Մենք ժողովրդին խնդրում ենք տալ իշխանության երրորդ ճյուղի լեգիտիմության մեկնարկը
10.02.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը
Հ – Տիկին Կարապետյան, խորհրդարանական ընդդիմությունը նշում է, որ ընթացակարգային լուրջ խախտումներով է իրականացվում սահմանադրական հանրաքվե՝ շրջանցելով սահմանադրական կարգավորումները: Ի՞նչ կարող եք ասել այս մասով։
Պ – Իհարկե, իդեալական իրադրությունում Ազգային ժողովը նախագիծը կուղարկեր Սահմանադրական դատարան՝ կարծիքի։ Իդեալական Սահմանադրական դատարանը այդ նախագծի մեջ կստուգեր՝ արդյոք այն հակասո՞ւմ է Սահմանադրության անփոփոխելի առաջին երեք հոդվածներին և մարդու իրավունքների հանրահռչակված սկզբունքներին, և հավանություն կտար նախագծին։ Եվ կստացվեր, որ Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի կոնսենսուսի շնորհիվ և Ազգային ժողովի ներքին քվեարկությամբ կարելի է փոխել Սահմանադրությունն առանց հանրաքվեի։
Սակայն ողջ խնդիրն այն է, որ մենք իդեալական իրադրությունում չենք։ Սահմանադրական դատարանը ժխտում է այն իրողությունը, որ ինքը ճգնաժամի մեջ է, և հետևաբար այս փոփոխությունը կստուգեր ոչ թե իմ նշած սկզբունքների տեսանկյունից, այլ իր անդամների քաղաքական անցյալը և ներկան պաշտպանելու տեսանկյունից։
Նման իրավիճակում մենք գնացել ենք ոչ թե հանրային իշխանության թևերի միջև կոնսենսուս կառուցելու ճանապարհով (քանի որ հարցը վերաբերում է հենց այդ թևերից մեկին), այլ այս հարցը իշխանության բարձրագույն կրողին՝ Սահմանադիր հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերահասցեագրելու ճանապարհով։
Սա անելիս մենք ուղղակիորեն կիրառել ենք Սահմանադրության 202-րդ հոդվածը, որը ասում է՝ եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:
Այս փոփոխությունների հաջողելու պարագայում մենք կկարողանանք նաև Սահմանադրության ավելի լայն փոփոխությունները (որոնց համար արդեն իսկ ձևավորվել է աշխատանքային խումբ և որոնք ամենայն հավանականությամբ պատրաստ կլինեն աշնանը) ուղարկել նոր կազմով Սահմանադրական դատարան՝ կարծիքի, քանի որ այն ի վիճակի կլինի դրանք ստուգել անշահախնդիր` ընդամենը իմ նշած անփոփոխ հոդվածների և մարդու իրավունքների հանրահռչակված սկզբունքների տեսանկյունից։
Հ – Հաշվի առնելով, որ քիչ չեն նաև արտախորհրդարանական ուժերը, որոնք նույնպես դեմ են հանրաքվեի անցկացմանը, մտավախություն չունե՞ք, որ այդ փոփոխությանը ոչ ասողները կարող են համախմբվել և լուրջ աշխատանք իրականացնել։
Պ – Հարց է առաջանում. դեմ են հանրաքվեի անցկացմա՞նը, թե՞ դեմ են, որ Սահմանադրական դատարանը փոխվի։ Երկու պարագայում էլ «լուրջ» աշխատանք տանելը անհնար է։ Դեմ լինել հանրաքվեի անցկացմանը՝ նշանակում է դեմ լինել ժողովրդի իշխանության իրականացմանը։ Ընդ որում՝ մի հարցում, որը իսկապես ֆունդամենտալ, բայց պարզ է։ Մենք մարդկանց չենք տալիս մի այնպիսի հարց, որը էթիկապես կամ քաղաքականապես սխալ է առաջադրել լայն հանրությանը։ Այդպիսի հարցեր են օրինակ մարդու իրավունքների հանրահռչակված սկզբունքներին հակասող հարցերը կամ այն հարցերը, որոնց համար անհրաժեշտ է, որ կառավարող ուժը քաղաքական պատասխանատվություն ստանձնի և սխալվելու դեպքում կրի հետևանքները։
Սա իսկապես ֆունդամենտալ հարց է։ Իշխանության երրորդ ճյուղի՝ ժողովրդի միջոցով ծնունդի հարցն է։ Կասեք՝ Սահմանադրական դատարանը նույնական չէ դատական իշխանության ճյուղի հետ։ Բայց չէ՞ որ այս Սահմանադրական դատարանը խոչընդոտում է նաև դատական իշխանության ռեֆորմներին։ Զորօրինակ անցած տարվա նոյեմբերին Սահմանադրական դատարանի 1488 որոշումը, որը խոչընդոտում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների բարեվարքության ստուգման՝ վեթինգի իրականացմանը: Իսկ եթե ոմանք դեմ են, որ Սահմանադրական դատարանը փոխվի, ապա այստեղ հետևություններ կարելի է անել նրանց մղումների և շահերի մասին։ Ուրեմն կամ նրանք չեն ապրել կեղծված ընտրությունները վավերացնող, մարդու իրավունքները ոտնահարող հակաժողովրդավարական ռեժիմին լուռ հետևող Սահմանադրական դատարանի հետ նույն երկրում, կամ կազմել են այդ ռեժիմի մաս։
Հ – ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ կողմ քվեարկել հանրաքվեին նշանակում է կողմ քվեարկել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ Եթե ոչ-ի ճամբարը նման կերպ պայքարի, չեք կարծում, որ հնարավոր է՝ չկարողանաք 650000 ձայն ապահովել այո-ի ճամբարում։
Պ – Մեկ-մեկ ինձ թվում էր, թե հանրապետականները խորամանկ չարագործներ են։ Պարզվում է՝ նրանք պարզունակ չարագործներ են, ովքեր երիցս թերագնահատում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքական իմաստությունը։ Ուրեմն Սահմանադրական դատարանը փոխելու այլ դրդապատճառ հանրապետականները մեզ չեն տվե՞լ, և մենք ինչ-որ կոնվենցիայի վավերացման համա՞ր ենք ցանկանում փոխել Սահմանադրական դատարանը։
Հ – Վենետիկի հանձնաժողով այն պե՞տք է ուղարկել, թե ոչ։ ԲՀԿ-ի որոշումը՝ այո կամ ոչ, ըստ էության կախված է դրանից։
Պ – Ես տպավորված եմ այս հարցում ամեն ինչ միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան անելու ԲՀԿ-ի մղումով։ Կցանկանայի, որ միշտ լինեին հավատարիմ Հայաստանի միջազգային պարտավորություններին կամ ձևավորված միջազգային պրակտիկաներին։
Հերթական անգամ՝ այս փոփոխությունն այնքան պարզ, այնքան հստակ հարց է, որ բարդ միջազգային մեխանիզմների կարիք չի զգում, թեև չեմ բառացում, որ գնանք նաև այդ ճանապարհով։ Մենք ժողովրդին խնդրում ենք տալ իշխանության երրորդ ճյուղի լեգիտիմության մեկնարկը։ Այսքանը։
www.lragir.am/2020/02/10/516152/