ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Սա աղետ է. բանակը պահանջում է արտակարգ իրավիճակ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Սա աղետ է. բանակը պահանջում է արտակարգ իրավիճակ

12.02.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

ՀԱՅՈՑ ԲՆՆՕՐԱՆ – Մենք Հայ ենք -ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

Արցախի պաշտպանական բանակում արձանագրվել է երկու մահ: Մահացածները ժամկետային զինծառայողներ են: Նրանք չեն զոհվել հակառակորդի կրակոցից: Բանակում արձանագրվել է այսպես ասած խաղաղ պայմաններում մահվան հերթական երկու դեպքը: Վերջին մի քանի ամիսներին դրանք արդեն մոտենում են մեկ տասնյակին, գուժելով աղետի մասին:

Մի քանի օր առաջ զոհված զինվորներից մեկի հարազատները դին տեղափոխում էին Երեւան՝ ի նշան բողոքի, որ մահը վերագրվել է ինքնասպանության: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից մեծ ջանք եւ գրեթե հուսահատ հայտարարություն պահանջվեց, որ թափորը հետ դառնա, եւ հուղարկավորեն զինծառայողին: Նրա մահվան գործի քննությունը կտրուկ այլ ընթացք ստացավ, Քննչական կոմիտեն ձերբակալեց երեք ծառայակցի:

Այժմ նոր զոհեր, որոնք գուժում են ուղղակի աղետալի վիճակի մասին:

Ի՞նչ է կատարվում բանակում: Մի կողմից այստեղ հանրային խտացված պատկերն է, որն առավել սարսափելի եւ խայտառակ բնույթ է ստանում հենց փակ համակարգ լինելու պատճառով: Մյուս կողմից, ի վերջո որտեղ, եթե ոչ նաեւ հենց բանակային համակարգի պայմաններում պետք է փորձ արվի արմատախիլ անել, կտրել հանրային արատներն ու ձեւավորել որոշակի վարքագիծ կամ վարքականոն:

Դրան զուգահեռ ակնառու է, որ տասնամյակ շարունակ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառով այդ խնդիրը բանակում եղել է անուշադրության մատնված: Տարիներ առաջ, այդ սուր խնդրին բախված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ 2014 թվականը պետք է լինի բանակից քրեական բարքերն արմատախիլ անելու տարի: Դա տեղի չունեցավ:

Միաժամանակ աներկբա է, որ այստեղ անհրաժեշտ են ոչ սովորական, արտակարգ միջոցառումներ, հանրային շոշափելի ուժերի ներգրավումով: Աներկբա է, որ խնդիրը լուծելը միայն բանակի հարց չէ, առավել եւս խրամատային պատերազմի մեջ գտնվող բանակի, որի հրամանատարությունը լուծում է ռազմական ստատիկ եւ հեռանկարային բարդագույն խնդիրներ: Այդպիսի բանակում խորքային, վարքագծային ռեֆորմը չափազանց բարդ գործ է եւ դրա համար է, որ պահանջվում է արտակարգ իրավիճակ՝ ընդհուպ հանրային ուժերի ներգրավումով:

Հնարավոր է մեղադրել հրամանատարներին, միջին ու կրտսեր սպայակազմին, անգամ պահանջել նախարարի հրաժարական: Դա չի օգնելու, կամ օգնելու է միայն նրանց, ովքեր սպասում են այդ հրաժարականին:

Իսկ այն, որ Հայաստանի պաշտպանության նոր նախարարը կարող է խանգարել շատերին թե ներսում, թե դրսում, աներկբա է, եւ պայմանավորված է այն ռազմա-քաղաքական համարժեքությամբ, որ դրսեւորում է Հայաստանի իշխանությունը թավշյա հեղափոխությունից հետո եւ այդ թվում նախարար Տոնոյանը: Ավելին, դրա ֆոնին հայկական բանակում աղետալի իրադարձությունները անգամ թողնում են սադրանքի տպավորություն, որքան էլ չարժե տրվել «դավադրապաշտական» տրամադրության:

Իրավիճակը նման է հենց այն շրջանին, երբ հայկական բանակը դարձյալ առանցքային ռազմա-քաղաքական դեր էր ստանձնել ռեգիոնալ եւ միջազգային քաղաքականության համատեքստում, նախարար Օհանյանի պաշտոնավարման մի շրջանում:

Հայկական բանակն ու պետականությունը իր ներուժով եւ դերակատարությամբ դարձյալ դուրս է եկել ռազմա-քաղաքական «առաջնագիծ»: Այն, ինչ կամավորական ջանքով համատեղ արեցին բանակն ու հանրությունը 2016-ի ապրիլին, ներկայում պահանջվում է անել բանակի ներսում իրավիճակը փոխելու համար:

ՀԱՅՈՑ ԲՆՆՕՐԱՆ – Մենք Հայ ենք – ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

www.lragir.am/2020/02/12/517178/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail