Մարդկությանն ու Հայությանը, աշխարհին ու Հայաստանին սպառնացող, անցյալից եկող ներկայիս մարտահրավերները

Հիմնական ասելիքը` <<Ուխտ Արարատի>>, թիվ 3 (14), հոկտեմբեր – նոյեմբեր, 2007, էջ 1, 4-7, 55-56:

Տես, http://Oukhtararati.com/amsagrer կայքում:

——————————————————

Հեղինակ` Տիգրան Փաշաբեզյան, Սիմոն Կամսարական

ԱՌԱՋԱԲԱՆ

Մարդկությանն ու Հայությանը, աշխարհին ու Հայաստանին սպառնացող, անցյալից եկող ներկայիս մարտահրավերները

Չկա մի ասպարեզ. քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, պատմական, հոգեւոր, մշակութային…, անգամ մարզական, որտեղ ամեն օր եւ ամեն ժամ չոտնահարվեն հայի եւ հայության իրավունքները: Եվ չկա դրանց մեջ մի դեպք, որ ենթակա չլինի պատասխանատվության ու պատժի: Պետք է փաստել, սակայն, որ մենք վատ ենք տիրապետում օրենքին, իրավունքի մեխանիզմին, այդ թվում՝ միջազգային…, ավելի ճիշտ կլինի ասել, ընդհանրապես չենք օգտվում դրանից:

Հայ մարդու գիտակցության մեջ չի տեղավորվում այն փաստը, որ պետական, քաղաքական կամ հասարակական հայտնի այս կամ այն գործիչը կարող է թույլ տալ իրեն… հանցանք գործել, այն էլ ամբողջ մի ազգի, կամ մարդկության դեմ ուղղված: Սա առաջին կարծրատիպն է: Երկրորդը՝ ձեւավորել է այն մտայնությունը, թե պետական, քաղաքական կամ հասարակական այս կամ այն գործչի հանցանք պարունակող արարքը թելադրված է պետական շահերով, հետեւաբար <<հասկանալի>> է, պատասխանատվության ոչ ենթակա, անգամ <<ներելի>>:

Երբ Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստրը կամ Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը կամ Ռուսաստանի առաջնորդը, ԱՄՆ-ի պետքարտուղարը կամ եվրոկոմիսարը իրենց քաղաքական կեցվածքներում, բանակցություններում կամ կնքած պայմանագրերում ոտնահարել են հայության վաղընջական իրավունքները՝ <<ներելի են>>, քանզի նրանք պետական, քաղաքական գործիչներ են, այդպես է պահանջել նրանց պետական շահը, ասել է թե՝ դա այդ երկրների ներքին գործն է, որն էլ, իբր, չի տալիս միջամտելու, անգամ բողոքելու իրավունք: Այս դեպքում էլ աշխատում է չիմացության գործոնը: Հայտնի է՝ միջազգային իրավունքներն ու պարտավորությունները պաշտպանված են, խախտողներն էլ ենթակա են պատասխանատվության:

Չիմացության պատրվակով, օրինակ, չես ասի՝ ինչպես վերաբերվել թուրք պետական, քաղաքական գործիչներին, երիտթուրքերին, որոնք իրենց հանցագործ գործունեությունն իրականացնելիս ղեկավարվել են իրենց իմացած <<պետական շահով>>: Իսկ բոլոր այն պետական գործիչների՞ն, որոնք տեսականորեն ձեւակերպեցին, ծրագրեցին ու տասնամյակների քարոզչությամբ նախապատրաստեցին 1915 թվականը, աջակցեցին ու հովանավորեցին թալեաթներին, քողարկեցին հանցագործությունը, զանազան անօրինական պայմանագրերով ամրագրեցին հանցագործության հետեւանքում ստեղծված իրավիճակը: Ինչպե՞ս վերաբերվել բոլոր այդ երկրների անունից հանդես եկող անցյալի ու ներկայի գործիչներին: Այս դեպքո՞ւմ էլ հայտնի չեն միջազգային օրենսդրական նորմերը:

Մի տեսեք, թե ի¯նչ անուններից է սկսվում մեղադրյալների շարքը. Ռորբախ, Արաբացի, Տրոցկի, Պիտերս… Ռորբախը գերմանահպատակ հայտնի գործիչ է: Արաբացին՝ բրիտանացի հայտնի հետախույզ: Տրոցկին՝ հայտնի հեղափոխական, բոլշեւիկյան Ռուսաստանի ռազմական նախարար: Պիտերսը՝ ԱՄՆ զինված ուժերի, հավանաբար, հարգարժան սպա: Նրանց բոլորին միավորում են հայերի բռնի տարագրումը, ցեղասպանությունը ծրագրելու, նախապատրաստելու, քարոզելու, խրախուսելու, արդեն կատարված հանցագործությունը թաքցնելու, հանցագործության հետեւանքներն <<օրինականացնելու>>, հանցագործությանը ցայսօր մասնակից ու հանցակից լինելու մեղադրանքները:

Ի՞նչ է անելու հայ մարդը: Շարունակելո՞ւ է <<ըմբռնումով>> վերաբերվել իր կամ մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործություններին: Թե՞, ազատագրական պայքարի ջանքերն ու ճիգերը, ի վերջո, ուղղորդելու է նաեւ իրավական ոլորտ՝ հաստատելու համար հայրենիքում ապրելու եւ հազարամյակներով ստեղծած ազգային եւ համամարդկային քաղաքակրթական ժառանգությունը պահպանելու իրավունքը:

Ցեղասպանություն, լոկալ եւ գլոբալ պատերազմ քարոզելը, ազգային կամ կրոնական ատելություն, թշնամանք ու բռնություն սերմանելը, նաեւ դրանցով զբաղվող անձանց հովանավորելը, աջակցելն ու պաշտպանելը, ինչպես եւ պատասխանատու անձանց՝ պաշտոնյաների հանցագործությունը կոծկելու փորձերը աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ սահմանադրական -օրենսդրական դաշտով, նաեւ ՄԱԿ-ի կանոնադրական հիմնական գործառույթով, Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրով (10-ը դեկտեմբերի 1948թ.), Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին (9-ը դեկտեմբերի 1948թ.), Միջոցներ, որոնք պետք է ընդունվեն ընդդեմ նոր պատերազմի քարոզչության եւ հրահրողների (3-ը նոյեմբերի 1947թ.), Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին (26-ը նոյեմբերի 1948թ.) Կոնվենցիաներով՝ ենթակա են պատասխանատվության եւ խստագույն պատժի:

Երկիր մոլորակի վրա չեն դադարի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ցեղասպանությունները, լոկալ եւ գլոբալ պատերազմները, ազգամիջյան ու միջկրոնական թշնամանքը, ատելությունն ու բռնությունները, քանի դեռ յուրաքանչյուր պետություն ինքնուրույն, նաեւ մարդկային հանրությունը ամբողջությամբ պատասխանատվության չեն կանչել անցյալի, ներկայի ու առաջիկայի լոկալ, թե գլոբալ աղետներ հրահրող բոլոր քարոզիչներին ու նրանց հովանավորներին:

<<Ո՞ւժն է ծնում իրավունք>>: Իրավունքը բնական, անօտարելի իրողություն է: Ուժը երաշխավորում, պաշտպանում է իրավունքը, նաեւ վերականգնում դա: Մարդկային աշխարհի բարուն, բնականոնությանն ու բանականությանը հենված ազգային եւ միջազգային օրինականությամբ առաջնորդվող ուժն է երաշխավորում ու պաշտպանում յուրաքանչյուր անհատի, ազգի, ժողովուրդի ու համայն մարդկության կյանքի, խաղաղ ու ստեղծագործ ապրելու անօտարելի իրավունքը:

Հենց այս խնդիրների քննարկումով է պայմանավորված <<Ուխտ Արարատի>> պարբերականի այս համարի բովանդակությունը, որտեղ առաջին փաթեթում ներկայացնում ենք վերջին հարյուրամյակում հայության մաքառումների, ազատագրական պայքարի փուլերն ու հարցադրումները՝ Սփյուռքում եւ Հայրենիքում: Երկրորդում՝ պատերազմի, ցեղասպանության քարոզչության, ազգային թշնամանք ու կրոնական ատելություն սերմանողների՝ Պաուլ Ռորբախի, Լոուրենս Արաբացու, Լեւ Տրոցկու, Ռալֆ Պիտերսի, ինչպես նաեւ Ալան Դալեսի մարդատյաց, հայատյաց մտքերը, տրամաբանությունը, ծրագրերը: Այս ցանկը, անշուշտ, կարելի էր շարունակել: Երրորդում՝ ուշադրության արժանի ազգային եւ միջազգային հռչակագրերը, կոնվենցիաները, օրենքները: Եզրափակիչ փաթեթում՝ մարդկության խղճի ու բարոյականության մեծերի՝ Վուդրո Վիլսոնի, Մահաթմա Գանդիի, Ֆրիտյոֆ Նանսենի, Գուրգեն Յանիկյանի, սթափեցնող ու դատապարտող մտքերը, խոսքը, կոչերը, եզրակացությունները:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail