությունն, ըստ իս, այն է, որ ներկայացնենք բնաջնջված մարդկանց գողացված պատմությունը, նրանց ձայնը լսելի դարձնենք մեր օրերում, որին նրանք արժանի են:
Ամբողջովին տարբեր պատմություն կանանց մասին
– Ըստ քո աշխատության՝ պատրիարքարանի արձանագրությունների մեջ կան նաև ընտանիքի ներսում առկա հարաբերությունների վերաբերյալ գործեր և խնդրագրեր։ Այստեղ ի՞նչ պատկեր ունենք։ Ամենաշատը ո՞ր հարցերով են դիմել պատրիարքարան։
– Թանզիմաթյան գրականության մեջ մեկ այլ փաստարկ է այն, որ ոչ մուսուլմանները իրավունք են ստացել կիրառելու իրենց իրավունքները։ Լավ, ինչպե՞ս էին գործում այդ իրավունքները, այսինքն՝ հայկական ղեկավարությունն այդ ժամանակ ո՞ր սկզբունքներին է հետևել, ինչպե՞ս է լսվել դատական գործը։ Ո՞րն էր արդարադատության սահմանը հայ վարչակազմի համար։ «Կառուցվածքային առումով համայնքները իրավական հարթությունում մեկը մյուսին ինչպե՞ս էին ընդունում։ Այս և նմանատիպ բամաթիվ այլ հարցերի փորձել եմ պատասխանել աշխատության երկրորդ մասում։ Դրա համար ուսումնասիրել եմ ամուսնության, հարսանիքի չեղարկման, ամուսնալուծության, ալիմենտի, ամուսնալուծված կնոջ իրավունքների, արնապղծության, բազմամուսնության վերաբերյալ խնդրագրերը, հարցաքննությունները, նոտարական գործընթացը և բազմատեսակ այլ փաստաթղթեր։
Կանանց կողմից հայ ղեկավարությանը տված ցուցմունքները, դիմումները մեզ մինչ օրս անհայտ մի ժամանակի մասին են պատմում։ Կանայք, որոնք ամուսնու անզորության պատճառով նրանից բաժանվել են ցանկացել, կանայք, որոնք այն պատճառով, որ ամուսինները գնացել են աշխատանքի և այլևս չեն խնամել իրենց, բնակություն են հաստատել մեկ ուրիշի տանը։ Այդ կանանց պաշտպանական ճառերը մեզ բոլորովին տարբեր պատկեր են տալիս կանանց պատմության վերաբերյալ։ Ընտանեկան օրենքները դեռ 19-րդ դարից առաջ էլ հայ ղեկավարության պատասխանատվության տակ էին։ Շատ ուսուցողական փորձ եղավ այդ ոլորտի փաստաթղթերը ուսումնասիրելը, հասկանալու համար, թե որ իրավական սկզբունքներին են հետևել նրանք որոշումներ կայացնելիս։
Այդ գործում 20-րդ դարի սկզբին Ներսես մելիք-Թանկյանի՝ հայկական եկեղեցական իրավունքի վերաբերյալ երկու հատորանոց (1200 էջ) գիրքը՝ «Հայոց եկեղեցական իրավունքը», շատ կարևոր աղբյուր է հասկանալու համար հայկական եկեղեցական իրավունքի սկզբունքների պատմական զարգացումը։
www.agos.com.tr/tr/yazi/23491/patrikhane-arsivi-isiginda-tanzimat-tarihine-yeni-bir-bakis?fbclid=IwAR0Fb-nPrvBBQXFH6MJpYYV4RY2Jant7PWg-idKSj5sm7Yy_mkY7q9Hp2jw
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net-akunq.net/am/?p=70500