ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Սահմանադրական անկարգություն Հայաստանում – ինչից սկսվեց ամեն ինչ
10.02.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
ՍԴ շուրջ ծավալված քննարկումներն ու զարգացումները Հայաստանում դարձել են մի արտահայտության հաճախակիացման հերթական առիթ: Խոսքը Սահմանադրական կարգի վերականգնման մասին է: Եթե նախկինում՝ նախկին իշխանության դեմ այդ մասին խոսում էր նախկին ընդդիմությունը, ապա այժմ նախկին իշխանությունն է խոսում նոր իշխանության դեմ, հատկապես ՍԴ հարցում այդ իշխանության քայլերից հետո:
Նախկին իշխող համակարգի շրջանակներից հնչում են հայտարարություններ, որ Հայաստանի նոր իշխանությունը ՍԴ հարցում իր քայլերով տապալում է սահմանադրական կարգը, միաժամանակ հավաստիացումներ, որ այդ կարգը մի օր վերականգնվելու է, եւ մեղավորները պատասխան են տալու:
Այն, որ ՍԴ շուրջ առաջացած խնդրի լուծման բովանդակային բաղադրիչը իրավագիտության հետ ունի մեղմ ասած սկզբունքային խնդիրներ, ակնառու է անգամ ոչ մասնագիտական աչքի համար: Միաժամանակ նույնքան պարզ է, որ իշխանությունը դիմում է նման մեթոդի, որովհետեւ հարցը չունի իրավական լուծում:
Բայց, որեւէ պարագայում իրավիճակն աղերս չունի սահմանադրական կարգի տապալման հետ, քանի որ հնարավոր չէ տապալել մի բան, որը չի եղել երբեք: Ըստ այդմ, Հայաստանում չկա եւ չի կարող լինել սահմանադրական կարգի վերականգնման խնդիր: Հայաստանում կա Սահմանադրական կարգի հաստատման հարց, որն արդիական ու հրատապ հարց է: Բայց այդ հարցի լուծման ճանապարհն էլ թերեւս անցնում է չեղած սահմանադրական կարգի առնչությամբ միֆերը քանդելու միջոցով:
Հայաստանում Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին, խորհրդարանի ընտրությանը զուգահեռ: Մի կողմ թողնենք այն, որ ժամանակի ընդդիմության բավական փաստարկված կարծիքով, Սամանադրության ընդունումն ինքնին տեղի է ունեցել անօրինականության ուղեկցմամբ: Սահմանադրությունը Հայաստանում ընդունվել է խորհրդարանի ընտրության՝ օրինականության հետ մեղմ ասած բազմաթիվ խնդիրներ ունեցող գործընթացի ուղեկցությամբ:
Իսկ այդօրինակ ընտրությունը չի կարող աղերս ունենալ սահմանադրական կարգի հետ: Ըստ այդմ Հայաստանում ընդունվել է Սահմանադրություն, բայց չի եղել սահմանադրական կարգ, որովհետեւ հենց սկզբից չի գործել այդ կարգի համար կարեւորագույն սյուներից մեկը՝ ընտրության ինստիտուտը:
Միեւնույն ժամանակ, սահմանադրական կարգ ասվածն ամենեւին չի ենթադրում լոկ թղթի վրա Սահմանադրության առկայություն եւ հաջորդական գործողությունների ֆորմալ համապատասխանեցում Սահմանադրությանը:
Սահմանադրական կարգը նախ եւ առաջ հասարակական փոխհամաձայնությունն է այդ կարգի շուրջ: Իսկ այդ փոխհամաձայնությունն իր հերթին պայմանավորված է բազմաթիվ այլ կարեւոր գործոններով՝ կապիտալի լեգիտիմությունից ընդհուպ կենցաղվարության արժեքներ:
Այդ իմաստով, Հայաստանում միշտ եղել է սահմանադրական անկարգություն, եւ հրատապ է իրավիճակը Սահմանադրական կարգի բերելու անհրաժեշտությունը:
Այդ հարցը չի լուծվելու ապրիլի 5-ի հանրաքվեով, բայց հանրաքվեն կարող է լինել քայլ հենց սահմանադրական իրական կարգի հաստատման ուղղությամբ:
lragir.am/2020/02/10/516157/